Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները։
2018 թվականի սեպտեմբերից մեկնարկած Քաղաքացիական ծառայության համակարգի էլեկտրոնային կառավարման միասնական ծրագրի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին:
Մեդիամաքսը Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման եւ կատարելագործման վարչության պետ Կարինե Գեւորգյանի հետ զրուցել է էլեկտրոնային հարթակի առավելությունների եւ ներդրվող գործիքների մասին:
1. Ե՞րբ է նախատեսվում հարթակի գործարկումը:
Քաղաքացիական ծառայության համակարգի էլեկտրոնային կառավարման միասնական ծրագրի՝ տեղեկատվական հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի սեպտեմբերի 4-ից: Հարթակի ծրագրային մշակման աշխատանքներն իրականացնում է «Հարմոնիա» հիմնադրամը:
2020թ. հունիսին ավարտվել են հարթակի շահագործման հետ կապված վերապատրաստման դասընթացները եւ համապատասխան մարմիններին տրվել են առանձին տիրույթներ՝ գործնական փորձարկում իրականացնելու համար:
Հարթակի շահագործումը նախատեսվում է 2020թ. հոկտեմբերի 1-ից:
2. Ո՞րն է հարթակի ստեղծման նպատակը:
Բարձրացնել հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը:
Իրականացվող գործընթացների վերաբերյալ տեղեկատվության բաց հասանելիությունը հնարավոր կդարձնի դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը՝ ձեւավորելով վերահսկելի կառավարման համակարգ: Օրինակ՝ կայքէջի միջոցով մրցույթի թեստավորման փուլի ուղիղ հեռարձակումը, վարկանիշային ցուցակների հրապարակումը եւ այլն:
3. Ի՞նչպես է հարթակը բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը:
Հարթակի գործարկմամբ վերապատրաստումների ամբողջ գործընթացը կդառնա էլեկտրոնային եւ հեշտ կառավարելի:
2020 թվականին վերապատրաստման կազմակերպման գործընթացն իրականացվել է թղթային կրիչներով: Քաղծառայողը, ելնելով կատարողականի արդյունքներից, կատարում է իր վերապատրաստման կարիքների գնահատում՝ լրացնելով համապատասխան թերթիկը: Նույնը կատարում է նաեւ տվյալ աշխատակցի անմիջական ղեկավարը: Ստացված տվյալները համեմատվում են, անհրաժեշտության դեպքում հրավիրվում է քննարկում:

Էլեկտրոնային հարթակում առկա գնահատման թերթիկի ձեւաչափը ստեղծում է այս շղթայաձեւ աշխատանքի արագ եւ արդյունավետ կատարման հնարավորություն: Ամբողջ տեղեկատվությունն արխիվացվում է եւ դառնում հեշտ որոնելի, հնարավոր դարձնում վերապատրաստումների վերաբերյալ լայնածավալ վերլուծությունների իրականացումը:
Այժմ անձնական գործերի վարումը թղթերի մի ամբողջ կույտ է, որից չափազանց բարդ է տարանջատել անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեկ անձնական գործում կցված են տվյալ ծառայողի կիսամյակային հաշվետվությունները, կենսագրությունը, աշխատանքային գործունեության պատմությունը:
Երբ այս ամբողջ տեղեկատվությունը դարձնում ենք էլեկտրոնային, հնարավոր է դառնում անձնական գործի փոխանցումը համապատասխան մարմին, հեշտանում է անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, առավել արդյունավետ է դառնում անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատանքը:
Աշխատակիցը նաեւ կստանա հնարավորություն իրեն տրված գաղտնաբառով ցանկացած պահի տեսնել իր անձնական գործում տեղի ունեցած փոփոխությունները, աշխատավարձի տարեկան կտրվածքով աճի վերաբերյալ տեղեկատվությունը:
Անձնական գործերի էլեկտրոնային վարումը նաեւ հնարավորություն է ստեղծում ստանալու ծավալուն վիճակագրական տվյալներ տարիքային, սեռային բաշխվածության, ազատումների պատճառների, թափուր հաստիքների եւ դրանց համալրման վերաբերյալ:
4. Ինչպե՞ս է փոխվում մրցույթների անցկացման կարգը:
Հարթակի գործարկումից հետո թափուր պաշտոնների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն գրասենյակի կայքէջում, որտեղ քաղաքացին կկարողանա տեսնել համապատասխան մարմինների կողմից հայտարարված մրցույթների ամբողջական ցանկը:
Բացի այդ, քաղաքացին կկարողանա բաժանորդագրվել՝ իր համար ցանկալի մարմնի, պաշտոնների խմբի կամ բոլոր մրցույթների հայտարարությունները տեսնելու համար:
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային եղանակով ցանկացած ժամի եւ ցանկացած վայրից՝ խնայելով քաղաքացիների ժամանակն ու միջոցները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացին կստանա հսկիչ համար, որի միջոցով կկարողանա հետեւել դիմումի ընթացքին: Մրցույթի մասնակցության վերաբերյալ որոշումը համակարգն ինքնաշխատ կուղարկի քաղաքացու էլեկտրոնային հասցեին:
Մրցույթի մասնակիցը, մինչեւ թեստի ձեւավորումը, պետք է համակարգիչ մուտքագրի այն գաղտնաբառը, որը նրան տրվել է համակարգի կողմից փաստաթղթերը հանձնելիս: Թեստը ձեւավորվում է համակարգի կողմից՝ ինքնաշխատ եղանակով, ընդ որում՝ բոլոր մասնակիցների համար այն նույնն է՝ թեստային առաջադրանքների փոփոխված հաջորդականությամբ:
Թեստի ավարտից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կստուգի թեստային առաջադրանքները եւ ստացված տվյալները կարտացոլի էկրանին:
5. Ի՞նչ այլ հնարավորություններ է ընձեռում հարթակը:
Էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար կապահովի հեշտ որոնման հնարավորություն, օրինակ՝ ըստ մասնագիտությունների, վարչատարածքային միավորների, պաշտոնների խմբերի, վարձատրության չափի եւ այլն:
Անձնական գործերի հատվածում կտեղադրվի աշխատանքային ստաժի հաշվիչ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատանքը հեշտացնելու համար:
Կայքում կգործի նաեւ տեղեկատվական հարթակի քարտեզ, ինչպես նաեւ դրա կիրառման ուղեցույց:
Քաղաքացիները կկարողանան նաեւ ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: