Մեդիամաքսը շարունակում է «Հայրեր եւ որդիներ» շարքը, որում միեւնույն մասնագիտության տեր հայրերն ու որդիները պատմում են իրենց փոխհարաբերությունների եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին:
Շարքի այսօրվա հերոսները Ջուլֆալակյաններ մարզական ընտանիքի ներկայացուցիչներն են: Հունահռոմեական ոճի ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանն Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է: Նրա որդիները՝ Արսենն ու Արամը, նույնպես ընտրել են այս մարզաձեւը, հասել հաջողությունների, իսկ հայրը նրանց գլխավոր մարզիչն է:
Մարզաձեւ, որն ընտրվել է առանց ստիպելու
Արսեն
Ես ապրել եմ ըմբշամարտի մեջ, հայրս հավաքի էր մեկնում, մրցումների, հաղթանակներով ու մեդալներով վերադառնում տուն, ու բոլորս անսահման ուրախ էինք լինում: Այս ամենը չէր կարող հետք չթողնել ինձ վրա, սակայն մասնագիտության ընտրությունն ինքս եմ կայացրել: Ոչ ոք չի պարտադրել, պարզապես միջավայրը, որում մեծացել ենք ես ու եղբայրս, նպաստել է, որպեսզի հետագայում ընտրենք այս սպորտաձեւը: Կարծում եմ, եթե հայրս չլիներ ըմբիշ, եթե ես չապրեի Գյումրիում, ապա չէի ընտրի այս ճանապարհը:
Արամ
Ես էլ, Արսենն էլ երկրորդ մասնագիտություն ունենք: Երկուսս էլ սովորել ենք Երեւանի պետական համալսարանում՝ ես ռոմանագերմանական ֆակուլտետում, իսկ եղբայրս՝ միջազգային հարաբերությունների: Սակայն երկրորդ մասնագիտությունն արդեն մեծ տարիքում ենք ընտրել, երբ չափահաս էինք ու կատարում էինք զուտ գիտակցված ընտրություն: Իսկ ըմբշամարտով ես զբաղվում եմ 10 տարեկանից, ու այն դարձել է իմ կյանքի մի մասը: Կարծում եմ, որ պետք չէ միայն սպորտով զբաղվել, պետք է նաեւ այլ մասնագիտություն ունենալ, որովհետեւ կյանքը միայն սպորտով չի սահմանափակվում:
Լեւոն
Ես շատ ուրախ եմ, որ տղաներս ընտրել են այս ճանապարհը: Նրանք մեծացել են ըմբիշի ընտանիքում. Արսենին 1 տարեկանից ինձ հետ տարել եմ ուսումնամարզական հավաքների, իսկ Արամը ծնվել է Ծաղկաձորում, որտեղ հավաքի էինք: Սպորտով զբաղվելը պարտադիր է բոլորի համար, որովհետեւ այն բացի առողջությունից, նաեւ դրական հատկանիշներ է տալիս: Ուրախ եմ, որ նրանք սպորտի մեջ են, չնայած երբեք չեմ ստիպել զբաղվել ըմբշամարտով:
Արսեն
Կարծում եմ, որ ստիպել բառը շատ սխալ է: Գիտեք, հայրս ամեն ինչի հասել է ու ոչինիչ կիսատ չի թողել: Հիմնականում իրենց որդիներին ստիպում են այն մարդիկ, ովքեր նեղացած են գնացել սպորտից ու չեն նվաճել ցանկալի տիտղոսներ: Նրանք ուզում են, որ իրենց անկատար երազանքներին հասնեն երեխաների միջոցով: Ես չգիտեմ հաջողակ մարզիկի, որը ստիպողաբար իր երեխային տանի մարզումների:
Լուսանկարը` ընտանեկան արխիվից
Հայր-որդի կամ մարզիչ-մարզիկ
Լեւոն
Միշտ էլ ցանկացած առիթի դեպքում անպայման խորհուրդ եմ տալիս տղաներիս, անկախ նրանից՝ այդ պահին ուսումնամարզական հավաքի ենք, թե ոչ: Բայց երկուսն էլ այնքան ճիշտ են պատկերացնում կյանքի բոլոր բարդությունները, որ հիմա արդեն խորհուրդների կարիքը քչանում է:
Արսեն
Մեր ու հայրիկի միջեւ տարաձայնություններ լինում են: Դրանք հարթվում են խոսելով, միմյանց հասկանալով, եթե հնարավոր է՝ համոզվում ենք նրան, եթե ոչ՝ հանգիստ, առանց կռվելու վերադառնում ենք ամենքս մեր կարծիքին:
Արամ
Մարզումների ժամանակ չես զգում, որ աշխատում ես հորդ հետ, որովհետեւ նա բոլորիս նայում է մարզչի աչքերով ու հավասար ուշադրություն է դարձնում: Միգուցե, մրցաշարերում մեր ելույթների ժամանակ ավելի է հուզվում, բայց մարզիչը բոլորի համար էլ մնում է մարզիչ:
Արսեն
Հայրիկը երբեք տարբերություն չի դնում մեր ու մյուս ըմբիշների միջեւ: Բայց կան չարախոսներ, որոնք չհիմնավորված բաներ են ասում, ու դու վիրավորվում ես: Սպորտը շատ պարզ բանաձեւ ունի. եթե դու հաղթեցիր, բոլոր հարցերը փակված են, կապ չունի որդի ես, ծանոթ, թե անծանոթ: Հաղթում ես՝ ուրեմն լավագույնն ես:
Լեւոն
Կյանքում մենք հայր ու որդի ենք, բայց մարզումների ժամանակ իմ տղաների հետ աշխատում եմ որպես մարզիչ: Իհարկե, մի փոքր դժվար է, որովհետեւ քո հարազատ որդիներն են, ներքուստ մտածում եմ, որ մարզումներով տանջում եմ նրանց: Սպորտը պահանջում է լինել կարգապահ, աշխատասեր ու կամային: Ես այս ամենը պահանջում եմ իմ բոլոր մարզիկներից, այդ թվում՝ Արամից ու Արսենից:
Ջուլֆալակյան ըմբիշների երրորդ սերնդի սպասումով
Արամ
Մեր առօրյան ըմբշամարտով չի սահմանափակվում, շատ ուրիշ ընդհանուր թեմաներ կան, որոնց մասին մենք հայրիկի հետ խոսում ենք տանը: Սակայն եթե ըմբշամարտից խոսելու առիթ է լինում, անպայման նաեւ այդ թեմային ենք անդրադառնում:
Լուսանկարը` ընտանեկան արխիվից
Արսեն
Մեր մարզաձեւին վերաբերող վերլուծություն երեքով թե տանը, թե հավաքների ժամանակ անում ենք: Եթե ինչ-որ նոր բան ենք մենք նկատած լինում, հայտնում ենք հայրիկին: Նա միշտ լսում է մեր կարծիքը, դիտարկում, քննարկում ու գալիս համաձայնության: Եթե կարողացանք հիմնավորել մեր կարծիքը, ապա նա ընդունում է, ու սկսում ենք աշխատել այդ ուղղությամբ:
Լեւոն
Ըմբշամարտով զբաղվելով՝ շատ դրական հատկանիշներ եմ ձեռք բերել: Զգում եմ, որ սա այն մարզաձեւն է, որը կյանքում պետք է գալիս: Ես ըմբշամարտով ապրում եմ, անչափ հպարտ եմ, որ իմ տղաներն էլ են շարունակել գործս: Շատ ուրախ կլինեմ, եթե թոռնիկներս էլ մարզվեն ըմբշամարտով, մանավանդ, եթե արդյունքներն էլ բարձր լինեն:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Արսեն
Կինս միշտ ասում է, որ եթե տղա զավակ ունենանք, ապա կուղարկենք ըմբշամարտի: Բայց եթե 1-2 տարի մարզվելուց հետո չցանկանա շարունակել, չեմ պարտադրի, նա ազատ կլինի իր ընտրության հարցում: Իմ կարծիքով՝ ըմբշամարտն այն մարզաձեւն է, որը դաստիարակում է, հասկանում ես՝ ինչ է թիմը, անհատը, մեծը, ապրում ես ընկերոջ ցավով, հաղթահարում դժվարությունները:
Արամ
Ես դեռ չեմ ամուսնացել, դրա համար էլ հստակ չեմ կարող պատասխանել, թե ինչպիսին կլինի Ջուլֆալակյանների ըմբշամարտային ընտանիքի երրորդ սերունդը: Բայց եթե պոտենցիալ եղավ, ուրեմն կլինի նաեւ շարունակություն:
Լեւոն, Արսեն եւ Արամ Ջուլֆալակյանների հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: