Հասմիկ Խաչատրյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2610 դիտում

Հասմիկ Խաչատրյան. «Հայաստանը ես եմ»


Հասմիկ Խաչատրյան
Հասմիկ Խաչատրյան

Վերջապես բացվեց այն արշալույսը, երբ մի մանուկ` աշխույժ ու ժիր ծիծաղով, կարմիր, կապույտ, նարնջագույն հագած, ողջունեց մեզ:

Քսան տարի առաջ ծնվեց մի անկախություն, որը  պետք է դառնար հայ ժողովրդի դարավոր երազանքի փաստացի ապացույցը: Երկար ժամանակ երազում են այդ օրվա մասին, իսկ երբ այն կյանքի է կոչվում, երազն ու իրականությունը դժվար է միմյանցից տարբերել: Դա այն պահն էր, երբ ամեն մեկն իր մտքում ասում էր. ՙԿա°նգ առ,  հրաշալի° ակնթարթ՚: Այդ օրվանից էր, որ երջանկությունը սկսեց լուսավորել հայի մթագնած աչքերը: Ես այդ օրերը չեմ հիշում, բայց երբ սկսեցի գնահատել այդ հպարտությունը, որը ճիշտ և ճիշտ իմ տարեկիցն է, շատ ուրախացա: Հայաստանը և ես հասակակիցներ ենք, սա ինձ համար և° հուզիչ է, և° պարտավորեցնող: Ամեն մի օր պետք ապրել` ճիշտ գնահատելով օրվա նշանակությունը: Հայաստանում եմ ես տեսնում իմ ապագան և վաղվա օրը: Ես այնքան ամուր չեմ կարող կանգնել ուրիշ հողի վրա, որքան այստեղ: Ամեն մի քարի մեջ ամփոփված է հայի մի փոքր պատմություն, որն հայելու պես ցույց է տալիս հայի ուղին: Ես պետք է փնտրեմ ու գտնեմ այն լույսը, որը ինձ կտանի դեպի պայծառ ապագա, իսկ լույսը ես տեսնում եմ Հայաստանում:

Անկախ Հայաստանի առաջին զավակներից մեկը լինելով` երջանկությամբ ու հպարտությամբ, ի լուր աշխարհի բարձրաձայնում եմ, որ թե° ներկաս և թե° ապագաս տեսնում եմ այստեղ` իմ հայրենիքում` Հայաստանի Անկախ Հանրապետությունում: Ինձ համարելով Հայաստանի անբաժան մասնիկը` անթաքույց հպարտությամբ բարձրաձայնում եմ. ՙՀայաստանը ես եմ ու ամեն ինչի պատրաստ եմ` ի բարօրություն իմ երկրի՚:




Մեր ընտրանին