Մարիոն Նոյքամ. «ԱԲ-ն անկարող է փոխարինել դիմացինին զգալու ունակությունը» - Mediamax.am

Նոյեմբեր 01, 2025
exclusive
344 դիտում

Մարիոն Նոյքամ. «ԱԲ-ն անկարող է փոխարինել դիմացինին զգալու ունակությունը»


Մարիոն Նոյքամը
Մարիոն Նոյքամը
Մարիոն Նոյքամը
Մարիոն Նոյքամը

Անորոշության եւ անընդհատ փոփոխությունների այս դարում առաջնորդությունն այլեւս չի կարող սահմանվել միայն մասնագիտական գիտելիքներով։ Այն պահանջում է կոնկրետ ոլորտների սահմաններից դուրս մտածելու, փոփոխվող իրականություններում ճիշտ կողմնորոշվելու եւ թիմերին միավորելու կարողություններ՝ անկախ մշակութային ու մասնագիտական տարբերություններից:

Այս թեմայի շուրջ Մեդիամաքսը զրուցել է Ստրասբուրգի համալսարանի Նորարարական կառավարման ասիստենտ պրոֆեսոր եւ Համաեվրոպական Executive MBA ծրագրի դասախոս դոկտոր Մարիոն Նոյքամի հետ: Նա ներկայացրել է իր ուշագրավ դիտարկումներն անորոշ ժամանակներում մարտահրավերները հաղթահարելու, կարճաժամկետ դասընթացների ու MBA կրթության առանցքային տարբերությունների, ինչպես նաեւ առաջնորդական այնպիսի հատկանիշների մասին, որոնք հաջողություններ են բերում միջազգային դաշտում:

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագիրը հայաստանյան դիմորդներին հնարավորություն է ընձեռում ստանալու բարձրակարգ բրիտանական եւ եվրոպական բիզնեսի կառավարման կրթություն եւ երկու MBA դիպլոմներ Յորքի ու Ստրասբուրգի համալսարանից՝ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել Հայաստանում։

- Դոկտոր Նոյքամ, այսօրվա արագ փոփոխվող աշխարհում կառավարիչներին անհրաժեշտ են թե՛ կառավարման ոլորտի հիմնաքարային գիտելիքներ, թե՛ ստեղծագործական մոտեցում։ Ինչպե՞ս է Համաեվրոպական Executive MBA ծրագիրը հավասարակշռում այս հմտությունները։

- Համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում Ստրասբուրգում մենք մասնագիտացած ենք նորարարության, ստեղծարարության, բաց նորարարության եւ նմանատիպ թեմաների վերաբերյալ մոդուլների ղեկավարման մեջ։ Հետաքրքրական է, որ նորարարությունն ու ստեղծարարությունը տեսական առումով բավականին հին հասկացություններ են․ արդեն շուրջ ութ տասնամյակ է, ինչ դրանց մասին խոսվում է, սակայն դրանց կիրառումը կազմակերպություններում դեռեւս բարդ հարցերից է:  

Մեզ համար հաճելի է մասնակցել այս շարունակվող քննարկմանը, եւ միշտ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ժամանակակից կազմակերպությունները արձագանքում այս գաղափարներին։ Ես հավատում եմ, որ դրանք իսկապես կարեւոր կարողություններ են՝ գուցե նույնքան կարեւոր, որքան ֆինանսական հաշվեկշիռը հասկանալը, քանի որ ոչ պակաս կարեւոր է ունենալ այն «փափուկ» հմտությունները, որոնք անհրաժեշտ են նոր իրավիճակներին արագ արձագանքելու համար։


Երբ մեր ուսանողները գալիս են Ստրասբուրգ իրենց ուսումնական շաբաթվա ընթացքում, մենք նորարարությունն ու ստեղծարարությունը դիտարկում ենք տարբեր տեսանկյուններից։ Մենք ունենք, այսպես կոչված, դասական ուսուցման մոդուլներ, որտեղ ուսանողները ծանոթանում են թեմաների տեսական հիմքերին, բայց ներառում ենք նաեւ ավելի ինտերակտիվ դասեր։ Օրինակ՝ նախորդ անգամ մեկ ամբողջ օրը նվիրված էր դիմադրողականության եւ ճգնաժամային կառավարման թեմաներին։ Մենք իրականացրել ենք նաեւ ամբողջական մոդուլ, որը վերաբերում էր կայուն զարգացմանը՝ միջազգային տեսանկյունից։ Բացի այդ, սովորաբար կազմակերպում ենք ընկերության սիմուլյացիոն խաղ, որտեղ ուսանողները ստանձնում են կազմակերպության դեր ու կառավարում, պլանավորում բոլոր գործընթացները:

Այսպիսի լայն շրջանակ ունեցող մոդուլների միջոցով մենք ձգտում ենք հավասարակշռել «կոշտ հմտությունները»՝ նորարարության մասին հիմնարար գիտելիքները, եւ «փափուկ հմտությունները»՝ անձնական եւ հաղորդակցային կարողությունները։ 

- Դուք համատեղում եք նորարարության կառավարման ոլորտում Ձեր նշանակալի արդյունաբերական փորձը ակադեմիական գործունեության հետ։ Ինչպե՞ս է դա օգնում MBA-ի Ձեր ուսանողներին նորարարության եւ ռազմավարության ոլորտներում առաջնորդական դերերին պատրաստելու հարցում: 

- Իմ արդյունաբերական փորձը ցույց է տալիս, որ ուսանողների կամ ակադեմիական ոլորտի մարդկանց ու արդյունաբերության մասնագետների խոսույթը ամենեւին էլ նույնը չէ: Մասնավորապես՝ տարբեր է բառապաշարը, չեն կենտրոնանում նույն գործոնների:

Թեեւ չէի ասի, թե բովանդակության տեսանկյունից շատ մեծ է տարբերությունը, սակայն գրեթե նույն մոտեցումներն օգտագործելիս դրանք տարբեր կերպ են անվանվում: 

Ահա իմ ամենասիրած օրինակը․ երբ ես խոսում եմ ուսանողների կամ ընդհանրապես ակադեմիական ոլորտի մարդկանց հետ, ես օգտագործում եմ «ambidexterity» (հայ.՝ ամբիդեքստրիա) բառը, որը նշանակում է միաժամանակ երկու բան անել՝ եւ´ ուսումնասիրել, եւ´ կիրառել գիտելիքը։ Սակայն այս բառը արդյունաբերական դաշտում չեն գործածում, փոխարենը կարող են պարզապես շատ երկար բացատրել երեւույթը՝ ինչպես կարելի է նորարար լինել, նոր բան ստեղծել եւ միեւնույն ժամանակ օգտագործել այն գիտելիքը, որն արդեն ունես ընկերության ներսում։ Եվ այսպիսի օրինակների դեպքում, երբեմն, ակադեմիայի եւ արդյունաբերության միջեւ մի տեսակ լեզվական թարգմանության անհրաժեշտություն է լինում: 

Պետք է ասեմ, այս MBA ծրագիրը իսկապես օգնում է ինձ ավելի լավ հասկանալ ոլորտը՝ տեսնելու, թե ինչ է իրականում տեղի ունենում ընկերությունների ներսում, եւ իմ ուսանողները մեծապես նպաստում են այդ գործընթացին։

- Արհեստական բանականությունն այսօր փոխակերպում է կազմակերպություններում գիտելիքի ու ստեղծարարության կառավարման ձեւերը: Ինչպե՞ս եք Ձեր դասերում ընդգրկում ԱԲ-ին առնչվող հմտությունները: 

- Ընդհանրապես, մենք խրախուսում ենք ուսանողներին օգտագործել արհեստական բանականություն։ Քանի որ ԱԲ հիմքով գործիքներն արդեն իսկ լայնորեն կիրառվում են, կարեւոր է իմանալ, թե ինչպես դրանք ճիշտ ձեւով ինտեգրել։ Միեւնույն ժամանակ մենք ընդգծում ենք ԱԲ-ի սահմանափակումները եւ հիշեցնում ուսանողներին, թե որքան կարեւոր է ստացված տեղեկատվությունը ստուգել այլ վստահելի աղբյուրների միջոցով։ Այս առումով MBA ծրագրի ակադեմիական մոտեցումն առանցքային նշանակություն ունի, քանի որ այն օգնում է ուսանողներին հասկանալ տարբերությունը ԱԲ-ի միջոցով ստեղծված տեղեկատվության ու գիտահետազոտական, ակադեմիական հուսալի տվյալների միջեւ։


Լսարանում ԱԲ-ի կիրառման միջոցով մենք եւս մեկ անգամ տեսնում ենք, թե որքան կարեւոր են «փափուկ» հմտությունները։ Երբ մարդկային մտքերը համագործակցում եւ միասին են աշխատում, արդյունքը շատ ավելի արդյունավետ է։ Մենք նաեւ նկատում ենք, որ հմտությունների զարգացումը եւս տարբեր է՝ կախված նրանից՝ աշխատանքը կատարվում է ԱԲ-ի միջոցով, թե ինքնուրույն։ Հենց այդ պատճառով էլ մենք ավելի ու ավելի ենք կենտրոնանում խմբակային աշխատարանների եւ բանավոր ներկայացումների վրա։

- Քանի որ Դուք նաեւ դասավանդում եք միջմշակութային կառավարում, խնդրում եմ պարզաբանեք՝ որքա՞ն կարեւոր են այդ հմտությունները միջազգային դաշտում աշխատելու ցանկություն ունեցող ղեկավարների համար: 

- Եվրոպայում միջմշակութային կառավարման հիմնական դժվարություններից մեկն այն է, որ մենք հաճախ հակված ենք թերագնահատելու մշակութային տարբերությունների հնարավոր ազդեցությունը։ Երբ մենք ճանապարհորդում ենք, օրինակ, ասիական որեւէ երկիր, բնականաբար ակնկալում ենք, որ մարդկանց արձագանքն այլ կերպ կլինի, քանի որ գիտակցում ենք՝ նրանց մշակույթը զգալիորեն տարբերվում է մերինից։ Իսկ Եվրոպայում, հաճախ, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ եթե մենք, օրինակ, ֆրանսիացի, գերմանացի, իտալացի կամ իսպանացի ենք, ապա նման ենք միմյանց եւ, հետեւաբար, այնքան էլ ուշադրություն չենք դարձնում մշակութային նրբություններին։ Սակայն հենց այսպիսի իրավիճակներում է միջմշակութային կառավարումը դառնում առանցքային․ այն մարդկանց հնարավորություն է տալիս վեր կանգնելու անձնական ընկալումներից եւ հասկանալու՝ արդյոք որեւէ թյուրըմբռնում կամ հակասություն կարող է ծագած լինել մշակութային տարբերություններից:

Մեր MBA ծրագրում ես հատկապես գնահատում եմ այն, թե ինչպես է հաջողվում համատեղել միջազգային սփռումն ու իրական անձնային շփումները: Ուսանողները ճանապարհորդում են տարբեր երկրներ եւ ֆիզիկապես ներկայանում դասերին: Այս փորձը նրանց դուրս է բերում հարմարավետության գոտուց՝ ստիպելով լինել սեփական ազգային միջավայրից դուրս, ուղղակիորեն շփվել ուրիշների հետ եւ համագործակցել դեմ առ դեմ։ Թեպետ սա երբեմն կարող է դժվար լինել, այն շատ հարստացնող փորձառություն է։

Կարելի է կարդալ կառավարման թեմայով ցանկացած գիրք, բայց երբ իրականում աշխատում ես խմբում, շփվում ես տարբեր մշակույթներ կրող մարդկանց հետ եւ սովորում համագործակցել, ձեռք ես բերում մի շարք անգնահատելի հմտություններ: 

- Ի՞նչ եք կարծում, արդյոք արհեստական բանականությունը դուրս կմղի MBA ծրագրի որոշ բաղադրիչներ, թե՞ ընդհակառակը՝ կմեծացնի ավելի լայն առաջնորդական եւ նորարարական կառավարման հմտությունների պահանջարկը:

- Պետք է խոստովանեմ, որ որպես կառավարման դասախոս, որն աշխատում է ստեղծարարության, լեզուների եւ միջմշակութային հմտությունների ուղղությամբ, սա շատ հետաքրքիր հարց է, եւ անկեղծ ասած՝ չեմ կարող կանխատեսել, թե ապագան մեզ ուր կտանի: Ես դեռեւս համոզված եմ, որ կան որոշ ոլորտներ, որտեղ մարդկային միտքը շարունակում է գերազանցել ցանկացած ԱԲ հիմքով լուծման՝ հատկապես մարդկային հաղորդակցության հմտությունների ոլորտում։ Օրինակ՝ լեզու սովորելը միայն բառապաշարի մասին չէ․ դա նաեւ այն է, թե որքան ճշգրիտ ես հասկանում եւ մեկնաբանում դիմացինիդ վարքագիծը։ Ըստ իս՝ ոչ մի արհեստական բանականություն չի կարող փոխարինել լեզու սովորելու անհրաժեշտությանը, եւ նույնը վերաբերում է միջմշակութային հմտություններին։ Չկա որեւէ ԱԲ, որը կարող է փոխարինել մարդու՝ դիմացինին զգալու, որոշակի թեմային նրա արձագանքը հասկանալու ունակությունը: Տեսնենք, թե ինչ կբերի ապագան․ գուցե ԱԲ-ն որոշ չափով կաջակցի այս ոլորտներում, սակայն նույնիսկ այդ դեպքում ղեկավարների համար կան մարդկային որակներ, որոնք մնում են անփոխարինելի։

Մյուս կողմից, եթե նայենք անցյալին, երբ ավտոմատ հաշվարկները դարձան հնարավոր, մեր նախորդ սերունդները մտահոգվում էին, որ մենք այլեւս չենք հաշվում մտքում։ Կարծում եմ՝ ԱԲ-ն էլ նույն կերպ կդյուրացնի մեր կյանքը, բայց ավելի շատ՝ գործառնական, քան թե մարդկային հաղորդակցության առումով:

- Մերօրյա ժամանակակից միտումներից է նաեւ այն, որ մարդիկ գերադասում են կարճաժամկետ դասընթացներ անցնել՝ ֆորմալ կրթություն ստանալու փոխարեն: Ըստ Ձեզ՝ ինչու՞ պետք է մարդիկ ընտրեն MBA ծրագրերը, եւ ինչպե՞ս դրանք կարող են նպաստել նրանց կարիերայի զարգացմանը։

- Ես շատ եմ գնահատում կարճաժամկետ դասընթացները․ դրանցից շատերն իսկապես արդյունավետ են նոր աշխատանքի կամ նոր նախագծի համար մասնագետներին պատրաստելու հարցում։ Դրանք խիստ արդյունավետ են օպերացիոն կամ տեխնիկական կողմերը սովորելու համար։ Օրինակ՝ կարելի է անցնել կարճ դասընթաց՝ հասկանալու, թե ինչ է «balanced scorecard»-ը, կամ ինչպես է կազմվում ֆինանսական հաշվեկշիռը, եւ այդ կերպ ձեռք բերել գործնական հմտություններ։ Սակայն օպերացիոն հմտությունների եւ կառավարման հմտությունների միջեւ տարբերությունը նախագծին՝ տվյալ մասնագետի մոտեցման մեջ է։ Խոսքը միայն բովանդակության մասին չէ, այլեւ նրա, թե ինչպես ես վերլուծում իրավիճակը, ինչպես ես արձագանքում դժվարություններին եւ ինչպես ես ղեկավարում թիմը ծագող հակասություններ կամ անորոշություն ժամանակ։
Մարիոն Նոյքամը Մարիոն Նոյքամը


Այս հմտությունները ձեւավորելու համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնիկական գիտելիք, այլեւ անձնական փորձառություն։ Օրինակ՝ MBA ծրագրում ուսանողները պետք է գրեն մագիստրոսական թեզ։ Դրա համար նրանք պետք է ընտրեն որեւէ խնդիր, ուսումնասիրեն առկա գրականությունը՝ հասկանալու, թե ինչ է արդեն հայտնի տվյալ թեմայի շուրջ, հավաքեն տվյալներ, վերլուծեն եւ մշակեն հնարավոր նոր լուծումներ։ Այս ամբողջ գործընթացը ժամանակ է պահանջում․ անհրաժեշտ է մտածել, ջանալ, երբեմն գուցե սխալ ճանապարհ ընտրել ու հետո միանգամայն նոր մոտեցում հայտնաբերել։ Դա անհնար է անել երկու ամսում։ Անհրաժեշտ է քննարկումներ ունենալ համակուրսեցիների հետ, ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունենում նրանց կազմակերպություններում՝ թույլ տալով, որ նոր գաղափարներ հասունանան: 

Այդ իսկ պատճառով, եթե կարճաժամկետ դասընթացները գերազանց են տեխնիկական եւ օպերացիոն հմտությունների համար, MBA ծրագրերը մնում են եզակիորեն արդյունավետ՝ ձեւավորելու երկարաժամկետ փորձառություն եւ խորքային մարդկային որակներ, որոնք իսկապես կերտում են առաջնորդներին։

- Ձեր կարծիքով ի՞նչն է առանձնացնում Համաեվրոպական Executive MBA-ի շրջանավարտ առաջնորդներին այսօրվա անորոշությունների եւ արագ փոփոխությունների պայմաններում։

- Վերջերս մեր ֆակուլտետի դեկանի հետ այս թեմայի շուրջ քննարկում ունեցանք։ Նրա տեսլականն այն է, որ անորոշ ժամանակներում կայուն մնալու համար անհրաժեշտ է կենտրոնանալ գիտելիքի բազմոլորտայնության ու հմտությունների բազմազանեցման ուղղությամբ։ Մեր MBA ծրագիրը միանգամայն համապարփակ այն կուրսն է, որը ծանոթացնում է ուսանողներին ոլորտների լայն շրջանակի հետ:

Երբ ուսումնասիրում ես որեւէ կոնկրետ մոդուլ, գուցե թվա, թե դրա որոշ բաղադրիչներ անմիջականորեն կիրառելի չեն: Օրինակ՝ այդ պահին գուցե չցանկանաս անցնել նորարարության կամ սթրեսի կառավարման մոդուլը։ Սակայն մի փուլում, երբ ճգնաժամ առաջանա, իսկ մենք երբեք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեսակի ճգնաժամ կլինի դա, կառավարման այս ավելի լայն մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետ արձագանքել։

Համոզված եմ, որ անկախ այն անորոշություններից, որոնց կարող ենք բախվել, գլոբալիզացիան շարունակում է մնալ որոշիչ գործոն։ Անկախ հանգամանքներից՝ մարդիկ շարունակելու են համագործակցել։ Տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ միջազգային համագործակցությունը շարունակելու է զարգանալ։ Եվ այս առումով MBA ծրագիրը կատարում է բացառիկ գործ՝ տարբեր երկրների մարդկանց միավորելով ընդհանուր մարտահրավերների շուրջ եւ օգնելով գիտակցել, որ, ի վերջո, բոլոր կազմակերպություններում խնդիրները շատ հաճախ նույնական են։

Դոկտոր Մարիոն Նոյքամի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին