Մնաց Ենոքյան. «Չեմ կարող անտարբեր լինել համայնքիս խնդիրների նկատմամբ» - Mediamax.am

Հունվար 23, 2026
exclusive
67 դիտում

Մնաց Ենոքյան. «Չեմ կարող անտարբեր լինել համայնքիս խնդիրների նկատմամբ»


Մնաց Ենոքյանը
Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնաց Ենոքյանը
Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնաց Ենոքյանը
Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնաց Ենոքյանը
Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնաց Ենոքյանը
Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորս կյանքի վրա:

2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։

«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու: 

Այսօր մեր զրուցակիցը 20-ամյա Մնաց Ենոքյանն է՝ Թալին քաղաքից։

Առաջին քվեարկության սպասումով 

Մնացին հանդիպում ենք Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում՝ ընդմիջման ժամին։ Զրույցի հենց սկզբում խոստովանում է.

- Մի քիչ լարվում եմ։

Հուզմունքը կրկնապատկվում է, քանի որ ինչպես եւ քվեարկությունը, հարցազրույցը եւս առաջինն է նրա կյանքում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մեր տունն ընտրատեղամասի մոտ է: Ամեն ընտրություններին աչքիս առաջ է եղել մարդկանց գնալ-գալը, աշխուժությունը: 

Ընտրությունների մասին մանկական այս հիշողությունից Մնացն անցնում է ավելի գիտակցված տարիքի հիշողություններին. «Երբ սկսեցի ավելի լավ հասկանալ ընտրությունների կարեւորությունն ու դրանց արդյունքների ազդեցությունը, շատ հետարքրքված հետեւում էի ուղիղ եթերներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից»:
Մնաց Ենոքյանը Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մնացը 2025 թվականին է զորացրվել բանակից։ Այժմ առաջին կուրսի ուսանող է, սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Անօդաչու թռչող սարքերի ապագա մասնագետ է: Մասնագիտության հարցում կողմնորոշվել է Թալինի «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցում սովորելու ընթացքում: 

Ծանր եւ թեթեւ անել

Մեծ ու կարեւոր զգալու, ընտանիքի անդամների հետ ընտրատեղամաս գնալու հետաքրքրասիրությանը հիմա փոխարինում է պատասխանատվության գիտակցումը:

«Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց երբեք չեմ ունեցել: Բայց մինչեւ մասնակցելը լավ մտածել, ծանր ու թեթեւ անելու խնդիր ունեմ այս պահին, քանի որ գիտեմ՝ իմ քվեն ոչ միայն լինելու է այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի համար, նրանց առաջարկած ծրագրի նկատմամբ վերաբերմունք, այլեւ՝ առաջին հերթին, պատասխանատվություն երկրի նկատմամբ։ Դեռ հստակ քարոզարշավ կամ ինչ-որ բան չեմ տեսել, որով կառաջնորդվեմ, բայց բոլորի ծրագրերին պարտադիր կծանոթանամ»:
Մնաց Ենոքյանը Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մնացն ընտրություններից առաջ ընտանիքում, շրջապատում երկխոսությունները, տարաձայնությունները բնական է համարում, ճնշումը՝ ոչ. 

«Ուրախ եմ, որ իմ ընտանիքում առողջ մոտեցում ունեն: Իրենք գիտեն, որ ընտրության չեմ գնալու ուղղակի մասնակցելու համար, այլ անելու եմ գիտակցաբար: Կարծում եմ՝ այդ երկխոսությունը բոլոր ընտանիքներում պետք է լինի, բայց այնպես չէ, որ տան մեծն ասի՝ «գնալու ենք այս մեկին ընտրենք եւ վերջ»: Սա ասում եմ, քանի որ նման օրինակ գիտեմ (ծիծաղում է-հեղ․)»:  

Պարտավորությո՞ւն, թե՞ հնարավորություն

«Ընտրություններին մասնակցելը ոչ միայն պարտավորություն է, այլեւ՝ հնարավորություն, միջոց, որով կարող ենք մաս կազմել համայնքի, պետության զարգացման եւ նոր փուլի անցման»,- ասում է Մնացն ու մի քիչ ափսոսանքով ավելացնում. «Նկատում եմ, որ ոչ միայն իմ հասակակիցների, այլեւ մեծահասակների մոտ էլ անտարբերություն կա ընտրական գործընթացների նկատմամբ: Նախորդ ընտրություններին դեռ 18-ս չէր լրացել, չեմ մասնակցել, բայց հիշում եմ, որ մասնակցությունը շատ ցածր էր։ Դա վկայում է, որ քչերն են գիտակցում քվեարկելու կարեւորությունը, իրենց ձայնի վճռորոշ լինելը երկրի ճակատագրի համար: ՏԻՄ ընտրություններին էլ երբեմն ավելի վատ պատկեր է լինում, քանի որ մարդիկ հաճախ մասնակցում են զուտ իրենց կամ ինչ-որ մեկի ծանոթին «օգնելու» համար»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մնացն ասում է՝ չնայած տարիքով մեծերն ընտրություններին մասնակցելու ավելի մեծ փորձ ունեն, բայց երբեմն նաեւ՝ դրանց վերաբերյալ առանձնահատուկ ընկալումներ. 

«Շատ թեկնածուներ են տեսել, խոստումներ լսել, որոշները կատարվել են, որոշները՝ ոչ: Սա էլ պատճառ է դարձել, որ մեծահասակներից շատերը խուսափեն ընտրություններից: Լսում են ինչ-որ մարդկանց քարոզարշավներ, չկատարված խոստումներ, դրանցից հիասթափվում, բայց չեն գիտակցում, որ ավելի կարեւոր է մասնակցել՝ սխալն ուղղելու համար»։

Ակտիվ քաղաքացի լինելը եւ երիտասարդների ներուժը

Մնացի համար ակտիվ քաղաքացի լինելը սկսվում է խնդիրները տեսնելուց ու դրանց լուծման ուղիները հասկանալու փորձից։

«Ինձ համար առանցքային են երեք բաղադրիչ՝ կրթությունը, անվտանգությունն ու սոցիալական վիճակի բարձրացումը։ Դրանք փոխկապակցված են․ եթե չունենանք լավ կրթական համակարգ, անվտանգություն ու կայուն աշխատանք, չենք կարող զարգացնել մյուս ոլորտները»,- ասում է նա։
Մնաց Ենոքյանը Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր համոզմամբ՝ երիտասարդների ներուժը կարող է դառնալ երկրի զարգացման հիմնական շարժիչ ուժը, սակայն դրա համար պետք է պայմաններ ստեղծել համայնքներում.

«Պետք է հասանելի դարձնել տեղեկատվությունը։ Մարզերում շատ երիտասարդներ պարզապես չգիտեն, որ այս կամ այն համալսարանում տվյալ մասնագիտությունն է դասավանդվում կամ, որ որոշ ՏՏ ընկերություններ անվճար կամ մատչելի դասընթացներ են կազմակերպում: Խնդիր է նաեւ կրթական համակարգի չափազանց մեծ կենտրոնացվածությունը մայրաքաղաքում: Շատ համայնքների երիտասարդներ զրկված են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից. ցանկություն ունեն, բայց հնարավորություն չկա: Երիտասարդներ էլ կան, որոնք ամեն օր շուրջ 100 կմ են անցնում Երեւան հասնելու համար» (Մնացն ամեն օր Երեւան է գալիս Թալինից – հեղ.)

Անտարբեր չլինելը

Չնայած այս ամենին, նա նշում է՝ Թալինում որոշակի ակտիվություն կա. 

«Մեր համայնքն այնքան էլ պասիվ չէ․ հաճախ կազմակերպվում են տարբեր նախաձեռնություններ ու միջոցառումներ, որպեսզի երիտասարդները ներգրավված լինեն։ Բայց միեւնույն է, շատ պարզ հնարավորություններից դեռ հասանելի չեն»։
Մնաց Ենոքյանը Մնաց Ենոքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա չի թաքցնում՝ իր քաղաքացիական դիրքորոշումը ձեւավորվել է հենց համայնքային ակտիվության շնորհիվ. «Մասնակցում էի համայնքային տարբեր նախաձեռնությունների: Սկզբում ավելի շատ կողքից դիտողի դերում էի, հետո դարձա նաեւ տարբեր միջոցառումների նախաձեռնող: 

Թիմ կազմեցինք, ստեղծեցինք Թալինի երիտասարդների խորհուրդը, դրամաշնորհի դիմեցինք, հաղթեցինք։ Այդ միջոցներով համայնքապետարանից մեզ տրամադրված սենյակում վերանորոգում արեցինք, գույք գնեցինք եւ սկսեցինք աշխատել: Չեմ կարող անտարբեր լինել իմ համայնքի խնդիրների, հետեւաբար նաեւ՝ ամբողջ երկրի նկատմամբ»: 

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին