Դիսիդենտական Հայաստան. Էդմոնդ Ավետյան - Mediamax.am

exclusive
7066 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Էդմոնդ Ավետյան


Էդմոնդ Ավետյանը
Էդմոնդ Ավետյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից:


Գրականագետ, փիլիսոփա, այլախոհ

Էդմոնդ Ավետյանը ծնվել է 1929թ. նոյեմբերի 10-ին Անդիժան քաղաքում (Ուզբեկստան)՝ այն ժամանակահատվածում, երբ հայրը որպես քաղբանտարկյալ աքսորվել էր այնտեղ: Վաղ մանկության շրջանում մի քանի անգամ ծանր հիվանդացել է: 1934թ. ծնողների հետ վերադարձել է Երեւան: Սովորել է միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1946թ.: 1945-46թթ. հիվանդ է եղել տուբերկուլյոզով, եւ թեեւ բժիշկներն ապաքինվելու հույս չեն տվել, հրաշքով առողջացել է:

Ավետյանը շատ վաղ է սկսել զբաղվել հասարակական գործունեությամբ: 1946-47թթ. նա 16 նամակ է հղել Ստալինին, որոնք էլ պատճառ են հանդիսացել, որպեսզի 1948թ. հունվարի 28-ին նա ձերբակալվի պետանվտանգության մարմինների կողմից հակախորհրդային գործունեություն ծավալելու մեղադրանքով: Նրան սպառնում էր երկար տարիների ազատազրկում, սակայն այն ժամանակ հայտնի հոգեբույժներ Հրոն եւ Մեհրաբյանը մարդասիրական նկատառումներով Ավետյանին «հոգեկան հիվանդ» ախտորոշումն են տալիս, ինչի արդյունքում Ներքին գործերի ժողկոմի պահանջով ուղարկվում է Իջեւան՝ քրոնիկ հիվանդների հիվանդանոց, որտեղ մնում է 1 տարի 3 ամիս: 1950թ. հունվարի 1-ին դուրս է գրվում որպես առողջացած: Հետագայում Երեւանում ծանոթանում է հայտնի դերասան Հրաչյա Ներսիսյանի որդու՝ Լեւոնի հետ, ով լուրջ ազդեցություն է գործում նրա աշխարհայացքի, հետագա կյանքի վրա:  

Նույն տարի նա ընդունվում է աշխատավոր երիտասարդության թիվ 10 դպրոց, որն ավարտում է 1951թ.: Ավարտելուն պես ընդունվում է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտում է 1956թ.: Նույն տարի սկսում է դասավանդել ԵՊՀ ընդհանուր լեզվագիտության ամբիոնում եւ հանրակրթական դպրոցներում:  

1973թ. պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա, 1974թ. ստանում ԵՊՀ դոցենտի կոչում: 1978թ. ամուսնանում է: Այդ ժամանակահատվածում սերտ փոխհարաբերություններ է հաստատում Հայաստանի, Մսկվայի, Լիտվայի, Էստոնիայի, Լենինգրադի այլախոհների հետ, համագործակցում Մոսկվայի եւ Երեւանի Հելսինկյան խմբերի հետ: Նամակագրություն է հաստատում Սոլժենիցինի հետ, նրա հետ կիսվում իր գաղափարներով: Իր ապստամբ ոգին Ավետյանը չի թաքցնում նույնիսկ դասախոսությունների ընթացքում, ինչը չէր կարող աննկատ մնալ իշխանությունների կողմից:

1975թ. սկսում է համագործակցել Հայաստանի Հելսինկյան խմբի հետ, որը զբաղվում էր Հայկական ԽՍՀ-ում մարդու իրավունքների խախտումների բացահայտմամբ: Խորհրդային Միությունում այդ ժամանակ նման խմբեր արդեն գործում էին Մոսկվայում, Լիտվայում եւ Վրաստանում:

Խմբի կազմը շատ փոփոխական էր, այն զբաղվում էր Հելսինկյան համաձայնագրերի խախտումները բացահայտելով, հրապարակելով եւ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին դրանց մասին տեղեկատվություն տրամադրելով: Լուրջ խախտումների մասին փաստական ապացույցների առավել ամբողջական փաթեթ է ներկայացվում 1977թ.՝ Հելսինկյան համաձայնագրերի կատարման մասին Բելգրադի համաժողովում: Չհանդիսանալով Հայաստանի Հելսինկյան խմբի անդամ՝ Ավետյանը մասնակցում էր այդ փաթեթի նախապատրաստմանը՝ ունեցած փորձը կիսելով ավելի երիտասարդ իրավապաշտպանների հետ:      

Նույն թվականին ձերբակալվում են խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը եւ անդամներ Ռոբերտ Նազարյանն ու Շահեն Հարությունյանը: Հետախուզություններ են կատարվում Ռաֆայել Պապայանի եւ Ավետյանի բնակարաններում: Քանի որ վերջիններս որպես հեղինակավոր գիտնականներ հայտնի էին ինչպես երիտասարդության շրջանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս, նրանց նկատմամբ առանձնակի հալածանքներ չեն կիրառվում:

Խումբը շարունակում է տարերայնորեն գործել նաեւ Միությունում բոլոր համանման խմբերի կազմալուծումից հետո՝ մինչեւ 1982թ. նոյեմբեր, երբ ձերբակալվում են Ավետյանն ու Պապայանը, ինչպես նաեւ խմբին ավելի ուշ միացած երկրաբան Գեորգի Խոմիզուրին, ով ինքնահրատում պատմական հետազոտություններ էր տպագրում «Էռնեստ Գարաեւ» կեղծանվամբ:

1982թ. նոյեմբերի 10-ին՝ Ավետյանի ծննդյան եւ Բրեժնեւի մահվան օրը, երեքն էլ ձերբակալվում են ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից: Հետախուզության ընթացքում Ավետյանի բնակարանում հայտնաբերվում է մեծ քանակությամբ հակախորհրդային գրականություն: ՊԱԿ-ի նկուղում ընկերների ճանապարհները բաժանվում են: Պապայանն ու Խոմիզուրին ՀԽՍՀ ՔՕ 65 հոդվածով (հակախորհրդային ագիտացիա եւ քարոզչություն) դատապարտվում են ազատազրկման տարբեր ժամկետներով:

Ավետյանին պատասխանատվության չեն ենթարկում՝ վախենալով ուսանողների շրջանում նրա ճանաչված լինելու հանգամանքից եւ վկայակոչելով նրա նախկին «հիվանդությունները»: ՊԱԿ-ի մեկուսարանում 4 ամիս պահվելուց հետո նա փակվում է Սովետաշենի հոգեբուժարանում, որտեղ մնում է 83 օր: Այնուհետեւ, կրկին պրոֆեսոր Մեհրաբյանի ջանքերով, ուղարկվում է ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոց, կրկին՝ քաղբանտարկյալի կարգավիճակում (ընկերները նրան անվանում էին «քաղխելագար»), որտեղ նրա համար ստեղծվել էին գոյատեւման տանելի պայմաններ:

Մեկ տարի անց՝ 1984թ. սկզբին, Ավետյանը ազատ է արձակվում, բայց առանց արդարացվելու, ինչի հետեւանքով նրան թույլ չեն տալիս դասախոսել ԵՊՀ-ում: Նա մնում է առանց գոյատեւման միջոցների, ենթարկվում իշխանությունների նվաստացուցիչ հսկողության, ոստիկանության անսանձ ներխուժումների իր բնակարան, վիրավորանքների եւ սպառնալիքների: Երկար ժամանակ գտնվում է ընկերների խնամքի տակ, ստիպված է լինում գումարի դիմաց ռուսերեն թարգմանել դիսերտացիաներ ու ռեֆերատներ: 1990 թ-ին ամուսնալուծվում է:

Նույն թվականին վերջապես արդարացվում է եւ վերականգնվում աշխատանքի ԵՊՀ ընդհանուր լեզվագիտության ամբիոնում: Ստանում է պրոֆեսորի կոչում: 

1994թ. նշանակվել է ամբիոնի վարիչ, սակայն առողջական խնդիրների պատճառով նույն տարում էլ հրաժարվել է պաշտոնից, հետագայում որեւէ տեղ չի աշխատել, ապրել է մենակ Երեւանում, գոյատեւել է չնչին թոշակով եւ ընկերների ու նախկին ուսանողների նվիրատվություններով: Բազմաթիվ վիրահատությունների հետեւանքով գրեթե զրկվել է տեղաշարժվելու հնարավորությունից:  

Մահացել է աղքատության մեջ 2001թ. դեկտեմբերի 18-ին Երեւանում:

Բազմաթիվ չհրապարակված բանաստեղծությունների հեղինակ է: Նրա գիտական աշխատությունները վերաբերում են լեզվաբանության մետաֆիզիկական փիլիսոփայության հարցերին, իմաստի եւ արտահայտության, լեզվի եւ խոսքի, լեզվականի եւ հասկացականի փոխհարաբերություններին, լեզվական միավորների բնույթին:

Հեղինակ է «Լեզվաբանական նշանի բնույթը» (ռուս., 1968), «Իմաստ եւ նշանակություն» (ռուս., 1979), «Նշանագիտություն եւ լեզվաբանություն» (ռուս., 1989) լեզվաբ. աշխատությունների, «Վերադարձի օղակ» (1998, վերահրատ.՝ 2003) փիլիսոփայական խոհերի, «Բանտային բանաստեղծություններ» (ռուս., 2002) ժողովածուների:

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին