Կամսար Կուլիջանյան. Իմ աղջիկ… - Mediamax.am

Փետրվար 14, 2026
3255 դիտում

Կամսար Կուլիջանյան. Իմ աղջիկ…



Ինձ համար, թերեւս, մի փոքր դժվար է ընկալել այս բառի ողջ մոգությունն ու հմայքը, քանի որ դստրիկս ընդամենը երեք ամսական է: Ասեմ ավելին. իմանալով, որ փոքրիկ ենք ունենալու, կրկին որդի զավակ էի ցանկանում: Ու թեեւ որդի էի երազում, հոգուս խորքում վախենում էի, որ աղջիկ է: Այո, վախենում էի, որովհետեւ աղջկա հայր դառնալն անչափ պատասխանատու է: Երեխան Բարձրյալի պարգեւն է, իսկ Նրա գործերն անքննելի են:

Երբ վերջնականպես հաստատվեց, որ աղջիկ է ծնվելու, իմ գլխում իսկական խառնաշփոթ տիրեց. եթե-ների ու ապա-ների մի ամբողջ հարցաշար հարցախեղդ էր անում ինձ: Ինչպիսի՞ն է լինելու դուստրս, ինչպե՞ս եմ նրան վերաբերվելու, սիրելու, դաստիարակելու… 

Բայց երբ առաջին անգամ գրկեցի դստրիկիս, ներաշխարհս հիմնովին փոխվեց. նրբություն, քնքշանք, հեզություն, համեստություն, սրանք էին ճառագում իմ գանձից: Մի պահ կտրվելով իրականությունից՝ սկսում եմ պատկերացնել, թե ինչպիսին պիտի կամ կարող է լինել դստերս կյանքը, սակայն երբ հասնում եմ նրան ամուսնացնելու պահին, ուղեղս արգելափակվում է: Գիտակցելով, որ դա անխուսափելի է, այնուամենայնիվ չեմ կարողանում շարունակությունը պատկերացնել ու կարծում եմ, որ որդու եւ դստեր հիմնական տարբերությունը սա է:

Բայցեւայնպես, երբ հիշում եմ, որ ի սկզբանե չէի ուզում, որ աղջիկ ծնվեր, խելագարության եմ հասնում. ամոթի ու մեղքի զգացումը խեղդում է ինձ, քանզի աղջիկս հիմնովին փոխեց կյանքս, ավելի ճիշտ՝ կյանքի հանդեպ ունեցած իմ պատկերացումները: Երբ նայում եմ նրան, վերանում եմ աշխարհից, որովհետեւ  նրա գեղեցկությունը վեր է իդեալականից: Աշխարհում չկա նման բառ, որով կարողանամ նկարագրել իմ դստերը, ուստի հմայված, հիացած նրանով, լռում եմ, լռում ու լռում…

Հիշիր, Լիլիս, դու իմ աղջիկն ես, ու դու կատարելություն ես….



Մեր ընտրանին