Լեւոն Արամյան. Իմ աղջիկը - Mediamax.am

4323 դիտում

Լեւոն Արամյան. Իմ աղջիկը



Բոլոր Հայրերն էլ բազմիցս նշում են դուստրերի նկատմամբ ունեցած անսահման սիրո եւ կապվածության մասին: Բոլորն էլ պնդում են, որ հենց իրենցն է առանձնահատուկ ու ջերմ: Կարդալով մրցույթին մասնակցող մյուս հայրիկների ու դստրերի պատմությունները ակամայից ժպիտ է հայտնվում դեմքիս, որովհետեւ նրանցից շատերի պատմություններում ես տեսնում եմ ինձ եւ իմ փոքրիկ հրեշտակին:

Չգիտեմ, թե ինչպիսին կլինեն խոսքերս ու զգացմունքներս, երբ որ մի օր էլ որդի կունենամ: Հուսամ, նրա մուտքն իմ կյանք ու իմ գոյությունը նրա կյանքում կլինի այնքան խենթ ու ուրախ, որքան իմ ու Նանեիս չարաճճի համագործակցությունն է:

Հարգելի ընթերցող, ինչ՞ է կոչվում այն զգացմունքը, երբ առավոտյան վաղ արթնանում ես փոքրիկ մատիկներով աչքդ բացելու փորձերից, քիթդ, ականջներդ ու մազերդ քաշելուց, բայց միայն կիսաբաց աչքերով միմյանց նայելը բավական է հարեւաններին մեր ուրախ աղմուկով արթնացնելու համար: Արդյո՞ք դա միայն չարաճճիություն է...

Երբ աշխատանքի ես լինում, իսկ տանը կա մի փոքրիկ մարդուկ, ով նկարիդ մեջ քո պատկերն է շոյում ու «պապա» կանչում, որ տուն մտնելուն պես իր փոքրիկ, բայց բամբակի պես փափուկ թաթիկներով փաթաթվում է ու անգամ ընթրելիս չի բաժանվում քեզանից: Արդյո՞ք դա միայն կարոտ է...

Երբ Նանեն այս տողերը գրելիս հայրիկից երկու-երեք անգամ ավելի շատ սիմվոլ է հավաքում, իսկ հայրիկը հիացմունքով ոգեւորում է նրա հավաքած ամեն մի սիմվոլի համար: Արդյո՞ք սա միայն համբերություն է:

Երբ դիսերտացիայիդ վրա ես աշխատում ու հանկարծ մի քնքուշ երկու պոչիկով էակ փաթաթվում է ոտքիդ, որպեսզի գրկես, իսկ գրկելուց հետո համբույրների տարափ տեղում: Հետո էլ գրածներիդ վրա խզբզելով իր լեզվով բացատրում, թե շարունակությունն ինչպես պետք է անես: Երբ անգամ հետդ կոնֆերանսի է գալիս ու առաջին շարքում նստած ուշադիր հետեւում, թե ինչ են մասնագետները բացատրում: Արդյո՞ք սա միայն մոտիվացիա է...

Երբ քնիդ համար նախատեսված 6 ժամից երկուսն ամեն օր օգտագործում ես իր առօրյան ու օրվա ձեռքբերումները՝ քո կողմից, դստերդ համար ստեղծված բլոգում շարադրելուն: Երբ փորձում ես արդեն անցած օրն իր տեսածով վերլուծել ու իր ամեն մի օրը նախորդից ավելի հետաքրքիր դարձնել: Արդյո՞ք սա միայն սեր է...

Ոչ հարգելիներս, սա կոչվում է հրաշք: Հրաշք, որն ամեն օր քեզ սեր, ժպիտ, երջանկություն է պարգեւում: Հրաշք, ով ծնվելուց հետո քո աշխարհայացքն այնպես է հեղափոխում, որ ամենաանհամբեր մարդը դառնում է համբերատար: Որ ամենասառը մարդը դառնում է ջերմության աղբյուր, իսկ աշխատանքային ծանր դիրքդ տանը վերափոխում է չարաճճիության ու խենթության: Դու սովորում ես, թե ինչ է իսկական քնքշությունը եւ, վերջապես, թե ինչ է լինում երկու թանկարժեք ափսեների հետ, երբ իրար ես հարվածում  …




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին