Հայկ Ավագյան. Իմ աղջիկը - Mediamax.am

2497 դիտում

Հայկ Ավագյան. Իմ աղջիկը



Չկա ավելի հուզիչ պահ, երբ լսում ես մի նոր էակի սրտի բաբախը…. մի նոր էակ, որը քո մի մասնիկն է: Դու դեռ չգիտես, թե նա ով է, ինչպիսին է, բայց այդ ձայնը քեզ անչափ հարազատ է թվում, կարծես թե ասում է. «ես գալիս եմ փոխելու ձեր կյանքը, մա՜մ, պա՜պ ջան»: Անցնում են ամիսներ, եւ դու զգում ես, թե ինչպես է նա ճանաչում քեզ, երբ հպվում ես նրան, բայց դեռ չես տեսնում իրեն: Տեսնես չի նեղվու՞մ այդ փոքր տարածության մեջ: Թվում է, թե ասում է. «Պա՛պ, մամային ասա, թող քեզ մոտ կանգնի: Ուզում եմ լսել քո ձայնը:» Ու երբ լսում է, տոտիկով մի ուժգին հարված է հասցնում. իսկ մայրիկի որովայնը ամբողջությամբ թեքվում է: Նկատում ես, թե ինչ անհատականություն է ձեւավորվել այնտեղ:

Ես հեռու էի, երբ նա պիտի ծնվեր, բայց իմ աղջիկը սպասեց ինձ: Ես հասա ու առաջինն էի, որ գրկեցի նրան:

-Պա՜պ, այս ու՞ր եմ ես, - կարծես թե ճանաչելով ինձ՝ հայացքով խոսում էր ինձ հետ: -Ես ապահո՞վ եմ այս նոր աշխարհում:

-Այո, փոքրի՛կս, քանի ես կամ՝ դու երջանիկ կլինես:

Իրոք, եկավ իմ Մարին ու փոխեց ամեն ինչ մեր աշխարհում:

Նոր սկզբունքներ, նպատակներ, վարք եւ նոր տեսակի երջանկություն բերեց: Սկզբում չես հասկանում, թե ինչ է կատարվում քեզ հետ, այդ ինչ զգացմունք է քեզ համակել: Միայն կարող ես ասել, որ ամեն վայրկյան մտածում ես. «Լա՞վ է զգում իրեն, կարո՞ղ է փորիկն է ցավում, հանկարծ տաքություն չունենա»: Քո ամբողջ ջերմությամբ ուզում ես տաքացնել իրեն, որ հանկարծ չմրսի, չհիվանդանա:

Եվ ահա նա երկու տարեկան է:  Ցատկոտում է այստեղից այնտեղ, ու ավելի ես անհանգստանում:

-Զգույշ, կամաց,- անտեղի զայրանում ես կնոջդ վրա, որ ուշադիր լինի:

Իսկ նա «պապա՜, պապա՜» ասելով վազում է քեզ մոտ, ամուր գրկում եւ կիսատ-պռատ ասում. - «պապա՜ եկա՞ր»:

Ուզում ես ամեն ինչ այս աշխարհում նվիրել իրեն: Նա է ամբողջ աշխարհն ու տիեզերքը: Նրա մեջ է քո կյանքի ամբողջ իմաստը: Ասում են. «Այդպես մի՛ արա, էգոիստ կմեծանա»: Բայց չէ՞ որ պատկերացումից վեր է՝ ինչպես կարելի է կշեռքին դնել նրա հանդեպ սերը, չէ՞ որ դա անսահման է եւ ինքնաբերաբար է ստացվում:

Հենց ինչ-որ չարաճճի բան է անում եւ գիտի, որ սխալ է արել, անմեղ ժպտում է: Կարծես թե ձեւը գտել է՝ ինչպես արածի տակից դուրս գա, քանի որ այդ ժպիտին նայելուց հետո ի զորու չես նախատել: Հետաքրքիր է չէ՞, մեծերը չեն կարող այդ հնարքը կիրառել միմյանց նկատմամբ: Ապա փորձեք մեկին հարվածել ու միանգամից գեղեցիկ ժպտալ նրան: Կասեն. «ո՞վ է այս խենթը»: Բայց այդ մանկիկի ժպիտի մեջ այնքան անմեղություն կա: Ինչպե՞ս կարելի է ասել, թե մարդը մեղսավոր է ծնվում: Այդ մանուկը այնքան անարատ է:

Իմ աղջիկը առանձնահատուկ է. բոլորին սիրում է:

Մի անգամ իր փոքրիկ քիթիկը ավտոմեքենայի պատուհանին կպցրած դիտում էր կողքի մեքենաների անցուդարձը: Շոգ տապից կողքի երթուղային տաքսու վարորդը դարձել էր ճմրթված լոլիկ, իսկ ուղեւորները կարծես թե հալչող պաղպաղակի պես  ուր որ է դուրս կծորան ավտոբուսից: Իմ Մարին ամբողջ էնտուզիազմով օդային համբույրներ էր շռայլում դեպի այդ ամբոխը եւ ձայն տալիս երթուղայինի վարորդին:

-Պապի՜կ, պապի՜կ, բարեւ, ո՞նց ես:

Ակամայից ամբողջ ավտոբուսի ուղրեւորների մեջ նոր կյանք է մտնում, ժպիտներ են հայտնվում,  կարծես թե բոլոր պաղպաղակները հետ դրեցին սառնարան: Իսկ վարորդը առույգացած բղավում է  պատուհանից.  «Մեռնեմ ջանիդ, բալա ջան»:

Կյանք է սփռում ոչ միայն մեր ընտանիքում, այլեւ ամեն տեղ ուր հայտնվում է….

Գնամ, տեսնեմ՝ քնե՞ց իմ գանձուկը: Պիտի որ քնած լինի՝ թաթիկը մահճակալի ճաղերից դուրց գցած: Սպասում է՝ երբ պիտի հայրիկը գա, որ թաթիկով պինդ բռնի նրա մատիկը: Գնացի……




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին