Քաջիկ Սահակյանը ծնվել է 1951թ. հունվարի 10-ին Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում: Ստանալով 8-ամյա կրթություն գյուղի դպրոցում՝ 1965թ. տեղափոխվել է Երեւան, որտեղ ընդունվել է Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1968թ.: Լինելով 9-րդ դասարանի աշակերտ՝ միջոցառումներից մեկի ընթացքում (հայկական պոեզիայի երեկո) ծանոթանում է իր տարեկից հայրենասեր երիտասարդների հետ: Ինչպես հետագայում պարզվում է, դա Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության խմբերից մեկն էր, որի գլխավոր նպատակը Հայաստանում մշակութային հեղափոխությունն էր, ազգային արժեքների պահպանումն ու ազգային ոգու բարձրացումը: Կազմակերպությունը գլխավորում էին Բագրատ Շահվերդյանը, Վիգեն Բաբայանն ու Ռուբեն Խաչատրյանը: Հրապուրվելով կազմակերպության գաղափարներով՝ Սահակյանը մտնում է ՀԵՄ-ի շարքերն ու դառնում նրա ակտիվիստներից մեկը: Նրա անմիջական ղեկավարներից էր Բագրատ Շահվերդյանը:
1969թ., ավարտելով միջնակարգ դպրոցը, Սահակյանն ընդունվում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի երեկոյան բաժին: Նույն տարվա աշնանը զորակոչվում է բանակ: Զինծառայությունն անցկացնում է Ուկրաինայում՝ Զապորոժյեում:
1971 թ-ին՝ ծառայության ավարտին, վերադառնում է Երեւան եւ շարունակում ուսումն ու ընդհատակյա գործունեությունը ՀԵՄ-ում՝ դառնալով կազմակերպության խմբերից մեկի ղեկավարը: Մասնակցում է հակախորհրդային եւ հայրենասիրական բնույթի նյութեր պարունակող թերթիկների տարածմանը («Երկու խոսք», «Հիշատակում հայրենասերին», «Մեր խնդիրները»), որոնցում քարոզվում էր անկախ Հայաստանի գաղափարը եւ մատնանշվում, որ ԽՍՀՄ-ի կազմում ընդգրկված փոքր ազգերն ենթարկվում են տնտեսական ճնշման եւ զրկված են ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից: 1972թ. Սահակյանն ամուսնանում է: 1973 թ-ին՝ ՀԵՄ առաջնորդների ձերբակալությունից հետո, ինչպես եւ կազմակերպության շատ այլ անդամներ, միանում է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) շարքերին:
1973թ. նոյեմբերին Սահակյանը ձերբակալվում է պետական անվտանգության մարմինների կողմից: Քննությունը շարունակվում է շուրջ կես տարի: Այդ ամբողջ ժամանակահատվածում Սահակյանը պահվում է ՊԱԿ-ի մեկուսարանում: Իշխանությունների պնդմամբ նրան հեռացնում են ինստիտուտից: Հետաքննության ընթացքում Սահակյանի մոտ հայտնաբերում են տպագրական մեքենա, «Փարոս 2» թերթի օրինակ, ինչպես նաեւ ֆոտոսարքավորում, որի օգնությամբ ընդհատակյա գործիչները բազմացնում էին թերթիկները:
1974թ. հունիսին ՀԽՍՀ Գերագույն դատարանը Սահակյանին դատապարտում է ՔՕ 69 (ռասայական խտրականություն) եւ 206 (խորհրդային կառույցը վարկաբեկող տեղեկությունների տարածում) հոդվածներով՝ պատժելով 3 տարի 6 ամիս ազատազրկմամբ: Առաջին 6 ամիսը Սահակյանն անցկացնում է Հայաստանում՝ Շահումյանի ուղղիչ աշխատանքային գաղութում, ապա տեղափոխվում է Կազան քաղաքի (Թաթարստան) բանտ, որտեղ պահվում էին հիմնականում ծանր հանցագործություններ կատարած քրեական հանցագործները:
1977թ. մայիսին, կրելով պատիժը, Սահակյանը քայքայված առողջությամբ վերադառնում է Երեւան, որտեղ անմիջապես նրա նկատմամբ սահմանվում է վարչական վերահսկողություն: Նույն թվականին Սահակյանն ընդունվում է Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի երեկոյան բաժին, բայց այդպես էլ չի հասցնում ավարտել այն: 1979թ. վերջին նա ծանր հիվանդանում է, իսկ 1980թ. սեպտեմբերի 17-ին մահանում է Երեւանում՝ բակտերիալ էնդոկարդիտ ախտորոշմամբ:
1990թ. Քաջիկ Սահակյանը ՀՀ Գերագույն դատարանի որոշմամբ հետմահու արդարացվում է: Ընտանիքի մոտ պահվում են նրա մի քանի բանաստեղծությունները՝ գրված մինչեւ ձերբակալությունը: Դրանք երբեւէ չեն տպագրվել:
Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: