Ռուբեն Աբրահամյան. Իմ աղջիկը - Mediamax.am

3965 դիտում

Ռուբեն Աբրահամյան. Իմ աղջիկը



«Քո ամուսնուն պետք ա սիրես, լավ բաներ ասես, ի՞նչ ես դաստիարակում»:

Չէ, սա ավագի խորհուրդ չի նորահարսին. էս հորդորը մեր հեքիաթից է. հեքիաթ, որը մեզ հետ է 2006 թվականի գարնանային մի առավոտից, երբ արթնանալով կնոջս պատմեցի երազս՝ «Խոզի տարում աղջիկ ենք ունենալու»:  Կինս զարմացած նայեց դեմքիս, մտքում ինչ-որ հաշվարկներ արեց ու ասեց՝ «Չէ, Ալեքսը թող մի քիչ մեծանա»: Տղաս հազիվ յոթ ամսական էր ու, չնայած մեծ մարդու պես երեկոյան քնում ու առավոտյան արթնանում էր՝ առանց գիշերները մեզ շատ «տանջելու», մտածեցինք՝ իսկապես, չարժե շտապել երկրորդն ունենալու հարցում:

Օրերը իրենց հունով գլորվեցին, եկավ 2007 թվականը՝ խոզի տարին ու մայիսին մեզ միացավ մեր նոր հեքիաթը: Տարօրինակ հույզեր ունեի. տղայիս հետ կապվել, ընկերացել էինք, զրուցում էի, ինքն էլ մեծավարի ինձ էր դիմում՝ Պա՜պ, պա՜պա երկար ծորացնելով ու, չնայած այդ «Պապ»-ից ավելի ոչինչ չէր ասում, մենք զրուցում էինք մտովի, խաղեր խաղում, գզվրտվում, չերկարացնեմ՝ տղա ունեցողները կհասկանան: Գիշերները մեկ-մեկ ես էի պամպերս-մամպերս փոխում, լողացնում ու պառկացնում: Իսկ հիմա մի նոր էակ, որին վախենում էի գրկել, ամաչում էի լողացնել...

Տարօրինակ էին հույզերս. իմ արյունից ու սիրուց ծնված եւս մի էակ, բայց արդեն նուրբ ու փխրուն, արդեն՝ աղջիկ, որից ամաչում՝ քաշվում ես: Տղայիս հետ ընկերություն եմ անում, գնդակ խաղում, զբոսնում, թավալ տալիս ձների կամ խոտի մեջ, ձկնորսության գնում, հեծանիվ քշում, մեքենաներից խոսում-քննարկում:

Աղջկաս հետ ի՞նչ պիտի խաղամ, ինչի՞ց խոսեմ...

Կամաց-կամաց ամեն ինչ ինքը թելադրեց:

Դեռ չծնված՝ մեզ ու բժիշկներին ստիպեց հաշտվել իր առաջին ցանկության հետ: Լույս աշխարհ գալու տարբերակն ինքն ընտրեց, գլուխը վեր՝ հանգիստ նստեց ու թագուհու պես սպասեց, որ բժիշկներն իրեն գրկեն ու ուղեկցեն դեպի մոր ձեռքերը: Կամաց-կամաց մեծացավ, դարձավ ընտանիքի լիիրավ անդամ ու թելադրեց, թե որս ոնց շփվենք իր հետ: Ու մի օր հասկացա, որ երբեք էլ չեմ ապրել արանց իմ դստեր, միշտ ինձ հետ է՝ թե որպես քննադատ, թե՝ որպես փոքրիկ, բայց արդարամիտ խորհրդատու, որի մեջ մոր, տատերի, ծնողների տատերի խոհեմությունը, կանացիությունն ու գեղեցկությունը խտացել, մի նոր կերպարում են մարմնավորվել:

Ու ամեն երեկո, երբ աշխատանքային առօրյայից հետո տուն եմ վերադառնում, ինձ ժպտադեմ դիմավորում են իմ տան երկու աղջիկները՝ կինս ու դուստրս, որոնք կարծես նախկինում անընդհատ ու միշտ ինձ հետ են եղել:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին