Դիսիդենտական Հայաստան. Ալեքսանդր Մանուչարյան - Mediamax.am

exclusive
5683 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Ալեքսանդր Մանուչարյան


Պերմ 36 ճամբարը, որտեղ պատիժն էր կրում Մանուչարյանը:
Պերմ 36 ճամբարը, որտեղ պատիժն էր կրում Մանուչարյանը:
Ալեքսանդր Մանուչարյանը
Ալեքսանդր Մանուչարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից:

Պերմ 36 ճամբարի բակը Մանուչարյանի գծանկարում:
Պերմ 36 ճամբարի բակը Մանուչարյանի գծանկարում:

Լուսանկարը` Անձնական արխիվից:


Գիտնական, նկարիչ, դասախոս, քաղբանտարկյալ

Ծնվել է 1929թ. փետրվարի 19-ին Երեւանում: Հայրն եղել է ՀԽՍՀ կապի ժողովրդական կոմիսարը, ով բռնադատվել է 1937 թ-ին եւ մահացել ճամբարում: Դպրոցն ավարտելուց հետո Մանուչարյանը սովորել է Պ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում: 1950թ. ընդունվում է Երեւանի Գեղարվեստի ինստիտուտ, սակայն 1953 թ-ին հեռացվում է գաղափարական դրդապատճառներով:

1954թ. ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրս: 1957 թ-ից աշխատում է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: 1967թ. պաշտպանում է թեկնածուական թեզ: Մինչ ձերբակալությունը հրատարակում է ավելի քան 30 հոդվածներ հայաստանյան, ռուսաստանյան եւ արտասահմանյան գիտական հրատարակություններում, ինչպես նաեւ «IV-XI դարերի սկզբնաղբյուրները հայկական ճարտարապետության մասին» մենագրությունը: 1970-ականներին լեհ գիտնականների հետ համատեղ հետազոտություններ է անցկացնում հայկական մատենագրության վերաբերյալ Լեհաստանում: Զուգահեռաբար հայկական եւ համաշխարհային գեղանկարչության պատմություն եւ գրաբար է դասավանդում Երեւանի տարբեր բուհերում:

1980թ. մայիսին Մանուչարյանը ձերբակալվում է: Առիթ է հանդիսանում նրա երկու գիտական աշխատությունների ընդհատակյա հրատարակումը՝ «Ազգերի ծագման մասին» (որտեղ վերլուծվում էր որոշ ազգերի ծագումը, այդ թվում նաեւ հայերինը) եւ «Իմպերիալիզմ» (որտեղ նա օրինակների վրա բացատրում էր կոմունիստական համակարգի անկատարությունը եւ վերլուծում ԽՍՀՄ փլուզման հնարավորությունը): 1981թ. ապրիլին Մանուչարյանը ՀԽՍՀ Գերագույն դատարանի կողմից դատապարտվում է ՔՕ 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով (հակասովետական ագիտացիա, մասնակցություն հակասովետական կազմակերպությանը): Նրա հետ միասին վերոնշյալ աշխատանքների տարածման համար դատապարտվում են Մանուչարյանի ուսանողներ Աշոտ Ապիկյանն ու Սմբատ Մելքոնյանը: Նրանք երեքն էլ դատապարտվում են «ընդհատակյա խմբի կազմում» ընդգրկված լինելու համար: Մանուչարյանի համար պատիժ է սահմանվում 4 տարի ազատազրկում ճամբարում եւ 2 տարի աքսոր: Ազատազրկումն անցկացնում է Պերմի ճամբարներում, աքսորը՝ Կարակալպակիայում: Բանտարկության ընթացքում զբաղվում է գեղանկարչությամբ, նկարում է բանտարկյալների ավելի քան 200 դիմանկարներ ու մի քանի բնանկարներ:
 
1986թ. վերադառնալով Երեւան՝ սկսում է դասավանդել նախ Ճարտարապետության, հետո նաեւ՝ Գեղարվեստի ինստիտուտում: 1990 թ-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվում է:     

1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 

Մինչեւ 2001թ. դեկտեմբերի 19-ին վրա հասած մահը համաշխարհային գեղանկարչության պատմություն էր դասավանդում Երեւանի Գեղարվեստի ինստիտուտում:
 
Մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «IV-XI դարերի սկզբնաղբյուրները հայկական ճարտարապետության մասին» (Երեւան, 1976թ.), «Համաշխարհային կերպարվեստի պատմություն», հատոր 1, «Նախնադարյան մշակույթ» (Երեւան, 1999թ.):

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին