Ասում են՝ 1915-ին Դերսիմ հասնողը փրկվում էր: Չենք կարող պնդել, թե ինչ ասել էր «փրկվել» 1915-ին, սակայն այն, որ Դերսիմը թե՛ որպես գավառ, թե՛ որպես մշակույթ եղել եւ տեղ-տեղ շարունակում է անհասանելի ու անհասկանալի մնալ՝ փաստ է:
Հայերի, զազաների եւ քուրմանջի քրդերի ապրած ու չորս կողմից լեռներով շրջապատված այս կղզյակում բոլորովին այլ բարքեր, այլ կրոն եւ առհասարակ՝ այլ աշխարհ է թաքնված: Դարեր շարունակ Օսմանյան կայսրության ու Թուրքիայի Հանրապետության սուննի մուսուլման վերնախավի բռնաճնշումների տակ միլիոնավոր ալեւիների կրած զրկանքները, կոտորածներն ու բռնագաղթը գուցե եւ այն կետն են, որն իրար չափազանց մոտ էր կանգնեցնում տեղի հայերին ու մյուս ժողովուրդներին:
Լուսանկարը` Դույգու Քըթ
Ալեւիները, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արեւմտյան, ինչպես նաեւ ներկայի Թուրքիայի մի շարք նահանգներում, ինչպիսիք են Դերսիմը (պաշտոնական անունը՝ Թունջելի), Մալաթիան, Սեբաստիան (Սիվաս), Երզնկան (Էրզինջան), այդ երկրում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղությանը դավանող համայնք, մինչդեռ մի շարք ալեւիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալեւիզմը, որին դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ եւ թուրքեր, առանձին կրոն է, որն իր մեջ սինթեզում է մահմեդականության, քրիստոնեության եւ անգամ հեթանոսության որոշ բարքեր:
Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան
Թեեւ բազմաթիվ պատմաբաններ դեռեւս չեն գտնում ալեւիների ծագման եւ կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները, հայկական իրականության մեջ արդեն շատերը հասցրել են միանշանակ «հայ» կնքել Դերսիմի, երբեմն էլ՝ Թուրքիայի բոլոր ալեւիներին: Եվ իսկապես՝ ժամանակին հայկական մեդիայի հրապարակումներն ընթերցելիս թվում էր, թե հենց հասնենք Դերսիմ՝ մեզ դիմավորելու են զինված ապստամբներ, որոնք անհամբեր մեզ են սպասում՝ Հայաստանին միանալու համար: Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, նման մարդկանց Դերսիմում մենք գրեթե չենք հանդիպել:
Դերսիմը, Հրանտ Դինքն ու առաջին «թուրք» կին օդաչուն
Դերսիմը կամ ժամանակակից թուրքական անվամբ Թունջելին սեփական օդանավակայանը չունի, ուստի այնտեղ ինքնաթիռով հասնելու համար սովորաբար գնում են Էլյազըղի, մեր լեզվով ասած՝ Խարբերդի տոմս: Անբացատրելի, հակասական զգացողություն է դեպի Դերսիմ ուղեւորվել Ստամբուլի՝ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից: Այն նույն Սաբիհա Գյոքչենի, որին 1937 թվականի Դերսիմի դաժան կոտորածի ժամանակ, որպես առաջին թուրք կին օդաչու, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը վստահել էր խաղաղ բնակչության օդային ռմբակոծումը: Այն նույն Սաբիհա Գյոքչենի, որը նույն Քեմալ Աթաթուրքի որդեգիր զավակն էր եւ այն նույն Սաբիհա Գյոքչենի, որի իրականում ոչ թե Սաբիհա Գյոքչեն, այլ Խաթուն Սեբիլջյան անվան եւ ոչ թե բոսնիացի թուրք գաղթական, այլ Այնթապի մանկատնից առեւանգված հայ որբ լինելու մասին գրելուց հետո Հրանտ Դինքը թիրախավորվեց թուրք ազգայնականների կողմից:
Լուսանկարը` Սաբիհա Գյոքչեն
«Դերսիմի առաջին ռմբակոծության այդ ոգեւորվածությունը չեմ կարող մոռանալ», - տարիներ առաջ անկեղծացել էր Գյոքչենը՝ թուրքական «Թան» թերթին տված հարցազրույցում եւ հավելել. «Կենդանի թիրախի վրա ռումբ նետելը մարդու մոտ բնավ խղճահարություն չի առաջացնում: Այդ պահին միայն մտածում ես պարտքդ կատարելու համար գտնել եւ հարվածել այդ թիրախին»:
Լուսանկարը` Դույգու Քըթ
Աթաթուրքի որդեգիր աղջկա՝ հայկական ծագման մասին Դինքի ուսումնասիրությունն ու հրապարակումն իրականում շատ բան է ասում ժամանակակից Թուրքիայի մասին: Այո, Թուրքիայի բազմաշերտ ու խայտաբղետ հասարակության ներսում կարող են բարձրաձայնվել ու քննարկվել անցյալի վերքոտ շատ կետեր, բայց կան իդեալներ, գաղափարներ ու կարմիր գծեր, որոնց հատումն այդ երկրում չի ներվում ոչ ոքի, նույնիսկ՝ եթե եկել ես խաղաղությամբ, ինչպես Դինքը:
Լուսանկարը` Դույգու Քըթ
Ի դեպ, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմության մեջ առաջին ղեկավարն էր, որը երկրի Մեջլիսի ամբիոնից պաշտոնապես ներողություն խնդրեց Դերսիմում ալեւիների կոտորածի համար:
«Տեր Սիմոնի զավակները»
Որքան էլ որ վերջին շրջանում Դերսիմն ու դրա նորագույն պատմությունը ակտիվորեն սկսեցին քննարկվել նաեւ հայալեզու հարթակներում, Դերսիմն իր անունով, տարածքով ու պատմությամբ շարունակում է անծանոթ մնալ Հայաստանի ու Սփյուռքի ընթերցողին: Եվ իսկապես՝ ընդհուպ մինչեւ 17-րդ դարը հայկական որեւէ աղբյուրում չենք հանդիպում «Դերսիմ» անունով հայկական գավառի: Նայելով քարտեզին, կարող ենք այն մոտավոր տեղաբաշխել պատմական Սեբաստիայի, Մալաթիայի, Երզնկայի ու Խարբերդի միջեւ ընկած լեռնային մի տարածքում, որտեղ բացի հայերից դարեր առաջ նաեւ հաստատվել են ծագումով իրանցի զազաներ եւ քուրմանջի քրդեր:
Ըստ Հովսեփ Հայրենու՝ պետության անդադար ճնշումների հետեւանքով տեղի հայերի հոգեւոր առաջնորդը՝ Տեր Սիմոնը, ժողով է հրավիրում եւ մյուս հոգեւորականների հետ միասին համաձայնեցնում արտաքուստ կրոնափոխվելու գաղափարը՝ նոր կոտորածներից խուսափելու համար: Ենթադրվում է, որ Տեր Սիմոնը նախընտրել է կրոնափոխության դեպքում ընդունել հարեւան ալեւի քրդերի կրոնը, իսկ տարածքը, որտեղ նրա շուրջ միավորվեցին ալեւիացած հայերը կոչվեց նրա իսկ անունով՝ ԴերՍիմ:
Եվ չնայած սրան՝ Դերսիմում ընդհուպ մինչեւ 20-րդ դարի 30-ականները դեռ հնարավոր էր գտնել քրիստոնյա հայերի բազմաթիվ գյուղեր, իսկ մինչ 1915-ը՝ նաեւ գործող կամ կիսագործող եկեղեցիներ ու վանքեր, անգամ՝ դպրոցներ, ինչի մասին մանրակրկիտ տեղեկություններ է տալիս Անդրանիկի հայտնի «Ճամփորդություն դեպի Դերսիմ» հուշապատումը:
Լուսանկարը` Դույգու Քըթ
