Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։
Դեռեւս 2017 թվականի սեպտեմբերից Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը, որի ամբողջական գործարկումը հնարավոր կդառնա համապատասխան իրավական կարգավորումներից հետո:
Մեդիամաքսը համակարգի հնարավորությունների եւ դրանցից օգտվելու մասին
զրուցել է Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանի հետ:
1. Ի՞նչ է էլեկտրոնային առողջապահության համակարգը
Էլեկտրոնային առողջապահության համակարգը առողջության էլեկտրոնային քարտն է, որն իր մեջ ներառում է անձի առողջության մասին ամբողջական տեղեկատվությունը:
Այն նպաստում է առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը:
Էլեկտրոնային առողջապահության համակարգը հնարավորություն է տալիս հավաքագրելու եւ համապատասխան բժշկական մասնագետներին հասանելի դարձնելու պացիենտի առողջության մասին անհրաժեշտ տվյալները, ինչը շատ կարեւոր է արագ եւ որակյալ ծառայություն մատուցելու համար:
Բացի դրանից, այն առողջապահության կազմակերպիչներին, քաղաքականություն մշակողներին վիճակագրություն ստանալու, վերլուծություններ կատարելու եւ կանխատեսումներ անելու հնարավորություն է ընձեռում:
2. Գործարկման ո՞ր փուլում է այն:
2020 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ներառում են նաեւ էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ կարգավորումները: Ներկա պահին մշակման փուլում են սույն օրենքի փոփոխություններից բխող ենթաօրենսդրական ակտերը:
Դրանց մշակումը եւ հաստատումը նախատեսվում է ավարտել օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Մշակման փուլում է նաեւ էլեկտրոնային առողջապահության համակարգի 2020-2025 թվականների ռազմավարության նախագիծը, որի պահանջը համակարգի ամբողջական ներդրումն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ներկա դրությամբ համակարգին միացված են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող 485 բժշկական հաստատություն, քիչ քանակությամբ դեղատներ եւ այլ բժշկական հաստատություններ:
3. Ի՞նչ տվյալներ են հասանելի համակարգում:
Այս պահին էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդրված է հիմնականում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում եւ ապահովում է այս շրջանակում մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումը:
Այսինքն՝ ներկա փուլում համակարգում արտացոլվում են պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակում սպասարկված պացիենտների տվյալները, որ հասանելի են ինչպես մասնագետներին, այնպես էլ պացիենտին:
Պացիենտը կարող է առցանց հերթագրվել, ստանալ տեղեկանքներ եւ օգտվել այլ հնարավոր ծառայություններից: Բժիշկը կարող է տեսնել պացիենտի առողջության պատմությունը եւ բուժման համար կարեւոր այլ տեղեկատվություն:
Ի տարբերություն թղթային տարբերակների՝ էլեկտրոնային փաստաթղթերը ավելի ապահով են, կրկնօրինակման խնդիր չեն ունենում:
4. Ինչպե՞ս օգտվել համակարգից:
Էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգը հասանելի է armed.am առցանց հասցեով:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր անձնական էջը, որը հասանելի է դառնում նույնականացման քարտով գրանցվելու դեպքում:
Գրանցումից հետո համակարգ հնարավոր է մուտք գործել երկու տարբերակով՝ մուտքային անուն/գաղտնաբառով կամ նույնականացման քարտի միջոցով:
Ուղեգրով հերթագրման առցանց հարցումը հնարավորություն է տալիս պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար ուղեգիր ստացած պացիենտին առանց բժշկական հաստատություններ այցելելու հերթագրվել համապատասխան ծառայություն մատուցող բժշկական հաստատությունում:
Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել www.armed.am եւ «Ուղեգրով հերթագրման առցանց հարցում» գրառման ներքեւում լրացնել ուղեգրի համարն ու պացիենտի հեռախոսահամարը:
2020 թվականից մայրաքաղաքի մի շարք ամբուլատոր-պոլիկլինիկական hաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով: Այս բաղադրիչի գործարկումը նպաստել է համակարգում քաղաքացիների ներգրավվածությանը, որը 2019 թվականի համեմատությամբ աճել է 5,5 անգամ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է անձնական էջի «Այցերի ժամանակացույց» բաժնում տեղամասային բժշկի ժամանակացույցում ընտրել այցի նախընտրելի ժամը: Այցը հնարավոր է նաեւ չեղարկել՝ նշելով չեղարկման պատճառը:
Համակարգն ունի նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների փաստացի կատարած աշխատանքների, առկա տեղերի եւ հերթագրումների ցուցադրման գործիք:
5. Ինչպե՞ս է իրականացվում բժիշկների վերապատրաստումը:
Բժիշկների վերապատրաստումները սկսվել են 2019 թվականի օգոստոս ամսից: Վերապատրաստվել են 2010 ընտանեկան բժիշկ, թերապեւտ, մանկաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ:
Միաժամանակ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել եւ բժիշկներին տրամադրել 2 420 դյուրակիր համակարգիչ: Բժիշկների ձեռք բերած գիտելիքները եւ համակարգիչներով ապահովված լինելը շատ կարեւոր դեր խաղացին նոր կորոնավիրուսային համաճարակի ժամանակ նրանց վրա դրված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու գործում:
Դասընթացներին բժիշկները կատարում են մուտքագրումներ համակարգի թեստային կրկնօրինակում: Դասընթացների ժամանակ դասընթացավարները հաշվառում են բժիշկների մուտքագրման հարմարավետության հետ կապված խնդիրները, համակարգի բարելավումների եւ զարգացման հետ կապված առաջարկները, որոնք ներկայացվում են էլեկտրոնային առողջապահության օպերատորին` համակարգի բարելավման նպատակով:
Համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է` կապված տեխնոլոգիաների զարգացման, նոր պահանջների եւ ընդհանրապես առողջապահության ոլորտի փոփոխությունների հետ:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: