Կիլիկյան նարինջը, «Մուսա լեռան 40 օրը» եւ երկրաշարժից տուժած Վագըֆը - Mediamax.am

exclusive
3049 դիտում

Կիլիկյան նարինջը, «Մուսա լեռան 40 օրը» եւ երկրաշարժից տուժած Վագըֆը


Լուսանկարը` Agos

Լուսանկարը` Սերդար Քորուջու

Լուսանկարը` Սերդար Քորուջու

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սերդար Քորուջու

Լուսանկարը` Սերդար Քորուջու

Լուսանկարը` Սերդար Քորուջու

Լուսանկարը` Սերդար Քորուջու

Լուսանկարը` Սերդար Քորուջու


«Եկեք բացի սպանվողներից ու սպանողներից մի քիչ էլ ապրողների մասին խոսենք: Այդպես է, 1915-ին մահացողների կողքին նաեւ ողջ մնացողներ եղան: Ի՞նչ եղան նրանք, նրանցից որքա՞նը դարձավ սփյուռք, իսկ որքա՞նը կարողացավ Թուրքիայում մնալով շարունակել իր կյանքը: Եվ եթե կարողացան շարունակել ապրել, ապա ի՞նչ պայմաններում: Բոլորը իսլամացվեցի՞ն: Հետագայում իրենց գավառներում ինչպիսի՞ կյանք վարեցին, եւ նրանց այսօրվա սերունդներն ինքնության ինչպիսի՞ գիտակցությամբ են ապրում: Նման հարցեր շոշափելով ինչո՞ւ չենք խոսում 1915-ի մասին»:

2004 թվականին թուրքական «Բիրգյուն» պարբերականի էջերում Հրանտ Դինքի հնչեցրած այս խոսքերից անցել է գրեթե երկու տասնամյակ, փոխվել է սերունդ, սակայն թվում է, թե Դինքի հնչեցրած հարցերը մնում են անպատասխան ու երբեմն էլ՝ անտեսված:

«Ապրողները» շարքը պիտի փորձի խոսել Արեւմտյան Հայաստանի մասին ոչ միայն մահացածների, այլեւ ապրողների մասին հիշեցնելով, ինչպես փորձում էր բացել մեր առաջ Էրգիրը Հրանտ Դինքը, որն այդ նպատակի համար ծառայեցրեց եւ չխնայեց իր կյանքը:

Ալեքսադրետի նավահանգստից մեքենայով ընդամենը մեկուկես ժամ է դեպի Մուսալեռ ճանապարհը։ Տեղի մոտ 300 հոգանոց հայ համայնքին սպասարկող Ալեքսանդրետի Քառսուն Մանուկ եկեղեցին՝ տեղավորված քաղաքի նեղլիկ, տիպիկ արեւելյան փողոցներից մեկում, հեռվից երեւացող խաչով է հուշում պատմական այս քաղաքի իր գողտրիկ անկյան հասցեն։ 19-րդ դարում կառուցված ու 2023-ի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո շատերի պես նույնպես վիրավոր, հայկական Քառսուն մանուկը այսօր սպասում է նորոգման ու հերթական վերածնմանը:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Այստեղից դուրս եկող կենտրոնական պողոտայում վաճառվող  «դամասկոսյան» քաղցրավենիքը, դեպի Հալեպ ձախ ցույց տվող դեղին ցուցանակն ու մի քանի փողոց այն կողմ արաբ ալեւիների չափազանց աղմկոտ հարսանիքի նվագը հուշում են՝ «ուրիշ» Թուրքիայում ենք։

Մի քիչ հարավ իջնելով, կարծես «ճղելով» քարտեզն ու աջ կողմում թողնելով Միջերկրական ծովը, իսկ ձախից՝ սիրիական Աֆրինն ու Իդլիբը, Բաշար ալ Ասադի հայրենի Լաթակիա չհասած Անթաքիայից (Անտիոք) թեքվում ենք դեպի հարազատ Մուսա լեռի «անուշաբույր» գյուղերը։ Ինչո՞ւ անուշաբույր։ Որովհետեւ առաջինն, ինչի հետ ասոցացվում է ինձ մոտ միջերկրածովյան ափի հայկական այս անկյունը, ամենուրեք տեսադաշտում հայտնվող տեղի փոքրիկ ու քաղցր նարինջներն են։ Առանց պարաֆինի, իսկական, մուսալեռյան նարինջները։

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Յողուն Օլուք, Խըդըրբեկ, Քաբուսիե, Բիթիաս, Հաջի Հաբիբլի, Վագըֆ. պատմության ընթացքում Մուսալեռան շուրջ ձեւավորված եւ 20-րդ դարակսզբի ամենահիշվող ինքնապաշտպանական կռիվներից մեկը տված 6 հայկական գյուղերից միայն Վագըֆն է, որ դեռ շարունակում է մասամբ հայաբնակ մնալ։ Գյուղն, ի դեպ, միատարր չէ իր բնակչությամբ եւ տեղի վերին թաղամասերում ապրում են նաեւ արաբ ալեւի ընտանիքներ:

«Թուրքիայի միակ հայկական գյուղը». այսպես է սիրում կոչել Մուսալեռի Վագըֆը եւ՛ թուրքական, եւ՛ հայկական մեդիան: Ոմանց Մուսալեռի հերոսական դիմադրությունն, իսկ ոմանց էլ «Մեկ հայ, այն էլ՝ թանգարանում» արտահայտությունը հիշեցնող այս ձեւակերպումը երկու կողմերը յուրովի են մեկնաբանում ու ներկայացնում:

Վագըֆի շուրջ թյուրըմբռնումները իսկապես շատ են: Նախ՝ գեղեցկագույն այս գյուղը էթնիկ հայերով բնակեցված միակը չէ Թուրքիայում: Փոխարենը համարձակորեն կարող ենք այն կոչել պատմական Կիլիկիայի վերջին հայաբնակ գյուղը: Ի վերջո՝ չմոռանանք Մուշի, Սասունի, Համշենի բազմաթիվ գյուղերը, ուր դեռ շարունակում են ապրել էթնիկ հայեր, անշուշտ՝ ինքնության ամենատարբեր ու գուցե մեր աչքին ու ականջին անսովոր դրսեւորումներով: Վագըֆը, իհարկե, միակն է, որ տեղավորվում է, թե՛ թուրքական, թե՛ հայկական լայն շրջանակներում «թույլատրելի» ինքնության սահմաններում. այստեղ կյանքը շարունակած բոլոր հայերը քրիստոնյա են եւ եզակի հնարավորություն ունեն հենց գյուղում հայկական գործող եկեղեցի ունենալու: Ավելի ճիշտ՝ ունեին: Փետրվարի 21-ին Վագըֆը ցնցած երկրաշարժը կիսավեր է թողել նաեւ տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:      

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Ամեն տարի խաղողօրհներքի տոնի օգոստոսյան շոգին հարիսայով լի կաթսաների զրնգոցով, ուրախ երգուպարով, նարնջի կեղևով մուրաբայի համով ու տեղական տնական գինիով հիշվող բոլորի սիրելի Վագըֆում այսօր օդում քարացած անորոշ լռություն է: Կիլիկիային պատուհասած արդեն երկրորդ՝ 2023թ. փետրվարի 21-ի երկրաշարժը մուսալեռցիների համար դուրս եկավ ավելի կործանարար, քան շաբաթներ առաջ հարեւան Անթաքիայի զգալի մասը գետնի հետ հավասարեցրածը: Վագըֆում բազմաթիվ հայեր, ցավոք, դեռ տուն գնալ չեն կարող, իսկ գյուղում վրանների հրատապ կարիք կա՝ դրսում մնացածներին ժամանակավորապես ապաստան տալու համար: Համայնքի ղեկավար Պերճ Քարաթունի փոխանցմամբ՝ վնասված է նաեւ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, իսկ բազմաթիվ տներ, այդ թվում՝ պատմական, փլված են:


Պոլսո Հայոց պատրիարքարանը դրամահավաք է հայտարարել՝ երկրաշարժի հետեւանքով ծանր վիճակում հայտնված Վագըֆի հայության կարիքները հոգալու համար, որոնցից ամենաառաջնայինը վրաններն են: Տեղացիները գյուղի վիճակը նկարագրում են մեկ բառով՝ «տխուր»…

2023թ. փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ զգալի մարդկային կորուստներ են կրել քիչ հեռու գտնվող Իսկանդերունի եւ Անթաքյայի հայ առաքելական ու կաթոլիկ համայնքները:

Լուսանկարը` Agos


Հաշվի առնելով երկրաշարժի պատճառով սպասվող ուրբանիզացիայի նոր ալիքը՝ մոտ 35 ընտանիքից բաղկացած փոքրիկ, բայց հայկական նորագույն պատմության մեջ բացառիկ դեր ստանձնած Վագըֆը երկրաշարժի հետեւանքով կանգնած է իր պատմության վերջին էջը շրջելու վտանգի առաջ:

Կիսատ էջերը

1915 -ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը, այսինքն՝ 53 օր շարունակ թուրքական կանոնավոր բանակին դիմադրած ավելի քան 4000 մուսալեռցիներին ի վերջո օգնության հասան ֆրանսիական եւ անգլիական նավերը, որոնք տեղափոխեցին նրանց Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ, իսկ հետագայում այս հայերից շատերը մաս կազմեցին Ֆրանսիական բանակի Հայկական լեգեոնի։ Մոտավորապես այսպես ու հենց այստեղ է ավարտվում մեր դպրոցական դասագրքերում Մուսալեռի հերոսամարտի համար առանձնացված էջը: Մեր սերունդը շատ ավելի ուշ պիտի իմանար, որ ֆրանսիական իշխանության ներքո ժամանակավորապես Սիրիայի կազմում մնացած Մուսալեռի հայությունը դեռ պիտի վերադառնար իր գյուղերը, զրոյից կառուցեր հայրական տները, իսկ ավելի ուշ՝ երբ Իսկանդերունի սանջակը առանց մեկ կրակոցի հանձնվեց Թուրքիային՝ կրկին արտագաղթեին, մի մասն էլ՝ մնային:

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Թալին Սուջյանի՝ Պոլսի «Արաս» հրատարակչության կողմից 2018-ին լույս ընծայված «Հայերը ժամանակակից Թուրքիայում» հետազոտության մեջ հեղինակը մեջբերում է 1953 թվականին Մուսալեռում ծնված Ա.Ք.-ի պատմածները մուսալեռցիների երկրորդ գաղթի, գնացողների ու մնացողների եւ այդ ամենի պատճառահետեւանքային կապերի մասին.

«Մինչ Թուրքիային միացումը Հաթայում Դաշնակցական, Հնչակյան, Ռամգավար եւ Համայնավար կուսակցությունները շատ կազմակերպված էին: 1937-ի Անթաքիայի Սանջակի խորհրդարանում, ժամանակավոր ինքնավար հանրապետության շրջանում Մուսալեռը ներկայացնող պատգամավոր էլ կար: Անունը Մովսես Տեր-Գալուստյան (վերջինս եղել է նաեւ Մուսալեռի հայերի դիմադրության առաջնորդներից մեկը), դաշնակցական պատգամավոր: Հնչակներն ավելի աղքատ, բայց շատ միասնական էին: Երբ խոսք բացվեց Թուրքիային միացման մասին՝ Մովսեսը դաշնակներին տարավ: Հնչակները մնում են՝ մտածելով, թե մի օր Հայաստան կգնանք: Այստեղ հայրս ու քեռիս առանցքային դեր են խաղում»։

Սուջյանը նշում է նաեւ 1939-ին Մուսալեռի հայերի գաղթից հետո Թուրքիայում պետական մակարդակով պատրաստված հատուկ զեկույցի մասին, որը մանրամասն ուսումնասիրել, վերլուծել ու ներկայացրել է հայերի արտագաղթելու պատճառները՝ սկսած գավառի տնտեսական վիճակից մինչեւ «անցյալից եկող վախերը», ինչպես նաեւ իրենց տները լքած հայերի բնակության նոր վայրերը, տվյալ տարածքներից Թուրքիայի համար հնարավոր վտանգները, նույնիսկ՝ Սիրիա եւ Լիբանան տեղափոխված հայերի հստակ քանակն ու զբաղվածությունը: Հայտնի է, որ զեկույցը ներկայացվել է Թուրքիայի նախագահի գրասենյակ, ինչպես նաեւ երկրի արտգործնախարարություն, ԶՈՒ ԳՇ պետին եւ ոստիկանության գլխավոր վարչություն:

Մուսալեռի հերոսամարտի ու դրա պատմության կիսատ մնացած էջերի մասին զրուցել ենք թուրք լրագրող եւ հետազոտող Սերդար Քորուջուի հետ, ով 2020-ին Թուրքիայում լույս ընծայեց մուսալեռցի հայերի անցած ճանապարհի մասին պատմող «Սանջակն ընկավ» ու «Ապրողների գաղթը» հատորները՝ թուրքերեն լեզվով:

Սերդար Քորուջու, Ստամբուլ

«Թուրքական պաշտոնական պատմագրության էջերում, լինի դա Օսմանյան կայսրության կամ Հանրապետության շրջանում, դիմադրության շարժումները մեծամասամբ որակվել են որպես «ապստամբություն»։ Գուցե ազգային պետությունների համար պատմություն «գրելու» տեսակետից սա բնական մոտեցում է։ Սակայն «Սանջակն ընկավ» գիրքը պատրաստելիս շատ հետաքրքրական էր արձանագրել այն ժամանակվա իշխանության անմիջական «ձայնը» հանդիսացող «Ջումհուրիյեթ» թերթում Մուսա լեռան հետ կապված երկու տարբեր «լեզու» եւ մոտեցում։ Սա իրականում մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող է փոխվել պատմությունն արձանագրող գրչի ոճը՝ երկրում քաղաքականության փոփոխություններին զուգահեռ։

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Օրինակ՝ 1933 թվականին այս նույն թերթը, դիմելով Գերմանիայի նացիստական կառավարությանը, պահանջում է Բեռլինի հրապարակներում «չըրթ-չըրթ» այրել Ֆրանց Վերֆելի հայտնի «Մուսալեռան 40 օրը» գիրքը։ Սակայն նույն թերթը «փափկեցնում է» լեզուն 1936-39 թթ․-ին, երբ Իսկանդերունի Սանջակը, դառնալով Հաթայի նահանգ, կցվում է Թուրքիային, եւ երբ Անկարան տեղի հայերին «մոտենալու», նրանց հետ մտերմանալու փորձեր էր կատարում։ Ավելին՝ Մուսալեռում 1915-ին տեղի ունեցածների համար թերթը մեղադրում է «Արաբ մի հրամանատարի» եւ նշում, թե Մուսալեռան ստորոտին ապրող հայ գյուղացին «ոչնչով չի տարբերվում Անատոլիայի թուրք գյուղացուց» ու խոսում է թուրքերեն։ Այսինքն, ցավոք, ժամանակաշրջանը անմիջապես ազդում է պատմության մեկնաբանության վրա։

Ըստ իս, Թուրքիայի պաշտոնական պատմագրության մեջ մեկ այլ խնդիր է Օսմանյան կայսրության վերջին տարիները չափազանց թույլ ներկայացնելը, եւ սա է նաեւ պատճառը, որ կայսրությունից անջատված կամ անջատվել ցանկացած ժողովուրդները հասարակության ներսում որակվեն «դավաճաններ»։  Սակայն, ի հակառակ Թուրքիայում տարածված կարծիքի, կայսրությունն այդ փուլում այդքան էլ թույլ չէր։ Ավելին՝ Օսմանյան կայսրության փլուզման շրջանում Թուրքիային մնացին տարածքներ, որոնք թուրքերի ձեռքում մնալուն միջազգային մեդիան եւ անգամ որոշ ղեկավարներ չէին էլ հավատում։ Սակայն կայսրության փլուզման շրջանում տեղի ունեցած ողբերգությունները չպիտի մոռանանք։ Ցավոք, այսօր Թուրքիայի ձախակողմյան շրջանակներն այնքան էլ  իրենց չեն արդարացնում ցեղասպանությունների, կոտորածների պես ողբերգությունների եւ անգամ այսօր տեղի ունեցածի շուրջ բացեիբաց խոսելու հարցում։ Օրինակ՝ Ժողորդահանրապետական (քրդամետ) կուսակցությունից Ֆիգեն Յուքսեքդաղը, որը մինչ օրս բանտում է, կարող է իրեն թույլ տալ ասել, թե՝ «Քրդերը այս հայրենիքի ստեղծման ժամանակ (նկատի ունի քեմալական շարժումը) իրենց արյունով են պատմական ստորագրություն թողել» եւ այսպիսով գովերգել պատմական մի ժամանակաշրջան, երբ փաստացի ոչնչացվում էր այս տարածքների բազմակրոն ու բազմազգ բնույթը։ Այս պատճառով է, որ իմ համոզմամբ Թուրքիայում պիտի շարունակենք խոսել մարդկության դեմ իրագործված այնպիսի հանցանքների շուրջ, ինչպես ցեղասպանություններն ու կոտորածներն են։ Հատկապես «ձախերը» այսօրվա Թուրքիայում «դիմադրության» ոդիսական գրելիս, պետք է չմոռանան Մուսալեռի կամ Սասունի դիմադրությունների պատմական օրինակները։ Որովհետեւ այս դիմադրությունները ոչ միայն հայերի, այլեւ այլ ժողովուրդների համար կարեւոր ուղենիշ կարող են լինել։ Օրինակ, երբ Վերֆելը գրեց «Մուսալեռան 40 օրը», այդ պատմությունը  նացիստական օկուպացիայի տակ գտնվող Վարշավայի գետտոյում գտնվող հրեաների համար դիմադրության կարեւոր ուղերձ է դարձել։

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Նման ռեպորտաժներ կամ գրքեր գրելուս նպատակն իրականում արձագանք ստանալը չէ: Էդպես լիներ՝ արդյունքներից շատ դժբախտ կզգայի ինձ: Սակայն իմ առաջնահերթությունն արձանագրելն է: Այս հարցազրույցների շնորհիվ արձանագրվում ու պահպանվում է այն հիշողությունը, որը կարող էր շատ հեշտ մոռացվել ու կորչել: Գրքում տեղ գտած տարեց մուսալեռցիների մեծ մասն արդեն, ցավոք, ողջ չէ, սակայն նրանց ապրածն արձանագրվեց: Եթե կարողացել եմ մի փոքր նպաստել, որ այս ամենը չմոռացվի՝ արդեն իսկ շատ երջանիկ մարդ եմ: Իհարկե, կցանկանամ, որ այս ամենը հասնի մարդկանց: Թուրքերեն գրելուս պատճառն էլ հենց դա է՝ ցանկանում եմ հենց Թուրքիայում ապրողները կարդան այս ամենը: Ես կարող էի գրքերս հրատարակել անգլերեն, ֆրանսերեն, նույնիսկ՝ հայերեն, սակայն Թուրքիայում գտնվողները պետք է սա կարդան, իմանան, տեղեկանան:

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Սրա համար եմ թուրքերեն գրում: Արդյո՞ք ջանքս ընթերցողին հասնո՞ւմ է: Այո, հասնում է: Սակայն, անշուշտ, խոսքը լայն զանգվածների մասին չէ: Եթե ավելի իրատես ու անկեղծ լինենք՝ Թուրքիայում հայկական թեմաները սկսել են մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել 2007-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այլապես՝ մարդկանց հետաքրքրող հիմնական թեման, իհարկե, տնտեսությունն է: Ինչ վերաբերում է լրագրողներին, նրանք իրենց ընտրած թեմաներում կենտրոնացած են իշխող կուսակցության ու Էրդողանի շուրջ: Այդ իսկ պատճառով՝ 80 մլն-անոց երկրում նման աշխատությունների գտած արձագանքը մյուսների կողքին, անշուշտ, փոքրիկ է թվում: Մյուս կողմից՝ ինձ համար անչափ կարեւոր է, որ այս գրքերը, որտեղ բացեիբաց հիշատակվում է ցեղասպանություն բառը, հնարավոր է լինում լույս ընծայել, իսկ Թուրքիայում ապրող զրուցակիցներս արդեն առավել հանգիստ են խոսում ինձ հետ այս մասին:

Լուսանկարը` Սերդար Քորուջու


Եթե անկեղծ՝ գրքի վրա աշխատելիս առաջին զգացածս նախ հիասթափությունն էր նման թեմայի շուրջ այսքան քիչ ուսումնասիրությունների առկայության հետ կապված: Այո, Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքներում հիմնական թեման, որի վրա աշխատում են կենտրոնանալ մասնագետները, ողբերգության մեծությունը ցույց տալն է: Անշուշտ, գրելու դեռ շատ բան կա: Սա էլ սխալ մոտեցում չէ: Սակայն չէի սպասում, որ Մուսալեռի թեման այսքան քիչ շոշափված կլինի: Խոսքը միայն Թուրքիայի մասին չէ, աշխարհի տարբեր ծայրերում խնդրով զբաղվող ակադեմիկոսների, հետազոտողների, լրագրողների մասով դրությունը նույնն է: Եղած անտարբերությունից էլ այդքան զարմանալ պետք չէ: Այսօր ամբողջ աշխարհի աչքի առաջ Արցախի 120 000 հայերը շրջափակման մեջ են պահվում, օրեր, շաբաթներ շարունակ:  Ինչպե՞ս կարող ենք բացատրել այս համատարած լռությունն այն դեպքում, երբ բոլորը պիտի որ նվազագույն կամք գտնեին դեմ դուրս գալու այս ամենին, անկախ նրանից, թե ով է այդքան մարդու փակ պահողը կամ ինչ ձեւով է դա անում: Ցավոք, ես այս հարցի պատասխանը չունեմ: Սրա համար է, որ կարծում եմ՝ լրագրությունն ամենուրեք ու բոլորին է պետք»:
    
Սոֆիա Հակոբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին