Իմ համտեսած Հայաստանը. մաս 4 - Mediamax.am

exclusive
7421 դիտում

Իմ համտեսած Հայաստանը. մաս 4


Լուսանկարը` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:


Մարիա Լապուկը ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի մամուլի քարտուղարն է: Պարզվում է, նրան այնքան է դուր գալիս Հայաստանում, որ Մաշան ցանկացավ մեզ համար մի փոքր հատուկ նախագիծ պատրաստել եւ պատմել մեր երկրի մասին նրանց, ովքեր երբեք այստեղ չեն եղել:

Այսօր ներկայացնում ենք «Փորձել ու զգալ Հայաստանը» հատուկ նախագծի եզրափակիչ, չորրորդ մասը:

Կարդացեք նաեւ շարքի առաջին, երկրորդ ու երրորդ մասերը:

Մաս 4. Վարդավառ կամ բացարձակ խելագար օր  

Կասկադ

Ես ժամանակակից արվեստի մեծ սիրահար չեմ: Ինչպես ասվում է մի ֆիլմում՝ «ժամանակակից արվեստի թանգարանում տեսնում ես դեղին եռանկյունին, ապա հայացքդ ընկնում է «Դեղին եռանկյունի» ցուցանակի վրա, մի խոսքով, ոչ մի հանելուկ»:

Այնուամենայնիվ, Կասկադը եւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը բազում այցելությունների են արժանի: Այստեղ գեղարվեստական ապակու մեծ հավաքածու կա: Իսկ ինչպիսի սենյակ կա ամենավերեւում: Յուրաքանչյուր աղջկա երազանքը` պարկերի մեջ Սվարովսկի ադամանդներից ջահերի սենյակ: Սակայն վեհը զգալու համար պարտադիր չէ անգամ թանգարան մտնել: Կասկադի առջեւ ժամանակակից քանդակների հավաքածու է տեղադրված: «Չաղլիկ» կատուն (կոլումբիացի նկարիչ եւ քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի ստեղծագործությունը), Փղիկը, «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի ճագարներ եւ այլն: Եվ ցանկացած մարդ իրեն ամենաշատը դուր եկածի հետ նկարվում է եւ տեղադրում նկարը Facebook-ի էջում: 

Կասկադից հետո (թե ինչո՞ւ ներսում չի թույլատրվում նկարահանել. հարկավոր է շտապ որեւէ բան փոխել) մտեք սրճարաններից մեկը եւ ըմպեք… հանքային ջուր: Այն այստեղ հոյակապն է: Չեմ հասկանում, թե ինչու են Հայաստանում տարբեր BonAqua-ներ վաճառում, երբ այստեղ «Ջերմուկ» կա: Ախ, եթե իմանայիք, թե որքան եմ այստեղ` Մոսկվայում կարոտում համեղ հայկական ջուրը:

Երեւանում շատ թանգարաններ կան, որոնք պետք է այցելել: Կան նաեւ գեղարվեստական սրահներ, որոնցում երկար կարելի է հրճվել ժամանակակից հայ հեղինակներով: Քանի որ դեռեւս չեմ հասցրել այցելել բոլորը, թողնենք դա Հայաստանի մասին հետագա իմ գրառումների համար:

Էլ ի՞նչ է կարելի անել Հայաստանում 


Բացի բազմաթիվ տեսարժան վայրերից, որոնցով հարուստ է երկիրը, Հայաստանը եզակի է նրանով, որ միշտ կարող եք որեւէ զբաղմունք գտնել: Օրինակ, եթե դուք իսկապես ուզում եք լավ քնել, տնական հաց համտեսել, կամ տեսնել, թե ինչպես են այն թխում, դուք անպայման պետք է գնաք Աղվերան, որտեղ շատ հարմարավետ զբոսաշրջային գոտիներ, հյուրանոցներ եւ պարզապես հանգստյան տներ կան: Տարածքը առանձնանում է նրանով, որ երկար գնում ես գրեթե «մերկ”, արեւից այրված լեռների միջով եւ ապա հայտվում մաքուր օդով լցված մի կանաչ դրախտում: Դա, իրոք, ապշեցնում է:

Երեւանում միշտ կարելի է վարպետների նվագած բարձրակարգ ջազ լսել: Շատ եմ սիրում ընկերներիս հետ Պուշկինի փողոցում գտնվող «Մալխաս» ջազ-ակումբը այցելել: Այստեղ պետք է գալ կեսգիշերին մոտ, կոկտեյլ պատվիրել եւ սպասել մաեստրո Մալխասին: Այնուհետեւ փակել աչքերը եւ հրաշալի երաժշտություն վայելել: Այսպես կարելի է անել ամեն գիշեր, եւ վստահեցնում եմ, որ դա չի հոգնեցնի:


Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Ավելի անսպասելի զվարճանքների սիրահարները կարող են այցելել Հայաստան հուլիսի վերջին, երբ այստեղ Վարդավառ են նշում: Դա բացարձակ խելագար օր է, երբ փողոց դուրս գալուն պես քեզ կարող են ջրել մի մեծ դույլով, ընդ որում, մի քանի անգամ: Եվ դա կանեն անծանոթ մարդիկ: Որովհետեւ տոն է: Ախ, որքան էի ուզում այդ օրը Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտ լինել, այնտեղ հիասքանչ էր` մի հատ չոր մարդ չկար: Կարեւորն այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չի ջղայնանում, իսկ զբոսաշրջիկներին ջրելուց հետո բացատրում են, թե ինչ է կատարվում: Շատ ուրախ տոն է: Շոգ օրին սառը ջրով ինձ ջրեցին ռեստորանում, այսինքն` դրանից դուրս գալուց:

Երեւանում կարելի է առավոտյան արթնանալ եւ գնալ Վերնիսաժ, որը քաղաքի կենտրոնում գտնվող իրական տոնավաճառ է: Այնտեղ կարելի է գնել գեղեցիկ զարդեր բոլոր ընկերուհիների համար, գտնել դարեսկզբի հիանալի սկահակներ, կամ էլ 50-ականներից նվիրատվական գրառումով պահպանված սրճեփ, կաշվից գեղեցիկ զարդեր եւ շատ-շատ անպետք, բայց չափազանց հաճելի իրեր:


Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Ապա` մտնել շուկա (ցավոք, իմ սիրելի Փակ շուկան վերակառուցում են) եւ մի զամբյուղ միրգ գնել: Իսկ հետո ուղղակի աննպատակ քայլել փողոցներով, իսկ երեկոյան հայտնվել երգող շատրվանների մոտ, կամ էլ հարմարավետ սրճարանում մի գավաթ գինով: Իսկ ավելի լավ է գնալ 2000 անձի համար նախատեսված ռեստորան, որտեղ ձեզ ոչ միայն համեղ եւ արագ կկերակրեն, այլեւ կզարմացնեն, թե ինչպես են մարդիկ զվարճանում:

Նման ճամփորդություններից հետո Հայաստանից մեկնելը միշտ շատ տխուր է: Ես միշտ տխրում եմ: Սակայն իմ մեջ ուժ եմ գտնում, duty free-ում հայկական կոնֆետներ, գինիներ, կոնյակ եւ թեյ եմ գնում եւ վերադառնում Մոսկվա, որպեսզի մի քանի ամիս անց կրկին վերադառնամ Երեւան:

Տեքստը` Մարիա Լապուկ` հատուկ Մեդիամաքսի համար:
Լուսանկարները` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին