Վան. Հավերժական հիշողության ու դիմադրության ուխտատեղին - Mediamax.am

exclusive
4418 դիտում

Վան. Հավերժական հիշողության ու դիմադրության ուխտատեղին


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Աղթամար կղզին
Աղթամար կղզին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Առտեր կղզին
Առտեր կղզին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Արտոսը՝ Խորգոմից
Արտոսը՝ Խորգոմից

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Կտուց կղզին
Կտուց կղզին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Ձորադիրը
Ձորադիրը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Սբ. Բարդուղիմեոսը
Սբ. Բարդուղիմեոսը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Տուշպա Բերդը
Տուշպա Բերդը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Վանում ամեն ինչ հայկական է, բայց հայեր գրեթե չկան: Այն, թերեւս, եզակի քաղաքներից է, որտեղ բազմաթիվ այցերից հետո տեղի փոքր կամ մեծ, հայախոս կամ քրդախոս ու թուրքախոս, ծպտյալ կամ ոչ այնքան, մի խոսքով՝ որեւէ ձեւով ու ինքնությամբ հայ համայնքի մասին պատմել ձեզ չենք կարող:

Տուշպա Բերդը Տուշպա Բերդը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Այո, Վանի բերդի ոտքերի տակ փռված Քաղաքամեջի ավերակներում, հին Այգեստանի՝ բանուկ, բայց առանց մեզ մնացած պողոտաներում, Արշիլ Գորկու երազելի ու կարոտելի Խորգոմում, որտեղ Վանա լիճը, երկինքն ու Արտոս լեռը գրկում են քեզ միաժամանակ, կամ Խորգոմի հարեւան գյուղի՝ պատմության մեջ ամենատոկուն ինքնապաշտպանական կռիվներից մեկը տված Իշխանգոմում խոտի պահեստ դարձած փոքրիկ եկեղեցում, եւ ի վերջո՝ Մենուայի ջրանցքի հոսանքի հետ ձգվող, «Բելի» դեմ մեր հավերժական կռվի հիշողությունն իր մեջ պահող Հայկաբերդի ներքեւում փռված Աստվածաշենում մեզ, իհարկե, դիմավորում են ժպիտով։ Բայց չեն սպասում։ Ակնհայտորեն չեն սպասում։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Վանում հայերի զինված լուրջ դիմադրությունն ու դրա հիշողությո՞ւնը, ռուսական զորքի հետ քաշվելուց հետո մուսուլման բնակչության՝ հայերի գլխին թափված վրեժխնդրությո՞ւնը, թե՞ Իրանի տարածքով դեպի Արեւելյան Հայաստան տանող այլընտրանքային գաղթի ճանապարհի առկայությունն է պատճառը, որ Վանում հայերի գրեթե չենք գտնում: Իսկ գուցե՝ բոլորը միասի՞ն:

Վանի ֆենոմենը, սակայն, այլ բանի մեջ է. այն հաջողել է չափից դուրս ձգող, դրական ու իսկապես փառահեղ մնալ նույնիսկ այսպես՝ լրիվ հայաթափ: Վանի՝ ավելի քան մեկ դար անց մեզ հասնող պատգամը, թերեւս, սա է՝ հայրենիքը առանց մեզ միեւնույնն է նույնքան հրաշալի, նույնքան գեղեցիկ ու տպավորիչ է: Այն փառահեղ ու եզակի մնալու համար մեր կարիքը չունի: Այդ մենք ենք, որ առանց նրա կիսատ, կոտրված ու ճաքեր տված ինքնությամբ, բազմաթիվ անպատասխան հարցերով դեգերում ենք աշխարհում՝ այդպես էլ չգտնելով մեզ ու մեր տեղը: Այդ մենք ենք, որ նրա կարիքն ունենք: Եվ երեւի թե սրա համար է, որ հավերժ փառահեղ Վանի մասին, թեկուզ հայաթափ, արժե գրել ու հիշեցնել ամեն անգամ:

«Վերջին հայը»

Պոլսում հանդիպածս միակ «վանեցին»՝ 32-ամյա Դանիելը հիշում է միայն վանեցի պապիկի ու նրա հետ միասին անհետացած ձկնորսական նավակի խորհրդավոր պատմությունը, որը կորսված անցյալի հետ իրեն կապող միակ բարակ թելն է: Թելը, որը նրան բազմիցս տարել է Վան, մի անգամ էլ՝ Հայաստան:

«Ինձանից բացի վանեցի այլ հայ նույնիսկ Պոլսի համայնքում չեմ ճանաչում: Կեսարացի, սեբաստացի, սինոպցի, սասունցի, կոնյացի՝ որքան ուզես, բայց վանեցի հայ ընտանիքի չեմ ճանաչում: Ասում են՝ պապս Վանից գաղթելուց հետո շարունակել է ձկնորսությամբ զբաղվել արդեն Պոլսի Գումգափուի նավահանգստում: Հետո մի օր կորչում է այս մարդը: Պատկերացրու՝ մի գիշեր ո՛չ ինքը կա, ո՛չ նավակը: Մեզ միայն մնացել է այս հիշողությունը, վանեցի լինելու հիշողությունը»:

Տարիներ առաջ ուշագրավ մի հրապարակում էինք հանդիպել «Վանի վերջին հայի» մասին, որին այցելելու բախտին էր արժանացել Թուրքիայում իսլամացված եւ ծպտյալ քրիստոնյա հայերի վերաբերյալ լավագույն աշխատություններից մեկի՝ «Թրի մնացորդները» գրքի համահեղինակ Մ.Ռիթթերը:

«Հայ երիտասարդներին նվաստացնելու համար ձեռքերը մեջքի ետեւից կապում են, ասում՝ «Գնացե՛ք, ծառից ընկույզ քաղեք, տեսնենք»: Սա տեսնելով մենք մորս ու հորս հետ փախանք, մինչեւ Սիրիա: Գյուղացիների մի մասն այդպես փրկվեց, բայց մեծ մասն էլ կորավ ճանապարհին: Հետո մեզ վարձակալության տվեցին արաբների, որ նրանց այգիներում աշխատենք: Հիշում եմ, սիրիական Ջիզրեում մի պահ քիչ էր մնում սովից մահանայինք: Հայ քահանայի կնոջը խնդրեցի, որ իրենց այգուց խաղող քաղենք, ասաց՝ «Եղածը նույնիսկ մեզ չի հերիքի», մերժեց: Բայց մենք երեխաներով միեւնույնն է որքան կարողացանք հավաքեցինք, մեր ձեռքում եղած պարկերը լցրեցինք խաղողի ողկույզներով», - տարիներ առաջ Nouvelles d'Armenie Magazine-ի էջերում իր մեկդարյա հիշողություններն էր պատմել ծագումով հայ Գայհուլը ՝ հեղինակի պնդմամբ «Վանի վերջին հայը», ում հանդիպել էին Մոկսի (ներկայում Վանի նահանգի Բահչեսարայի շրջան) գյուղերից մեկում ավելի քան 13 տարի առաջ:

Գայհուլը ցեղասպանությունից երկու տարի անց Սիիայից հայրենի գյուղ վերադարձին հայրական տունը գտել էր ամբողջովին խոտով ծածկված ու թալանված, ամուսնացել քուրդ աղջկա հետ ու կյանքը շարունակել այստեղ: Ասում է՝ այն ժամանակ ցուցամատդ վերեւ բարձրացնելը միայն բավական էր կրոնափոխ լինելու համար:

Մինչ 1915-ը 100-ից ավելի հայկական տուն ունեցող մեծ ու շեն գյուղն այլեւս Մոկսի լեռներում մոռացված բազմաթիվ կիսալքված բնակավայրերից մեկն է, որը վերջին մեկ դարում ավերի ու բռնագաղթի է ենթարկվել պարբերաբար, վերջին անգամ՝ քրդական շարժման ակտիվացման տարիներին: Այստեղ մնացածները խոսակցությունների մեջ զգուշավոր են, է՛լ ավելի զգուշավոր է տարածքում առավել խիստ վերահսկողություն պահել փորձող թուրքական ԶՈւ-ն, ինչի հետեւանքով Մոկսը երկար տարիներ անհասանելի էր մնում զբոսաշրջիկների համար եւ մասամբ այդպիսին է մինչ օրս:  

Վանի խաղողը եւ խաթարված լռությունը

Վանի, թերեւս, միակ «հայերը», լռության մեջ խոնարհված ու հաճախ մոռացված կոթողներն են, որոնք պակաս հանդուգն չեն: Դրանք շարունակում են տեղի հայկական անցյալի մասին հիշեցնել լեռների բարձունքներում, քարտեզից դուրս թվացող լքված գյուղատեղիներում, մարդաշատ ու բանուկ փողոցների ինչ-որ մի թաքնված անկյունում եւ, իհարկե, Վանի բոլոր չորս կղզիներում:
Աղթամար կղզին Աղթամար կղզին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Վանի կղզիները, թերեւս, միակն են, որ ընդհուպ մինչեւ Հայոց ցեղասպանությունը մնացել են բացառապես հայկական թե՛ բնակչությամբ, թե՛ տեղական փաստացի իշխանությամբ: Չորս կղզիները, որոնցից այսօր միայն Աղթամարն է ընդունում զբոսաշրջիկների առատ հոսք ու արժանանում կոմերցիոն վառ ուշադրության, 20-րդ դարասկզբին հուսալի ապաստան են եղել բազմաթիվ հայ կանանց ու որբերի, ինչպես նաեւ ձեռագիր արժեքավոր մատյանների համար: Այսօր միակ բանը, որ պահպանում են Վանի մնացյալ մյուս երեք կղզիները՝ լությունն է:
Առտեր կղզին Առտեր կղզին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Այդ լռությունը խաթարելու իրավունքն իրենց վերապահում են միայն ծովաորորները, որոնք ճախրում են Լիմ, Կտուց եւ Առտեր կղզիների վանքերի լքված ավերակների վրա, իսկ միակ «հյուրերը», որոնք այցելում են այս կղզիներ, տարածքի գանձագողերն են: Եվ այնուամենայնիվ՝ մյուս երեք կղզիները ես միշտ համարել եմ առավել «բախտավոր», քան Աղթամարը, որտեղ մոմ վաճառող ոստիկանների հայացքից ու այդ հայացքի լուռ համաձայնության ներքո խորանի վրա երբեմն քայլող քուրդ երեխաներից, տեղացի եւ իրանցի զբոսաշրջիկների աղմուկից փրկվելու միակ վայրը, թերեւս, կղզու ամենաբարձր կետն է՝ Բարձր քարը, որտեղից հնարավոր է վայելել Աղթամարի Սուրբ Խաչն ու նշենիների ծաղկումը Վանա լճի ու Արեւելյան Տավրոսի լեռների գեղեցկագույն զուգերգի ներքո:
Կտուց կղզին Կտուց կղզին

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Վաղ միջնադարում ապրած պատմիչները մեզ վկայում են, որ Վանա լիճը ժամանակին ունեցել է ոչ թե 4, այլ 7 կամ 6 կղզի, սակայն ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մյուս երեքն անցել են ջրի տակ: 19-րդ դարի կեսից գրեթե ամբողջությամբ ջրի տակ էր անցած Արճեշ քաղաքը, իսկ քիչ հեռու հիմնադրվել է Նոր Արճեշը, որն այսօր թուքրերեն անվանում են Էրճիշ:
Ձորադիրը Ձորադիրը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Արճեշն այսօր միակ վայրն է, ուր մասամբ պահպանվում են Վանի ավազանի խաղողագործության ավանդույթները: Տեղացիները մինչ օրս քչփչում են, թե 1930-ականներին հայերի մի խումբ վերադարձել է Վան՝ տեղական խաղողի հատուկ տեսակներից իրենց հետ տանելու եւ դրանք ֆրանսիական գինեգործության մեջ օգտագործելու համար: Մենք էլ մի քանի ճյուղ պիտի փորձենք քաղել, խնամքով փաթաթել թաց կտորի մեջ ու դեռ մեկ շաբաթ շարունակ այն ման տալ մեզ հետ: Չէ՞ որ Վանի խաղողի ճյուղն ու վրայի դեռ շատ փոքրիկ սերմերը պիտի այստեղից գնան Ստամբուլ, հետո Երեւան եւ վերջում՝ Թբիլիսի, որտեղ դրանց անհամբեր սպասում է մեր արդեն խաղողագործ ընկերը, ում պապիկը 107 տարի առաջ գաղթել է Վանի ավազանի ամենահրաշալի տարածքներից մեկից՝ Խլաթից:

Ուխտը...

Ասում են՝ ոչ պակաս համեղ է եղել Հայոց ձորի՝ ներկայի Գյուրփընարի շրջանի խաղողը, որտեղ, սակայն, 1915-ից հետո այդ ավանդույթը շարունակողներ չկան։ Գյուրփընարի միջով ու ավելի արեւելք՝ դեպի թուրք-իրանական սահման ձգվում է պատմական Աղբակ գավառը՝ իր մեջ ներառելով հին Ադամակերտը, ժամանակակից անվամբ՝ Բաշքալեն։ Այս անունն, անշուշտ, տեղացիների մոտ ավելի շատ ասոցացվում է  Իրանից այստեղ ներթափանցող թմրանյութի անօրինական առքուվաճառքի եւ գարնանը ձյան հավելուն պես սահմանի երկայնքով երեւացող ցրտահարված աֆղան փախստականների դիերի ահասարսուռ պատկերներով։

«Բաշքալե գնում եք ի՞նչ անեք», - մի քիչ զարմացած, մի քիչ էլ վախեցած ու մեզ համար զավեշտալի կերպով կարող են հարցնել այստեղ։

Դե արի ու բացատրի, որ այնտեղ, ուր գնում ենք, սկսվում է ամեն ինչ։ Որովհետեւ մեզ սպասում է անկրկնելի, աներեւակայելի ու անգերազանցելի Սուրբ Բարդուղիմեոսի՝1-ին դարից այստեղ կանգնած տաճարը։ Այնքան երանելի ու փափագելի, որ ձյունը, լեռնային վտանգավոր ճանապարհն ու այնտեղ մշտապես կանգնած թուրք զինվորականները ամենափոքր խնդիրն են, որ կարող էինք երեւակայել։ Վանքի շուրջ դեռեւս մնացած ավազով լի պարկերը, որոնք ժամանակին այստեղ են թողել թուրք զինվորականները, կրկին հուշում են, որ իսկապես բախտավոր ենք․ մի քանի տարի առաջ ռազմական գոտի համարվող Բաշքալե ընկնելն իսկապես բարդ կլիներ։
Սբ. Բարդուղիմեոսը Սբ. Բարդուղիմեոսը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Ըստ ավանդության՝ այստեղ են ամփոփված Բարդուղիմեոս Առաքյալի ոսկորները։ Սուրբ Թադեոսի՝ շատ ավելի բարվոք ու խնամված վիճակում գտնվող տաճարը մի փոքր հեռու՝ Իրանի իսլամական հանրապետության սահմաններից ներս է։

Մի բան էլ կա, հանուն որի արժե հասնել թուրք-իրանական սահման անկախ ցրտից, հոգնածությունից ու մնացած բոլոր մանր-մունր արգելքներից։ Դա, իհարկե, Ձորադիր Սուրբ Էջմիածնի վանքն է, որը, չնայած իր անվանը, գտնվում է Վանի նույն շրջանում։ Այս գյուղի հեռավոր ու մեկուսի դի՞րքն է նպաստել, որ եկեղեցին, որը հանդիսանում է Աղթամարի Սուրբ Խաչի նախատիպն ու ճարտարապետ Մանուելի ոգեշնչանքը, քիչ թե շատ փրկվել է գանձագողերի հարձակումներից՝ չգիտենք։

Իսկապես ներսից շշմելու աստիճան հրաշալի պահպանված գմբեթն ու պատերը զարմացնում, հուզում եւ ուրախացնում են։ Ասում են ՝ հարավային պատի մի մասն ընկել է 2014-ի վերջին երկրաշարժի ժամանակ։
Արտոսը՝ Խորգոմից Արտոսը՝ Խորգոմից

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


«Ես չեմ թողնում, որ գան ավերեն, ես եմ պահում», - պնդում է տարեց քուրդ մարդը, ում տունը հենց եկեղեցու դիմաց է։

«Գուցե ինքն էլ հենց ժամանակին փորել է, ոչինչ չի գտել, դրա համար էլ ձեռք չի տալիս», - արդեն մեքենայում ծիծաղելով ասում է ինձ ուղեկցող ընկերներից մեկը։

«Չգիտեմ», - առավելագույն պտատասխանը, որ կարողանում եմ տալ՝ վերջին մի քանի տարում ՀՀ-ի անտեսված ու ավերման եզրին գտնվող տասնյակ եկեղեցիները տեսնելուց հետո։

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին