Դեկտեմբերյան մի ցուրտ օր ծնվեց իմ երրորդ աղջիկը: Հոգուս խորքում տղայի էի սպասում, բայց ծնվեց իմ երրորդ երջանկությունը: Անունը ես ընտրեցի՝ Շուշան, որովհետեւ այնքան սպիտակ էր ու այդ ցրտաշունչ ձմռանն այնքան թարմ ծաղիկի էր նման:
Զարմանալի երեխա էր, անընդհատ հարցեր էր տալիս ամեն ինչի մասին: Երբ փոքր էր, դնում էի ուսերիս ու երկար քայլում էինք միասին: Սովորել էր, նույնիսկ եթե մի օր
«սխալմամբ» միասին չէինք քայլում, «բողոքում» էր, ձեռքերը թափահարում, անհանգիստ շարժումներ անում ՝ հասկացնելով, որ ուզում է քայլենք, ու քայլում էինք…
Դպրոցական տարիներից քիչ բան է տպավորվել: Մաթեմատիկայից քիչ բան էր հարցնում (ես մասնագիտությամբ մաթեմատիկ եմ): Բայց ֆանտաստիկ բնավորություն ուներ՝ գերազանցել բոլորին, ու դասագիրքը մի քանի ամսում գրում, վերջացնում էր: Սիրում էր մյուս առարկաներն էլ: Ոչ մի անգամ չի եղել, որ հարցնեմ. «Դասերդ սովորե՞լ ես», որովհետեւ դա ավելորդ հարց էր ինձ համար, որովհետեւ նա միշտ դասերը սովորած էր լինում: Ընդամենը մի դեպք եմ հիշում նրա դպրոցական տարիներից: Ավարտական դասարանում էր: Մի քանի օր խնդրում էր, որ ծնողական ժողովի գնամ: Ասում էր, որ դասղեկը խիստ զգուշացրել է, որ բոլորի ծնողներն անպայման ներկա լինեն: Բայց ես այդպես էլ չգնացի, չգիտեմ՝ ինչու, երեւի զբաղված էի կամ գուցե հենց այնպես չգնացի… Հետո իմացա, որ գովեստի խոսքեր են ասել ուսուցիչները, բայց այդ մասին լսել են մյուս երեխաների ծնողները: Համալսարանն էլ ավարտեց, ոչ մի անգամ չհարցրի՝ խնդիրներ ունե՞ս արդյոք, թե՞ ոչ: Երեւի չգրված բան է ինձ համար, որ աղջիկս երբեք խնդիրներ չի ունենում, նրա մոտ պետք է բարձր գնահատական ստանա, նա երբեք չի բողոքում: Դա այդպես է ու վերջ: Մեկ էլ հիշում եմ, որ կարմիր դիպլոմը տուն բերեց անգամ հատուկ չնշեցինք: Գուցե նեղվեց, բայց լուռ էր, ոչինչ չասաց: Ես էլ չասացի… Բայց մի քանի րոպե անց եկավ, հարցրեց, թե չե՞մ ուզում արդյոք սուրճ խմել: Ես միշտ նեղացրել եմ նրան, բայց նա երբեք չի նեղացել: Դե, այդպես էլ երեւի պետք է լիներ, չգիտեմ: Բայց մի բան հաստատ է՝ միշտ պարծենում եմ՝ ասելով. ՙԻմ աղջիկն է՚:
Այսքան տարի է անցել, ու մեր սիրելի սովորույթի առումով ոչինչ չի փոխվել: Մենք հիմա էլ ենք սիրում քայլել միասին: Երկար քայլում ենք, ու այնքան ուրախ եմ, որ նա է իմ աղջիկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: