Մարիամ Բաբայան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2410 դիտում

Մարիամ Բաբայան. «Հայաստանը ես եմ»



Ես հպարտ եմ իմ սաղարթով և ճյուղերով.
Բայց առավել` իմ արմատի վաղեմությամբ:
Պ.Սևակ

Կամա՞, թե՞ ակամա եմ անկախ Հայաստանի տարեկիցը:

Յուրաքանչյուր հայի մեջ կա գեներով փոխանցված մտածական զորեղություն: Դա է պատճառը, որ հայը շրջահայացի ինքնաարժևորված հպարտություն է զգում հենց ա′յդ ազգատեսակին պատկանելու համար: Կենարարության խոսուն զարկերակ դարձած հայի գենը` հայկական դյուցազնական ինքնահաստատող զտարյուն պատվաստը, ողջ հայության տոհմածառի կանաչ սաղարթն է:

Մտաբերենք Վ.Սարոյանի   խոսքը. <Մինչև  գրելս ու կարդալս փորձեցի իմանալ` ո՞վ եմ ես: Իմացա, որ հայ եմ>:

…Բոլոր հարցականների պատասխանողը Ժամանակն է տալիս:
Ոսկեդարը գնահատվեց հարյուրամյակներ անց…
Քարքարոտ էր Անկախության ճանապարհը: Երկնքում թրատվել էր արևը:
…Եղիցի լույս` և եղավ լույսը:

Հրաբորբ, արևանման, բայց 1988 թվականի հավաքանությամբ միաձույլ Անկախությունը մանկան նման մի պահ երերաց, որովհետև Մեծ Ծնունդի երկունք էր:

Հյուծվեցինք, տրտնջացինք, բայց…չընկրկեցինք: Ազգի սերուցքը ճիշտ ըմբռնեց Նժդեհի եզրակացությունը. <Հիվանդ են այն ժողովուրդները, որ բողոքում են իրենց Հայրենիքից>:

Անկախություն և բանակ. Երկվորյակներ` մեկը մյուսից սպասված, որ ծնվեցին ժամանակի անկանգ թևերից:

Համայնապատկերում 1988-ի դեկտեմբերի 7-ի ցնցումը կար:
Ոչինչ չխանգարեց և կարծես Չարենցը հառնվեց իր բանական երևակայությամբ.
<Ո՛վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է>:
Եվ անկախացող Հայաստանը իր կորացվող մեջքը շտկեց: Կուռ և լեռնային ամրությամբ ապացուցեց մեր հավերժ լինելը:

Հետադարձ հայացք: Բոլորի նման մեր ընտանիքն էլ դիմադրեց ցրտին, իսկ անօգնական ծառերը դարձան տաքանալու աղբյուր: Հայրս կամավորագրվել էր, Արցախում էր: Եղբայրներս ( 9,11-ամյա) տղամարդու հաստատակամությամբ մայրիկիս բացատրել էին, որ ինձ անկողնում պահի, մինչև իրենք վառարանի համար փայը բերեն, իսկ մանրացնելիս նկատել են, որ ես ( դեռ 2 տարեկան) գլխի ռիթմիկ շարժումներով արձագանքում եմ սղոցի շարժաձայնին: Սա պատահակա՞ն էր…

Տարիների հետ թևերս բացվեցին, օրերս լցվեցին արևշատությամբ, որովհետև աշխարհը տեսնելու լուսամուտ բացվեց իմ առջև…

Ես Մարիամն եմ: Հայաստանի ամե˜ն- ամե˜ն ինչը սիրում եմ և համոզված եմ, որ ինքս ինձ մորմոք չեմ պատճառի հոգետանջ կարոտից և երբեք չեմ հեռանա Հայաստանից.

…Ա˜խր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ…
Ուրեմն` ես Հայաստանն եմ:

…Հիշում եմ Գոհար Գասպարյանի բազմանշանակ խորհուրդը 12-ամյա աղջնակիս, որ զորեղանամ ձայնովս և միանամ պահանջատիրությանը` Եղեռնը ճանաչի աշխարհը: Ստացածս  խորհուրդը իրականացնելու մեծ  ձգտում  ունեմ:

Անկախության տարեգիրն ու տարեկիցը լինելու երանությունս ամբողջական կդառնա, եթե խոսուն մի առիթ օգտագործեմ և Կոմիտասի երգով ներկայանամ: Էությանս շաղախն է Կոմիտասը:

Պատմությանը հայտնի է, որ կենաց-մահու կռվադաշտի թիկունքում հայը եկեղեցի է կառուցել: Երբ վտանգը կանխվել է` վայր է դրել զենքը, վերցրել գրիչ ու բահ:

Ազատաբաղձությունը բացարձակ գաղափար է: Շատ գաղափարներ հենց այդ վսեմ և բարձր տեսակարար կշիռ ունեցող գագաթից են ձևավորվում:

Արծվազորեղ բազկի սլացքից է ծնվել Պատերազմ գումարած Բանակ գումարած Անկախություն.

Քաջարի` հայեր,
Սյունյաց Արծիվներ, Արցախի խիզախ, հպարտ Արծիվներ,
Ձեր արյան գինն է` մեր նոր Գոյության ճիշտ այցեքարտը,
Ինչպես էլ փորձենք խնկարկել, հիշել Ձեզ` անմահներիդ,
Միակ ճիշտ ձևը` վահան դառնալն է…

…Արդեն մշտական բնակություն հաստատած եկվոր դրկիցները հային որպես թանգարանային նմուշ պահելու ազգային ծրագիր ունեն, իսկ մենք ազգովի` Սփյուռք, Հայաստան, Արցախ միասնանալու ցպահանջ հրատապություն:

Եվ ասել Հայաստանը ես եմ` արդեն իսկ հպարտ պատասխանատվություն է:

Ես ամենքից մեկն եմ, որին Հայաստանանպաստ առիթը, գործոնը հոգու և սրտի բերկրանք է պատճառում: Ականջալուր եմ զգոնության մղող հայդուկապետի` Անդրանիկի պատվիրանին ( <Գլուխդ բարձին դնելուց առաջ…>):

Այսօրվա տիտղոսակիր հայ շախմատիստների հաղթարշավը աշխարհին մեր մտածական ճկունությունը վերստին ապացուցելու մեծանշանակ փաստ է, իսկ <Արի տունը>  հայերին համահավաք դարձնելու թթխմոր:      

Առաջընթացը ակնհայտ է, բայց և ճանապարհ ունենք, իսկ Անկախության լույսը լայն ուղի կբացի: Երրորդ հազարամյակը մերը դառնալու Սպարապետի մարգարեկան ցանկությունը կիրականանա, եթե միասնական լինելը բոլորիս նպատակը լինի:

Փաստորեն ես և Անկախությունը հայտնվել ենք երկու հազարամյակների սահմանագլխին:

Կամա՞, թե՞ ակամա եմ անկախ Հայաստանի տարեկիցը:




Մեր ընտրանին