Իմ համտեսած Հայաստանը. մաս 2 - Mediamax.am

exclusive
7016 դիտում

Իմ համտեսած Հայաստանը. մաս 2


Լուսանկարը` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:


Մարիա Լապուկը ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի մամուլի քարտուղարն է: Պարզվում է, նրան այնքան է դուր գալիս Հայաստանում, որ Մաշան ցանկացավ մեզ համար հատուկ նախագիծ պատրաստել եւ պատմել մեր երկրի մասին նրանց, ովքեր երբեք այստեղ չեն եղել:

Ներկայացնում ենք «Իմ համտեսած Հայաստանը» հատուկ նախագծի երկրորդ մասը:

Մաշայի պատմվածները նկարազարդելու համար ընտրեցինք ռուս լուսանկարիչ Ալեքսանդր Տյագնի-Րյադնոյի նկարները` 2006թ. նա այցելել էր Հայաստան Մեդիամաքս-ի հրավերով:

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Մաս 2. Երբ հյուրընկալությունը պարզապես բառ չէ, այլեւ ավանդույթ 

Գառնի


Էքսկուրսիոն ծրագրի պարտադիր մասը այցելությունն է Գառնի: Այն մ.թ.ա. I դարից պահպանված հեթանոսական տաճար է, որը ոչ միայն պատմական հուշարձան է, այլեւ ակուստիկ հրաշք: Ներսում հնչող մեղեդին լսվում է արդեն մուտքի մոտ, որի մոտ պարտադիր պետք է կանգ առնել եւ մտածել, որ այդ քարերը մոտ երկու հազար տարեկան են եւ, փաստորեն, կանգուն են եւ ծառայում են իրենց բուն նպատակին:

Վերջին անգամ այդկերպ տպավորվել էի Ռեգենսբուրգում, որտեղ կան հռոմեական կոնկիստադոռներից պահպանված ճաղեր, որոնք առանց որեւէ «մեխի» կանգուն են ավելի քան 1000 տարի: Կանգուն են եւ այստեղ, եւ այնտեղ, բայց, միեւնույն է, վախենալու է:

Ապա` պետք է դանդաղ քայլել մինչեւ Գառնու կիրճ, պարտադիր կերպով տպավորվել աջ կողմի տեսարանով, որտեղ գետնից մի քանի տասնյակ մետր բարձրության վրա գտնվող հսկայական բարձրավանդակում գտնվում է ձեռք չտված հողակտոր: Անմիջապես ցանկացա այնտեղ տուն ունենալ, սակայն մտավախություն ունեմ, որ այնտեղ Wi-Fi-ի հետ խնդիրներ կլինեն:

Վերադառնամ Գառնու ակուստիկային. 2000 տարի առաջ հրաշքներ են գործել` այստեղ ձայնը ոչ միայն բարձրանում է, այլեւ շերտավորվում հազար ձայների, ապա միաձուլվում ինչ-որ տեղ վերեւում ու թափվում լսողների վրա: Ես կցանկանայի հենց այստեղ լսել իտալական պիացոն, կարծում եմ, երգիչները չէին հավատա իրենց իսկ ականջներին` հանդես գալով նման բեմում: Շլացուցիչ համերգից հետո արժե գնալ Գառնու կիրճ եւ տեսնել, թե որքան մաթեմատիկորեն ճիշտ է լինում բնությունը: Կիրճի պատերը բաղկացած են ճիշտ վեցանկյուններից, որոնք ձգվում են լեռնային գետից մինչեւ ամպերը:


Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Հսկաների կամուրջ՝ նման անվանմամբ երեւույթ կա նաեւ Շոտլանդիայում: Ասում են, որ շատ վաղուց Իռլանդիայում մի բարի հսկա էր ապրում, իսկ նրանից մի նեղուց այն կողմ` չար: Շոտլանդացի հսկան միշտ նեղացնում էր իռլանդացուն: Եվ մի անգամ վրեժի ծարավը եւ լողալ չիմանալը ստիպում են նրանցից մեկին կամուրջ կառուցել դեպի մյուսը: Սակայն գիշերը կամուրջը քանդվում է հարեւանի կողմից, ով ցանկանում էր փորձարկել այն: Մեր օրեր հասել է միայն Հսկաների կամրջի սկիզբը, որը բաղկացած է վեցանկյուն բազալտե սյուներից. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում եւ բնության հրաշքներից մեկը… Ճիշտ նույն վեցանկյուն հրաշքներ կարելի է տեսնել Գառնիում: Բնությունն իրոք օրինաչափ է եւ հստակ, ինչպես մաթեմատիկան:

Հետաքրքիր ճանապարհորդությունից հետո hետդարձի ճանապարհին արժե մտնել մուտքի աջ կողմում գտնվող սրճարանը եւ մի գավաթ սուրճ վայելել` լեռներին նայելով: Սա նույնպես պարտադիր ծրագիր է, այլապես տպավորություններն ամբողջական չեն լինի:

Գեղարդ

Այսպիսի անվանում ունի IV դարում կառուցված, սարերում թաքնված այս վանքը: Չեմ խորասուզվի պատմության մեջ, այն ձեզ կպատմի յուրաքանչյուր էքսկուրսավար, սակայն ես կուզենայի իմ տպավորությունները փոխանցել տեսածիցս: Իրականում շատ ծանր վանք է: Ոչ մի կերպ չէի կարող հասկանալ այդ տպավորությանս պատճառը, մինչեւ այցելություններից մեկի ժամանակ ինձ չպատմեցին, որ երկար ժամանակ Գեղարդում պահվել է այն նիզակներից մեկը, որով խաչելուց հետո ծակել են Հիսուսին: Ահա այդպիսի վայր կա Հայաստանում:


Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Հենց այնտեղ ես հասկացա, որ երկրում հրաշալի մարդիկ են ապրում: Մայրս խնդրել էր, որպեսզի իր համար կանաչ ընկույզ բերեմ: Ռուսաստանի կենտրոնական հատվածում ընկուզենին էկզոտիկ երեւույթ է: Տեսնելով մի կնոջ, ով ընկույզ է վաճառում, հարցրեցի, թե որտեղից կարող եմ կանաչները գտնել: Հարցս նրան զարմացրեց, նա հետաքրքրվեց, թե ինչի՞ են ինձ պետք կանաչ ընկույզներ: Դրանից հետո մոտեցավ ծառին եւ մի մեծ պարկ ընկույզներ հավաքեց ինձ համար, ընդ որում, գումար չվերցրեց, քանի որ ընկույզները մորս համար էին:

Մեկ այլ պատմություն այն մասին, որ Հայաստանի հյուրընկալությունը ոչ թե պարզապես խոսքեր են, այլ ավանդույթ: Մի անգամ շատ շոգ օր էր, գնում էին մայրուղով, ճանապարհը երկար էր, այդ իսկ պատճառով ստիպված եղանք առավոտ շուտ դուրս գալ եւ չհասցրինք նախաճաշել: Ողջ ճանապարհի ընթացքում անչափ սուրճ էինք ուզում, եւ կանգ առանք մի փոքրիկ գյուղում: Ուղեկիցս մոտեցավ միրգ վաճառող աղջիկներին եւ հարցրեց, կարո՞ղ են արդյոք մեզ սուրճ հյուրասիրել:


Լուսանկարը`Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:

Մի քանի րոպե անց ճամփեզրին սփռոցով սեղան հայտնվեց, գեղեցիկ սպասք, թարմ եփած սուրճ, կոնֆետներ, մրգեր: Մինչեւ հիմա չեմ կարող հասկանալ, թե որտեղ՞ից այդ ամենը հայտնվեց ճամփեզրին: Ահա թե ինչպիսի հյուրասիրություն է: Առանց գումարի եւ պարտադրված լինելու: Հենց այնպես: Նման բաները Հայաստանում ինձ մինչեւ հիմա անկեղծորեն զարմացնում են: 

Շարունակությունը կարդացեք վաղը:

Տեքստը`
Մարիա Լապուկ` հատուկ Մեդիամաքսի համար:
Լուսանկարները` Ալեքսանդր Տյագնի-Րյադնո:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին