Սոնա Ներսիսյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

5313 դիտում

Սոնա Ներսիսյան. «Հայաստանը ես եմ»


Սոնա Ներսիսյան
Սոնա Ներսիսյան

Միայն հայը կարող է հպարտ կանգնել ու բղավել ի լուր աշխարհի. «Հայաստանը ես եմ»: Հայ, ով ոչ միայն արմատներով է հայ, այլև` հոգով ու աշխարհայացքով: Դա կոչում է, որին պետք է արժանանալ: Չէ± որ «Հայաստան» ու «հայ» բառերն օտարի մտքում առաջինը հիշվում են որպես ոգու հզորության, մտքի ճկունության և հավատի զորության հոմանիշ ու խորհրդանիշ:

Անկասկած, մենք` հայերս, այսօրվան հասել ենք մաքառումների, դժվարին ու անհաղթահարելի թվացող ճանապարհներ անցնելու և անգութ փոթորիկներ հաղթահարելու միջոցով: Եվ այդ ճանապարհին մեզ լույս է տվել մոտ թվացող, բայց շատ հեռու մի փարոս` հավատն առ այն, որ հաջողության ու հաղթանակի բերկրանքը վայելում է նա, ով չի սարսափում ու երկնչում ոչ մի փորձությունից ու դժվարությունից:

Իրավամբ, պայծառ ու հզոր ապագա ունենալու համար պետք է հիշես անցյալդ, գնահատես ներկադ և հաստատուն քայլերով գնաս դեպի ապագա: Այս մոդելով է առաջնորդվում 20-ամյա անկախ Հայաստանը. ունի դարերի շղարշով պատված հարուստ պատմություն, որի դիմաց անզոր է նույնիսկ ժամանակը, անկախ է ու երիտասարդ` հաստատուն քայլերով առաջ գնացող ու իր տեղը մշակույթների խաչմերուկներում հստակ դրոշմած, պատմական և մշակութային իրադարձությունների կիզակետում հայտնված, համամարդկային պատմության էջերում անջնջելի հետք թողած և ապագայում աշխարհին իր սեփական գաղափարախոսությունը թելադրող երկիր Հայաստանը: Այս բարակ թելն է, որ ամուր կապում է թագավորական, պատմամշակութային հարուստ ժառանգություն ու զորեղ պատմություն ունեցող Հայաստանը ներկայիս` անշեղ ճանապարհով ընթացող, անխոնջ ու նպատակասլաց, փառքը կործանումից, բարեկամությունը թշնամանքից, իրականը երևութականից, թվացյալից զանազանող Հայաստանին:

«Հայաստանը ես եմ»… Այս նախադասությունը ծնվում է մեզ հետ միասին, երբ լսվում է մեր առաջին ճիչը: «Հայաստանը ես եմ»… Այս միտքը ուղեկցել և ոգեշնչել է շատ շատերին. Տիգրան Մեծ, Մխիթար Սպարապետ, Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոց, Դավիթ Անհաղթ, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Շիրազ, Եղիշե Չարենց և այլք, ազգի նիրյալներ, ովքեր Հայաստանը գրել են, Հայաստանը երգել են, ծաղկել ու պաշտպանել են սեփական արյան գնով:

Այսօր Հայաստանը ես եմ, դու ես. մենք ենք: Եվ մեր պարտքն է զորավիգ լինել նրան, ինչպես մեր եղբորը, փայփայել ինչպես մեր քրոջը, սիրել կաթոգին, ինչպես  մեր ծնողներին: Պետք է ամուր կառչենք ամեն մի շիվից, որպեսզի վաղն այն բողբոջի, իսկ մյուս օրը պտուղ տա: Պետք է թրծենք մեր հոգին ու միտքը, շարժվենք առաջ` եռագույնը պարզած մեր գլխավերևում, գոտեպնդվենք ու չվարանենք կերտել մեր ապագան: Այն ապագան, որի մասին երազել ենք մենք և Հայաստանը:

Մենք միասնական ենք, մենք հուժկու բռունցք ենք, մենք Հայաստանն ենք: Խոսքը ֆիզիկական միասնականության մասին չէ միայն, այլ նաև գաղափարական: Դարեր շարունակ արյունռուշտ զավթիչները համոզվել են նրանում, որ արտաքինից անառիկ ամրոց թվացող ազգին կործանելու միակ միջոցը նրան գաղափարապես ոչնչացնել է, հիմքից քանդելն է այն, ինչի վրա ամուր կառուցված է ազգային ողջ անհատականությունը: Նման կերպ պետք է մտածի մեզանից յուրաքանչյուրը և ամեն կերպ պայքարի պաշտպանել ու պահպանել այն, ինչ ունի, և թշնամին` անկարությունից հուսահատ ու ուժասպառ, ծնկի կգա մեր առաջ:

Ապագայում ուրվագծվող Հայաստանը հզոր է լինելու շնորհիվ իր բանակի, իր հավատքի, իր գիտության և մշակույթի, մեկ բառով` իր ժողովրդի: Հայաստանը մենք ենք:

Հայաստանը ես եմ` անհաղթ ու կանգուն,
Լեռներն են հսկում անդորրս արթուն,
Որդիքս` կտրիճ ու դյութազուն,
Պատրաստ են կռվել ընդդեմ թշնամու:
Դարերի փոշին թոթափած ահա
Քայլում եմ դեպի պայծառ ապագա,
Ուր հնչում է, տե°ս, դհոլ ու զուռնա,
Որ պարը Բերդ ու Քոչարի դառնա:
Կլինեն ժամեր դժվար ու դյուրին,
Կկանգնեմ խրոխտ ընդդեմ բոլորի
Ու կբարձրաձայնեմ ի լուր աշխարհի.
«Ես եմ Հայաստանը»` խորքից դարերի:




Մեր ընտրանին