Այսօր աշխարհում ակնհայտ գլոբալ միտում է բուժքրոջ կամ բուժեղբոր մասնագիտության համար բակալավրի եւ մագիստրոսի աստիճանները կրթական ստանդարտ դարձնելը: Այս մոտեցումն ամրապնդվում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն հորդորներով։
Դեռեւս 2022 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մեկնարկել էր «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը (BSN), որի առաջին շրջանավարտներն արդեն իսկ համալրել են Հայաստանի առողջապահական համակարգը՝ զինված խորքային գիտելիքներով։
Մեդիամաքսը «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագրի նշանակության եւ ընդհանուր առմամբ ՀԱՀ-ում կրթության առանձնահատկությունների մասին զրուցել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որը ՀԱՀ-ի Իրավագիտության մագիստրատուրայի ծրագրի շրջանավարտ է:
- Տիկի´ն Ավանեսյան, որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ հետադարձ հայացք գցելով Ձեր ստացած կրթությունը՝ ինչպե՞ս կգնահատեք դրա դերը Ձեր մասնագիտական ուղու ձեւավորման եւ կարիերայի ընթացքում հանդիպող մարտահրավերներին պատրաստելու տեսանկյունից։
- Կարող եմ ասել, որ ՀԱՀ-ում ստացած կրթությունն, իհարկե, շատ մեծ դեր է ունեցել: Ես շատ ուրախ եմ, որ Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում ուսանելիս Հայաստանի ամերիկյան համալսարան դիմելու որոշում կայացրի ու կրթությունս շարունակելով այնտեղ՝ ստացա իրավունքի մագիստրոսի կոչում: Կարծում եմ՝ այդ երկու տարիների ուսումնառությունը շատ փոխեց կրթության մասին իմ պատկերացումը՝ հատկապես նորարական մոտեցումների կիրառման առումով: Նաեւ համալսարանական մշակույթի տեսանկյունից հետաքրքիր տարբերություններ կային, որոնք լրացրին, եւ կարելի է ասել, ամբողջացրին իմ մասնագիտական գիտելիքները, փորձառությունն ու ընդհանուր առմամբ կրթական ուղին:
- Ձեր կարիերայի հետագա ընթացքով պայմանավորված նորովի կարեւորվեցին առաջնորդության եւ որոշումների կայացման հմտությունները, որոնք ՀԱՀ-ի կրթական ծրագրերում առանձնահատուկ տեղ ունեն: Այս առումով ինչպե՞ս է օգնում ՀԱՀ-ում ստացած կրթությունը:
- Իմ ամենասիրելի առարկաներից մեկը «Legal writing»-ն էր, որի ընթացքում հմտանում էինք մտքերը, փաստարկները ճիշտ ներկայացնելու մեջ, զարգացնում բանակցությունների կամ պաշտպանյալին ներկայացնելու ժամանակ փաստական հանգամանքների ու եզրակացությունների ճիշտ մատուցման պրակտիկ հմտություններ: Այդ առարկայից մի շարք սկզբունքներ մինչ օրս հիշում եմ եւ կիրառում: Ընդհանուր առմամբ՝ հանրային խոսքի, խմբային աշխատանքներ իրականացնելու առումով ՀԱՀ-ն իսկապես առանձնանում էր եւ միանգամայն այլ որակներ էր հաղորդում կրթական գործընթացին:
ԵՊՀ-ում ստացած կրթությունս տեսական գիտելիքների առումով լիարժեք հիմք էր, իսկ ՀԱՀ-ի մագիստրատուրան օգնեց այդ գիտելիքների՝ իրական իրավիճակներում կիրառելու հմտություններ զարգացնել: Վստահ եմ, որ թե´ առաջնորդության, թե´ կարիերայում ընտրություններ կատարելիս նման կրթական փորձառությունը հայաստանյան իրականությունում մեծ դեր է ունի:
- Ինչո՞վ են ՀԱՀ-ի շրջանավարտները առանձնանում տեղական եւ միջազգային մակարդակներում։
- Գիտեք, ցանկացած համալսարան որոշակի մշակույթ է փոխանցում: Հիմա, երբ ՀԱՀ-ի շրջանավարտներով հանդիպում ենք, մոտեցումների առումով որոշակի ընդհանրություններ նկատելի են՝ միեւնույն ճանապարհն անցած լինելու բերումով: Շարունակում ենք բավական ակտիվ պահել կապը: Ցանկացած բնագավառում միմյանց հանդիպելիս հաղորդակցությունը շատ հեշտ, արագ ու արդյունավետ է ստացվում, եւ այստեղ, իհարկե, մեծ դեր ունի ՀԱՀ-ում ստացած կրթությունը:
- 2022 թվականին ՀԱՀ-ը մեկնարկել էր «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը (BSN), որի շրջանավարտների առաջին սերունդը՝ զինված նոր գիտելիքներով, շարունակում է աշխատանքը առողջապահական համակարգում: Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագրի նշանակությունը։
- Ես չափազանց ուրախ եմ ՀԱՀ-ի «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագրի մեկնարկի համար եւ գիտեք, ինչ էլ ասեմ, գերագնահատած չեմ լինի այն ազդեցությունը, որ կունենա դրա ներդրումը:
Առողջապահական համակարգի զարգացումը, եւ որ ամենակարեւորն է՝ պացիենտի առողջացումը, նրա փորձառությունը, մեծապես կախված է մեր բուժքույրերից ու բուժեղբայրներից: Մենք չենք կարող խոսել որակի, լավ արդյունքների մասին, եթե մեր ամբողջական թիմը՝ բժիշկները եւ բուժքույրերը/բուժեղբայրները, չունենան բավարար թե´ կրթական հմտություններ, թե´ աշխատանքում դերերի ճիշտ բաշխում եւ միասնական մոտեցմամբ առաջ գնալու հնարավորություն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Օրինակ՝ ինչպես ճիշտ պլանավորել եւ ճիշտ իրականացնել պացիենտի խնամքը, ինչպես կազմակերպել հետվիրահատական շատ կարեւոր ընթացքը. այս գործընթացները մեծապես կախված են բուժքույրերից/բուժեղբայրներից։ Կարծում եմ, որ այստեղ կարեւոր է նաեւ շեշտադրել մասնագիտական մշակույթի բաղադրիչը, որում մենք վերագնահատում ենք բուժքույրական գործի կարեւորությունը, բարձրացնում ենք նրանց մասնագիտական դերը՝ հնարավորություն տալով հետագա առաջընթացի։
- ՀԱՀ-ի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետը 2020-ին իրականացրել էր հետազոտություն, որը ցույց էր տվել՝ Հայաստանում բուժքրոջ մասնագիտությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես ինքնուրույն մասնագիտություն. բուժքույրերին հաճախ ընկալում են որպես բժիշկների կցորդ, այլ ոչ թե ինքնուրույն մասնագետներ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այսօր, եւ ի՞նչ դեր կարող են ունենալ ՀԱՀ-ի BSN կրթական ծրագիրն ու դրա շրջանավարտները՝ այս կարծրատիպերը կոտրելու գործում։
- Անգամ այս կրթական ծրագրի ներդրման ընթացքում, որը մենք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ միասին առաջ տարանք, բազմաթիվ կարծրատիպերի հանդիպեցինք, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական ջանքերով կարողացանք կոտրել այդ կարծրատիպերն ու, ի վերջո, Հայաստանում հաստատել քույրական գործի բակալավրի կրթություն:
Ընկալումը այնպիսին էր, որ այս բնագավառը ենթադրում է միայն միջին մասնագիտական կրթություն, այնինչ աշխարհում հիմա անգամ PhD ծրագրեր կան բուժքույրական գործի համար, եւ բուժքրոջ կամ բուժեղբոր մասնագիտությունը ինքնուրույն, կարեւոր եւ մշտապես առաջընթաց ապահովող մասնագիտություն է:
Մեզանում եւս պիտի ամրանա այս ընկալումը թե´ բժշկական հաստատություններում, թե´ պացիենտների ու հանրության շրջանում՝ հետզհետե բարձրացնելով վստահությունն այս մասնագիտության նկատմամբ:
Այս մասնագիտության մասին խոսելիս պետք է միշտ երկու սեռերին էլ անդրադառնանք՝ բուժքույրեր եւ բուժեղբայրներ: Չեզոք տերմինի բացակայությունը եւս կարծրատիպերի ձեւավորման հիմք է դառնում, ու մենք շատ մտածում ենք՝ ինչ անուն տանք մասնագիտությանը: Հիմա այս հարցը բաց թողնենք հանրային քննարկման համար. շատ հետաքրքիր կլինի լսել տարբերակներ:
- Բուժքույրերի եւ բուժեղբայրների դերի բարձրացման ու վստահության ամրացման առումով ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀԱՀ-ի շրջանավարտները:
- Ինձ չափազանց ուրախացնում եւ ջերմացնում է այդ ծրագրով կրթություն ստացած բուժքույրերի արձագանքը: Վերջերս մեր բժշկական կենտրոններից մեկում հանդիպեցի մի ավագ բուժքրոջ, նա անչափ շնորհակալ էր, որ ի վերջո կարողացավ բարձրագույն կրթություն ստանալ իր մասնագիտությամբ: Շատ սիրելով հենց բուժքրոջ մասնագիտությունը, նա չէր ցանկանում բժիշկ դառնալ, այլ միայն ավելի հմտանալ իր գործում ու շարունակել բուժքրոջ աշխատանքը, եւ այս ծրագիրը նրան տվել է այդ հնարավորությունը: Կարծում եմ՝ սա ամենամեծ գնահատականն է:
- Այսօր համաշխարհային միտում է այս մասնագիտության համար բարձրագույն կրթությունը ստանդարտ դարձնելը: Որքանո՞վ է կարեւոր Հայաստանի համար քայլել այս միտմանը համընթաց, ի՞նչ քաղաքականություններ են մշակվում այս ուղղությամբ, եւ արդյոք նախատեսվու՞մ է Հայաստանում ներդնել բուժքույրերի աստիճանական համակարգ՝ միջազգային ստանդարտներին համահունչ։
- Ես կարծում եմ, որ բժշկական կենտրոններում որոշակի դերակատարումներ պետք է կապված լինեն անձի՝ բարձրագույն կրթություն ստացած լինելու հետ։ Մենք կգանք մի փուլի, որում կբարձրացվեն, օրինակ, ավագ բուժքրոջ դերակատարման կրթական պահանջները: Այսօր մեր ավագ բուժքույրերը հիմնականում իրենց տարիների փորձառության, կուտակած գիտելիքների ու հմտությունների բերումով են ստանձնում այդ դերը, սակայն վստահ եմ, որ ապագայում կունենանք առաջընթաց դերակատարումների՝ ըստ կրթական ցենզի ճիշտ բաշխման առումով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր հաջորդ քայլերը հենց դրան են միտված՝ բժշկական կենտրոններում ճիշտ աստիճանակարգի սահմանում, որպեսզի հստակ լինի, թե ինչպիսի կրթական ցենզ ունեցող բուժքույրը ինչ աշխատանքներ պետք է իրականացնի: Սա նաեւ հնարավորություն կտա, որ բարձրագույն կրթություն ստացած բուժքույրերն ու բուժեղբայրները կարողանան աշխատաշուկայում իրենց տեղը գտնել: Սա կարեւոր է, քանի որ նրանք ներդրում են կատարում իրենց կրթությունում եւ հետագայում աշխատաշուկան եւս պետք է դրան ճիշտ արձագանքի:
Հետզհետե, մեր առողջապահական համակարգում մենք մեր ուշադրությունն ավելի ենք սեւեռում որակի բաղադրիչի վրա, արդեն իսկ բոլոր բժշկական կենտրոններում պարտադիր կերպով ունենք որակի մասնագետներ: Բուժքույրական հատվածի որակի վերահսկման դաշտում եւս կունենանք առանձին դերակատարներ, եւ այս հարցում բարձրագույն կրթությունն է այդ մասնագետների ընտրության չափորոշիչը:
- Բացի զուտ կլինիկական գիտելիքներից՝ ՀԱՀ-ի «Քույրական գործ»-ի բակալավրի կրթական ծրագիրը նաեւ ընդգծում է առաջնորդության, բուժօգնության որակի, բուժառուի ապահովության եւ հետազոտական հմտությունների կարեւորությունը։ Ըստ Ձեզ՝ այդ գործոններն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանում բուժքույրերի ապագա դերի ձեւավորման վրա։
- Ձեր հիշատակած հմտությունները չափազանց կարեւոր են, որովհետեւ բժշկական կենտրոնը կամ վիրասրահը աշխատում է նվագախմբի տրամաբանությամբ, որտեղ կան հստակ դերակատարներ ու յուրաքանչյուրն իր դերը պիտի ճշգրիտ կատարի, որպեսզի ունենանք ակնկալված արդյունքը:
Մեր համակարգին պետք են նոր ընդունվող մասնագետներին ճիշտ ուղղորդում տվող անձինք: Այստեղ է, որ առաջնորդական ու կազմակերպչական ջիղը խիստ անհրաժեշտ է:
Գիտահետազոտական հմտություններն առանձնահատուկ կարեւոր են դառնում կուտակած փորձառության կատարելագործման առումով, քանի որ գիտելիքը պետք է անընդհատ վերանայել՝ հիմնվելով ոլորտի զարգացման ու նորարար մոտեցումների ուսումնասիրության վրա:
- Եվ վերջում՝ որպես ՀԱՀ-ի շրջանավարտ, ի՞նչ ուղերձ կփոխանցեք ապագա ուսանողներին, որոնք մտածում են ՀԱՀ-ի «Քույրական գործ»-ի բակալավրի ծրագրում սովորելու մասին, հատկապես նրանց, ովքեր դեռ կասկածում են Հայաստանում բակալավրի աստիճան ունենալու կարեւորությանը։
- Մշտապես շատ մեծ առավելություն է նոր սկսվող գործընթացի մասնակիցը դառնալը, ինչպես, օրինակ, ՀԱՀ-ի առաջին տարիների ուսանողները շատ հպարտ են, որ իրենք առաջին շրջանավարտներն են ու բարձր են գնահատում այդ կոչումը, նույնպես եւ առաջիկա տարիներին այն մասնագետները, որոնք իրենց քայլը կկատարեն դեպի բուժքույրական գործի բարձրագույն կրթություն, կլինեն այն սերունդը, որը հետագայում կհպարտանա նախաձեռնողականության, նորարար մոտեցման համարձակության համար՝ միեւնույն ժամանակ կարողանալով առավել բարձր դիրքեր զբաղեցնել աշխատաշուկայում:
Ես, իհարկե, հորդորում եմ, խրախուսում եմ դիմել ՀԱՀ-ի Քույրական գործ բակալավրի կրթական ծրագրին եւ վստահ եմ, որ այս կրթական փորձը շատ մեծ դերակատարում կունենա յուրաքանչյուրի կարիերայում:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: