2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով, որն իրեն դրսեւորեց որպես հուսալի եւ դիմացկուն օգնական:
Յուրաքանչյուր լեռնագնացի երազանքն է մի օր հայտնվել Էվերեստի գագաթին, կամ գոնե բազային ճամբարում։ Միտքը շատ վաղուց ունեինք, բայց կյանքի չէր կոչվում, քանի որ պահը չէր հասունացել։ Հայաստանում լեռնագնացությունը միայն վերջին տարիներին է սկսել թափ հավաքել ու ավելացել են մարդիկ, ովքեր ցանկանում են լեռնային արշավներին եւ վերելքներին մասնակցել։
Չնայած Հայաստանից դուրս արշավներ վաղուց էինք կազմակերպում, 2022 թվսականին որոշեցինք ավելի հեռուն գնալ. 20 մասնակից ունեցող հայաստանյան խումբը մեկնեց Աֆրիկա եւ բարձրացավ Կիլիմանջարո լեռը։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Կիլիմանջարոյից հետո որոշեցինք, որ եկել է դեպի աշխարհի ամենաբարձր լեռան (8848 մետր)՝ Էվերեստի բազային ճամբար ուղեւորություն կազմակերպելու ժամանակը։ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին 14 մասնակից ունեցող մեր խումբը ուղեւորվեց Նեպալ։
***
Երեւանից ուղեւորվեցինք Շարժա, այնտեղից էլ՝ Կատմանդու։ Նեպալի մայրաքաղաք ժամանելու հաջորդ օրը պետք է փոքր ինքնաթիռով ուղեւորվեինք Լուկլա, որի օդանավակայանը համարվում է աշխարհի ամենավտանգավորներից մեկը։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Այս փոքր օդանավակայանը կառուցվել է Սըր Էդմունդ Հիլարիի ջանքերով. 1953 թվականին նա եւ շերպա Թենցինգ Նորգեյը առաջին մարդիկ էին, ովքեր ոտք դրեցին Էվերեստի գագաթին։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Երբ հասանք Կատմանդու, մեր տեղացի գործընկերն ասաց, որ Լուկլայի օդանավակայանն արդեն 5 օր է փակ է՝ անբարենպաստ եղանակի պատճառով թրիչքներ չի ընդունում։
Մեր թռիչքը Լուկլա պետք է տեղի ունենար հենց Կատմանդուից, բայց ասում էին, որ Ռամեչափ բնակավայրի օդանավակայանից թռչելու հավանականությունն ավելի մեծ է։ Սակայն այդ տարբերակը ընտրելու դեպքում պետք է 4-5 ժամ ավտոբուսով Կատմանդուից հասնեինք Ռամեչափ, սպասեինք եղանակին ու մեր հերթին՝ այնտեղ արդեն մի քանի հարյուր զբոսաշրջիկ էր կուտակված:
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Մյուս տարբերակը ուղղաթիռով թռչելն էր, որը չափազանց թանկ «հաճույք» էր՝ 500 դոլար յուրաքանչյուրիս համար։
Երկար քննարկումներից հետո մեր գործընկերն առաջարկեց երրորդ տարբերակը՝ 11 ժամ գնալ ավտոբուսով, հետո մոտ 5 ժամ՝ off-road ամենագնացներով, վերջում էլ՝ մոտ 30 կմ ոտքով քայլել մինչեւ ելման կետը։
Կանգ առանք այդ տարբերակի վրա։ Ճիշտ է, ճանապարհը շատ ծանր տրվեց ու շատ վտանգավոր էր, բայց դրա շնորհիվ կարողացանք տեսնել ոչ տուրիստական Նեպալը, շփվել տեղացիների հետ՝ մոտիկից ծանոթանալով նրանց կյանքին ու կենցաղին։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ավտոբուսով հասանք Սալլերի գյուղ, որտեղ գիշերեցինք։ Հաջորդ առավոյան Սալլերիից նստեցինք off-road մեքենաներ եւ 5 ժամ ընթացանք դեպի Բուպսա։ Դա իրական off-road էր՝ կային հատվածներ, որտեղ ճանապարհ ընդհանրապես չկար, եւ մի քանի անգամ ամենագնացները ստիպված եղան «նավարկել» լեռնային գետերի միջով։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Այս ուղեւորության ընթացքում զգացինք «հոգնած-ջարդված» ասույթի իսկական իմաստը։ Ի վերջո հասանք Բուպսա, որտեղ լանչի սեղանի շուրջ հանդիպեցինք վեց տարեկան Փիթերի հետ, որը հրաշալի անգլերեն էր խոսում, ինչը Նեպալի գյուղերում
հազվադեպ հանդիպող երեւույթ է։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Փիթերը պատմեց, որ անգլերեն սովորել է մուլտֆիլմերից, հիմա էլ սովորեցնում է իր մայրիկին։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Ճամփորդության ընթացքում շատերին էինք հարցնում, թե որտեղից անգլերեն գիտեն` արդյո՞ք դպրոցում են սովորել։ Բայց պարզեցինք, որ շատերը դպրոց չեն էլ հաճախել։ Մեր ուղեկցորդներից երկուսը դպրոց երբեւէ չեն գնացել, իսկ անգլերեն սովորել են զբոսաշրջիկների հետ շփման միջոցով։
Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս
Լանչից հետո վերսկսեցինք քայլարշավը։ Քայլեցինք մոտ 10 կմ եւ 700 մետր բարձրություն հավաքեցինք։ Վերջին 2.5 ժամը ստիպված եղանք քայլել մթության մեջ եւ բավականին ուշ հասանք Պաիյա։
Հրաչուհի Այվազյան
Շարունակելի
«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom եւ Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: