Լյովա Հովհաննիսյան. Իմ աղջիկը - Mediamax.am

2500 դիտում

Լյովա Հովհաննիսյան. Իմ աղջիկը



Իմ  կյանքում շատ քիչ օրեր են եղել, որ ուրախությունից  մոռանամ  ինքս ինձ: Այդպիսի  օրերից մեկն էր աղջկաս ծննդյան օրը… Ինձ  համար հրաշք  կատարվեց. չեմ կարող  բառերով  նկարագրել այն, ինչ զգացի այդ օրը` հուլիսի 1-ին… Մինչ  այդ ինձ անծանոթ  մի զգացում պատեց.  ինձ  աղջի՜կ է ծնվել:

Չգիտես  ինչու`  մեջս  միանգամից  մի  քանի  տղամարդու  ուժ  զգացի.  չէ՞  որ  ծնվել  է  մի  նուրբ ու  մաքրաթեւ հրեշտակ, որին պահապան  ու  պաշտպան  է պետք, եւ դա  ե՛ս եմ  լինելու…

Հիշում  եմ`ի՜նչ   երանությամբ  առաջին անգամ գիրկս  առա նրան.  կարծես գրկեցի  ողջ  լուսաբացը:  Հոգիս այնպես  թեթեւ էր ու  մաքուր, ասես սավառնում  էի  երկնքում:

Աչքս ընկավ հայելուն. մազերս արդեն  ճերմակել  են, իսկ բազուկներիս  մեջ  խլրտում է  մի  փոքրի՜կ  հրաշալիք:  Ես շշնջացի քթիս տակ.

- Դու աշխարհի  ութերո՛րդ  հրաշալիքն  ես:

Որտեղից-որտե՜ղ միտս  եկան “Փարվանայի” տողերը.

“Հայրը  ինչպես  մռայլ  մի  ամպ,
Աղջիկն`  անուշ  մի  լուսին,
Ամպ  ու  լուսին  իրար  գրկած`
Դուրս  են  գալիս  միասին…”

Այդ  պահին  ինձ  ամպի  էի  նմանեցնում, իսկ  դստրիկիս` լուսնի (լուսնի  պես էլ պայծառ  ու  կլորիկ  դեմք  ունի  Թամարաս):

Ի՜նչ  հաճելի  էր. զգում ես, որ կյանք  ես  տվել մի գեղեցիկ հյուլէի, որը հետո  պիտի  քեզ ապավինի, պիտի  օգնի, մի խոսքով`  ապրեցնի:

Իսկապես, իմ փոքրիկ, բարի կախարդուհին իր ծնունդով դրական  լիցքեր հաղորդեց մեր ընտանիքին:

  Թեւ  առան-թռան  տարիները…

Թիթեռնիկս  օր  օրի  մեծացավ  ու  գեղեցկացավ… Հիմա  էլ այլ  զգացում  ու  վախ  է  պատել`  աղջիկս  մեծացե՜լ  է…

Հաճախ հարցնում եմ ինձ`  ինչո՞ւ  եմ  տարբերություն  դնում  երեխաներիս  մեջ, ինչո՞ւ  եմ  աղջկաս  մի  ա՛յլ, անրջային  սիրով  սիրում…

Պատասխանս  չի  ուշանում. 

Գուցե  ա՛յն  պատճառով, որ  նա  իմ  մեծ  սիրո`  կնոջս, մի պատառիկն է.  իսկը  իր  մայրն է`նույն  ժպիտը, մազերը,  շուրթերը…

Գուցե  ա՛յն  պատճառով,  որ  ձայնն ու  շարժուձեւը  մորս  է  հիշեցնում`   անուշ  ու  բարի  մորս…

Իսկ  գուցե  միայն  ա՛յն  պատճառով, որ  նա  հայուհի՞  է…

Խառնվում  են  հույզերս  ու  մտածմունքերս: Չգիտեմ, իսկ մի՞թե  հենց  այն  էակն է, որով  հետագայում  կարող  եմ  մխիթավել (եթե , Աստված  մի  արասցե, կորցնեմ մորս  ու  կնոջս).  ես նրանց  երկուսի՛ն  էլ   կարող  եմ  գտնել  իմ  քնքուշ աղջկա  մեջ:

Վերջերս  արտերկրում  էի  աշխատում, մոտ  մեկ  տարի տանը  չէի  եղել: Կարոտում էի  բոլորին`  մեկ առ  մեկ, բայց  փոքրիկիս`  աղջկաս, մի  յուրօրինակ  ու  այրող  կարոտով:

Քայլում  էի   օտար  փողոցներով ու …  աղջկաս  տարիքի  բոլոր  երեխաների  մեջ նրա՛ն  տեսնում: Նրա  մասին  մտածելիս  իսկ  աչքերս  լցվում  էին  արցունքով…  Իմ  աղջիկն  ինձ ապրեցնում  է , ուժ, եռանդ  ու  խանդավառություն պարգեւում:

Իսկ  այն, ինչ  կատարվեց  մի  քանի  օր հետո, անբացատրելի էր:

Հեռախոսիս  մի  երկտող  եկավ, աղջիկս  էր. «Կյանքում  ես  կգտնեմ  իմ  արքայազնին, բայց  իմ  թագավորը  միշտ  դու  ես  լինելու,  պա՜պ»:

Փշաքաղվեցի, մարմնովս  սարսուռ  անցավ. հաջորդ օրը  ոտքերս ինձ  տարան տոմսարկղ`   Հայաստանի  տոմս  առնելու:  Ճանապարհին  մտորում  էի` ես  երբեւէ  արտահայտե՞լ  եմ  իմ  մեծ  սերը  նրա  հանդեպ.  ո՛չ: Ի՛սկը  հայ  տղամարդ.  ինչո՞ւ  չենք  կարողանում  խոսել  մեր  զգացմունքների  մասին, հը՞: 

Անակնկալս  ստացվեց. լուսադեմ  էր, երբ  մտա  հարազատ օջախս: Նա անուշ-անո՜ւշ քնած էր…Չարթնացրի  նրան, երկա՜ր  նայում  էի  նրա  անխռով, խաղաղ դեմքին ու  մտածում. «Ո՞վ է ասում, որ մի արեւ կա  երկնքում: Արեւը  դեռ չի  ծագել, իսկ իմ կողքին ի՛մ արեւն է, որը գիշերս անգամ  ջերմ  ու  լուսավոր է  դարձնում»:

Ավելի  էր  մեծացել ու  հասունացել: Երբ  մտածում  եմ, որ նա շուտով հարսնացու  է  դառնալու, խելագարվում  եմ: Ե՛վ երազում  եմ այդ  օրը, երբ իմ հրեշտակին կտեսնեմ ճերմակաթույր հարսի շորով ու քողով, որը կկրկնապատկի  թագուհուս  գեղեցկությունը, եւ՛ տագնապ  եմ զգում, երբ հիշում եմ, որ նրա  ձեռքը  (որ թաթիկ էր, թմբլիկ թաթիկ)  իմ իսկ ձեռքով հանձնելու  եմ  ինչ-որ երիտասարդի: Դժվարին  ու  տխուր իրողություն  ծնողի  համար:

Բայց  մի  բան  հաստա՛տ գիտեմ, որ ոչ ոքի թույլ  չեմ  տա փշրել իմ թանկարժեք ադամանդը, նեղացնել  կամ  վիշտ  պատճառել  նրան: Ես պատրաստ  եմ  նրա  բոլո՜ր մանր ու մեծ  մեղքերը  վերցնել ինձ վրա, միայն  թե նա երբեք չճանաչի  Դժոխքի  դուռը:

Ես պատրաստ չեմ իմ կոկետուհուն  երբեւէ  տեսնել հիվանդ կամ թույլ, թախծոտ աչքերով…

Հանկարծ նա  բացեց աչքերը, թռավ ու վզովս ընկավ…այդ պահին ինձ թվաց` ես  շա՜տ հարուստ  մարդ  եմ:

Գերագույն  երջանկություն է հոր  համար տեսնել  իր աղջնակին  առույգ ու երջանիկ, ծիծաղկոտ  ու  թռվռան: Նա  չէր պոկվում ինձանից, իսկ ես … ես ուզում  եմ, որ նա  միշտ ժպտա իր վարդ-շուրթերով, աչքերը փայլեն զույգ արեւների  պես, այտերի վրա միշտ  լինեն այն փոքրիկ  մատնահարները, որոնք  այնպե՜ս   սազում են  իրեն…

Ուզում եմ, որ շա՜տ տարիներ հետո նա զգա, որ ինքը ոչ մի անգամ  լաց չի  եղել. դա կլինի իմ  ամենամեծ պարգեւը…

Տղամարդի՛կ, սիրեք ու հարգեք կանանց`  նրանց  մեջ  տեսնելով  հարազատ մորը, քրոջը,  աղջկան: Նրա՛նք են մեր կյանքի աղը…





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին