Վարուժան Գեղամյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

3693 դիտում

Վարուժան Գեղամյան. «Հայաստանը ես եմ»


Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյան

Քիմիայի ուսուցչուհիս ամեն անգամ, երբ խոսում էր նյութի կառուցվածքի մասին, ասում էր, որ այն բաղկացած է ատոմներից ու հիշեցնում, որ նյութը կազմող ատոմների վարքից է կախված նյութի ճակատագիրը: Հաճախ էլ նյութը համեմատում էր Հայաստանի, իսկ ատոմները՝ մեզ՝ հայերիս հետ:

Տարիների ընթացքում շատ ավելի լավ սկսեցի հասկանալ, թե ինչու էր ուսուցչուհիս այդ օրինակը բերում: Պարզ ու հասարակ ճշմարտություն, որ անկախ ինձանից գիտեմ, սովորել, հասկացել եմ այն երկու տասնյակ տարիների ընթացքում, երբ դարձա քո մի ատոմը, Հայաստա՛ն: Այս ընթացքում հասցրեցի տեսնել, կիսել ու իմ կենսագարությունում արտագրել այն, ինչ բոլոր ատոմներով գրում ենք քո պատմության ժամանակակից փուլում․ տեսա հնամենի հողումդ պետականության վերածնունդը, որ գրեթե համընկավ իմ ծննդյան հետ; տեսա մեր հաղթանակը, երբ հազարավոր զավակներիդ արյան ու միլլիոնների կրած զրկանքների գնով արդարացիորեն հաղթեցինք պատերազմի դաշտում ու շարժվեցինք առաջ:

Դրանից հետո տեսա, թե ինչպես ենք բոլորիս ուժերով վերականգնվում ու դառնում կայուն մարմին, կայուն պետություն, որ արժանի է հավասարի պես իր խոսքն ասել համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ՝ չնայած հազարավոր խոչընդոտներին: Ամեն օր հաղթահարում ենք դժվարություն, բայց չենք հրաժարվում բռնած ճանապարհից․ չէ որ դու ես սովորեցրել մեզ՝ ատոմներիս․ երջանկությունը՝ աշխատանքի մեջ է, բարօրությունը՝ հայրենի երկրում:

Ավելի ուշ մշեցիների մեր ընտանիքը քո բազմաթիվ ուրիշ ատոմների հետ ազատագրված մարմնիդ արևելյան կողմում՝ Քաշաթաղում, բնակություն հաստատեց ու պապերիցս ժառանգած ավանդույթների ու ժամանակակիցի համադրումով սկսեց շենացնել այն՝ վստահ գիտակցելով, որ մեր երկրի ապագան մեր ձեռքերում է ու ոչ մի վայրկյան դրանում չկասկածելով՝ մարմնիդ այդ մասն էլ ավելի ամրապնդեց, օրիօրի ուժեղացրեց ու դարձյալ կազմեց քո անբաժանելի մասը, որը միշտ հաստատակամ ատոմների ձեռքում կլինի:

Ուրախ եմ, որ ես քո մի մասնիկն եմ եղել ողջ այս ընթացքում: Եվ կրկնակի ուրախ եմ, որ Աստծո կամոք՝ դեռ շատ բաներ եմ տեսնելու  ու արարելու որպես քո մասնիկ: Չէ որ ես Հայաստան եմ, որին ոչ մի բան չի խանգարի առաջ շարժվել, եթե բոլոր ատոմները մեկ ուղղությամբ ընթանան:

Իսկ մեր՝ ատոմներիս հոսքը ո՞ւր պետք է ընթանա:

Մի հին ասացվածք կա․ որքան գնաս դեպի արևելք, այնքան կմոտենաս արևմուտքին: Մենք, Հայաստան, բոլորով միասին արդեն մի անգամ ապացուցեցինք այս խոսքի իրավացիությունը: Չէ որ Արցախը, որ Հայոց Արևելից կողմն է, մի քայլ էլ մոտեցրեց մեզ մեր մյուս՝ արևմտյան կեսին:

Ուստի ուր գնալներս էլ հայտնի է: Առաջն Աստված՝ ի գործ․․․Է




Մեր ընտրանին