Ուժեղացած Քրիստինեն, որ կոտրեց իր իսկ «երբեք»-ը - Mediamax.am

exclusive
9386 դիտում

Ուժեղացած Քրիստինեն, որ կոտրեց իր իսկ «երբեք»-ը


Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Փիրուզյանը
Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քրիստինեն անվասայլակով այնքան արագ ու հեշտ է իջնում թեքահարթակով, կարծես՝ սահի։ Տարիներ առաջ համոզված էր՝ իրեն ոչինչ չի ստիպի նստել անվասայլակին, հետո եղավ մի բան, որ ստիպեց՝ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Անվասայլակով տեղաշարժվելուց հետո Քրիստինեն երկու դժվարություն է հաղթահարել՝ հոգեբանական եւ ֆիզիկական։

«Երբ նոր էի անվասայլակով տեղաշարժվում՝ ձեռքիս ափերին վերքեր էին լինում, հիմա սովորել եմ, ձեռքերս ուժեղացել են»,- ասել է նա։



Քրիստինե Փիրուզյանը ՆԳՆ (նախկինում ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կրտսեր հրահանգիչ, «9-11» ծառայության օպերատոր է։ Պատասխանում է հայտնի հեռախոսահամարով ստացվող ահազանգերին եւ միաժամանակ հսկում համակարգչային երեք էկրան, որոնց վրա քարտեզներ են, տեղեկատվական տվյալներ։ Նրա գրասեղանային աթոռի կողքին մշտապես անվասայլակն է, Քրիստինեն հեշտությամբ մեկից մյուսն է տեղափոխվում եւ մեզ հետ դուրս գալիս նախարարության բակ։

Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մինչեւ 14 տարեկանը առողջական որեւէ խնդիր չունեի, սեպտեմբեր ամիսն էր, գիշերն արթնացա ու հասկացա, որ ոտքերս չեմ զգում։ Կարծես՝ թմրած լինեին։ Շտապօգնության բժիշկներն ասացին՝ թոքաբորբ է, ոտքերս չզգալու պատճառն էլ բարձր ջերմությունն է։ Դեղեր նշանակեցին, բայց վիճակս ավելի վատացավ։ Վանաձորում էինք ապրում, խորհուրդ տվեցին բուժումը շարունակել Երեւանում։ Այստեղ նոր ախտորոշում եղավ՝ ողնուղեղի գլխավոր նյարդի բորբոքում։ Երեք ամիս հիվանդանոցում մնացի։ Ինձ բուժող բժիշկը մորս ասել էր, որ ամբողջ կյանքում անվասայլակին կմնամ, բայց բուժումների, մարզումների, ֆիզիոթերապիայի շնորհիվ ոտքերիս զգայարանները հետզհետե սկսեցին վերականգնվել, հնարավոր եղավ վիճակս մի փոքր լավացնել, սկսեցի քայլել պատերից բռնվելով»,- պատմել է Քրիստինեն։
Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում բուժում ստանալուց հետո Քրիստինեի ընտանիքը տեղափոխվել է Ախթալա եւ նա չի կարողացել շարունակել ուսումը։

«Մտածում էի՝ սովորական հիվանդություն է, մի քանի ամիս անց ոտքի կկանգնեմ, կառողջանամ, ուսումս կշարունակեմ։ Տարիներն անցան, համադասարանցիներս դպրոցն ավարտեցին, բուհ ընդունվեցին, իսկ ես դեռ սպասում էի ապաքինմանը։ Դժվարությամբ քայլում էի, հրաժարվում էի սայլակից, նույնիսկ երբ գնում էինք հիվանդանոց եւ առաջարկում էին սայլակին նստել՝ վիրավորվում էի։ Ինքս ինձ այդ վիճակում չէի պատկերացնում»,- ասել է նա։
Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քրիստինեի կյանքը փոխվել է 20 տարեկանում, երբ ծանոթներից մեկը խորհուրդ է տվել դիմել հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը։

«Դիմեցի աշխատանքի ընդունվելու հարցով, փոխարենը ստացա գեղեցկության մրցույթի մասնակցելու առաջարկ։ Այստեղ հանդիպեցի տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց եւ հասկացա, որ շատերն առողջական ավելի բարդ խնդիրներ ունեն, բայց այնպես են ապրում, թվում է՝ չեն էլ հիշում իրենց հաշմանդամության մասին։ Գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրեցի, հետո վերադարձա Ախթալա, որոշ ժամանակ անց «Ունիսոնը» ֆոտոմոդելի փոքրիկ աշխատանք առաջարկեց, որին նաեւ ցուցահանդես հաջորդեց։ Այս ցուցահանդեսով փորձում էին ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող կինն էլ՝ իր խնդիրներով հանդերձ, գեղեցիկ է»,- նշել է նա։
Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քրիստինեի կյանքը եւս մեկ անգամ կտրուկ փոխվել է 23 տարեկանում, երբ ԱԻՆ նախկին նախարարը Արմեն Երիցյանը որոշել է 30 աշխատատեղ տրամադրել հաշմանդամություն ունեցողներին։

«Նախարարությունում աշխատելու առաջարկ ստացա, հազիվ էի քայլում, ոտքով աշխատանքի գնալ չէի կարող, պետք է անվասայլակից օգտվեի, բայց այդ միտքն ինձ դուր չէր գալիս։ Մայրս օգնեց իր խորհուրդներով, դժվարությամբ, բայց համաձայնեցի։ Աշխատանքն իմ կյանքը շատ փոխեց։ Ընկերներ ձեռք բերեցի, կայացա այս գործում եւ կյանքի հանդեպ տրամադրվածությունս փոխվեց։ Երեք տարի առաջ էլ գործընկերներիցս մեկի տուն հյուր գնացի եւ պատահաբար հանդիպեցի ապագա ամուսնուս։ Մոտ երկու տարի առաջ ծնվեց մեր աղջիկը՝ Լուսեն, եւ ամեն ինչ փոխեց՝ կրկին դեպի լավը»,- ասել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս


«9-11» օպերատորի աշխատանքը բարդ է, լարված, հրդեհների, ավտովթարների, ինքնասպանության փորձերի եւ այլ բարդ իրավիճակների ժամանակ մարդիկ հենց այս հեռախոսահամարն են հիշում։ Հուզական վիճակում քաղաքացիները, երբեմն, կոպտում են իրենց օգնող մարդկանց, բայց Քրիստինեն ասում է, որ նման պահերին փորձում է չտրվել էմոցիաներին։

«Մեզ զանգող մարդիկ արագ օգնություն են ակնկալում եւ նրանց ավելորդ են թվում բոլոր հարցերը, իսկ դրանք անհրաժեշտ են իրավիճակը լիարժեք պատկերացնելու, ահազանգը ճիշտ սպասարկելու, ուժերը ճիշտ ուղարկելու համար։ Լինում է, որ նյարդերս տեղի են տալիս, հուզվում եմ։ Հատկապես աղջկաս ծնունդից հետո՝ երեխաներին վերաբերող զանգերին ավելի էմոցիոնալ եմ վերաբերվում, ուզում եմ ավելի արագ օգնություն ուղարկել կամ որեւէ օգտակար խորհուրդ տալ»,- ասել է նա։
Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քրիստինեն դստերը՝ Լուսեին խնամելու հարցում դժվարություններ չի ունենում, բայց հաշմանդամությունը, երբեմն, խանգարում է, որ նրանք «լիարժեք երջանիկ» լինեն։

«Նեղվում եմ, երբ երեխայի հետ տանը միայնակ եմ լինում, ուզում եմ նրան զբոսանքի տանել։ Մտածում եմ՝ ինչո՞ւ պիտի չկարողանամ նրա ձեռքը բռնած դուրս գալ տնից, քայլել։ Փորձում եմ արագ ազատվել նման մտքերից։ Տանը սայլակ չեմ օգտագործում, քայլում եմ ձեռնափայտով, պատերից բռնվելով։ Լուսեն դեռ փոքր է, կարծես չի նկատում իմ խնդիրը, չի ընկալում այն փաստը, որ իր մայրը դժվարությամբ է քայլում։ Տանը ձեռքը բռնում եմ, սկսում ենք քայլել, միշտ ավելի արագ է քայլում, երբ ասում եմ, որ իր պես արագ շարժվել չեմ կարող, քայլերը դանդաղեցնում է։ Երբեմն, ձեռնափայտով խաղում է, բայց չի հասկանում, որ այն քայլելու համար է»,- ասել է նա։
Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քրիստինեն երբեք սայլակով միայնակ զբոսանքի կամ գնումների չի գնում, վախենում է, որ ինչ-որ բան կպատահի․ «Պիտի կարողանամ հաղթահարել վախերս, շատերին գիտեմ, որ միայնակ դուրս են գալիս, շրջում քաղաքում»։

Քրիստինեն նաեւ չի կարողացել ամբողջովին հաղթահարել մարդկանց հայացքները, երբ իրեն տեսնում են սայլակով։

«Տարիների ընթացքում հայացքների «բովանդակությունը» փոխվել է, նախկինում խղճահարությամբ էին նայում, հիմա հաճախ ժպտում են։ Մտածում եմ, որ պիտի քայլեմ, չեմ համակերպվում խնդրիս հետ։ Որքան էլ փորձում եմ չտրվել էմոցիաներին՝ կաշկանդվածություն եմ զգում։ Փաստացի 14-ից մինչեւ 23 տարեկան գրեթե ոչնչով չեմ զբաղվել, որովհետեւ ամաչել եմ կարգավիճակիցս։ Վատ, ծանր եւ շատ տխուր օրեր եմ ունեցել, բայց դրանք էլ ինքնուրույն եմ հաղթահարել, ինքս ինձ համոզել եմ, որ կյանքն ավարտված չէ, որ հուսահատվելով ոչինչ չեմ փոխի, հակառակը՝ ավելի վատ կլինի»,- ասել է նա։
Քրիստինե Փիրուզյանը Քրիստինե Փիրուզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ԱԻՆ աշխատանքի ընդունվելուց հետո Քրիստինեն փորձել է լրացնել բաց թողած տարիները, էքստեռն քննություններ է հանձնել եւ ավարտական վկայականներ ստացել, ապա ընդունվել է Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիա, նախորդ տարի ավարտել է եւ այժմ նաեւ տնտեսագետի որակավորում ունի։

«Մի ժամանակ հոգեբանությամբ էի հետաքրքրված, հիմա սկսել եմ խոհարարություն սիրել, տանն էլ հաճախ եմ ուտեստներ, թխվածքներ պատրաստում, դա իմ հանգստությունն է։ Մի օր, գուցե, կսկսեմ բլոգ վարել կամ ռեստորան կբացեմ»,- ասել է նա։

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին