Արթուր Կարապետյան. Իմ աղջիկը - Mediamax.am

2935 դիտում

Արթուր Կարապետյան. Իմ աղջիկը



Էն ե՜րբ էր… Հպարտության զգացումը բռնել էր կոկորդս, բռնել ու բաց չէր թողնում...

Տարիների հեռվից անցյալն արժեւորելու, անցյալը ներկա դարձնելու ցանկություն ունեմ հիմա...

Հիշողությանս անիվն աներեւակայելի արագությամբ առաջ սլացավ, հետո դանդաղեց, մի քիչ հետ ու առաջ արեց ու մի փոշոտված պատկերի վրա կանգ առավ… Ծնողական ժողով էր… մի խումբ անծանոթ մայրիկներ` նստոտած այն նստարաններին, որոնց վրա ժամեր առաջ իրենց բալիկներն էին նստել, ուսուցչուհի, ինչ-որ պարտադրված խոսքեր ուսուցիչների դերի, ծնողական պատասխանատվության, աշակերտների` գրաճանաչության մեջ արվող առաջին քայլերի եւ այլնի մասին: Հետո… հետո,  ուսուցչուհին, մոռացած, որ մյուս աշակերտների լավ ու վատի մասին էլ դեռ պետք է խոսի, սկսեց գովել իմ աղջկան: Ակամա ոտքի կանգնեցի. գովեստի ամեն խոսքից հպարտությունս զորանում ու իր երկաթե բազուկներով ավելի ուժեղ էր սեղմում կոկորդս: Իսկ ես ատամներս էի սեղմում. օտար մայրիկների մոտ լաց լինելը, ինչ խոսք, մի քիչ անհարմար էր…

Էն ե՜րբ էր... իսկ հիմա քայլում է սեթեւեթելով ու նազանքով, ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ թիթեռնիկի նման մանկապարտեզի հանդեսին էր ճախրում, խոսում է արագ-արագ ու անդադար, ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ աջ ու ձախ «Չարի վերջն» ու «Շունն ու կատուն»  էր արտասանում:

Էն ե՜րբ էր… սպասման երկարուձիգ ամիսներ, տարիներ. ամեն ժամ սպասում էինք քո լույս աշխարհ գալուն, իսկ դու համառորեն ուշանում էիր… Նույն նախանձելի համառությամբ մի ձմեռ ինձ ստիպեցիր ձնեմարդ սարքել: Ձեռնոց չունենալուց ձեռքերս սառել, իսկ աչքերիդ փայլից հոգիս ջերմացել էր:

Պատից այն կողմ հեռախոսային խոսակցության ձայներ են լսվում. խոսում ես մեկի հետ, ում հայտնվելուց ամեն հայր ամենաշատն է «սարսափում»:  «Էս օրն էլ էր գալու…»,- մտքումս ասացի: Էդ ե՞րբ մեծացար… էդքան փոքրիկ ու չարաճճի, փխրուն ու զգայուն, բայց արդեն հասուն, ամուր կանգնած ոտքերի վրա, դեռ մի բան էլ համարձակվում է խորհուրդներ տալ: Ժպտում եմ…

Տարիների հեռվից անցյալը մշուշվում է, գույները խամրում են, դեպքերը մոռացվում. անցյալն արժեւորելու ու փոշին թափ տալու ցանկություն ունեմ հիմա...

Էն ե՜րբ էր… Փոքրիկ թաթիկները բռնել էին ձեռքս, բռնել ու բաց չէին թողնում...




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին