Չխեղճացող եւ չլսող երեխաներին պարել սովորեցնող Հայկը - Mediamax.am

exclusive
7711 դիտում

Չխեղճացող եւ չլսող երեխաներին պարել սովորեցնող Հայկը


Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանը
Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանն ու աշակերտները
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանն ու աշակերտները
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանը
Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանն ու աշակերտները
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանը
Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանը` աշակերտի հետ
Հայկ Հոբոսյանը` աշակերտի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանը
Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հոբոսյանն ու աշակերտները
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս

Սրբուհի Ղազարյանը
Սրբուհի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայելիներով սենյակում 5-րդ դասարանցիները սպասում են ուսուցչին, պարի դաս է լինելու։ Քանի դեռ ուսուցիչը հանդերձարանում է՝ երեխաները վազվզում են, կատակում, «աղմկում»՝ ժեստերի լեզվով։ «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» ենք։ Դպրոցը գիշերօթիկ է, ունի մոտ 120 աշակերտ, երեխաներն այստեղ սովորում են նույն ծրագրով, ինչ հանրակրթական դպրոցների իրենց հասակակիցները, նաեւ մասնակցում են կավագործության, պարի եւ այլ դասերի։

«Ես Հայկ Հոբոսյանն եմ, ի ծնե չլսող եմ։ Ազատ եմ մեծացել ու երբեք չեն խղճացել չլսելու համար». զրույցի սկզբում ներկայանում է ուսուցիչը։ Չլսող, բայց պարող տղային շատերն են ճանաչում, շուրջ 19 տարի առաջ հազարավոր մարդիկ հետեւում էին նրա ելույթներին «Պարիր, թե կարող ես» նախագծում։

Հայկ Հոբոսյանն ու աշակերտները Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկի` դահլիճ մտնելուց հետո երեխաները զբաղեցնում են իրենց տեղերը։

«Պարեք այնպես, ասես՝ ոչ ոք ձեզ չի նայում»,- որպեսզի մեր ներկայությունից երեխաները չկաշկանդվեն՝ ժեստերով ասում է Հայկն ու միացնում երաժշտությունը։ Միայն ժեստերն են հուշում, որ պարողները չլսող կամ թույլ լսողներ են, մնացածն այնպես է, ինչպես լսողների դեպքում։ Հայկը ժամանակ առ ժամանակ անջատում է երաժշտությունը, ցույց է տալիս շարժումները, մոտենում երեխաներին, ուղղում, հետո նոր սովորած շարժումները փորձում են երաժշտության ուղեկցությամբ։
Հայկ Հոբոսյանը Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Չեմ կարող բացատրել, թե երաժշտությունն ինչպես են զգում՝ հաշվով, հոգով, թե վիբրացիաներով։ Պարեր բեմադրելու համար երգ ընտրելիս նախ տեսահոլովակն եմ դիտում, նայում եմ, թե ինչպես են պարում, հետո երգն այնքան բարձր եմ միացնում, որ ռիթմը զգամ, այն ինձ օգնում է, որ մոտավոր հասկանամ երաժշտությունը։ Երգերը սկզբում ավելի դանդաղ տեմպ են ունենում, լսելը, զգալն ավելի բարդ է, ելույթների ժամանակ կարիք է լինում, որ ժեստերի լեզվի թարգմանիչը կամ այլ մարդ հուշի սկիզբը, հետո ես կարողանում եմ հաշվով կառավարել»,- ասում է պարի ուսուցիչը։
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկը «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» աշխատում է 2015 թվականից, նախկին տնօրենի՝ Լուսինե Բաբայանի հրավերով է եկել։

«Դպրոցում լինում եմ երկուշաբթիից-ուրբաթ, օրական վեց ժամ։ Ժամանակին դպրոցից դուրս լսողների խումբ ունեի, նրանց հետ աշխատելը մի փոքր բարդ էր, երկար ժամանակ փորձում էի իրենց հասկանալ, իրենք էլ՝ ինձ։ Չլսող երեխաների հետ աշխատելը բացարձակ դժվար չէ, նույնիսկ ավելի հեշտ է, որովհետեւ ինձ նման են, արագ են կենտրոնանում, ժեստերով ենք շփվում, հասկանում ենք իրար»,- ասել է նա։
Հայկ Հոբոսյանը Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտ 8 տարեկանում Հայկը հեռուստացույցով առաջին անգամ տեսել է Մայքլ Ջեքսոնին ու սկսել կրկնել նրա շարժումները, ծնողները որոշել են պարի խմբակ տանել։

«Որոշ ժամանակ անց՝ 1996 թվականին, Երիտասարդական պալատում պարի մրցույթ եղավ, «Գրան պրի» մրցանակ ստացա ու ոչ ոք չհասկացավ, որ չեմ լսում։ Ժյուրիի անդամներն ավելի ուշ իմացան այդ մասին, ուսուցիչս էր ասել, չէին հավատացել»,- պատմել է նա։
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկը կարողանում է լսել բարձր, արտահայտված ձայները (դռան շրխկոց, հեռախոսի զանգ, մեքենայի ազդանշան), բայց ոչ մաքուր խոսք: Ասում է՝ նախադասությունը լիարժեք հասկանալուն օգնում են ժեստերը, դիմացինի շուրթերը կարդալը։ Բառեր ու արտահայտություններ կան, որ Հայկը պարզ արտաբերում է։

«Որոշ բառեր պարզ արտաբերելը, նախեւառաջ, լսելու արդյունք է, նաեւ երկար աշխատանքի, տանը մայրս էր սովորեցնում, դպրոցում՝ ուսուցիչս։ Մայրս շատ է աշխատել ինձ հետ, որ լավ սովորեմ, բառերը ճիշտ արտաբերեմ, բոլորին հասկանամ։ Իմ ընկերների մեծ մասը խոսողներ են եւ շփման խնդիր չեմ ունենում»,- ասել է Հայկը։

Նա նաեւ նշել է, որ ինքն ու մյուս չլսողները առավել հաճախ հաղորդակցման խնդիր են ունենում. նման պահերին է, որ Հայկը դիմում է իր գործընկեր թարգմանիչների օգնությանը։ Հայկի հետ հարցազրույցի ընթացքում էլ օգնում է դպրոցի ժեստերի թարգմանիչ Սրբուհի Ղազարյանը։
Սրբուհի Ղազարյանը Սրբուհի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հայաստանում ժեստերի լեզվի թարգմանիչների պակաս կա։ Արտասահմանում կան հատուկ դպրոցներ, համալսարաններ, որտեղ նման թարգմանիչներ են պատրաստում, Հայաստանում՝ ոչ։ Մանկավարժական համալսարանում սուրտդոմանկավարժների բաժին կա, ուր տեղերը մշտապես թափուր են կամ լրացվում են այլ բաժիններից դուրս մնացած ուսանողներով։ Քչերն են ուզում այս ոլորտում աշխատել եւ ավարտելուց հետո էլ ուսանողները գրեթե չեն տիրապետում ժեստերի լեզվին։ Հայաստանում ժեստերի լեզվի թարգմանիչ են դառնում նրանք, որոնց ընտանիքում չլսող մարդիկ կան»,- ասել է նա։



Սրբուհու խոսքով՝ թարգմանիչների պակասը հատկապես սուր է կրթական հաստատություններում ու եթե անգամ պետությունը որոշի, որ ամեն դպրոցում կամ բուհում մի թարգմանիչ պետք է լինի, միեւնույն է, մասնագետ չի գտնի։

Հայկը հաճախ է վիդեոկապով զանգում Սրբուհուն, հատկապես, երբ դասախոսների հետ հաղորդակցվելու, հասկանալու տարբերակ այլեւս չի մնում։ Երկու տարի է, ինչ Հայկը սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, պարի բաժնում։
Հայկ Հոբոսյանը Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բուհում թարգմանիչ չկա, դժվար է ինձ համար, շատ խնդիրներ եմ ունենում։ Լավ է՝ օնլայն կապը կա, վիդեոզանգը շատ է օգնում։ Համալսարանում դասախոսներ կան, որոնք նույնիսկ չգիտեն, որ խմբում չլսող մարդ կա։ Չլսողները դժվարությամբ են կրթություն ստանում, որովհետեւ ունեն հաղորդակցվելու խնդիր։ Եթե շփման հարցում փրկությունը թարգմանիչն է, քննությունների, ռեֆերատների հարցում էլ օգնության են գալիս ընկերներս։ Դասախոսներից ոմանց ճանաչում եմ, ժամանակին միասին ենք պարել, նրանք էլ են շատ օգնում։ Առաջին կուրսում բարդ էր, շատ էի դժվարանում, զարմանում էի, որ «հիփ-հոփ» սովորելու համար պետք է հայոց լեզու, մաթեմատիկա, անատոմիա եւ ուրիշ առարկաներ սովորել (ծիծաղում է-հեղ.)»,- նշել է նա։

Հայկն այժմ 41 տարեկան է եւ ասում է, որ որոշել է ուսանող դառնալ, քանի որ «դիպլոմը պետք է չլսող երեխաների հետ աշխատելու համար»։

«Այս դպրոցից ու երեխաներից բացի ուրիշ ոչ մի տեղ ինձ չեմ պատկերացնում եւ որպեսզի շարունակեմ աշխատել դպրոցում, պետք է բարձրագույն կրթության դիպլոմ ունենամ»,- ասել է նա։
Հայկ Հոբոսյանը` աշակերտի հետ Հայկ Հոբոսյանը` աշակերտի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկն ուզում է, որ պետությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի չլսողների խնդիրներին, ավելի շատ մտածի նրանց մասին։

«Եվրոպական տարբեր երկրներում եմ եղել, դրանք ավելի հարմարավետ են չլսողների համար։ Բացի այն, որ ժեստերի լեզվի շատ թարգմանիչներ եւ չլսողների համար շատ հարմարություններ կան, նաեւ այդ երկրների բնակիչներն են պատրաստված, հեշտ ընդունում են, օգնում չլսող մարդկանց։ Անգլիայում, օրինակ, բոլոր միջոցառումներին ժեստերի լեզվի թարգմանիչ է լինում, կարեւոր չէ, դահլիճում չլսող մարդ կա, թե՝ ոչ։ Միջոցառումներից մեկի ժամանակ դահլիճում միայն ես էի չլսող, թարգմանիչը նկատեց, որ ուշադիր իրեն եմ նայում, հարցրեց՝ «չլսո՞ղ ես», պատասխանեցի՝ «այո», ավելի ոգեւորված շարունակեց իր գործը»,- պատմել է Հայկը։
Հայկ Հոբոսյանը Հայկ Հոբոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Չլսողները ցանկացած աշխատանք կարող են անել, իսկ եթե կրթություն ստանան, մասնագիտություն ձեռք բերեն, կաշխատեն ոչ պակաս, քան լսողները։

«Օրինակ՝ վարորդական վկայականների հարցում չլսողների հանդեպ շատ խիստ են, նույնիսկ շանս չեն տալիս, որ փորձեն։ Ինքս ունեմ վկայական, արդեն 15 տարի մեքենա եմ վարում, բայց շատերին հիմա մերժում են։ Զգույշ, հանգիստ եմ վարում, որ հանկարծ խնդիր չլինի, երբեք խախտումներ չեմ ունենում։ Չլսող մարդկանց մեքենաների հետեւի ապակուն նշան է փակցվում՝ դեղին շրջան է, երեք կետով՝ աչքեր ու բերան է հիշեցնում։ Արտերկրում այս նշանը տեսնողները գիտեն՝ վարորդը չլսող է, իսկ մեզ մոտ շատերը, հավանաբար, սրա մասին չգիտեն»,- ասել է նա։

Հայկը պատմել է, որ դպրոց գալուց առաջ եւ հետո ապրում է այնպես, ինչպես բոլոր մարդիկ՝ ընտանիքի, ընկերների հետ է ժամանակն անցկացնում։

«Կինս թույլ լսող է, հանրակրթական դպրոցում է սովորել՝ լսողների հետ, ժեստեր գրեթե չգիտի, միայն այբուբենի տառեր է սովորել ժեստերով։ Երկու երեխա ունեմ, լսող են։ Տանը թարգմանչի դերը կինս է կատարում, տանից դուրս գործերով էլ նա է զբաղվում»,- պատմել է Հայկը։
Հայկ Հոբոսյանն ու աշակերտները Հայկ Հոբոսյանն ու աշակերտները

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկն ասում է, որ թեպետ չլսողների համար դեռ բարդ ժամանակներ են, բայց հիմա հնարավորություններն ավելի մեծ են, քան տարիներ առաջ։

«Չլսող մարդկանց ուզում եմ ասել, որ երբեք չհանձնվեն, պետք է համարձակ, ուժեղ լինել։ Հիմա շատ ավելի առաջ ենք, քան տարիներ առաջ, համալսարաններում ուսանողներ ունենք, չլսող մարդիկ շատ ավելի մեծ գործեր կարող են անել։ Վերջերս չլսողները մասնակցեցին խոհարարական դասերի ու ստացան վկայականներ, վարսահարդարներ, դիմահարդարեր ունենք, նրանք չեն լսում, բայց տեսողական կենտրոնացումը շատ ավելի ուժեղ է, ավելի մեծ հաջողություններ կարող են ունենալ։ Եվ չլսողները պետք է հավատան իրենց ուժերին, եւ դիմացինները»,- ասել է Հայկ Հոբոսյանը։

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին