Արարատ Ղազարյան. «Կենսական հարցերում չի կարելի անտարբեր լինել» - Mediamax.am

Հունվար 27, 2026
exclusive
236 դիտում

Արարատ Ղազարյան. «Կենսական հարցերում չի կարելի անտարբեր լինել»


Արարատ Ղազարյանը
Արարատ Ղազարյանը
Արարատ Ղազարյանը
Արարատ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արարատ Ղազարյանը
Արարատ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արարատ Ղազարյանը
Արարատ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորս կյանքի վրա:

2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։

«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու: 

Այս անգամ զրուցել ենք 20-ամյա Արարատ Ղազարյանի հետ՝ Երեւանից: 

«Ամենամեծ հոբբիս թվերն են»

20-ամյա Արարատ Ղազարյանը զորացրվել է 6 ամիս առաջ: Հիմա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կիրառական ֆինանսներ ֆակուլտետի ուսանող է:

Արարատ Ղազարյանը Արարատ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Զուգահեռ աշխատում եմ որպես ֆինանսական վերլուծաբան: Կրթությունս հեռակա ձեւաչափով է, որպեսզի կարողանամ համատեղել ուսումն ու աշխատանքը: Ամեն ինչ պետք է հասցնել», - ժպտում է Արարատն ու շեշտում՝ ունի նաեւ հոբբիներ. շատ ֆիլմեր է դիտում եւ գրքեր կարդում. 

«Բայց ամենամեծ հոբբիս թվերն են: Թվերի հետ կապված ամեն բան ինձ գրավում է»:  

«Իրարանցում» առաջացնող ընտրական ցուցակները

Ընտրությունների մասին Արարատի առաջին հիշողությունները մանկությունից են.  

«Մեր ընտրական տեղամասն իմ դպրոցում էր: Ընտանիքս քվեարկելու գնում էր միասին՝ տատիկ-պապիկի հետ: Հիշում եմ, որ ընդհանուր որոշման էին գալիս՝ հիմնվելով պապիկի տեսակետի վրա: Այնպես չէ, որ նա բոլորին ասում էր՝ ում ընտրել (ժպտում է – հեղ.), պարզապես ընտանիքս վստահում էր նրան եւ կարեւորում կարծիքը»: 
Արարատ Ղազարյանը Արարատ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիշողություններից մյուսն էլ ընտրական ցուցակների վերաբերյալ է, որոնք միշտ հաճելի «իրարանցում» էին առաջացնում. 

«Երբ քվեարկության օրվանից որոշ ժամանակ առաջ դրանք փակցնում էին դպրոցի մուտքի մոտ, ընկերներով փնտրում էինք մեր ընտանիքի անդամների, հարազատների եւ հարեւանների անունները, իրար ցույց տալով՝ «սա իմ հայրիկն է, սա՝ մայրիկս»»: 

«Կյանքն՝ ընտրությունների շղթա» 

«Ոչ միայն քաղաքական, այլեւ՝ «ընտրություն» երեւույթն առհասարակ մարդու համար շատ կարեւոր է: Մեր ամբողջ կյանքն ընտրությունների շղթա է՝ ամենափոքր թվացողներից մինչեւ՝ խոշոր», - ասում է Արարատը՝ ընդգծելով, որ ամեն ընտրություն իր հետքն է թողնում մարդու կյանքի ընթացքի վրա.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առավել եւս՝ քաղաքական ընտրությունները, որոնք շատ կարեւոր են յուրաքանչյուր երկրի եւ դրա բնակչության համար»:  

Առաջնորդել բանակում եւ կյանքում

Արարատը հիշում է՝ զինվորական ծառայությունն իրեն հետաքրքրել է դեռ մանկությունից. 

«Միշտ ասում էի՝ ես պիտի ծառայեմ, որովհետեւ համոզված եմ՝ երկիրը բառերից բացի, պետք է սիրել նաեւ գործով: Բանակից հետո այս միտքն ինձ մոտ էլ ավելի է ամրապնդվել, քանի որ անձամբ տեսել եմ՝ ինչքան շատ ունենք զինծառայողների, զորքի կարիք: Ծառայությունը թույլ է տալիս, որ բառացիորեն տեսնես՝ որտեղից է սկսվում հայրենիքդ»: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծառայությունն իրեն շատ չի փոխել, բայց օգնել է բացահայտել բնավորության գծերը, թույլ եւ ուժեղ կողմերը. 

«Զինվորական մասնագիտությամբ հրետանավոր եմ՝ 120մմ ականանետի հաշվարկի հրամանատար: Ծառայությունն օգնեց, որ ներսումս գտնեմ առաջնորդելու կարողությունը: Հիմա այն շատ է օգնում արդեն հետբանակային կյանքում: Օրինակ՝ ընտանիքում, քանի որ ծնողներս, փոքր քույր-եղբայրներս իմ մեջ տեսնում են ուժ, վստահություն ու հենման կետ: Նույն կերպ, ինչպես բանակում հաշվարկս, ծառայակից ընկերներս: Առաջնորդելու կարողությունը շատ է օգնում նաեւ աշխատավայրում, քանի որ չեմ խուսափում պատասխանատվությունից եւ պատրաստ եմ ստանձնել նույնիսկ առաջին հայացքից շատ բարդ թվացող առաջադրանքները»: 

«Անգործությունն ու չեզոքությունն անընդունելի են» 

Արարատի խոսքով՝ ընկերների հետ պարբերաբար քննարկում են երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ու առաջիկա ընտրությունները.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարեւոր է, որ նույնիսկ եթե մեր հայացքներն ու տեսակետները չեն համընկնում, սա չի ազդում անձնական շփման վրա: Ստացվում է իրական քննարկում: 

Հենց այս խմբով մենք ոչ միայն պատրաստվում ենք անպայման մասնակցել ընտրություններին, այլեւ՝ պարբերաբար խրախուսում ենք նաեւ շրջապատի այլ մարդկանց: Հաճախ կրկնում ենք, որ նույնիսկ եթե չեն վստահում քաղաքական ուժերից որեւէ մեկին, միեւնույն է՝ պետք է քվեարկեն, թեկուզ՝ ընտրական թերթիկն անվավեր դարձնելով»: 

Երիտասարդը նշում է՝ ընտրություններից հետո մասնակցության ցածր ցուցանիշ տեսնելը ցավալի է, քանի որ այսպիսով մարդիկ պարզապես հրաժարվում են իրենց տրված կարեւորագույն՝ ընտրության հնարավորությունից: 

«Կարծում եմ՝ ընտրություններին մասնակցելը լավ քաղաքացի լինելու քայլերից մեկն է: Անգործությունն, անտարբերությունն ու չեզոքությունն ինձ համար անընդունելի,  շատ վատ երեւույթներ են: Կարծում եմ՝ երբ մարդն ականատես է լինում ինչ-որ վտանգավոր իրավիճակի եւ կարող է թեկուզ փոքր քայլ անել այն կանխելու համար, բայց պարզապես չեզոք ու անտարբեր անցնում է կողքով, մեղք է գործում: Նման դեպքերում անգործությունը պատժելի է թե՛ օրենքով, թե՛ հենց մարդու խղճի առաջ: Այստեղ մեծ դեր ունի նաեւ կրթությունն ու մարդու գիտակցությունը: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե յուրաքանչյուրս մտածի՝ «դե լա՜վ, իմ մի ձայնով բան չի փոխվի», արդյունքում մեկ ձայնը կդառնա երկու, երեք... եւ կձեւավորվի ընտրությունների չգնացող մարդկանց մեծ խումբ, որի որոշելու հնարավորությունը պարզապես կոչնչանա», - ասում է Արարատ Ղազարյանը: 

«Կրթություն եւ պաշտպանություն. ոլորտներ, որոնք ինձ համար առաջնային են»

20-ամյա երիտասարդի կարծիքով՝ Հայաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունեն կրթության եւ պաշտպանության ոլորտները. 

«Առաջին ոլորտին առնչվում եմ հենց այս պահին, քանի որ ուսանող եմ, իսկ վերջինի հետ «շփումս» ավարտվել է բոլորովին վերջերս եւ վստահ եմ՝ պաշտպանության ոլորտին նույնիսկ ծառայության ավարտից հետո շարունակելու եմ առնչվել: Կարծում եմ՝ այս երկու ոլորտները լրջորեն ազդում են նաեւ երկրում տնտեսության զարգացման վրա: Այնպես որ, այս ուղղությամբ առավել ուշադիր եմ լինելու ընտրություն կատարելիս»: 

Արարատը նշում է՝ Հայաստանի նման երկրների դեպքում, պաշտպանության կարեւորության մասին խոսելու նույնիսկ կարիք չկա, ամեն ինչ ակնհայտ է, իսկ կրթությունն առողջ հասարակության հիմքն է.  

«Կարծում եմ՝ այսօր մեր ոչ այնքան լավ իրավիճակի պատճառներից մեկն էլ հասարակության կրթական մակարդակն է»: 

Խնդիրներ, որ կան Երեւանում 

Որպես Երեւանի բնակիչ՝ Արարատ Ղազարյանը մայրաքաղաքում տեսնում է մի շարք խնդիրներ, որոնց լուծումը համարում է կարեւոր եւ հրատապ. 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին հերթին կառանձնացնեմ քաղաքի, փողոցների եւ Երեւանի օդի աղտոտվածությունը: Օդը կյանքի հիմքն է, եւ այս խնդիրն անտեսող կամ երկրորդական համարող մարդիկ հավանաբար չեն գիտակցում հարցի լրջությունը: 

Այն շնչում ենք մենք, մեր երեխաներն ու տարեց հարազատները, եւ սա լուրջ հետք է թողնում բոլորիս առողջության վրա: Աշխարհում կան բազմաթիվ քաղաքներ, որոնք Երեւանից շատ ավելի խիտ բնակեցված են, բայց ունեն անհամեմատ ավելի մաքուր օդ: Խնդիրը պետք է ուսումնասիրել, համադրել համաշխարհային փորձն ու լուծել»: 

««Ո՞ւմ ընտրել» որոշումը կկայացնեմ ինքնուրույն»

Արարատի խոսքով՝ առհասարակ եւ հատկապես՝ ընտրություններին ընդառաջ, տեղեկատվությունը չափազանց շատ է: Իրականությանը զուգահեռ՝ տարածվում են տարատեսակ կեղծ, մանիպուլատիվ լուրեր, եւ քաղաքացին պետք է կարողանա հստակ տարբերակել դրանք. 

«Այստեղ է, որ կարեւոր է բարձրացնել հասարակության կրթական մակարդակը, որպեսզի մարդիկ լինեն առավել ուշադիր եւ չդառնան կեղծ տեղեկատվության զոհ: Սրան զուգահեռ, կան բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք թե՛ անհատապես, թե՛  քաղաքական իմաստով ազդում են մեր կատարած ընտրության վրա»: 
Արարատ Ղազարյանը Արարատ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արարատի խոսքով՝ ընտրություն կատարելիս նա կհիմնվի մի քանի գործոնի վրա. 

«Նախ կփորձեմ հետեւել քարոզարշավին, ծանոթանալ ընտրական ծրագրերին, անպայման կզրուցեմ ընտանիքիս եւ ընկերներիս հետ: Նրանց դիրքորոշումն ու կարծիքն ինձ համար կարեւոր են, բայց՝ ոչ որոշիչ: «Ո՞ւմ ընտրել» որոշումը կկատարեմ ինքնուրույն»:   

Կենսական հարցերում չլինե՛լ ձեռնպահ

Զրույցի վերջում 20-ամյա Արարատ Ղազարյանը խորհուրդ է տալիս հասակակիցներին անտարբեր չլինել սեփական երկրում կատարվող իրադարձություններին.

«Սա այն է, ինչ ազդում եւ ազդելու է բոլորիս կյանքի վրա»: 

Խոստովանում է՝ ինքն էլ չի հասցնում հետեւել քաղաքական անցուդարձին կամ հայտարարություններին, բայց փորձում է տեղյակ լինել գոնե կարեւոր իրադարձությունների մասին. 

«Էլի եմ ուզում կրկնել՝ չեզոքությունն ու անտարբերությունն ինչ-որ իրավիճակներում պատժելի են թե՛ օրենսդրորեն, թե՛ ձեր խղճի առաջ: Քրիստոնեությունը սա համարում է մեղք: Կարծում եմ՝ կարեւոր ու կենսական հարցերում չի կարելի լինել ձեռնպահ: Ընտրություններին գնալը փոքր թվացող, բայց կարեւոր քայլ է մեր երկրի ու հայրենիքի համար»: 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին