Եթե հաճախ եք անցնում Արամի-Կողբացի փողոցների խաչմերուկով, հավանաբար ականջի ծայրով լսած կլինեք խաչքարագործ վարպետներ Վարազդատ եւ Համբիկ Համբարձումյաննների մուրճի ձայնը: Հայր ու որդի ուս ուսի տված ամեն օր աշխատում են տուֆի հետ, անշուք ժայռաբեկորին շունչ ու հոգի տալիս եւ ճանապարհում հերթական ուղղությամբ՝ գուցե Հայաստան, գուցե աշխարհի մի հայաշատ քաղաք:
Մուրճի առաջին հարվածը
Լուսանկարը` Մեդիամաքս
Վարազդատ Համբարձումյան
«90-ականների սկիզբն էր, պատերազմ էր, աշխատանք չկար, որդուս ու չորս դուստրերից պահելու հնարավորություն չունեի: Այդ տարիներին շատերը փոքրիկ սեղաններ էին դնում տների առաջ, ունեցած չունեցածը վաճառում: Ես էլ մի քար վերցրի ու սկսեցի տան բակում խաչքար պատրաստել: Ոչ ոք ինձ ուսուցիչ չեղավ, ինքս օր օրի կատարելագործվեցի: Խորհրդային տարիներին հագուստի մոդելավորող էի, անկախությունն ինձ դարձրեց խաչքարագործ»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Համբիկ Համբարձումյան
«Պապայի նոր գործին այդ ժամանակ շատերն էին հետեւում: Հարեւան -բարեկամները, անցորդները կանգնում ու նայում էին, թե ինչպես է նա բակում դրված քարից խաչքար ստանում, ուղարկում տարբեր քաղաքներ: Շատ փոքր էի, երբ ես էլ ձեռքս վերցրեցի գործիքը ու սկսեցի տաշել քարերի ավելորդ հատվածները»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արվեստ, արհեստ ու աղոթք
Վարազդատ Համբարձումյան
«Իմ կարծիքով՝ ցանկացած հայ կարող է խաչքար պատրաստել: Հայաստանում շատ եմ տեսել՝ երեխաները երկաթի կտորները սրում ու պատերին խաչ են նկարում, աշխարհի ոչ մի երկրում նման բան չեմ հանդիպել: Խաչքարագործությունը մի քիչ արվեստ է, մի քիչ արհեստ, ավելի շատ աղոթք՝ առ Աստված: Գիշերը քնելուց առաջ աղոթելու նման է, ուղղակի՝ մուրճը ձեռքիդ ես աղոթում: Համբիկին այս կարեւոր հանգամանքը հաճախ եմ հիշեցնում աշխատանքի ընթացքում»:
Լուսանկարը` Համբարձումյանների արխիվից
Համբիկ Համբարձումյան
«Շատ երկար ժամանակ մուրճով աշխատանք չէի անում, միայն «սեւ գործն» էր ինձ բաժին հասնում, մինչեւ վերջ չէի ընկալում խաչքարի կարեւորությունը: Հետո տեսա հորս մանրակրկիտ աշխատանքը, հոգատարությունը ամեն գծի ու նախշի հանդեպ, սկսեցի ավելի լուրջ ուսումնասիրել այս գործը, մասնակցել տարբեր խաչքարերի ստեղծմանը»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Թիվն ու հաշիվը կորցրած
Վարազդատ Համբարձումյան
«Մեր արվեստանոցում 2000-ից ավելի խաչքարեր ու քանդակներ ենք պատրաստել: Առաջին պատվերներից մեկն էի անում ու վերջում պարզվեց, որ պատվիրատուն փողի փոխարեն մի «Երազ» մեքենայով օղի է տալու: Ամեն հյուրի թեւի տակ երկու շիշ դնում, ճանապարհում էի տուն, օղու շիշ տեսնելիս այդ գործն եմ հիշում ու մի բոլ ծիծաղում: Մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք, խաչքարը խաչքարի հետեւից: Եկավ մի ժամանակ, որ թիվն ու հաշիվը կորցրեցի ու մոռացա, թե աշխարհի որ քաղաքում քանի գործ ունեմ, Համբիկն այդ մանրամասները ինձնից լավ է հիշում»:
Լուսանկարը` Համբարձումյանների արխիվից
Համբիկ Համբարձումյան
«Եղել են օրեր, որ ես ու պապան օրական 16 ժամ աշխատել ենք, առանց հանգստի: Մուրճի ձայնը մտնում է ուղեղիդ մեջ ու հանգստի ժամանակ էլ կտկտոց ես լսում: Մի օր ավարտեցինք գործն ու մտանք տուն, հենց դռան մոտ պապան հոգնածությունից ուշագնաց եղավ: Հաջորդ առավոտյան էլի աշխատում էինք, խաչքարի պատվերը շուտ կատարելու համար: Գրեթե ամեն օր հորս աշակերտները այստեղ են, օգնում են, ամեն օր մի նոր բան սովորում հենց աշխատելու ընթացքում»:
Լուսանկարը` Համբարձումյանների արխիվից
Հայաստանի քարե դեսպանները
Վարազդատ Համբարձումյան
«Աշխարհի մի քանի տասնյակ երկրներում աշխատանքներ ունենք: Հայաշատ երկրներում՝ մի քանիսը: Աշխատում եմ խաչքարերի տեղադրման ու բացման ժամանակ անպայման ներկա լինել: Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ տասնյակ խաչքարեր բացեցինք Հայաստանում ու արտասահմանում: Մարդիկ տեսնում են մեր աշխատանքները, հազարավոր կիլոմետրեր կտրում անցնում, գալիս նոր գործ պատվիրելու: Հիմա նոր առաքելություն ենք վերցրել մեզ վրա. դիրք առ դիրք խաչքարեր ենք տեղադրում Հայաստանի ու Արցախի մարտական դիրքերում, դրանց «սահմանաքարեր» ենք անվանում» :
Լուսանկարը` Համբարձումյանների արխիվից
Համատեղ աշխատանքի դժվար կողմը
Համբիկ Համբարձումյան
«Առօրյա կյանքում մեր հարաբերությունները լավ են, գործի մեջ՝ ոչ այդքան: Ստեղծագործական աշխատանքի ժամանակ դժվար է աշխատել հարազատ մարդու հետ, միշտ տարաձայնություններ են լինում, հայրեր-որդիներ պայքարն ավելի է սրանում»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սուրեն Ստեփանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: