Գառնիկ Հունանյան. Իմ աղջիկը - Mediamax.am

3143 դիտում

Գառնիկ Հունանյան. Իմ աղջիկը



Ինչպես ամենասովորական հայ տղամարդ, ես երազում էի, չէ, ես համոզված էի, որ տղա ենք ունենալու: Երբ հերթական ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկը մեզ ասաց, որ աղջիկ ենք ունենալու, ես տվեցի կյանքումս հնչած ամենաանհեթեթ հարցը.

-Իսկ ինչու՞ աղջիկ:

Բժշկի սաստող հայացքից միանգամից հասկացա, որ նա այդ պատմության մեջ ամենաքիչն էր մեղավոր:

Հաջորդ ամսիներին ես ինձ պատրաստում էի աղջիկ երեխայի հայր դառնալուն: Ավելի ուշ պիտի հասկանայի, որ հայր դառնալ ինքնակրթությամբ չես սովորի, դա քեզ սովորեցնում են, ինձ դա սովորեցրեցիր դու` Մանես:

Ես գուցե առավել զգացմունքային հայրերի նման չկարողանամ նկարագրել, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ տեսա քեզ, բայց մի բան կարող եմ հստակ ասել. ես զգում էի, որ ամբողջ կյանքում ճանաչել եմ քեզ, դու ինչ-որ մի տեղ միշտ եղել ես իմ կյանքում, ուղղակի հիմա ենք հանդիպել:

Արդեն 5 տարի եւ 5 ամիս է ինչ ես վայելում եմ քո մանկությունը, չէ,  ես ապրում եմ քո մանկությունը, քո հետ, քո մեջ: Հիմա ինձ համար մանկությունը քո հոտն ունի, քո ծիծաղը, քո ջերմությունը, քո անմեղությունը… քո գույնը ունի, բալես:

Հիմա ես երազում եմ կիսել քեզ հետ քո պատանեկությունը, երազում եմ քեզ դպրոց տանել, ուրախանալ քո ամենափոքր հաջողություներով անգամ ու լինել քո կողքին, երբ դու քեզ պարտված կզգաս: Ես արդեն հազար անգամ պատկերացրել եմ, թե դու ինձ ինչպես կպատմես քո առաջին սիրո մասին, ես գիտեմ, որ ներքուստ խանդելու եմ, բայց հպարտանալու եմ որ դու սիրել գիտես:

Ես քո կյանքում հանդիպած առաջին տղամարդ եմ ու ես գիտակցում եմ, որ ես եմ պատասխանատու, թե դու ինչպես կճանաչես տղամարդու տեսակը: Ես պարտավոր եմ լինել ճիշտ օրինակ քեզ համար… դու ինձ սովորեցնում ես ավելի լավը լինել:

Ես գժվում եմ, երբ ամեն անգամ ոչ հայեցի խոսելիս դու ինձ ուղղում ես:

Ես գժվում եմ երբ դու անկաշկանդ երգում ես ամենուր` տանը, բակում երթուղայինի մեջ (երթուղային բառը ամենից շատ քեզանից եմ լսել):

Ես գժվում եմ երբ դու զարմացած նայում ես երբ քեզ հերթական անգամ նոր անուններ եմ տալիս` պնդուկ, մանչուկ... Ես կարող եմ երդվել, որ ավելի լավ բառ չեմ լսել կյանքում, քան այն, երբ դու ինձ ասում ես պապչկա, պապուուուլ:

Ես սիրում եմ, երբ դու ինձ պատմում ես քո նկարած նկարների մասին` քեզ նման գունավոր, քեզ նման խորը: Ես սիրում եմ տեսնել, որ քո նկարած բոլոր նկարներում արեւ կա, ուրեմն արեւ կա նաեւ քո մեջ:

Ու գիտե՞ ս աղջիկս, մենք քեզ համար նվեր ունենք` քո սպասած ամենամեծ նվերը, դու քույրիկ ես ունալու, իսկ ես ունենալու եմ իմ հաջորդ աղջկան` Ամելիին:

Ես սպասում եմ նրան, ինչպես կյանքում ոչ մեկի երբեք չեմ սպասել, ես սպասում եմ նրան քո անհամբերությամբ, քո քնքշությամբ, քո սիրով:

Ես սպասում եմ նրան՝ հայր դարձած:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին