Վահե Դանիելյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

3060 դիտում

Վահե Դանիելյան. «Հայաստանը ես եմ»


Վահե Դանիելյան
Վահե Դանիելյան

Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան…
                               ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Կենսատու ճառագայթը փշրեց հաճելի թվացող երկաթե կապանքները, որ կապկպել էր վիշտ տեսած, բայցև ազատության ձգտող անկոտրուն ոգին: Լսվեց նորածնի մի ճիչ, որ  վերապրողի կոչ էր տիեզերքին…

…Բացեցի աչքերս, որոնք կարծես կուրացան լիահույս ժպիտներից:
…Դու՞ք եք իմ ապագան, թե՞ ես`ձերը:

Հանկարծ ժպիտների ամբոխից մի երիտասարդ դեմքով ծերունի այնպես անջատվեց, ինչպես ճառագայթը` արևից, առաջ եկավ, կարծես հնարավոր վտանգների առջև աներեր կանգնեց  ինչպես մի վահանակերպ պատնեշ ու ասաց.

— Ահա ամբողջ աշխարհը, ընտրի՛ր քեզ անհրաժեշտ յուրաքանչյուրը. ժողովուրդը քեզ է շնորհում ընտրելու պատիվը:

Նայեցի ծերունուն, ու մարմինս փշաքաղվեց. նա ամփոփումն էր հնի ու նորի, մեր անցյալի, ներկայի և գալիքի, նրա դեմ անզոր էր նույնիսկ ժամանակը. նրա կողքով մահն էր անցել և իր մեջ սարսուռ զգացել, նրա ճակատին դարերի փորձն էր դրոշմված, նա մեր հավիտենության լուռ ու խոսուն  վկան էր,նրա ցավն անգույն էր, երազները` գունավոր. նրա  մեջ խտացված էր Հայը…Հետո նայեցի շուրջս, ապա` երկնի լազուրին: Երկինքը սովորականից պարզ էր, անսովոր մաքուր: Ես ձեռքս պարզեցի դեպի կապտաթույր երկինքը, և արևի շողերը օծեցին այն:

— Թեև մանուկ է, բայց իմաստուն որոշում կայացրեց. նա ամբողջից ընտրեց այն, ինչն աղբյուրն է մնացած բարիքների, – դիմեց  ծերունին  ցնծացող անբոխին, – այժմ մենք հարուստ ենք, քանի որ հարուստ է նա, ով ոչ թե շատ ունի, այլ նա, ով ունի ցանկալին:

Այնուհետև ծերունին թեքվեց դեպի ինձ.
— Որդի՛ս, արժևորի՛ր երկնքի գաղափարը և պահպանի՛ր այն բարձրագույն արժեքների շարքում, քանզի դու կոչված ես լինելու ազգիդ կենարար երակը, որով սերունդներ պիտի հոսեն:
— Իսկ ի՞նչ է երկինքը, – հարցրեցի ես:
— Երկինքը հնարավորություն է տեսնելու անտեսանելին, բացատրելու անբացատրելին, ցանկանալու անհանարին թվացողը և ձգտելու կատարյալին:
—  Ե՞վ, ինչպե՞ս պահպանեմ այն:
— Կապույտը ձեռք են բերում կարմիրով, պահպանում` նարնջագույնով: Մաքուր պահի՛ր այն, դատարկ տեղեր մի՛ թող, քանզի կեղտի համար մաքրությունից առավել գրավիչ է դատարկությունը: Հիշի՛ր`երկու բան հնարավոր չէ ետ բերել`ժամանակը և հնարավորությունը: Այս ամբոխից յուրաքանչյուրին վճարի պատասխանատվությամբ, որ մեծության գինն է: Եթե կատարես պատգամներս, չես գնա իրադարձությունների հետևից` լինելով պատմության ծառա, այլ իրադարձությունները կհետևեն քեզ` դարձնելով քեզ պատմություն կերտող:

Ես միայն հիմա հասկացա, թե ինչ էին նշանակում այդ ժպիտները. Նրանք ժպտում էին, քանզի համոզված էին, որ այլևս ազատ են ձեռքերս, միտքս…, և ազատագրված է հոգիս:Եվ ինչպես կարող էի  չկռահել ` այդ ես եմ ձեր ապագան, և դուք` իմը…

Ես կանգնած էի մեր ապագայի կերտման ճամփաբաժանին, պիտի իմ ընտրությամբ անցնեի  «անկարելիության» սահմանը, և կարոտած աչքերս արդեն տեսնելու էին կրտսեր եղբորս, և ձեռքերս գրկելու էին նրան: Ազատ ապրելու նախնյաց սուրբ պատգամին ականջալուր` իմ օգնությամբ նա ևս թոթափեց կապանքները և ձուլվեց երկնքին. հիրավի մենք արժանի ենք միմյանց…

Մինչ հայացքս քարացած էր, ու երկինքը` աչքերիս մեջ, ծերունին անհետացավ` պատգամները սրտումս կանթեղված թողնելով…




Մեր ընտրանին