Ազգային կամ կրոնական ինչպիսի ինքնագիտակցություն ունեն Դերսիմում, ինչպես նաեւ Թուրքիայի տարբեր քաղաքներում սփռված դերսիմցի հայերը այժմ, ինչպե՞ս են սահմանում իրենց ինքնությունն ու ո՞ւմ զավակներն են համարում իրենց. որոշեցինք, որ այս մասին արդեն ոչ թե մենք, այլ դերսիմցիները թող պատմեն:
Անի, 37 տարեկան, Ստամբուլ
«Մեծ պապս՝ Մուսան, Սարգիսի որդին էր: Բայց նույնիսկ գերեզմանաքարի վրա Սարգիս անունը չեն գրել, Աբդուրահման են գրել: Մուսան կրոնափոխ է լինում, զազաներից հարս էլ են բերում, ջանալով զազա ալեւի հասարակության մեջ ընդունելի լինել, հեշտությամբ ձուլվել նրանց մեջ: Իհարկե, այս ամենն անում է իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար: Պատկերացրու՝ հայ ես, հպարտանում ես դրանով, բայց մյուսների համար հայ լինելը վատ բան է այս երկրում: Նույնիսկ ալեւի դառնալուց հետո մեծ պապս ու իր կինը պարբերաբար հարցաքննության էին կանչվում, քանի որ հարեւանները գնում եւ բողոքում էին, թե՝ «Սրանք իբր ալեւիացել են, բայց իրականում դեռ հայ են»:
Լուսանկարը` Լ.Զաքար
Սարգիս պապին դեռ ցեղասպանությունից առաջ սպանում են զինվորականները: Նրա երեք երեխաներն էլ տարբեր գյուղերում են թաքնվում: Մի որոշ ժամանակ անց վերադառնում են իրենց հայրական տուն, ոչինչ չեն գտնում, ամբողջը թալանված էր: Այս ամենն անողներն էլ զազա տատիկիս ազգականներն են: Սարգիսի որդի Մուսա պապիկս բուսաբուժությամբ էր զբաղվում Դերսիմում, օրերից մի օր զազաների այդ ազդեցիկ ցեղախմբի առաջնորդը ձիուց ընկնում է, ծանր վիճակում է հայտնվում, Մուսային են կանչում: Ասում է՝ «Եթե ինձ բուժես՝ եղբորս աղջկան որդուդ կտամ»: Սա շատ եզակի բան էր, քանի որ ցեղախմբի առաջնորդների ընտանիքից երբեք օտարի աղջիկ չէին տա, էլ ուր մնաց՝ հայի: Այդպես այս թշնամի ընտանիքները դառնում են ազգականներ:
Լուսանկարը` Լ.Զաքար
Հայրս ու մայրս հորեղբոր երեխաներ են: Սա շատ ռիսկային երեւույթ է, բայց պատկերացրու՝ եւ՛ հայ ես, եւ՛ ալեւի ես, եւ՛ ձախակողմյան ես, այսինքն՝ ամեն առումով եւ բոլոր կողմերի համար փոքրամասնություն ես, եւ նման ընտանիքները երբեմն ստիպված են լինում փակ մնալ, որովհետեւ չգիտեն, թե գլխներին ինչ կգա: Միշտ վախեցել են օտարին աղջիկ տալ, մտածել են՝ մեր աղջկան ի՞նչ կանեն, կտանեն, կփակեն, կթաքցնեն, կծեծեն... Մայրս ասում էր՝ «Ես ձեր հորը նույնիսկ չէի ճանաչում»: Միշտ հեռու են եղել իրարից, տարբեր քաղաքներում, բայց հայրս մորս հիշում էր գյուղից:
Տաբուն
Մեր ընտանիքում այս մասին խոսելը մեծ տաբու էր, ես 15 տարեկանում եմ իմացել մեր ով լինելը: Քույրս գնացել էր մորաքրոջս մոտ Ավստրիա, վերադարձին, երբ նրան դիմավորեցինք օդանավակայանից, մեքենայի մեջ հանկարծ ասեց՝ «Փաստորեն, մենք հայ ենք, հա՞»: Տատիկս ու մորաքույրս ինչ-որ բաներ են խոսել, լսել է: Մայրս քարացավ ուղղակի, միանգամից ձեռքով քրոջս բերանը փակեց: Հետո զանգեց մորաքրոջս, ասաց՝ «Դե իհարկե, դուք էնտեղ հանգիստ եք, ձեզ ինչ կա, իսկ ես հիմա ի՞նչ անեմ»...
Լուսանկարը` Լ.Զաքար
Հրանտ Դինքի սպանության օրը հայրս աշխատավայրը թողել, գլուխը կորցրած վազելով գնացել էր սպանության վայր... Ես մտա տուն, տեսնեմ մայրս քարացած նստած էր, դիմացն էլ գինով լցված բաժակը, ասում եմ՝ «Մամա, ի՞նչ է վիճակդ», ասաց՝ «Սպանեցին մարդուն»... Միասին նստեցինք, լացեցինք, հետո հայրս եկավ, երեքով լացեցինք: 22 տարեկան էի: Հիշում եմ, հենց այդ ժամանակ ցեղասպանության մասին գիրք ընկավ ձեռքս, գիշեր-ցերեկ առանց կտրվելու կարդում էի: Արդյունքում մի պահ ուղղակի սկսեցի չշփվել նույնիսկ համալսարանական ընկերներիս հետ, դուրս չգալ տանից, ատել բոլորին: Ինքս իմ մեջ ասում էի՝ պապերիս հանդեպ այս ամենն անողների թոռների հետ ես ապրել չեմ կարող... Հայրս զգաց, որ ինձ հետ մի բան այն չէ, խոսեց, հանգստացրեց, որովհետեւ հասկացավ, որ այդպես այլեւս շարունակել չեմ կարող:
Լուսանկարը` Լ.Զաքար
Իմ զարմիկները երբ որոշեցին մկրտվել՝ մայրս նրանց ոգեւորում էր: Բայց երբ ես նման որոշում կայացրի՝ բոլորովին այլ էր: Երբ բանը հասավ իր ընտանիքին, իր երեխաներին՝ վախեցավ: Մկրտվելն ինձ համար ի սկզբանե ոչ այնքան հավատքի, որքան ինքնության հարց էր: Հայ համայնքից ընկերներ ձեռք բերեցի, ահավոր հետաքրքրություն ու պահանջ էի զգում այդ ամենի մեջ լինելու: Մարդն ինչպե՞ս է ծարավում, ջուր ուզում, այ էդպես: Ես համառ մարդ եմ, որոշեցի ու արեցի: Ինձ ուղղորդեցին այն ժամանակվա պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի մոտ: Աթեշյանն ինձանից որեւէ բան չպահանջեց, ինձանից առաջ հորաքույրս ու նրա երկու երեխաները կնքնվել էին արդեն, հետեւաբար պատրիարքարանում արդեն ծանոթ էին մեր ընտանիքին, եւ հայ լինելս ապացուցելու կարիք չզգացվեց: Սկզբում դասերի գնացի, Աստվածաշնչի հետ ծանոթացա, կարդում էի, հարցեր տալիս, 32 տարեկանում...
Լուսանկարը` Լ.Զաքար
Փոքր եղբայրս այս հարցում ինձ շատ աջակցեց: Մայրս խենթանում էր... Վախենում էր: Առանց այդ էլ հորս ձախակողմյան քաղաքական հայացքների պատճառով պետության կողմից միշտ ուշադրության կենտրոնում ենք եղել: Հիշում եմ, որ մի օր համացանցում ազգայնականները «մահվան ցուցակ» էին հրապարակել այն ձախակողմյան ակտիվիստների, ում թիրախավորել էին... Ցուցակը բացեցի ու հորս անունը կարդացի... Հորս հետեւից մի քանի անգամ ոստիկանությունը եկել է աշխատավայր, աչքը վախեցրել: Բայց, երբ մկրտվելու որոշման մասին ասացի, հայրս ասաց՝ «Աղջիկս, դու հասուն մարդ ես, եթե որոշել ես՝ թիկունքիդ եմ: Գնացեք, արեք, մենք չկարողացանք, դուք արեք»:
Սոֆիա Հակոբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: