Գարեգին Գրիգորյան. Բարի կեսգիշեր, Նռանե ջան - Mediamax.am

2974 դիտում

Գարեգին Գրիգորյան. Բարի կեսգիշեր, Նռանե ջան



Սովորաբար այս ժամին, շատ ընտանիքներում մարդիկ արդեն քնում են: Բայց այսօր, դու դեռ չես վերադարձել տուն, Նռանե… Եվ մենք՝ ես ու մայրդ, իհարկե անհանգիստ ենք: Դու գիտես, վստահելու կամ հավատալու խնդիր չկա, բայց… Եթերում, ինչ-որ երերող շունչ կա միշտ: Դու տանը չես: Քո տարիքի աղջկա համար դա ավելացնում է մեր անհանգստությունը: Ւհարկե, ենթադրում եմ, որ ուշացմանդ համար շատ փաստարկներ ունես, բայց եւ այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ մեր տագնապող սրտի համար չի կարող լինել ընդունելի: Սրտին չես հրամայի: Առավել եւս՝ ծնողի սրտին: Գիտեմ, որ սա հիմա դու չես հասկանա: Բայց հուսով եմ, թե այս նամակս կպահես ու կընթերցես էլի…

Դու մուտք ես գործել Արվեստի կախարդական աշխարհ եւ պետք է լինես ազատ քո մտքերի ու հույզերի դրսեւորման մեջ: Արվեստն ինքը անսահմանության տարածք է, բայց եւ այն պետք է լինի անվտանգ՝ նախեւառաջ իր՝ ստեղծողի համար: Վատ արվեստագետներն անմիջապես հայտնվում են լայն մայրուղու վրա, լավերը՝ միշտ գերադասում են իրենց ուղին սկսել սեփական կածանից: Բանական արարածը միշտ ուզում է առանձնանալ ինչ-որ ձեւով իր շրջապատիմ եջ: Դրա համար նա ունի միայն մեկ ուղի. Լինել ինքնաբավ` իր կենսակերպով, իր նպատակներով, իր բարոյականությամբ: Երբեք եւ ոչ մի պարագայում, չխաբես ինքդ քեզ:Քո տարիքում, ինքնատիպությունդ կարող է մյուսների կողմից ընկալվել ամենեւին էլ ոչ այնպես, ինչպես դազգում ես դու: Երբեք մի նախանձիր քոշրջապատի մարդկանց. առավելեւս՝ արվեստակից քո ընկերներին, որոնցից շատերը կարող են հասնել ճանաչման: Իրականում, ճանաչումը ոչ թե թեթեւ ապրելակերպի նախանշան է, այլ պարտավորություն՝ ուրիշների համար օրինակ ծառայելու: Ազնիվ լինել ինքդ քո խղճի ու անձի առջեւ: Ահա գրավականը այն բանի, որ կարող ես կյանքում հանգիստ քնել գիշերները:  Ու նաեւ այդ է պատճառը, որ մենք անհանգստանում ենք քեզ համար: Չեմ սիրում համընդհանուր տեսակետներ պարտադրել՝ եղիր համեստ, ավանդապահ կամ հայրենասեր: Ես պարզապես վստահ եմ, որ դա դու ժառանգել ես քո պապերի ու տատերի գեներից: Նրանցից ոչ ոք իր կյանքը չի ապրել քեզ պես՝ ազատ ու արվեստի տարածքներում, բայց նրանք ամեն ինչ արել են Մարդ լինելու իրենց տեսակը սերմանելու մեր՝ քոծնողների մեջ:

Երբ գաս տուն, մինչ եւ քնելդ դու անպայման դեռ կբացես էլեկտրոնային քո փոստը… Դա ձեր սերնդի կենսաձեւն է,գիտեմ: Մեր երիտասարդության օրերին ամեն ինչ այլ էր:Հիմա կյանքի արագությունը փոխակերպվել է՝ երբեմն հապավումների վերածված հաղորդագրությունների, իսկ նամակագրության ժանրը դարձել է սեպագրության պես անհասկանալի մի հնություն: Հիմա ձեր ամեն մի քայլափոխը դուք հավերժացնում եք լուսանկարներով, ախ հա կներես՝  սելֆինեով,  ու թվում է, թե բառերն իսկապես դառնում են ավելորդ: Բայց իրականում, բառերը գնալով դառնում են ավելի խորիմաստ, որովհետեւ միայնության մեջ, այնուամենայնիվ մենք բոլորս դեռ սիրում ենք խորհել մեզ հասկանալի բառերի միջոցով: Եվ հետո, մի մոռացիր, որ բառերն ունեն նաեւ մոգականություն: Ոչինչ չի փոխարինի հարազատ անձի շշուկով արտաբերված խոսքերին. Ես քեզ սիրում եմ, որը քեզ տեր կանի ողջ Տիեզերքին: Սա դու դեռ կբացահայտես ապագայում: Իսկ մինչ այդ, հարկավոր է, որ դու քեզ պատրաստես այդ հանդիպմանը: Քանի որ երբեք չես կարող իմանալ, թե դա երբ կպատահի քեզ հետ: Հենց այդ խորհրդավոր հանդիպման առեղծվածն է, որ մեր կյանքը փոխակերպում է Հեքիաթիում ենք պատրաստ ենք հանուն դրա հետամուտ լինել Բարության կանչին: Իսկ Բարությունը մարդկային կյանքի այն անմեկմելի բույրն ու համեմունքն է, որի բաղադրությունը մեզանից յուրաքանչյուրը վերծանում է յուրովի: Ուզում եմ հավատալ, որ նամակս կարդալուց հետո, ինքդ քեզ կխոստանաս, որ այսուհետ կաշխատես անպայման տուն հասնել մինչեւ կեսգիշերը: Այդպես ավելի ապահով կլինենք բոլորս եւ դու ավելի քիչ կսխալվես քո ապրած օրերի մեջ: Քեզ բարի գիշեր, աղջիկս ու անու շերազներ:

Համբուրում եմ. քեզ միշտ սիրող հայրիկ




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին