Տիգրան Աբրահամյան. Իմ աղջիկները - Mediamax.am

2129 դիտում

Տիգրան Աբրահամյան. Իմ աղջիկները



Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբեւէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Պարույր Սեւակ 

Ճիշտ է, մեծ գրողների ջիղը չունեմ, բայց ցանկացած հայր, ով բարձրաձայն կամ մտովի խոսում է իր աղջկա հետ հետ, այդ պահին ամենամեծ գրողն է: Թույլ տվեք Ձեզ ծանոթացնել երեք Մեծ Գրողների մի  պատմության:

Առաջին Գրողը, ում պայմանականորեն կկոչեմ Անփորձ, “ծնվեց” 29 տարի առաջ՝ առաջնեկ դստեր ծնունդով, իսկ մի քանի տարի անց, կենցաղային օրերից մեկը, սակայն, որոշեց բաժանել նրանց, եւ դստեր մայրն աղջկա հետ հեռացավ երկրից՝ զրկելով անփորձին “Մեծ Գրող” կոչումից:

Երկու տարի անց մեր Անփորձը հանդիպեց մի լուսավոր ուսանողուհու… Այստեղ սկսվում է Փորձառուի պատմությունը, ով մեկ տարի անց կրկին Մեծ Գրող է դառնում: Ատամհատիկին կանխագուշակելով իրենց դստեր համար գիտունիկի ապագա՝ Փորձառուն ու Լուսավորն առաջ են շարժվում՝ վայելելով միմյանց ներկայությունը: Երկու տարի անց ծնվում է նրանց երկրորդ դուստրը, ում մեծ քույրն սկզբում շատ էր խանդում: Երբ նորածնին տուն բերեցին եւ դրեցին մեծ քրոջ օրորոցում, վերջինս հարվածեց փոքրիկին՝ նրան մեծ խաղալիքի տեղ դնելով, ով զավթել էր իր մահճակալը: Ախ այս աղջիկները… Խանդը նրանց մեջ ի ծնե է քանդակված:

Շարունակելով ճանապարհը՝ Փորձառուն եւ Լուսավորը որոշեցին իրենց դուստրերի համար փոքրիկ պաշտպան լույս աշխարհ բերել. երկու տարի անց ծնվեց պաշտպանը, ով, արի ու տես, որ հորը կրկին Մեծ Գրող դարձրեց. նորից աղջիկ էր: Պապիկն ի սկզբանե փոքրիկ թոռնուհուն կնքեց “Ավազակ”: Երեւի միայն նա գիտեր, որ 7 տարի անց Ավազակն սկսելու էր դպրոցում նեղացնել դասընկերներին, կռիվ անել, որ Լուսավորն ամեն ծնողական ժողովից կարմրած էր դուրս գալու, եւ որ մի օր Փորձառուին կանչելու էին աղջկա համալսարան՝ դեկանի նկատողությունը փոխանցելու: Տապին (մեծ դուստրը, ով ինքն իրեն “Տապի” էր անվանակոչել) բազմիցս կրկնում էր, թե՝ Ավազակին էլ պետք է ծեծեր օրորոցում, որ Տուցիի (այսկերպ էլ նա կոչում էր միջնեկ քրոջը) նման խելոք մեծանար:

 Փորձառուն եւ Լուսավորն իրենց այդքան նման եւ այդքան տարբեր աղջիկների հետ շարունակեցին ճանապարհը եւ այդ ճանապարհին միահամուռ շատ խոչընդոտներ հաղթահարեցին՝ տարիներ հետո դուստրերին կյանքի ճիշտ ուղու վրա տեսնելու համար: Եվ ահա՝ Տապին ստացավ իր ուզած մասնագիտական աշխատանքը, Տուցին գտավ իր “Փորձառուին”, ով իր անունը դարձրեց "Լուսավոր”, իսկ Ավազակը դեռ համալսարանի մարտադաշտերում է: Կարծես թե բոլորը բռնել են իրենց ուղին, բայց մի բան այն չէ: Եվ ահա…

2012 թվական:

-Ալո՛, պա՛պ, տա՞նն ես: Շտապ արի հրապարակ. Խոսելու բան կա:
-Գալիս եմ, Տապի՛:

Տարօրինակ զանգից անհանգստացած, ինքն էլ չհասկանալով, թե ինչու հարցեր չտվեց հեռախոսով, Փորձառուն շտապում է դեպի Հանրապետության Հրապարակ: Մետրոյից դուրս գալով՝ ելքի մոտ ճանաչում է Տապիին, Տուցիին, Ավազակին եւ … Երեք դուստրերի կողքին կանգնած էր չորրորդը՝ Անփորձի դուստրը, ում հայրն անմիջապես ճանաչեց. ինչպե՞ս չճանաչել սեփական պատկերի իգական արտացոլանքը…

Լուսավորն ու փորձառուն կարողացան մեծացնել 3 անհատների, ովքեր միասին որոշեցին ուղղել Անփորձի սխալները: Եվ ահա՝ աղջիկն, ով մեծացել է անհայր, Եվրոպայից եկել է Հայաստան՝ գտնելու, ներելու եւ վերագտնելու հորը:

Փորձառուի սրտում երկար տարիներ զսպված զգացումները տեղի տվեցին: Հիվանդանոցում Անփորձը մահացավ: Իսկ երբ Փորձառուն սիրտը «վերականգնելուն» պես դուրս եկավ հիվանդանոցից, նրան նոր անուն տվեցին՝ Հայր:

Արդեն 3 տարի է, ինչ Հայրը պաշտոնապես ճանաչված քառակի Մեծ Գրող է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին