Ինքնությունների միջեւ թափառող լեզուն՝ «հոմշեցնակ» - Mediamax.am

exclusive
5106 դիտում

Ինքնությունների միջեւ թափառող լեզուն՝ «հոմշեցնակ»



«Էրգինքե էլլուշ կուզիմ, աստաղե բեռնուշ կուզիմ...», - երգում էր համշենցի Հարուն Թոփալօղլուն եւ նրա հետ միասին գրեթե ամբողջ Հայաստանը։ Զմրուխտե Համշենի ու նրա քաղցրիկ բարբառի այցեքարտերից մեկը դարձած անվիճելի հիթը երգվեց, սիրվեց, ձեւափոխվեց եւ ներկայացվեց ամենատարբեր հարթակներում, մինչդեռ ամենասկզբում դրա համահեղինակներ Հարունն ու նրա՝ նույնպես համշենցի համագյուղացի Յուսուֆ Վայիչը բնավ հիթ գրելու ու ամբոխները ցնծելու մտադրություն չունեին։

Այսօր Թոփալօղլուն ժպիտով է հիշում՝ բազմաթիվ «քավերները» ձայնագրելիս իրենցից սովորաբար թույլատվություն չեն հարցրել, բայց չի նեղսրտում։ Չէ՞ որ ի սկզբանե Համշենի մասին ու «համշեներենով» երգելու նպատակը, նախեւառաջ, ինչպես ինքն է ասում, «մարդկանց սրտերը իրար մոտեցնելն» ու վերացման եզրին գտնվող մայրենի բարբառը մի փոքր ավելի երկար ապրեցնելն էր։



Հարունն ու իր սերնդակիցներն այս առումով ծայրահեղությունների մեջ ընկնել, մեծ ու չարդարացված հույսեր տածել չեն ուզում։ Ցավով են փաստում՝ լեզուն, ի վերջո, մեկ-երկու սերունդ անց կմոռացվի։

«Միայն երգերով մինչեւ ո՞ւր պիտի պահենք», - նկատում է երիտասարդ համշենցին։

Հարունի հայրենի քաղաքում՝ Արդվինի նահանգի Խոպայում իր հասակակիցները, հավանաբար, նախավերջին սերունդն են, որոնք առօրյայում դեռ մասամբ կիրառում են Համշենի հայերեն բարբառը՝ անվանելով այն «հեմշինջե» (համշեներեն)։


Համշենի հայերեն բարբառին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրը, թերեւս, կանգնել է այն հարցի առաջ, թե ի վերջո արեւմտահայերեն, թե՞ արեւելահայերեն բարբառի հետ գործ ունենք։ Այս հարցի պատասխանն ամենադիպուկը տվեց հայտնի «Վովա» խմբի մենակատար Հիքմեթ Աքչիչեքը դեռեւս 5 տարի առաջ Պոլսում տեղի ունեցած մեր զրույցի ժամանակ.

«Դու մոռանում ես, որ Համշենի հայերեն բարբառը ձեւավորվել է այն ժամանակ, երբ դեռ գոյություն չուներ արեւմտահայերենի ու արեւելահայերենի բաժանումը», - իրավացիորեն նկատեց Աքչիչեքը։

«Մեկ-մեկ մտածել եմ՝ մենք ինչու ենք այս ամենը վերապրում։ Աղջկաս հետ ծնված օրվանից միայն հայերեն եմ խոսել։ Հատուկ էի անում, որ որպես մայրենի հենց սա ընկալի։ Սկզբում նա մտածում էր, որ ես թուրքերեն չգիտեմ, Համշենի բարբառին ասում էր՝ «պապայերեն»։ Մի օր արթնացավ ու լաց լինելով ասաց՝ «Ես թուրքերեն խոսող հայրիկ եմ ուզում»։ Ես էլ նրա հետ միասին լաց եղա», - հիշում է Համշենի մասին ու հենց Համշենի բարբառով արդեն մի քանի գրքի հեղինակ համշենահայ մտավորական Մահիր Օզքանը, որի օրինակին, սակայն, համայնքում ոչ բոլորն են պատրաստ հետեւել։

Պատմագրությունը՝ Համշենի բռնի իսլամացման մասին
       
Դեռեւս 8-րդ դարում արաբական լծից խուսափելու համար Արեւելյան Հայաստանի Արագածոտնի ու Կոտայքի շրջաններից դեպի Պոնտոսի լեռներ հասած Ամատունի իշխաններն ու նրանց հետեւած շուրջ 12 000 հայերը, ըստ պատմիչ Ղեւոնդի, բյուզանդացի կայսրի թույլատվությամբ տեղավորվեցին Սեւ ծովի  հարավային ափի այս հատվածներում, իսկ ավելի ուշ վրացիների կործանած Տամբուր քաղաքի տարածքում կամ դրա մոտակայքում Համամ Ամատունի իշխանի կառուցած Համամաշեն քաղաքի անունն այսօր արդեն բազմաթիվ պատմաքաղաքական զարգացումների հետեւանքով տեղի հայերի հիմնական ու քիչ թե շատ «անվնաս» ինքնանվանման արմատն է դարձել։

«Հայերեն խոսո՞ւմ են», «Գոնե գիտե՞ն, որ հայ են», «Ընդունու՞մ են դա» տիպի հարցերն առաջինն են, որ ծագում են հայաստանցիների մոտ համշենցիներին ու, առհասարակ, Թուրքիայի իսլամացված հայերին հիշատակելիս։

Արի ու տես, որ միայն համշենցիների դեպքում գործ ունենք առնվազն 3-4 տարբեր խմբերի ու դրանց բազմաթիվ ենթախմբերի հետ, որոնք կարող են խիստ տարբերվել ոչ միայն Հայաստանում ու Սփյուռքում ընդունված ու ընկալելի «հայի» մոդելից, այլեւ իրար հակասել հենց միմյանց ներսում։ Այսօր Համշենի հայերի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները սովորաբար առանձնացնում են համշենցիների երեք հիմնական խումբ․

արեւմտյան համշենցիներ (Բուն Համշենի բնակիչները․ ժամանակակից Թուրքիայի Ռիզեի նահանգ եւ դրան հարակից շրջաններ),

արեւելյան համշենցիներ (Արդվինի Խոպայի եւ Բորչկայի շրջանների հայ բնակչությունը, որը ավելի երկար է պահպանել բարբառն ու մասամբ ազգային ինքնագիտակցությունը)

եւ

հյուսիսային համշենցիներ (Աբխազիայում եւ ՌԴ հարավային շրջաններում բնակվող եւ մինչ օրս քրիստոնեություն դավանող համշենցիներ, որոնք արտագաղթել են հայրենի տարածքներից 1890-ականներից ընդհուպ մինչեւ 1915թ․)։

Անշուշտ, անվերջ կարող ենք թվել նաեւ վերը նշված տարածքներից տարբեր բռնաճնշումների ժամանակ հարեւան այլ քաղաքներ ու շրջաններ սփռված համշենցիներին՝ հասնելով մինչեւ Իզմիթ կամ հարավում մինչեւ Էրզրում եւ անգամ Մուշ։

«Oսմանյան Կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետեւանքները» վերնագրով իր հոդվածում թուրքագետ Լուսինե Սահակյանը հետաքրքրական մանրամասներ  է հաղորդում համշենահայության բռնի իսլամացման մասին՝ շեշտելով, որ գործընթացը հիմնականում սկիզբ է առել 1555թ.-ի Ամասիայի թուրք-պարսկական հաշտության պայմանագրից հետո, երբ օսմանները փորձեցին Սեւ ծովի ավազանի ժողովուրդներին արագ ծնկի բերել՝ նոր գրաված երկրամասը հաջողությամբ կայսրության մաս դարձնելու մղումով: Թեեւ գրավոր աղբյուրները հուշում են, որ բռնի իսլամացման իրենց քաղաքականությունը տարածաշրջանում թուրքական իշխանությունները սկսել էին նույնիսկ ավելի վաղ.

«1531թ. մի ձեռագիր հիշատակարանից տեղեկանում ենք, որ օսմանյան իշխանությունները, ենիչերական զորամիավորումը համալրելու նպատակով Համշենում եւ հարակից շրջաններում անցկացրել են նաեւ մանկահավաքներ (դեվշիրմե)», - նշում է հեղինակը՝ հավելելով.

«Հայ եւ օտար աղբյուրները, այդ թվում՝ օսմանյան աշխարհագիր մատյանները (մասամբ) ցույց են տալիս, որ մինչեւ 18-րդ դարի սկիզբը Համշենում քրիստոնյա հայ բնակչությունը, չնայած տեւական հալածանքներին, կազմել է մեծամասնություն եւ կարողացել է պահպանել իր հավատքն ու ազգային դիմագիծը այս ընթացքում Համշենի հայ բնակչության մի մասը ստիպված ընդունել է մահմեդականություն, որոշ դեպքերում՝ առերես: Իսկ մի մասն էլ դիմել է փախուստի` թաքնվելով Տրապիզոնի եւ Սամսոնի (Ջանիկի) անտառներում ու քարանձավներում:


Որոշ հատվածն էլ սփռվել է Ճորոխի ավազանում եւ Սեւ ծովի առափնյա շրջաններում: Ամենից դաժանը Սեւ գետում հաստատված համշենահայության 1780 թ. բռնի մահմեդականացումն էր, որի արդյունքում դատարկվել է 100 գյուղ, մահմեդականացվել 10 հազար համշենահայ: Բնակչության մի մասը կոտորվել է, մյուսը՝ հաստատվել Օրդուում, Ադաբազարում, Խոփայում («Փոքր Համշեն»//«Հոպա Համշեն»), Թորթումում, Սպերում, Բաբերդում, Կերասունում, Սամսոնում, Չարշամբայում, Խուրշինլուում, Խոտորջրում, Ճորոխի ավազանում:


1877-97 թթ.-ի ընթացքում համշենահայերը կրկին ենթարկվել են մահմեդականացման, դիմադրողները կոտորվել են: Հենց այս ընթացքում էր, որ դեպի Սեւ ծովի ռուսական ափեր՝ Աբխազիա, Աջարիա, Ղրիմ տեղափոխվեցին մեծ թվով համշենահայեր: 1915 թ. իթթիհատականները սկսեցին զանգվածային տեղահանումներն ու կոտորածները, նաեւ բռնի մահմեդականացումները Տրապիզոնում, Օրդուում, Սամսունում, Նիկոմեդիայում եւ հարակից շրջաններում: Շնորհիվ հայդուկային առանձին ջոկատների, համշենահայերի մի մասը կարողացավ անցնել Ռուսաստան, Հյուսիսային Կովկաս, Խորհրդային Հայաստան` պահպանելով իր ազգային ինքնությունն ու քրիստոնյա հավատը»։

Հայագետ Հայկազուն Ալվրցյանն իր «Համշենն ու համշենահայությունը. արդի խնդիրներ» գրքում Համշենի հայերի իսլամացումը բաժանում է չորս հստակ փուլի.

Առաջին. 16-րդ դարի վերջեր - 1722թ.՝ շուրջ 150 տարի:

Երկրորդ. 1722թ. - 1838թ.՝ ավելի քան մեկդարյա շրջան:

Երրորդ. 1838թ. - 1915 թ., 77 տարի:

Չորրորդ. 1915թ. - 1930-ականներ, երբ Համշենում եւ ծովափնյա շրջաններում այլեւս խոսք լինել չէր կարող քրիստոնյա հայերի, հույների կամ այլ ժողովուրդների ներկայացուցիչների մասին:

***

Որքան մեծ է համշենցիների սփռվածությունը՝ այնքան տարբեր ու փոփոխական հայկական ծագման հետ կապված ինքնագիտակցության մակարդակը, դրա դրսեւորումներն ու այն արտահայտելու պատրաստակամությունն առհասարակ:

Այսպես՝ պատմական Բուն Համշենից մինչեւ ծովափնյա Խոպա, որոնք իրարից ընդամենը մեկ ժամվա հեռավորության վրա են գտնվում, «հայ» բառը կարող է առաջացնել ամենատարբեր ու անսպասելի արձագանքները՝ ամենաջերմից մինչեւ ամենաբացասականը: Եթե դեռեւս մասամբ հայախոս գյուղերով շրջապատված փոքրիկ Խոպայում Հայաստանից եկած հյուրին մեծամասամբ կողջունեն «Բարով էկար, ախպար ջան» արտահայտությամբ ու դրան կցված անփոփոխ ժպիտով, ապա ներկայի Ռիզե նահանգի մաս կազմող Բուն Համշենում ձեզ լավագույն դեպքում շփոթված ժպիտ, վատագույն դեպքում անտարբեր լռությամբ կպատասխանեն «հայ» լինել-չլինելու մասին համառ ու անհասկանալի հարցադրումներին: Թուրքիայում ապրող համշենցիների երկու հիմնական խմբերի միջեւ տարբերությունները զգալու եւ «շոշափելու» համար որոշել ենք ձայնի հնարավորություն տալ երկուսին էլ։

Սամի, 23 տարեկան

«Չամլըհեմշինում մեր ընտանիքին ասում են՝ Գրագոսի տունը։ Չգիտեմ՝ Գրիգոր անունից կարող է լինել, Կիրակոս էլ կարող է լինել։  Բայց տատիկիս եթե հարցնես՝ երբեք չի ասի, թե հայ ենք։ «Մենք կապ չունենք այդ ամենի հետ»․ միակ պատասխանը սա է։


Երբ գյուղ եմ գնում՝ պապս ինձ ասում  է «Թոթոլս եկավ»։ Թոթոլը ինչ է՞, հայերեն չէ՞։ Մեր կողմերում լեզուն մոռացվել է, մարդիկ թուրքախոս են շատ վաղուց։ Բայց լեռների, հովիտների, ամրոցների, գյուղերի անունները բացառապես հայերեն են մնում։ Ուրիշ բառեր էլ կան։ Մինչեւ հիմա ասում են «գոգնոց», «հեքիյա», «օրթի», «քոթոթ»։  Տատս մինչեւ հիմա աղոթելիս դառնում է այն լեռան կողմը, որի վրա եղել է Սուրբ Հակոբ վանքը։ Եթե հարցնես՝ կասեն դե մի ժամանակ հայեր կային, հարեւանություն ենք արել, փոխառել ենք, այսպես այնպես։ Երեւի եթե ես էլ մեծանայի այնտեղ, այլ ոչ թե Ստամբուլում՝ այս հարցադրումները չէի դնի եւ դասական թուրք ազգայնական կմեծանայի, ինչպես Ռիզեի համշենցիների զգալի հատվածը: Այո, մեծ քաղաքը ձուլում է, բայց նաեւ տալիս է ավելի մեծ հնարավորություններ քո ուզած ինքնությունն ընտրելու ու դրանով ավելի ազատ ապրելու:

Ես մեկ-երկու հոգու կամ պաշտոնական պատմագրության հրամցրածով կարծիք կազմողներից չեմ, հետաքրքրվողների համար այսօր աղբյուրները ավելի քան բաց են, մարդու մտքին տեղ լինի։ Շատ բան կարող են ասել, բայց մեր ձեռքի տակ եղած ապացույցները շատ ավելի ծանրակշիռ են։ Լոռիում անգամ ազգականներ եմ գտել, ԴՆԹ թեսթի արդյունքներով մեր Թումանօղլուների ճյուղը Լոռիում հեռավոր ազգակիցներ պետք է որ ունենա։


Անցյալ տարվա մայիսի 9-ին իբրեւ թե ժողովուրդների եղբայրության երթ էին անում, ամեն մեկը մի երկրի դրոշ վերցրած քայլեց։ Բոլոր դրոշները վերցրին, Հայաստանինը մնաց անկյունում։ Սիրտս չտարավ, գնացի ես վերցրի, Հայաստանի դրոշով Ստամբուլի կենտրոնում քայլեցի։ Ասեցի՝ բա ժողովուրդների եղբայրությունը բոլորի համար չէ՞։ Եթե ջոկողություն պիտի լինի՝ էլ ի՞նչ եղբայրություն»: Այս երկրում կա մի իրականություն, որ նույնիսկ «աջերն» ու «ձախերը», նույնիսկ թուրքն ու քուրդը կարող են իրար մի օր հասկանալ, բայց հայերի հանդեպ այդպես չէ ու չի էլ լինի: Քրդական հարցը բոլորովին այլ թեմա է: Բայց հայը չի կարող այս երկրում ոստիկան կամ նահանգապետ դառնալ, քուրդը՝ կարող է: Որովհետեւ իրական մուսուլման է: Շատ են քննադատությունները Թուրքիայի հայերի հանդեպ, բայց դու պատկերացրու մարդկանց մի խումբ, որոնց անգամ դիմացի հարեւանն է հետեւում: Այսինքն՝ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը մի կողմ, Թուրքիայի հայերը՝ մի կողմ, որովհետեւ շատ «էքստրեմալ», լրիվ առանձին խումբ են: Հիմա Արցախում ծանր իրավիճակ է, Ֆրանսիայի հայը կարող է խոսել, Ամերիկայինը կարող է, բայց Ստամբուլի հայը այդ մասին եթե գոռգոռա՝ վաղը երեխային դպրոցում ով է պաշտպանելու, թուրքական ոստիկանությո՞ւնը: Ես ոչ ոքի պաշտպանելու նպատակ չունեմ, բայց պետք է մի քիչ ավելի կառուցողական լինել: Էս մարդիկ Հայաստանից չեն եկել, ավելին՝ երբեք պետականություն չեն ունեցել:

Մելիսա, 34 տարեկան

«Ծնվել, մեծացել եմ Արդվինի Խոպա քաղաքում: Մեր քաղաքում բոլորը կա՛մ համշենցի են, կա՛մ լազ: Իմ մանկության ժամանակ մեր գյուղերում հայերենը բավականին լավ խոսվում էր, ես մեր բարբառը շատ լավ գիտեմ: Այդ առումով ես դեմ եմ, որ մերոնք այլազգիների հետ ամուսնանան, որովհետեւ դրա պատճառով լեզուն կորում է: Մյուս կողմից՝ առաջին ամուսնությունս Ռիզեից համշենցու հետ էր եւ դա ինձ համար դժողք էր: Մարդը ֆաշիստ է, ո՞նց ասեմ, թե մեզնից մեկն է: Երբեք: Ո՞նց ձեռքից պրծա, ոնց հաջողեցի ամուսնալուծվել՝ ես էլ չգիտեմ: Բայց հաջողեցի: Էս Մելիսան մի օրում չի դարձել էսպիսին: Ռիզեի ու Խոպայի համշենցիների միջեւ սարերի-ձորերի տարբերություն կա: Խոպան ավելի առաջադեմ, ձախակողմյան է, թեեւ վերջին ընտրությունների արդյունքները ինձ էլ են հիասթափեցնում:


Տարիներ առաջ այս թեմաներն այսքան բաց չեն խոսվել, շատերը մտածում են միայն վախն է պատճառը, բայց քչերն են հասկանում, որ մարդիկ նախեւառաջ չունեին էլ այդ գիտակցությունը։ Օրինակ՝  ես էլ չգիտեի, որ համշենցին հենց հայն է։ Ինձ էլ, քրոջս էլ հայրս կրթություն է տվել: Մենք առաջադեմ, շփումների մեջ բավականին բաց ընտանիք ենք միշտ եղել, բայց հիմա գնա հորս հարցրու, թե համշենցիները ովքե՞ր են կամ «համշեներենը» ի՞նչ է: Նա էլ հստակ պատասխան չունի։ Չի խոսվել  ու վերջ։ Որտեղի՞ց իմանան, մարդիկ մինչեւ վերջերս տառաճանաչ չէին գյուղերում։ Մենք ապրել ենք մի միջավայրում, խոսել մի լեզվով, որի միակ անունը «համշեներեն» էր։ Կրթական համակարգն էլ էնպիսի միջավայր է ձեւավորում, որ մենք կարիք չզգանք այդ հարցերը տալու: Բայց մի օր տալիս ես, մի օր այդ հարցերը տրվում են, թեկուզ շշուկով:

Մեր մանկությունն անցել է թեյ հավաքելով, Խոպայի յայլաներում վառարանի շուրջը գույնզգույն գուլպաներով չորացրած եգիպտացորեն մաքրելով: Այնքան ուրախ եմ, որ իմ լեզուն լավ գիտեմ, դա հենց սարի, յայլայի շնորհիվ է: Մենք աշխարհից կտրված էինք, մինչեւ դպրոց չգնացինք՝ «չփչացանք»: Մեր մեջ նույնպես ձգտում են համշենցուն աղջիկ տան, համշենցուց առնեն, բայց գիտե՞ս, դա ավելի շատ ազգային ինքնության հարց չէ: Որովհետեւ այս մարդիկ նախ չգիտեն, թե ինչ է ազգային ինքնությունը: Ավելի շատ ասում են՝ «Իմ տուն օտար աղջիկ չմտնի»: Սա է:


Ինչպե՞ս սկսեցի մոտենալ ճշմարտությանը: Նախ, երբ համացանցը այսքան ակտիվացավ, շատ պատահաբար հայերեն երգեր ընկան աչքովս, հետո Հրանտ Դինքի դեպքից հետո որոշ հայերի հետ կարճ շփումներ ունեցա։ Ասում եմ՝ այ քեզ բան, ախր մեր լեզվին շատ նման է։ Կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ սա նույն լեզուն է, ցեցը մեջս ընկավ, սկսեցի ուսումնասիրել, դուրս եկա գիտակցական որոշակի մակարդակի։ Իմ ձախակողմյան քաղաքական հայացքները, այդ համարձակությունը բավականին մեծ դեր խաղաց իմ կյանքում այս առումով: Հետո գնացի ուրիշ քաղաք որպես ուսուցիչ աշխատելու։ Եկա Սասուն, ինձ ասում են՝ որտեղացի՞ ես, ասում եմ՝ համշենցի եմ։ Սրանք չգիտեն, թե Համշենն ուր է, ինչ է, համշենցին ով է, չեն հասկանում։ Ասում եմ՝ Սեւ ծովի ավազանից եմ, ասում են՝ լազ ես: Չէ, չէ էլի, չէ: Բարկանում էի, չէի կարողանում բացատրել, մի օր էլ կարճ ասեցի՝ «Դե հայ, էլի»։ Բոլորը՝ «Հա՛, դե էդպես ասա, ա՛յ աղջիկ»։ Էդպես Սասունում բոլորն ինձ գիտեն որպես «հայ աղջիկ»։ Սասունի տարբեր գյուղերում տեղի հայերը հենց իմացան, որ հայ է եկել ուրիշ քաղաքից, վազելով եկան, թե՝ «Բան ասող լինի՝ իմացի, որ էստեղ ենք»։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին