Բարություն եւ ծիծաղ տարածող Գոռը, որ երգում է զուլալ ձայնով - Mediamax.am

exclusive
13367 դիտում

Բարություն եւ ծիծաղ տարածող Գոռը, որ երգում է զուլալ ձայնով


Գոռը, Աննա Մուսայելյանը եւ Կարեն Սարաֆյանը
Գոռը, Աննա Մուսայելյանը եւ Կարեն Սարաֆյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը եւ Աննա Մուսայելյանը
Գոռ Համբարձումյանը եւ Աննա Մուսայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռը մոր՝ Քրիստինեի հետ
Գոռը մոր՝ Քրիստինեի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Համբարձումյանը
Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուտքից մինչեւ լսարան քայլում ենք Գոռի ձեռնափայտին հետեւելով։ 17-ամյա Գոռ Համբարձումյանը Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի 3-րդ կուրսի ուսանող է, սովորում է էստրադային վոկալ բաժնում։ Գոռը տեսողությունը կորցրել է ծնվելուց օրեր անց՝ բժշկական սխալի պատճառով, բայց միայնակ տեղաշարժվում, փորձում է ապրել այնպես, որ չտեսնելը հնարավորին քիչ խանգարի իրեն ու մյուսներին։

«Այսօր շատ գեղեցիկ եք», «աչքերիս առաջ սեւացավ», «տեսնում եմ, պարզապես կույր եմ ձեւանում, որ ավելի հեշտ հաջողության հասնեմ»՝ կատակում է նա։ Հումորից լրջություն ու հակառակն այնքան անսպասելի է լինում, որ սկզբում շփոթվում ենք։ Գոռն արագաշարժ է, գրեթե վազելով է բարձրանում աստիճանները։ Հասնում ենք լսարան, այստեղ նրան սպասում են դասախոսները։ Գոռը մի քանի երգ պիտի փորձի։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երգն էլ դերասանության նման է, երգիչն էլ պետք է կերպարանափոխվի, եթե երգում ես սիրո մասին, պետք է սիրահարված պատանի դառնաս, բարության մասին՝ պետք է աշխարհում բարություն սփռես, նույնիսկ երգդ չհասկացող մարդիկ կատարումիցդ պետք է զգան իմաստը»,- ասում է Գոռն ու ձայնային վարժություններից հետո երգում Անդրեա Բոչելիի «Love in Portofino»-ն։

«Հայկական Բոչելին է»,- ասում է՝ Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երգեցողության բաժնի ամբիոնի վարիչ Աննա Մուսայելյանը։

«Երբ Գոռը նրա երգերն է կատարում, փշաքաղվում եմ։ Հանդիպման առաջին օրվանից պատկերացրել եմ, որ Բոչելիի երգերն է երգելու։ Ամեն անգամ ականջներումս Գոռի ձայնով Բոչելիի երգացանկն է։ Գոռի հետ աշխատանքում յուրահատուկ ոչինչ չենք անում, մի առանձնահատկություն կա՝ թելադրողն ինքն է, մեզ մնում է ստեղծագործել հաճելի մթնոլորտում։ Չափազանց ճշտապահ է, գիտեմ՝ եթե ժամը երկուսին փորձ եմ նշանակել, այդ ժամին այստեղ է լինելու»,- ասում է Աննա Մուսայելյանը։
Գոռ Համբարձումյանը եւ Աննա Մուսայելյանը Գոռ Համբարձումյանը եւ Աննա Մուսայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Он наш любимчик (Նա մեր սիրելին է)»,- ավելացնում է դաշնակահար Կարեն Սարաֆյանը, ում նվագակցությամբ էլ Գոռը երգում է։

Գոռը քոլեջ միայնակ է գալիս, հասարակական տրանսպորտով Էրեբունի համայնքից հասնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Տեսողությունս այնքան վաղ եմ կորցրել, որ կարելի է ասել՝ առհասարակ չեմ տեսել։ Միայն լույս եմ տեսնում, այն էլ՝ մի քանի ամիսը մեկ։ Չեմ տեսնում, բայց լիարժեք կյանքով եմ ապրում»,- ասում է Գոռը։

1-6-րդ դասարաններում նա սովորել է կույրերի հատուկ դպրոցում, բայց 7-րդ դասարանում որոշել է տեղափոխվել հանրակրթական դպրոց։



«Դպրոցն այդ պահին ներառական չէր, բայց ինձ ընդունեցին։ Հատուկ դպրոցում ինձ աշխարհից կտրված էի զգում։ Գոհ չէի նաեւ կրթությունից, գրքերը մատչելի չէին։ Չեմ ասում՝ գիտելիք չեմ ստացել, օրինակ՝ Բրայլի այբուբենը հենց այնտեղ եմ սովորել, բայց հասկացա, որ պետք է տեղափոխվեմ հանրակրթական դպրոց։ Որքան շուտ մարդ դուրս գա աշխարհ, շփվի իր հասակակիցների հետ, այնքան արագ կինտեգրվի հասարակության մեջ։ Եթե հատուկ դպրոցից միանգամից քոլեջ ընդունվեի, ինձ համար բարդ կլիներ»,- պատմում է նա։
Գոռը մոր՝ Քրիստինեի հետ Գոռը մոր՝ Քրիստինեի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռին դպրոց գնալիս կամ մայրն է ուղեկցել, կամ քույրը, ինչն այնքան էլ դուր չի եկել նրան, քանի որ չի ցանկացել նեղություն տալ հարազատներին ու կախում ունենալ որեւէ մեկից։

«Եթե կարող եմ, ուրեմն պետք է ինքս անեմ։ Ուզում եմ կյանքն ապրել այնպես, ինչպես բոլորը։ Ուզում եմ իմ ապրելուց, ստեղծած կյանքից հաճույք ստանալ, որ կուրությունը չխանգարի։ Հայաստանում կույրերի համար հարմարությունները շատ չեն։ Կարծում եմ՝ չկա երկիր, որ լիարժեք հարմարեցված է, բայց եթե սպասեմ դրան, կյանքս կանցնի ու ոչինչ չեմ հասկանա»,- ասում է Գոռը։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռը յոթ տարեկանից երգի է հաճախում, ավարտել է Երգի պետական թատրոնը, հաճախել Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց։

«Ժամանակ կար, երբ առավոտյան քոլեջում դասի էի լինում, հետո միայնակ գնում էի Երգի թատրոն, երեկոյան 8-ին վերադառնում տուն։ Չէի նեղվում, գիտեի, թե ինչի համար եմ այդ ամենն անում։ Երբ մարդ նպատակ է ունենում, դրա իրագործման համար պետք է ամեն ինչ ներդնի, աշխատասեր լինի»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռն ասում է, որ Հայաստանում կույրերը ոչ միայն կենցաղային, տեխնիկական անհարմարությունների են բախվում, այլեւ հասարակության կարծիքին։

«Ոմանց համար տարօրինակ է, որ միայնակ եմ երթեւեկում, մտածում են՝ ծնողներ չունեմ, «փողոցից» եմ։ Հարցնում են՝ «ծնողդ գիտի՞, որ դրսում ես»։ Մի անգամ երեկոյան ավտոբուսով տուն էի վերադառնում, նման հարց տվեցին, ասացի՝ «տնից փախել եմ, եթե հնարավոր է՝ ձեր տանը երկու օր մնամ»։ Այդ մարդը շփոթվեց, ասաց՝ «բայց մեր տանը տեղ չկա»։ Մարդկանց խոսքի տոնայնությունից հասկանում եմ՝ ուզում են հոգատար լինել, թե․․․ Ինձ շրջապատողները միշտ պատրաստ են օգնել, հոգատար են, բայց գիտեն, որ պետք է ինքնուրույն տեղաշարժվեմ, առանց որեւէ մեկի օգնության։ Իմ նպատակը հասարակությանը ձուլվելն ու ընդունվելն է այնպես, ինչպես կամ։ Չեմ ուզում, որ իմ չտեսնելն ուրիշների համար խնդիր լինի»,- ասում է նա։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բոլոր դեպքերում, երբ հնարավորություն կա, Գոռն օգտվում է խելացի հարմարեցումից։ Քոլեջ ընդունվելուց հետո, որպեսզի որեւէ մեկից կախում չունենա տեղաշարժվելու հարցում, ընկերների հետ միասին դասասենյակների դռներին Բրայլ համակարգով փակցրել են դասասենյակների թվերը։ Ասում է՝ սկզբում շատ էր օգնում, հիմա արդեն այնքան լավ գիտի շենքը, որ ուշադրություն չի դարձնում։

«9-րդ դասարանում սկսեցի հաճախել «Լիարժեք կյանք» կենտրոն ու սովորել ձեռնափայտ օգտագործել։ Տարբեր պատճառներով սկզբում չէի ուզում օգտագործել, հետո համակերպվեցի։ Իրար լավ ենք հասկանում, շատ է օգնում, խոչընդոտներին առաջինը ձեռնափայտն է բախվում ու ես խուսափում եմ դրանցից։ Ձեռնափայտն իմ ընկերն է, կյանքի ուղեկիցը։ Անծանոթ միջավայրում, թեկուզ օգնեն, երբ ձեռնափայտն ինձ հետ չէ, ոնց որ մարմնիս մի մասը չլինի»,- ասում է նա։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռը նշում է, որ ծնողներն են իրեն խրախուսել անկախ լինել, բայց հատկապես մայրը դժվարությամբ է համակերպվել իր՝ տնից միայնակ դուրս գալու որոշման հետ։

«Ավելի շատ հայրս էր խորհուրդներ տալիս, հասկանում էր, որ ինքնուրույնությունն ապագայում ինձ շատ է օգնելու։ Սկզբում մեր բակի տարածքը սովորեցի, սկսեցի միայնակ խանութ, վարսավիրանոց գնալ։ Քոլեջ ընդունվելուց հետո պետք էր ճանապարհը սովորել։ Հանկարծ ծնողներս, հատկապես՝ մայրս, սկսեց դեմ լինել իմ անկախ լինելուն, բայց ես «պնդաճակատ» եմ, հիշեցրի, որ իրենց խորհուրդներն են ինձ մոտիվացրել։ Առաջին անգամ միայնակ դասի գնացի ձմռանը, փողոցները սառած էին, դրա պատճառով ծնողներս ավելի անհանգիստ էին։ Ցույց չէի տալիս, բայց ես էլ էի լարված։ Միայնակ դասի գնալուց հետո անհանգստությունն անցավ։ Առաջինն ինձ համար եմ որոշել ինքնուրույն լինել, հետո՝ մորս։ Քույր ու եղբայր ունեմ եւ չէի ուզում, որ մայրս ամբողջ օրը զբաղված լիներ ինձնով, հետո էլ դժվարությամբ իր մյուս գործերն աներ»,- ասում է նա։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Համարձակությունից ենք խոսում, հարցում եմ՝ «հաճա՞խ ես ռիսկի դիմում», էլի կատակում է՝ «հա դե, փորձում եմ փակ աչքերով քայլել» (ծիծաղում է-հեղ.)։

«Համարձակությունը, երբեմն, վնասում է։ Կարող եմ վազել ու գլուխս խփել։ Երբ նոր էի միայնակ քոլեջ գնում, կանգառից մայրս էր ճանապարհում, քոլեջի կանգառից էլ տուն՝ ընկերներս, հետո մայրս դիմավորում էր եւ միասին տուն էինք գնում։ Երեկոյան ժամը 8-ն էր՝ ձեռնափայտի պարապմունքից էի գալիս, պետք է հասնեի կանգառ ու զանգեի մորս, որ դիմավորեր, բայց չարեցի։ Մինչ այդ ուղեղիս մեջ գծագրել էի կանգառից տուն ճանապարհը։ Դեպի տուն քայլելու ընթացքում մաման զանգում էր, չէի պատասխանում, հասա տուն, մաման «վալերիանկա» խմեց (ծիծաղում է-հեղ.), զանգեց ձեռնափայտիս ուսուցչուհուն, պատմեց։ Ուսուցչուհիս ասաց՝ «ճիշտ է՝ քեզ լարվածության մեջ է պահել, բայց լավ է արել»»,- ասում է Գոռը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռը հաճախ է համերգների մասնակցում, հիմնականում՝ բարեգործական։ Հասցրել է ելույթ ունենալ Ռադիոն Գազմանովի, Արսեն Սաֆարյանի, Արամ MP3-ի, Գոռ Սուջյանի հետ։

«Քոլեջից հետո ուզում եմ ընդունվել Կոնսերվատորիայի վոկալ բաժին։ Ինքնակրթությամբ եմ զբաղվում, ինչն ինձ հետաքրքրում է, գտնում եմ։ Ինքնուրույն սովորել եմ կիթառ նվագել։ Այստեղ տեսողությունս մի փոքր խանգարեց, ակորդներ կային, որ չէի կարողանում պահել, մեկ ամիս գնացի կիթառի դասերի։ Հիմա շարունակում եմ ինքնուրույն զարգացնել ունակություններս, որ կարողանամ ավելի բարդ գործեր նվագել։ Կիթառն իմ շատ սիրելի գործիքներից է»,- ասում է Գոռը։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երգից ու երաժշտությունից հետո Գոռի ամենասիրելի զբաղմունքը սպորտն է, փոքր տարիքից լողի է գնացել, հիմա էլ այցելում է Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզասրահ։

«Ջուրն իմ տարերքն է, լողը ինձ համար աշխարհից կտրվելու զբաղմունք է, բայց ես սիրում եմ ֆիզիկական ուժ պահանջող մարզաձեւերը, ինձ միշտ պատկերացրել եմ սպորտում։ Եթե տեսողության խնդիրը չլիներ՝ սպորտի ուղղությամբ կգնայի։ Փոքր տարիքում ուզում էի մարտարվեստի հաճախել, բայց հաշմանդամության պատճառով չընդունեցին։ Հիմա ուզում եմ բազկամարտով զբաղվել»,- ասում է Գոռը։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոռը երազում է հանրաճանաչ երգիչ դառնալու եւ Հայաստանն աշխարհի մեծ բեմերում ներկայացնելու մասին, հետո կմտածի նաեւ ընտանիք կազմելու մասին։

«Դեռ կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա, մնացածը ժամանակի ընթացքում կլինի։ Ուզում եմ քոլեջն ավարտել կարմիր դիպլոմով, աշխատում եմ դրա համար։ Այսպես կկարողանամ միանգամից ընդունվել Կոնսերվատորիայի 2-րդ կուրս, այս տարբերակը վճարովի է, բայց եթե հաշմանդամություն ունեցող անձը հավաքում է անցողիկ բալեր, ապա ուսումն իր համար անվճար է դառնում։ Սրա հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետեւ, եթե ասում եմ, որ բոլորին հավասար եմ, ապա այստեղ էլ հավասարությունը չպետք է խախտվի»,- նշում է Գոռը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Որքան էլ պայքարի անկախ լինելու համար, բայց կան գործողություններ, որ Գոռն ինքնուրույն չի կարող անել։

«Չեմ նեղվում, համակերպվել եմ դրա հետ, բայց ինչ էլ կարող եմ, պետք է անեմ։ Մարդիկ մտածում են մեքենա վարելու մասին, բայց ես չեմ կարող, ավելի ճիշտ՝ միայն կարող եմ մտածել (ծիծաղում է-հեղ.) ու այդքանով իմ մեքենա վարելու ցանկությունը կավարտվի։ Փոքր ժամանակ նստում էի հորս գիրկն ու միասին մեքենա էինք վարում։ Երբեք չեմ մոռանա այդ պահերը»,- ասում է նա։

Գոռը աչքի տարբեր վիրահատություններ է տարել եւ հաճախ փորձում է պատկերացնել, թե ինչ կաներ, եթե տեսողությունը կորցրած չլիներ։
Գոռ Համբարձումյանը Գոռ Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մտածում եմ, որ ապագայում կարող եմ աշխարհը տեսնել ու հետաքրքիր է՝ իմ պատկերացրածի նման է, թե՝ ոչ։ 2016 թվականին Գերմանիայում հետազոտվեցի, բժիշկներն ասացին, որ այդ պահին հնարավորություն չկա, բայց փորձում են ստեղծել չիպ, որը մարդու ուղեղում տեղադրելուց հետո թույլ կտա տեսնել սեւ ու սպիտակ գույներով։ Այդ սարքի հաստատման դեպքում ես էլ կգնամ վիրահատության։ Շատ եմ ուզում տեսնել, բայց եթե նույնիսկ ամբողջ կյանքում չտեսնեմ, միեւնույն է, հաշմանդամությունն ինձ չի խանգարի։ Չեմ ուզում նստել ու սպասել այն պահին, երբ կտեսնեմ ու նոր միայն որեւէ բան կսկսեմ անել։

Պետք է ամեն ինչ անեմ, որ ծնողների տանջանքն իզուր չլինի, մինչեւ անկախ լինելը մայրս ամեն օր, ամեն քայլափոխի իմ կողքն է եղել, չնայած իր ժամանակը կարող էր այլ բանի վրա ծախսել։ Ինձ ոչ թե պարտավորված եմ զգում, այլ գնահատում եմ ծնողիս տանջանքը եւ ուզում եմ հետ վերադարձնել»,- ասում է Գոռ Համբարձումյանը։

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին