Աշխարհաքաղաքական ցնցումներով ու տեխնոլոգիական արագ փոփոխություններով բնութագրվող ժամանակաշրջանում, կազմակերպությունները բախվում են անկանխատեսելի մարտահրավերների, որոնք պահանջում են ինչպես ռազմավարական հեռատեսություն, այնպես էլ ճկուն մտածողություն: Ինչպե՞ս կարող են կառավարիչները պատրաստվել անկանխատեսելի սցենարների, ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ նրանց՝ անընդհատ փոփոխությունների միջով առաջնորդելու համար, եւ ինչպե՞ս կարող է բարձրորակ կրթությունը օգնել զարգացնել այդ կարողությունները:
Այս հարցերի մասին ենք զրուցել Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի դոցենտ, Executive MBA ծրագրերի կառավարման, վերապատրաստման եւ զարգացման գծով տնօրեն Քրիս Լիասիդեսի հետ։ Նա նաեւ երկար տարիներ է դասավանդում է Համաեվրոպական Executive MBA ծրագրում:
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։
- Պարոն Լիասիդես, Դուք երկարամյա փորձ ունեք միջազգային բիզնես ռազմավարության եւ առաջնորդության զարգացման ոլորտում։ Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք օգնում են ձեւավորել կայուն միջազգային բիզնես ռազմավարություն՝ արագ փոփոխությունների եւ աշխարհաքաղաքական անորոշության մեր ժամանակներում։
- Եթե լիներ մեկ հստակ պատասխան, ապա բոլոր ընկերությունները կհաջողեին, բայց ինչպես տեսնում ենք բիզնես աշխարհում, եւ հատկապես հիմա՝ պատերազմական իրավիճակների եւ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների բերումով, իրերի դասավորությունն անընդհատ փոխվում կամ սխալ է ընթանում։
Քրիս Լիասիդեսը Լուսանկարը` Մեդիամաքս
Կա մի տեսություն՝ ապացուցված պրակտիկայով, որը կոչվում է կառավարում քաոսում, ըստ որի քաոսային միջավայրերում գործելիս մեր ուղեղը, մասնավորապես, մեր որոշումների կայացման գործընթացը, հակված է ավելի արագ աշխատել: Երբ մենք սթրես ենք ապրում, իրականում ավելի լավ ենք կարողանում արտակարգ իրավիճակների ծրագիր մշակել: Բայց փոփոխություններն արդյունավետ կերպով կառավարելու միակ ճանապարհը որոշակի սցենարներ նախապես նախապատրաստելն է. իսկ ի՞նչ, եթե սա կամ այն բանը տեղի ունենա, ինչպե՞ս պետք է գործենք այդ դեպքում։
Հիմնական եզրահանգումը ավելի մեծ պատրաստվածությունն է: Ղեկավարներն ու կառավարիչները պետք է ապագայի ընթացքի հնարավոր սցենարների մասին մտածելու ժամանակ գտնեն: Սա իրոք առաջ շարժվելու միակ ուղին է, որովհետեւ գոյություն չունի քայլ առ քայլ հստակ բանաձեւ, որը երաշխավորում է քաոսային իրավիճակների հաղթահարում։
- Տեղափոխելով այս քննարկումը Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի դաշտ՝ ուզում եմ հարցնել. ինչպե՞ս եք ձեր ուսանողներին, որոնց մեծ մասն արդեն գործող կառավարիչներ են, զինում այն հմտություններով, որոնք անհրաժեշտ են քաոսային միջավայրերում ղեկավարելու եւ որոշումներ կայացնելու համար:
- Բազմաթիվ կառավարիչների եւ տնօրենների պարագայում մարտահրավերն այն է, որ նրանք շատ լավ գիտեն իրենց ոլորտն ու իրենց ընկերությունը, եւ երբեմն, նրանք սկսում են մտածել, թե գիտեն ամեն ինչ։ Մենք փորձում ենք փոխանցել նրանց հստակ օրինակներ են ամենատարբեր ոլորտներից՝ ինչպես վարվել եւ ինչպես վարվելուց խուսափել, եւ դա անում ենք, այսպես ասած, լաբորատոր պայմաններում:
Դրա համար մենք կիրառում ենք գործնական պրակտիկա՝ սիմուլյացիոն խաղեր, որտեղ իրադրությունը փոխվում է ավելի արագ, քան իրական աշխարհում, ուսումնասիրում ու քննարկում ենք տարբեր նախադեպեր, օրինակներ իրական կյանքից։ Սա ակադեմիական ծրագիր է, որն ունի նաեւ տեսական բաղադրիչ, բայց ինչ էլ փոխանցում է տեսությունը, մենք միշտ այն թարգմանում ենք գործնականի։
Մեր տրամադրած աջակցության, նաեւ կուրսընկերների հետ շփումների միջոցով մեր ծրագրում սովորող կառավարիչները սկսում են դրությունն ավելի հստակ պատկերացնել։ Նրանք սովորում են կազմակերպել իրենց մտքի «փոքրիկ տուփերն» այնպես, որ մարտահրավերների միջով անցնելիս հաջողության շատ ավելի մեծ հնարավորություն ունենան։
- Ձեր ամենաշատ այցելություններ ունեցող սեմինարներից մեկը գեյմիֆիկացիայի (gamification) շուրջ է՝ որպես աշխատակիցների ներգրավվածության ապահովման գործիք: Խնդրում եմ, բացատրեք այդ հայեցակարգը մեր այն ընթերցողների համար, որոնք կարող են ծանոթ չլինել գեյմիֆիկացիային։
- Գեյմիֆիկացիան ինքնին հորինված բառ է. այն բառարաններում չկա, սակայն լայնորեն օգտագործվում է որպես միջազգային տերմին: Ըստ էության՝ գեյմիֆիկացիա նշանակում է ընկերության առօրյականացված առաջադրանքները վերածել խաղի։ Դրա փիլիսոփայությունը պարզ է. եթե ես ձեզ ասեմ՝ գնացեք աշխատանքի, Դուք հազիվ թե ոգեւորվեք, բայց եթե ես ձեզ ասեմ՝ գնացեք խաղալու, դա Ձեզ շատ դուր կգա։ Մենք՝ որպես մարդ, այդպես ենք կառուցված: Այսպիսով, գեյմիֆիկացիայի գաղափարն է օգնել աշխատակիցներին ավելի արդյունավետ ու մոտիվացված լինել՝ աշխատանքին խաղի պես վերաբերվելու շնորհիվ։
Քրիս Լիասիդեսը Լուսանկարը` Մեդիամաքս
Գեյմիֆիկացիան հիմնված է որոշակի սկզբունքների վրա, որոնք խաղերի ստեղծողները կիրառում են նախագծելու համար ցանկացած խաղ ՝ սկսած PlayStation-ի խաղերից մինչեւ ֆուտբոլ կամ մոնոպոլիա։ Նրանք գիտեն, թե ինչպես որեւէ գործողություն կամ բաղադրիչ դարձնել հետաքրքիր։ Մենք պարզապես բիզնես աշխարհի համար փոխառել ենք այդ խաղային մեխանիկայի որոշ տարրեր։
Օրինակ՝ խաղերում դուք միշտ արագ հետադարձ կապ եք ստանում. անմիջապես գիտեք, թե որ տեղն եք զբաղեցրել՝ առաջին, երկրորդ, թե հինգերորդ: Այստեղ կա թափանցիկություն՝ բոլորը տեսնում են, թե որտեղ են գտնվում: Շատ կազմակերպություններում այս թափանցիկությունը բացակայում է։
Մեկ այլ տարր է մակարդակների գաղափարը: Աշխատանքում երեք ամսվա նախագիծը կարող է հեռու թվալ: Խաղերում դուք ավարտում եք առաջին մակարդակը, հետո՝ անցնում երկրորդին եւ այդպես շարունակ: Առաջընթացի այդ զգացումը ձեզ շարունակ առաջ է մղում: Նույնիսկ քնելու ժամին ինքդ քեզ ասում ես՝ այս մի մակարդակն էլ ավարտեմ ու վերջ, իսկ հետո որոշում ես եւս մեկն էլ հաղթահարել։ Սա առաջացնում է համառություն. չեք կարող հանգիստ լինել, քանի դեռ ինչ-որ բան չեք ավարտել: Այս հոգեբանությունը զարմանալիորեն լավ է աշխատում ընկերություններում ու կորպորատիվ միջավայրերում։
Կարող եմ շատ երկար խոսել գեյմիֆիկացիայի մասին, բայց կարծում եմ՝ հիմնական գաղափարը փոխանցեցի։
- Այն նույնկե՞րպ է աշխատում հաճախորդների ներգրավվածություն ապահովելու դեպքում։
- Քիչ թե շատ՝ այո։ Հաճախորդների դեպքում ներգրավվածություն նշանակում է, որ նրանք շարունակում են վերադառնալ մեզ մոտ կրկին ու կրկին՝ օգտվելու մեր ծառայությունից կամ գնելու մեր արտադրանքը։ Սկզբունքը գրեթե նույնն է. մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան ինքնուրույն, շարունակական կերպով: Այստեղ է գործի դրվում գեյմիֆիկացիան:
Մարքեթինգային ռազմավարություններում կա վաճառքի խթանում կոչվող երեւույթը: Ըստ դրա՝ մենք հաճախորդին տալիս ենք որեւէ լրացուցիչ բան՝ կախված նրանց ծախսած գումարի չափից, օրինակ՝ առաջարկում զեղչեր կամ «երեք յոգուրտ երկուսի գնով»։
Քրիս Լիասիդեսը Լուսանկարը` Մեդիամաքս
Գեյմիֆիկացիան սրա ընդլայնումն է։ Պարզապես հավատարմության քարտ առաջարկելու փոխարեն, ինչպես այսօր անում են շատ ընկերություններ, մենք կիրառում ենք ավելի վաղ նշած խաղային մեխանիկան եւ հարցնում ենք՝ ինչու՞ բավարարվել պարզ հավատարմության քարտով. թող հաճախորդները շարունակեն հավաքել միավորներ եւ առաջխաղացնել իրենց մակարդակը: Օրինակ՝ երբ դուք միանում եք սուպերմարկետի կամ էլեկտրոնիկայի խանութի հավատարմության ծրագրին, սկսում եք կապույտ քարտից, 1000 միավոր հավաքելուց հետո՝ ստանում արծաթագույն քարտ, 5000-ի դեպքում՝ ոսկեգույն, իսկ 20,000-ի դեպքում դառնում եք պլատինե քարտով հաճախորդ։
Այս անունները՝ կապույտ, արծաթագույն, ոսկեգույն, պլատինե՝ կարող են ինքնին շատ բան չնշանակել, բայց նրանք ստեղծում են առաջընթացի զգացում: Հաճախորդների համար շարունակաբար գնումներ անելը դառնում է հետաքրքիր, նրանք ձգտում են հասնել հաջորդ շեմին ու հավատարմության ծրագրում անցնել ավելի բարձր կարգավիճակի։ Այսպես ընթացքը դառնում ավելի հետաքրքիր ու մարդիկ մոռանում են, որ գումար են ծախսում, եւ ինչպես երեխաները՝ պարզապես ուրախանում են միավորներ հավաքելուց։
- Կարող եմ պատկերացնել, թե այս մոտեցման շնորհիվ որքան ուրախ են անցնում Ձեր դասախոսությունները։ Ենթադրում եմ, որ ուսանողներն էլ ոգեւորվում են այս գաղափարներով: Կարո՞ղ եք նկարագրել, թե ինչպիսի՞ն է Ձեր սովորական դասը:
- Ուզում եմ ազնիվ լինել. գուցե թվա, թե դուք հիմա իմ թերապեւտն եք, եւ ես ձեզ որոշ բաներ եմ խոստովանում, բայց պետք է ասեմ իմ անձնական մոտեցումը. ես երբեք աշխատանք չեմ կատարի պարզապես աշխատանք կատարելու համար: Այո´, այլոց գիտելիք փոխանցելը գոհացուցիչ է, բայց առաջին հերթին ես պետք է վայելեմ այդ ընթացքը։ Դա այդպես է իմ ով լինելու՝ իմ անհատականության բերումով. ես միշտ պետք է հաճույք ստանամ նրանից, ինչ անում եմ։
Զվարճալի մարդ եմ: Նույնիսկ եթե վարչապետի հետ եմ խոսում, պետք է ինչ-որ կատակ անեմ: Միշտ ժպտում եմ։ Նույնիսկ երբ թեման լուրջ է, ես կարիք եմ զգում ասելու ինչ-որ թեթեւ բան՝ մթնոլորտը թեթեւացնելու համար: Եվ հենց այսպիսին եմ նաեւ իմ ուսանողների հետ:
Եթե պարզ ասենք՝ ես լսարանում եմ ամփոփում եմ մի ամբողջ գիրք. գիրք, որը մարդն ինքնուրույն կարող է կարդալ, սովորել եւ կիրառել։ Բայց գրքերը ձանձրալի են: Եվ նույնիսկ եթե ես ամփոփեմ դրանք, այդ ամփոփումը եւս ձանձրալի կլինի: Սակայն, երբ ես ավելացնում եմ իմ սեփական ներդրումը, իմ սեփական օրինակները, իմ ինքնաբուխ գաղափարները՝ հենց դա է դարձնում դասը հետաքրքիր:
Քրիս Լիասիդեսը Լուսանկարը` Մեդիամաքս
Եվ կապելով սա ձեր նախկին հարցերից մեկին՝ մեր ուսանողները՝ ղեկավարները՝ արդեն շատ բան գիտեն: Բայց ի՞նչ լրացուցիչ բան կարող են սովորել: Մեր ծրագրի կախարդանքն այն է, որ 200 կամ 1000 նոր գիտելիքից, որոնք մենք ընդգրկում ենք, եթե նրանք վերցնեն գոնե երեք գաղափար եւ հաջորդ օրն իսկ գնան աշխատանքի եւ կիրառեն դրանք, արդեն նշանակալից կլինի: Դա ցույց է տալիս, որ մենք օգնել ենք նրանց տեսնել իրերն այլ տեսանկյունից, մտածել իրենց մտքի սովորական «տուփերից» դուրս:
- Այսօր գլոբալ բիզնես միջավայրի արագ փոխակերպման գործոններից մեկն էլ արհեստական բանականությունն է: Արդյոք կա՞ն նոր կարողություններ, որոնք ղեկավարները պետք է զարգացնեն՝ հաղթահարելու համար ԱԲ-ի բերումով տարբեր ոլորտներում ներկայում զարգացող նոր իրողությունները:
- Մարդիկ այնպես են կառուցված, որ երբ լսում ենք «փոփոխություն» բառը, անմիջապես դիմադրում ենք դրան: Ենթադրենք՝ ես լավ մարքեթոլոգ եմ, բայց ամբողջ կյանքս ավանդական մարքեթինգով եմ զբաղվել: Մի օր դուք՝ իմ ղեկավարը, գալիս եք եւ ասում ինձ. «Սկսի´ր կիրառել թվային մարքեթինգ, սկսի´ր սոցիալական ցանցերի մարքեթինգ իրականացնել»: Դա ինձ խուճապի է մատնում, ես ոչինչ չգիտեմ դրանց մասին: Սա առաջին խնդիրն է. մենք պետք է պատրաստենք մարդկանց ունակ լինելու փոխվել։
Սա աշխատում է նաեւ հակառակ ուղղությամբ։ Երիտասարդ սերունդը, օրինակ Z-երը, սովոր են ԱԲ-ին եւ այս բոլոր նոր գործիքներին: Երբեմն պետք է նրանց դուրս հանել իրենց հարմարավետության գոտուց եւ ցույց տալ, թե ինչպես էր աշխատանքը կատարվում մինչեւ այսօրվա բոլոր թվային միջոցները։
Այո´, անդադար թվային փոխակերպումների այս աշխարհում, ցանկացած բաժնի աշխատակից՝ HR, ֆինանսներ, մարքեթինգ, արտադրություն՝ պետք է այլ կերպ մոտենա գործընթացների կարգավորմանը։
Իմ լավագույն ընդհանուր պատասխանն այս է. ղեկավարներին անհրաժեշտ է ճիշտ հավասարակշռություն կոշտ եւ փափուկ հմտությունների միջեւ: Մեր ծրագրում հատկապես շատ ենք զարգացնում հենց փափուկ հմտությունները։
Կոշտ հմտությունները կարող են գեներացվել ԱԲ-ով, այն կարող է Ձեզ ասել գրեթե ամեն ինչ: Բայց իրական հարցն այն է, թե ինչպես եք հաղորդակցվում, ինչպես եք պատմում պատմությունը: Հատկապես կառավարչական դերերում, մենք բոլորս պետք է դառնանք ստեղծագործ պատմիչներ՝ առաջնորդելու, ոգեշնչելու ու օգնելու այլոց տեսնել այն, ինչ չէին կարող տեսնել նախկինում:
Քրիս Լիասիդեսը Լուսանկարը` Մեդիամաքս
Իհարկե, այսօրվա թվային աշխարհում պետք է նաեւ տեխնոկրատ լինել. տիրապետել տվյալների հետ աշխատանքին, դրանց վերլուծությանը, երբեք չվախենալ նոր գործիքներ օգտագործելուց: Այսպիսով, թե´ տեխնիկական, թե´ թվային, թե´ ստեղծագործական, թե´ միջանձնային հարաբերությունների այս բոլոր կարողությունների համախումբն այն է, ինչ գործատուներն այսօր փնտրում են աշխատակիցների մեջ՝ հատկապես ավելի բարձր կառավարման օղակների պաշտոնների դեպքում։
- Մոտ մեկ ամիս առաջ Երեւանում տոնում էին Համաեվրոպական Executive MBA ծրագրի՝ Հայաստանում մեկնարկելու 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում դուք սերտորեն աշխատել եք հայ ուսանողների հետ, ուստի ուզում եմ հարցնել՝ ի՞նչ որակներն են առանձնացնում հայ ուսանողներին:
- Ես սովորաբար չեմ տարանջատում իմ միջազգային ուսանողներին, որովհետեւ նրանք բոլորը ժամանակակից մարդիկ են՝ բաց նոր գաղափարների համար: Բայց կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում ես անձնական հարաբերություններ եմ ձեւավորել իմ հայ ուսանողների հետ: Գուցե դա նաեւ մշակութային կապերի պատճառով է, քանի որ ես Կիպրոսում մեծացել եմ հայերի հետ։
Կարող եմ նաեւ երաշխավորել՝ հայերի մեջ շատ զորություն կա, եւ նրանց կառուցողական խորհրդատվություն տրամադրելու, իրերի դասավորությունը հասկանալու հարցում օգնելու դեպքում, նրանք կարող են առնվազն նույն մակարդակում գտնվել, ինչ աշխարհի առաջատար երկրների ուսանողները:
Համոզված եմ, որ այն համառությամբ եւ քրտնաջան աշխատանքով, որը տեսնում եմ հայերի մոտ, նրանք մեծ հաջողությունների կհասնեն համաշխարհային կազմակերպություններում: Բայց իհարկե, մենք նաեւ ուզում ենք, որ հայերը մնան եւ նպաստեն Հայաստանի տնտեսության ամրապնդմանը։
Ուզում եմ նաեւ շեշտել, որ MBA ծրագրով սովորելը մեծ քայլ է: Շատ հարցեր, որոնց ուսանողները կհանդիպեն ծրագրի ընթացքում, կարող են նրանց ծանոթ թվալ, գուցե մտածեն, թե գիտեն։ Բայց բիզնես աշխարհը նման չէ ճարտարագիտության, որտեղ ինչ-որ մեկը Ձեզ ասում է՝ արա այս, այս ու այս, եւ կառույցը երբեք չի փլվի:
Բիզնեսում անիվը շարունակ պտտվում է, չկա բացարձակ ճիշտ կամ բացարձակ սխալ. բիզնես կրթության հիմքում սովորեցնելն է, թե ինչպես ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնել: Եվ հենց դրան ենք օգնում հասնել մեր MBA ծրագրի միջոցով։
Քրիս Լիասիդեսի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: