Դիսիդենտական Հայաստան. Հակոբջան Թադեւոսյան - Mediamax.am

exclusive
7045 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Հակոբջան Թադեւոսյան


Հակոբջան Թադեւոսյան
Հակոբջան Թադեւոսյան
Հակոբջան Թադեւոսյան
Հակոբջան Թադեւոսյան

Քաղաքական գործիչ, պատմաբան, քաղբանտարկյալ, ԱՄԿ անդամ

Հակոբջան Թադեւոսյանը ծնվել է 1949թ. մարտի 22-ին Արտաշատի մարզի Հովտաշեն գյուղում: Ծնողները մանկավարժներ էին: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1964թ., սովորելով 9-րդ դասարանում, հիմնում է Հայաստանի հայրենասերների միություն (ՀՀՄ) կազմակերպությունը: Համախոհների հետ միասին գրում է կազմակերպության կանոնադրությունն ու ծրագիրը: ՀՀՄ-ի գլխավոր նպատակ է հռչակվում Հայաստանի անկախացումը: Կազմակերպության մյուս խնդիրը Հայկական հարցի ճանաչումն էր եւ ազգային գաղափարախոսության տարածումը:

1966թ. Թադեւոսյանն ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսանողական տարիներին զբաղվում է երկրի տարբեր մարզերում կազմակերպության մասնաճյուղեր ստեղծելով, ինչպես նաեւ ՀՀՄ ընդլայնմամբ՝ դրա շարքերում ընդգրկելով ուսանողների ԵՊՀ-ից եւ այլ բուհերից:

Կառուցվածքային առումով ՀՄՄ-ն նման էր ընդհատակյա մյուս կազմակերպություններին: Այն բաղկացած էր «տասնյակներից», որոնց անդամները չէին ճանաչում մյուս խմբակների անդամներին: ՀՀՄ ղեկավար կազմում Թադեւոսյանից բացի ընդգրկված էին նաեւ Էդիկ Ալեքսանյանը, Ռաֆիկ Ղարագուլյանը, Ռուբեն Հովսեփյանը, Անդրանիկ Մխիթարյանը եւ այլոք: 1968թ. կազմակերպության անդամների թիվը հասնում էր 150-ի:

1968թ. սկզբին ՊԱԿ-ը բացահայտում է կազմակերպության մի մասին: Թադեւոսյանը եւ նրա 7 ընկերները ձերբակալվում են: Նախաքննությունը տեւում է 8 ամիս: 1968թ. վերջին Հակոբջանին ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 206-1 հոդվածի համաձայն (Խորհրդային համակարգի դեմ ուղղված գործողություններ) դատապարտում են 2 տարի 3 ամիս ազատազրկման: Խմբի մյուս անդամներն ազատազրկվում են 1-ից 2 տարով: Նրանք բոլորը պատիժը կրում են Աշտարակում:   

1970թ.՝ պատժի ժամկետի ավարտից հետո, հայ մեծ գրող Պարույր Սեւակի միջամտությամբ վերականգնվում են Թադեւոսյանի ուսանողական իրավունքները համալսարանում:

Վերադառնալուց անմիջապես հետո Թադեւոսյանն ընդգրկվում է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) շարքերում, իսկ 1972թ. դառնում է կուսակցության Խորհրդի անդամ: 

Ուսումնառության ավարտից անմիջապես հետո ընդունվում է ասպիրանտուրա եւ աշխատանքի անցնում Երեւանի մանկավարժական ինստիտուտում՝ որպես երիտասարդական մշակութային ակումբի տնօրեն: 1975թ. սկսում է հետազոտություններ կատարել թեկնածուական աշխատանքի համար՝ «ՀՅԴ պատմությունը եւ ֆիդայական շարժումը Արեւմտյան Հայաստանում 1890թ.» թեմայով: Այդ նպատակով նա շրջագայում է երկրի տարածքում, ուսումնասիրում ֆիդայական մշակույթը, տասնյակ կտավներ նկարում այդ թեմայով: Թեզի պաշտպանությունը մերժվում է կոմունիստ գիտնականների կողմից: 

1975թ. լիբանանյան պատերազմի ընթացքում հայկական սփյուռքին աջակցելու նպատակով Թադեւոսյանը եւ իր քաղբանտարկյալ ընկերները՝ Ռուբեն Հովսեփյանն ու Ռաֆիկ Ղարագուլյանը, հավաքում են կամավորների շուրջ 150 ստորագրություն եւ դրանք ներկայացնում ՀԽՍՀ Գերագույն խորհուրդ, որտեղ հանդիպում են ԳԽ ներկայացուցիչ Սարգսյանին: Թեեւ իշխանությունները մերժում են կամավորներին, բայց կազմակերպում են ինքնաթիռով մարդասիրական օգնության ուղարկումը Բեյրութ:

Մինչեւ «պերեստրոյկան» Թադեւոսյանը շարունակում է ծավալել ակտիվ ընդհատակյա քաղաքական քարոզչություն: Նա գրում է բազմաթիվ հոդվածներ ազգային թեմայով՝ դրանք տարածելով համախոհների շրջանում:

Ազգային վերելքին զուգահեռ Թադեւոսյանի մոտ «երկրորդ շնչառություն» է բացվում: 1989թ. նա ընդունում է Պարույր Հայրիկյանի առաջարկը՝ դառնալ «Հայրենիք» ամսագրի «Հայ ազատագրական շարժում» բաժնի խմբագիրը, որը հրատարակվում էր Ազգային Ինքնորոշում Միավորման կողմից:

1990թ. դեկտեմբերի 25-ին Թադեւոսյանն արդարացվում է Գերագույն դատարանի կողմից՝ հանցակազմի բացակայության հիմքով:

1990թ. սկզբին, երբ սկսվում է հայ-ադրբեջանական պատերազմը, դառնում է երկրապահ: Նույն թվականին Թադեւոսյանը դառնում է «Անկախության բանակի» (հրամանատար՝ Աշոտ Նավասարդյան) ռազմական խորհրդի անդամ եւ, միաժամանակ, Արտաշատի երկրապահների ջոկատի շտաբի պետ: 1991թ. սեպտեմբերին Թադեւոսյանին կրկին ձերբակալում են, այս անգամ՝ Քր. օրենսգրքի 90-րդ հոդվածով՝ Ադրբեջանի «սոցիալիստական գույքի կողոպուտ», եւ դատապարտում 3 տարվա ազատազրկման: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնում է Թադեւոսյանի պաշտպանությունը: ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով, միայն 1 տարի 2 ամիս անց նրան ազատ են արձակում Սովետաշենի թիվ 1 քննչական մեկուսարանի 50-րդ բանտախցից:  

Բանտից Թադեւոսյանը դուրս է գալիս հոգեպես եւ ֆիզիկապես քայքայված: Երեք տարի փորձում է բուժվել տնային պայմաններում, իսկ 1994 թ-ից սկսած՝ Ավանի, Սովետաշենի եւ Սեւանի հոգեբուժարաններում: 1998թ. օգոստոսի 7-ին՝ 49 տարեկան հասակում, Հակոբջան Թադեւոյանը մահանում է Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում: 

Թադեւոսյանն ամուսնացած է, ունի 4 երեխա: Հեղինակել է բազմաթիվ հրապարակախոսական, քաղաքական, պատմական հոդվածներ: Իր ստեղծագործություններից շատերը Թադեւոսյանն այրել է հոգեկան խանգարման պահերին: Նրա նկարված կտավները պահպանվում են ընտանիքի կողմից:

Գրականություն.
1. «ՀՅԴ պատմություն», ատենախոսություն /հրապարակված չէ/
2. « Արեւմտյան Հայաստանում ֆիդայական շարժման պատմությունը 19-րդ դարավերջին», անավարտ աշխատություն

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին