«Բոլորին տարան, մեզ թողեցին». Մշո դաշտի «բաց սպիերը» - Mediamax.am

exclusive
3086 դիտում

«Բոլորին տարան, մեզ թողեցին». Մշո դաշտի «բաց սպիերը»


Մշո Առաքելոց վանքը
Մշո Առաքելոց վանքը

Լուսանկարը` Սասուն Դանիելյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Մշո Առաքելոց վանքը
Մշո Առաքելոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Սուրբ Մարինե վանքը
Սուրբ Մարինե վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Սուլուխի կամուրջը
Սուլուխի կամուրջը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


«Հենց հիմա՝ ապրիլի վերջից են սկսում ծաղկել Մշո դաշտի ալ կարմիր կակաչները», - հիշում եմ ամեն ապրիլի 24-ին։ Հազարավոր մարդկանց երազներում, չիրականացած իղձերում ու կարոտի հոգոցներում մնացած այդ գեղեցիկ կարմիր կակաչները, որոնք Արածանիի միջին հոսանքում սփռված Մշո դաշտը դարձնում են աշխարհի ամենայուրահատուկ տեղերից մեկը։

Ասում են՝ Աստղիկ դիցուհին, որը սիրում էր լողալ Արածանիի ջրերում, մշուշով էր պատում Մշո դաշտը, որ իր մերկ մարմինը չնկատեն, ինչից էլ ծագել է Մուշի անունը։

Պատմաբանները Մուշի անունը հիմնականում կապում են մուշկերի տեղի հայախոս ցեղերի անվան հետ, որոնք տարածվում էին Մշո դաշտից մինչեւ Սասունի լեռներ։

Սուրբ Մարինե վանքը Սուրբ Մարինե վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Մուշի հայկական թաղամասերից մեկում՝ Բերդի թաղում ոտքի վրա մնացած միակ կառույցը՝ Սուրբ Մարինե վանքի կիսավեր շինությունը, Սուլուխի կամուրջն ու քաղաքից մի փոքր հեռու, Ծիրնկատարի բարձունքում ծվարած Առաքելոց վանքի ավերակները, թերեւս, մեկ օրվա մեջ ավարտին հասցվելիք երթուղի են եւ թվում է, թե դրանից հետո այս գավառական փոքրիկ քաղաք վերադառնալու համար առիթներ այլեւս չկան։
Սուլուխի կամուրջը Սուլուխի կամուրջը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Բայց, արի ու տես, որ հենց Մուշում, հենց այս գավառական խավարի ու միանման անշուք փողոցների արանքում է թաքնված այստեղ կրկին ու կրկին գալու առիթը։ Եվ դա սկսում ես հասկանալ, երբ սրճարանում հայերեն խոսակցության ժամանակ քո առաջ «կենդանանում է» կողքի սեղանին նստած անծանոթ ինչ-որ մարդու հայացքը, Մուշի օդանավակայանում հայաստանյան անձնագիր տեսնելուն պես փայլատակում է մեկ ուրիշի ժպիտը, որեւէ խուլ գյուղի ճանապարհին շատ պատահական դիմացդ դուրս է գալիս առաջին հայացքից ամբոխից ոչնչով չտարբերվող հովիվը․ «Եկեք թան խմենք, եկեք, մենք էլ ենք «ձերոնքական»...

Սարերից՝ դեպի դաշտ

Մուշ քաղաքում այսօր միակ փոքրիկ հողակտորը, որը պաշտոնապես պատկանում է տեղի հայ համայնքին, հին հայկական թաղամասին նայող մերկ բլրի վրա հայ ֆիդայիների խմբային գերեզմանի վայրն է, ուր, ըստ շրջանառվող հավանական վարկածի, հանգչում է նաեւ ֆիդայապետ Գեւորգ Չաուշը, եւ որի սիմվոլիկ սեփականության թղթի համար տեղի հայերը անցան երկարուձիգ դատական քաշքշուքների միջով։
Մշո Առաքելոց վանքը Մշո Առաքելոց վանքը

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Այստեղից ուղիղ մեկ լեռնային պատվար է բաժանում Մուշն ու Չաուշի հայրենի Սասունը՝ արեւելքից արեւմուտք ձգվող Տավրոսյան լեռնաշղթայի հսկա պատվարը, որից հարավ՝ Սիմ լեռից վար քարքարոտ Սասունն է, իսկ հյուսիս՝ բերրի եւ խոնավ Մշո դաշտը: Իսկ ահա հյուսիսից Մուշ քաղաքը գրկում են Վարդոյի լեռները՝ նույն գավառի մաս կազմելով: Մուշի Վարդոն երբեմն շփոթում են այստեղից շատ հեռու՝ Շըրնաքի Ջիզերի լեռներում գտնվող հայկական Վարդո գյուղի հետ, որի վերջին հայերը դեռ 1980-ականների սկզբին բոլորով միասին տեղափոխվել են Եվրոպա՝ Ֆրանսիա եւ Բելգիա: Ավելի քան 1200 անդամից բաղկացած հայկական մեծ ցեղախումբը, որը ցեղասպանությունից հետո պահպանել է իր ինքնությունը Ջիզրեի լեռներում մեկուսի կյանք վարելով եւ ազգականների միջեւ հարկադրված ամուսնությունների միջոցով, ժամանակին նպատակադրվել է տեղափոխվել Խորհրդային Հայաստան, սակայն այնտեղ ուղարկված իրենց պատվիրակները հայտնել են, որ կոմունիստական համակարգը Վարդոյի աշիրեթի կենսակերպին այդքան էլ հարմար չէ: Ներկայում Վարդոյի ցեղի միակ ներկայացուցիչը, ով մնացել է Թուրքիայում, Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքն է: Վարդոյի հայերը, սակայն, Մուշի նույնանուն շրջանի հետ կապ չունեն:

Մուշի հայությունը, որի թիվն, ըստ տարբեր պնդումների, տատանվում է 15-ից 20 000-ի միջեւ, մեծամասամբ Մշո դաշտ է տեղափոխվել Սասունի լեռներից՝ սկսած 1930-ականներից եւ զբաղեցնում է հիմնականում Մուշ քաղաքն ու հարակից գյուղերը: Քուրդ ֆեոդալների՝ Հայոց ցեղասպանությունից հետո էլ շարունակվող ճնշումներն ու դրանց արդյունքում ծագող արյունալի բախումները ստիպում էին փրկված սասունցի հայերին իջնել մոտակա խոշոր քաղաքը կամ դրան հարակից որեւէ բնակավայր, իսկ Մշո դաշտի համեմատաբար ավելի բերրի հողն իր հերթին նպաստում էր ուրբանիզացիայի ալիքի մեծացմանը: Հատկանշական է, որ Մուշում հատկապես թութունի եւ շաղգամի մեծ ծավալներով աճեցումը նպաստեց ոչ միայն հայերի, այլեւ բազմաթիվ քրդերի ու արաբների՝ կենտրոնական ու հյուսիսային Սասունից Մուշ տեղափոխվելուն՝ երբեմն վերաբնակվելով Մշո դաշտի՝ դրանից մի քանի տասնամյակ առաջ հայաթափված գյուղերում։

«Ամենամեծ» ցեղասպանությունը

Ի տարբերություն գյուղական միջավայրի, որտեղ բոլորն իրար ճանաչում են, քաղաքներում առաջին հայացքից, իհարկե, բարդ է տարբերել տեղի հայերին մյուս ազգություններից, իսկ Մուշում՝ առավել եւս: Բանն այն է, որ Մուշի բավականին խիստ ավանդական միջավայրն ու կրոնապաշտ բարքերը որեւէ հնարավորություն չեն թողնում տեղի հայերին ինչ-որ կերպ իրենց ազգային առանձնահատկություններն ի ցույց դնելու:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Այնպես որ՝ տանը Արամ, դրսում Հասան, փողոցում թվացյալ անվրդով, ներսում՝ փոթորքված կյանքով ու մտքով ապրելը կարծես Մուշի հայերի սովորական առօրյան է: Սակայն սա միայն «արտաքին աշխարհի» համար։ Մի քանի ժամ մշեցի հայերի շրջապատում անցկացնելուց հետո պարզապես զարմանքով պիտի նկատեք, որ քաղաքի ու մոտակա գյուղերի անխտիր բոլորը հայերը իրար շատ լավ ճանաչում են եւ գիտեն՝ «ում աղջիկ տալ, իսկ ում ոչ»։

«Մորս էդպես մի նայիր, որ խիստ մահմեդական է ձեւանում։ Երբ եղբայրս ուզեց ամուսնանալ քուրդ աղջկա հետ՝ առաջինը հենց մայրս էր դեմ։ Եվ գիտե՞ս ինչ ասաց: Ասաց՝ «Ձեր արյունը մի փչացրեք»։  Դու ընտրած բառերը տես: Պատկերացնու՞մ ես։ Հիմա իրեն մեղավոր է զգում, ասում է՝ «Երանի ամուսնանար, մենակ չմնար»։ Մուշը շատ հակասական վայր է», - պատմում է Մուշում ծնված եւ Ստամբուլում ապրող 32-ամյա Դավութը։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Ու թեեւ Թորքիայում իրենց կյանքը շարունակած հայերին շատերը համարում են ցեղասպանությունից «փրկված», Դավութն այլ կարծիք ունի իր ու իր ընտանիքի կյանքի մասին.

«Ամենամեծ կորուստը միայն ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած մարդկանց ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ նաեւ այն, ինչ մարդիկ շարունակել են կորցնել ցեղասպանությունից հետո ապրել շարունակելով: Մարդկանց հավատի, մշակույթի, լեզվի եւ անգամ մարդկային զգացումների ու հոգեւորի մահը որեւէ ազգին, որեւէ ժողովրդին տված ամենամեծ վնասն է: Սա ամենամեծ ցեղասպանությունն է»...

Դավութի զարմուհին՝ Մուշի գյուղերից մեկում ապրող 6 երեխաների մայր Մելիսան, ում ծնողները ժամանակին Մուշ են իջել Սասուն Դ. գյուղից, չգիտի՝ իր ու իր երեխաների ապրած այդ դատարկությունը փոխհատուցելու ճիշտ ճանապարհը ո՞րն է: Միայն ինքնաբերաբար այս թեմայի շուրջ խոսելիս պարբերաբար գալիս եւ կանգնում է այդքան փափագելի հայաստանյան այցի թեմայի վրա:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


«Դոլարն այստեղ բարձրացավ՝ չկարողացանք այս տարի Հայաստան գալ: Դրանից առաջ էլ պանդեմիան խանգարեց: Բայց իմ մանկության երազանքն էր, գիտե՞ս: Երեխաների հետ էլ ավելի դժվար է: Մինաս պապիկս այնքան երանությամբ էր ասում՝ «Երեւա՛ն»… Այդպես էլ չտեսավ: Ինքը շատ էր ուզում ուղղակի քայլել փողոցով ու լսել, որ մարդիկ առանց շշուկի, անկաշկանդ հայերեն են խոսում: Մերոնք պատուհանները փակում, հայերեն էին խոսում, էնպես էին անում, որ մենք էլ չլսենք: Պապս մինչեւ վերջ հայերեն էր հայհոյում, միայն դա էր բարձրաձայն, դրա համար միայն դա ենք սովորել: Հորս ուզածը սա էր՝ քայլել այդ քաղաքում, լինել մի միջավայրում, որտեղ դու թաքնվողը, միշտ մեղավորը, միշտ լքվողն ու արդարացողը չես: Ասում էր՝ չոր սոխ ուտենք, բայց քրդի ձեռքին չնայենք: Մայրս դեմ էր: Ասում էր՝ «Այն օրը, որ իմ հողից ինձ կտրես՝ հաշվի սպանել ես»: Ծիծաղելին այն է, որ այս վեճն իզուր էր, որովհետեւ մեզ, իհարկե, այդպես էլ թույլ չտվեցին որեւէ տեղ գնալ: Ստամբուլից խոսակցություններ էին հասել մերոնց ականջին, թե կարող է Խորհրդային Հայաստան տեղափոխում սկսվի, հետո այդ ամենը հօդս ցնդեց: Ոչ խոսք, ոչ տեղեկություն: Հունաստանի, Լիբանանի, ամեն տեղի հայերին տարան Երեւան, մեզ թողեցին: Էդպես էլ չիմացանք, թե ինչու»:

Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին