Հայկ Ղուկասյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2338 դիտում

Հայկ Ղուկասյան. «Հայաստանը ես եմ»


Հայկ Ղուկասյան
Հայկ Ղուկասյան

Աչքերս բացեցի, խառնաշփոթ էր տիրում, շուրջբոլորս մարդիկ էին, որոնք փորձում էին կապկպել, բարուրել և զրկել ինձ ազատությունից, իսկ ես, ձեռքերս վեր պարզած, գոռում-գոչում էի, ազատության էի ձգտում: Պայքարս երկար չտևեց, ես հասա իմ ուզած ազատությանն ու անկախությանը, ձեռքերս ազատ արձակեցին: Մի քանի օր անց արդեն տանն էի: Ցուրտ էր ու մութ, տանը նավթե վառարան էին վառում, որից ես անընդհատ հազում էի: Մշտական էլեկտրական հոսանք չունեինք ու երբ որ միացնում էին, բոլորը խառնվում էին իրար, արագ-արագ ինչ-որ գործեր անում, մարտկոցները լիցքավորման դնում, որպեսզի երբ որ հոսանք չլինի, կարողանան ինձ համար կաթ ու ջուր տաքացնեն: Ժամանակ առ ժամանակ մեր տուն էր գալիս զինվորական հագուստով մի տղամարդ, այդ ժամանակ բոլորը ինձ մոռանում ու փաթեթներ էին հավաքում, եղած ուտելիքից մի մաս դնում, տաք շորեր, որ պատերազմ ուղարկեն: Իսկ ես լացում էի ու լացում, որ ինձ կերակրեն: Հետագայում հասկացա, որ առաջնայինը պատերազմում կռվող մարտիկներին, չէ որ նրանք մարտնչում էին իմ և մեր երկրի մյուս մասում ապրող ինձ նման հարյուրավոր մանկիկների ազատության ու անկախության համար:

Անցան ամիսներ ու տարիներ, ես մեծացա: Սկզբում չորեքթաթ էի քայլում: Անընդհատ ինչ-որ մեկի օգնությանն էի դիմում, մենակ դժվարությամբ էի կանգնում: Իսկ երկիրը ճգնաժամի մեջ էր, աշխատատեղեր չկային, տնտեսությունը փորձում էր ոտքի կանգնել ինչպես ես, ընդունվել էր Հայաստանի գլխավոր օրենքըª սահմանադրությունը, շրջանառության մեջ էր մտել նոր հայկական դրամը:

Եկավ մի պահ, որ քիչ թե շատ կարողանում էի ինքնուրույն քայլել, իհարկե երբեմն ընկնում էի, սովորում իմ սխալների վրա ու նորից շարունակում: Մեծահասակները ձեռքս բռնում էին, որ ավելի վստահ ու կայուն քայլեր անեմ: Իսկ Հայաստանի տնտեսությունը գնալով առաջընթաց էր ապրում: Արտասահմանի գործարարները, ինչպես նաև սփյուռքահայերը սկսեցին մեծ ներդրումներ կատարել երկրում, ստեղծել նոր աշխատատեղեր: Զարգացած պետությունները բազմաթիվ տարաբնույթ ծրագրեր նախաձեռնեցին Հայաստանում, ներկայացրեցին միջազգային լավագույն փորձը, նոր ստանդարտները: Ճգնաժամից կամաց-կամաց սկսեց դուրս գալ, որ միայն տնտեսությունը, այլև կրթությունը, գիտությունը, մշակույթը և սպորտը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ կայուն հիմքերի վրա ստեղծվեց հայկական բանակը:

Ես գնացի դպրոց: Եղբայրս ինձ տվեց իր կապույտ գեղեցիկ պայուսակը: Հիշում եմ, օրագիր չունեի, ստիպված դպրոցական տետրից հայրս պատրաստել էի օրագիր, որտեղ ուսուցիչները նշում էին գնահատականներս: Դասագրքերը անընդհատ փոփոխվում էին, սովետական տարիներից մնացած դասագրքերը փոխարինվում էին նորաստեղծ, անկախ Հայաստանում մշակված դասագրքերով: Դպրոցը շատ սիրեցի, սովորեցի տասը տարի և գերազանցությամբ ավարտեցի: Տաս տարին մեծ դեր խաղաց Հայաստանի կայացման գործում բոլոր ասպարեզներում: Տեղի ունեցան հինգ նախագահական ընտրություններ, ունեցանք երեք նախագահներ, ովքեր մեծ ներդրում ունեցան մեր երկրի կայացման գործում: Հայաստանում բազմաթիվ գործարանները վերսկսեցին աշխատանքը, հիմնվեցին բազմաթիվ բանկերը, գյուղատնտեսությանը մեծ զարկ տրվեց: Սակայն տնտեսության աճի մեծ մասը դեռևս ապահովում էր արդյունաբերությունը:

Ընդունվեցի ԲՈՒՀ, որն ավարտելուց հետո զորակոչվեցի Հայկական բանակ և այժմ հպարտորեն պահպանում եմ Հայաստանի սահմանը: Մենք ուժեղ ենք մեր պատմությամբ, միասնականությամբ և հզորագույն բանակով: Ծառայում եմ Հայոց բանակին, քանի որ Հայաստանը ես եմ:

Հայաստանը մենք ենք, մեր երկրի հետ միաժամանակ ծնված, մեծացած և այժմ զարգացում ապրող հայ պատանիներ, Հայոց բանակում ծառայող հազարավոր զինվորներ:




Մեր ընտրանին