Զավեն Կարապետյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

4563 դիտում

Զավեն Կարապետյան. «Հայաստանը ես եմ»


Զավեն Կարապետյան
Զավեն Կարապետյան

Հայաստան: Երկիր, որտեղ ծնունդ է առել առաջին մարդը: Երկիր, որտեղից սկիզբ է առել ամեն բարին: Երկիր, որտեղ ապրում եմ ես, ապրում ես դու, ապրում ենք մենք: Երկիր, ՈՒմ սիրտը Հայն է, իսկ հայի սրտում հավերժ է միայն մեկ անուն` Հայաստան:

Տառերս ճոխաբանությամբ չողողելով` սրտիս թանաքով ներկեմ էջերս: Արյունովս կգրեի այս ամենը, միայն թե վաղը տեսնեմ աչքերովս այն, ինչ սիրտս է ամեն զարկի հետ գոչում` գուշակելով անխուսափելի արևոտ վաղը:

Հայաստանը ես եմ: Մի՞թե սրանք ուղղակի բառեր են: Ո°չ: Այս երեք բառի մեջ է մեր ցանկալի երկիրը: Սա այն նախադասությունն է, որ միայն հպարտությամբ կարող ես արտասանել: Սրանք այն բառերն են, որ միայն հասկանալը դեռ քիչ է գոռալու համար: Հանգիստ քուն վաստակելու համար այս երեք բառերը պատվով կրել է հարկավոր: Սա ավելին է, քան ինչ-որ միտք պարունակող նախադասություն: Սա այն դուռն է, որի միջով պարտավոր է անցնել յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է Հայկից սերված, Հայկի անունն ու արյունը կրող: Անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, որ երկրի հողի վրա են մեր ոտքերը, միևնույնն է մեր քայլերը հուժկու ու հաստատուն պետք է լինեն, արժանի Հայկի արյունը մեր երակներում կրելու:

Մեր պատմության էջերը արյունով են ողողված, նման չեն ուրիշ ոչ մի երկրի: Սգով ու արյունով են պահպանված մարդկության արժեքները: Մեր գործը դրանք հետագա սերունդներին փոխանցելն է: Արժեքներ, որոնց գինը, ցավոք, մոռացել ենք: Մեծ գին է վճարվել մեր պապերի կողմից հայ անվան ոսկե տառերը պահելու համար:

Հայաստանը ե՞ս եմ: Հարց, որը պետք է չառաջանա հայի մտքում անգամ: Այո’, դու’ ես, ե’ս եմ, մե’նք ենք: Դու’, որ ծնունդ ես առել հայ մորից, դու’, որ դպրոցում այդպես էլ Մեսրոպյան տառերը նույնիսկ չսովորեցիր, դու’, որ ուսուցիչ ես, բայց պատվով չես պահում ուսուցիչ անունը: Դու’, որ գինու մեջ ես փորձում թաթախել ցավերդ: Դու’, որ Հայ անվան հետ ես խաղում: Դու’, որ…

Ի՞նչ է մեզ հարկավոր: Ընդամենը մեկ բան. մեր գործի, մեր պարտականությունների առավելագույնս լավ կատարում: Կհասնենք մեր նախնիներին արժանի անվան, մեր բոլորի երազած երկրին, երբ ուսանելու ժամանակ իսկապես ուսանենք, ընկերության ժամանակ լինենք այդ բառին արժանի, պաշտոնի աթոռին պատվով ու ծառայելու ցանկությամբ նստենք,…Երբ ամենքս մեզ վստահված կյանքը օգտագործենք առավելագույն պատասխանատվությամբ:

Այս ամենից անջատ չեմ կարող չնշել մոր կարևորության մասին: Մեր պատմության սկզբից էլ մայրը մեծագույն դեր է ունեցել հայի համար, հայ մայրը: Նրանք են ծնել ու սնել Անդրանիկի, Սևակի, Ազնավուրի ու Ազարյանի նման հայեր: Մենք ձեր կարիքն ունենք:

Հաղթանակի հացը կիսելու ժամանակն է եկել: Ապրի’ր այնպես, որ մեր ձայները հպարտությամբ հնչեն մոլորակի ամեն անկյունում.

- Հայաստանը ե’ս եմ:




Մեր ընտրանին