Սյուզաննա Արզումանյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2522 դիտում

Սյուզաննա Արզումանյան. «Հայաստանը ես եմ»


Սյուզաննա Արզումանյան
Սյուզաննա Արզումանյան

Ցուրտ ու խավար սենյակում մանկան ճիչ լսվեց: Ճիչն այնքան պարզ էր,  անկախ: Վառվող մոմերը, որ սենյակն էին լուսավորում, մեղմ թրթռացին: Այնքան հույս, սեր ու հավատ կար այդ ճիչում, այնքան ջերմություն, այնքան նվիրում: Հենց այդ օրը  նոր անուն գրվեց անկախ Հայաստանի դեռ առաջին էջին: Մանուկն այդ ե′ս էի, Հայաստան աշխարհ: Ես, որ այդ օրվանից դարձա քո մի մասնիկը, ցուրտ ու  խավար օրերի միջից քայլ առ քայլ  հասակ առա, դարձա ծանր օրերիդ ներկան ու ապագան:

Երբ շատ փոքր էի, բայց զգում ու հասկանում էի ազգությունս, երկիրս ու հայրենիքս, ամեն անգամ հեռուստատեսությամբ օտարների մեջ լսելով  Հայաստան անունը, սրտիկս արագ բաբախում էր, իսկ թաթիկներս դողում: Ու այդ պահին Հայաստանը հենց ես էի: Երբ մի փոքր էլ մեծացա, հասկացա, թե որքան  ցավեր է տեսել երկիրս ու ժողովուրդս: Իմ փոքրիկ աչքերի առաջ եղեռնը բացվեց, ես զգացի ծեծ, կտտանք, գոցված աչքեր, խեղված հոգիներ, տեսա արցունք,  արյուն, կրակ ու ավեր, սիրտս մղկտաց,փարվեցի հողիս, բայց խանձահոտ էի առնում նրանից:

Ու այդ պահին էլ Հայաստանը ես էի կարծես, որ ցասում, կսկիծ ու ցավ էր ապրում: Սա ամենը չէր. աչքերիս առջեւ  Արցախն է հառնում հերոս արծիվներով, ու ես  տնքում եմ ցավից, աղոթք մրմնջում:

Ե′ս եմ Հայաստանը, ե′ս: Ես, որ քեզ հետ միասին, իմ անկա′խ երկիր, հասակ եմ  առել, ե′ս եմ, որ քայլել եմ կողքիդ ձեռք ձեռքի տված, մեկ լացել եմ, մեկ ուրախացել ու քեզ հետ մեկտեղ հզոր ու անկախ, հպարտ ու տոկուն քայլում ենք առաջ, իմ մա′յր Հայաստան:

Տխուր անցյալից մեզ հետ բերել ենք սխրանքներ ու փառք, կարոտ, սփոփանք:  Փոքրիկ աղջնակից հիմա դարձել եմ հասուն հայուհի: Ու շատ հպարտ եմ, որ հայ  եմ ծնվել, հպարտ եմ անցյալիդ համար, ծառ ու ծաղկունքիդ, փրփուր լավաշիդ  բուրմունքի համար. հիմա իմ հերթն է կառուցելու, շենացնելու:  Ու ինչպես երեկ,  վաղն էլ ու ընդմիշտ հպարտ ու բացճակատ կնայեմ աշխարհին ու բարձրաձայն  կասեմ. ես հա′յ եմ, ավելին Հայաստանը ե′ս եմ:




Մեր ընտրանին