Ներկայացնում ենք Carnegie Politika կայքում հրապարակված Китай без нефти. Как интервенции Трампа усиливают позиции России հոդվածի հայերեն թարգմանությունը:
Միխայիլ Կորոստիկով, արեւելագետ, Բելգրադի անվտանգության քաղաքականության կենտրոնի հրավիրյալ փորձագետ
Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը սրընթաց զարգանում է եւ դրա ընթացքը կանխատեսելը դժվար է։ Սակայն արդեն իսկ կարելի է հստակ նշել մարտական գործողություններից գլխավոր տուժողներից մեկին՝ Չինաստանին։ 2025 թվականին չինական նավթի ներմուծման մոտ մեկ հինգերորդը բաժին էր ընկնում Իրանին եւ Վենեսուելային, որը նույնպես վերջերս ենթարկվեց ամերիկյան ինտերվենցիայի։ Հիմա այդ մատակարարումները լավագույն դեպքում հարցականի տակ են, ինչից շահում է նախեւառաջ Ռուսաստանը, որը պատրաստ է ավելացնել նավթի արտահանումը Չինաստան։
Նավթային կեռագիծը
Իրանական եւ վենեսուելական նավթից Չինաստանի կախվածության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, քանի որ այդ մատակարարումների մեծ մասն իրականացվել է ստվերային՝ արեւմտյան պատժամիջոցների պատճառով։
Այնուամենայնիվ, անուղղակի գնահատականները փաստում են, որ 2025 թվականի վերջի դրությամբ այս երկու երկրներին բաժին է ընկել ՉԺՀ նավթային ողջ ներմուծման մոտ 17-18%-ը։ Կարակասի եւ Թեհրանի համար չինական շուկա արտահանումը եկամտի գլխավոր աղբյուրն էր, սակայն եւ Պեկինի համար այս երկու պետությունները կարեւոր առեւտրային գործընկերներ էին։
Պատժամիջոցներով պայմանավորված թե՛ վենեսուելական եւ թե՛ իրանական նավթը Չինաստան էր հասնում զգալի զեղչերով։ Այս նավթի վերամշակման վրա էր հիմնված երկրի հարավում գտնվող չինական անկախ նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) զգալի մասի բիզնես մոդելը։ Այս հոսքերը պահպանելու նպատակով ստեղծվել էր պատժամիջոցների շրջանցման բարդ ենթակառուցվածք՝ «ստվերային նավատորմի» կիրառումից մինչեւ չեզոք ջրերում նավից նավ բեռնափոխադրումներ եւ բեռի հետագա օրինականացում Մալայզիայի, ԱՄԷ-ի ու Օմանի նավահանգիստների միջոցով։
2025 թվականին Վենեսուելայի նավթի ընդհանուր արտահանումը կազմում էր օրական մոտ 0,9 մլն բարել, որի ավելի քան 80%-ն ուղղվում էր Չինաստան։ Սակայն ամերիկյան ինտերվենցիան տապալեց առաքումները դեպի Ասիա։ Նոր մատակարարումները գրեթե դադարեցված են. 2026 թվականի հունվարից վենեսուելական առանցքային նավահանգիստներից առաքումները դեպի Չինաստան դադարել են, իսկ չինական բեռները կա՛մ հետ են վերադառնում, կա՛մ վերահասցեագրվում են։
Վաշինգտոնը հայտարարում է, որ այսուհետ Վենեսուելայի ողջ արտահանումը պետք է ընթանա «օրինական ուղիներով», եւ ինքն է վերավաճառում գնված վենեսուելական նավթի մի մասը, այդ թվում՝ Չինաստանին։ Չինական անկախ ՆՎԳ-ները, որոնց համար վենեսուելական ծանր նավթը առանցքային հումք էր, պատրաստվում էին երկրորդ եռամսյակում վերակողմնորոշվել դեպի իրանական, ռուսական եւ կանադական ծանր տեսակները։ Այժմ դա ավելի կբարդանա, քանի որ իրանական մատակարարումների ապագան նույնպես մշուշոտ է։
Չինական մեծ շրջափակումը
Առայժմ Չինաստանն իր ավանդական ոճով ձեռնպահ է մնում Վենեսուելայում եւ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ռազմաշունչ արձագանքից: Սակայն Չինաստանի համար ռիսկերն աճում են: Նույնիսկ իրանական եւ վենեսուելական արտահանման լիակատար դադարեցումը ՉԺՀ-ում ճգնաժամի անմիջապես չի հանգեցնի, սակայն կկործանի գնային այն մոդելը, որի վրա հիմնված են չինական տնտեսության ամբողջական հատվածներ: Օրինակ, հենց փոքր ՆՎԳ-ները, որոնք ապահովում են չինական ողջ նավթավերամշակման մոտ մեկ քառորդը:
Չինաստանը, իհարկե, կարող է փոխարինել պակասող ծավալները՝ ավելացնելով ներմուծումը Սաուդյան Արաբիայից, Իրաքից, Ռուսաստանից, Բրազիլիայից եւ հենց ԱՄՆ-ից, սակայն դրանք կլինեն ավելի թանկ եւ հաճախ որակական առումով պակաս հարմար տեսակներ: Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ չինական տնտեսությունն առանց այդ էլ լավագույն վիճակում չէ:
Լուսանկարը` REUTERS
Լրատվամիջոցներում կարելի է տեղեկատվություն գտնել 2020 թվականին կնքված չին-իրանական համաձայնագրի մասին, որի շրջանակներում Պեկինը խոստացել էր «Գոտիներ եւ ճանապարհներ» նախաձեռնության շրջանակներում 25 տարվա ընթացքում ներդնել մինչեւ $400 միլիարդ: Սակայն դա ավելի շուտ մտադրությունների հռչակագիր էր, իսկ իրական չինական ներդրումները Իրանում 2005-2025 թվականներին կազմել էին ընդամենը $4,7 միլիարդ: Ավելին ներդնելուն խոչընդոտում են նախեւառաջ արեւմտյան պատժամիջոցները. չինական ընկերությունները չեն ցանկանում ռիսկի դիմել, իսկ չինական պետությունը չի ցանկանում փոխհատուցել նրանց այդ ռիսկերը:
Ներդրումների կորստից բխող բացասական հետեւանքն ավելի է խորացնում այն, որ չինական ներդրումներն այժմ Վաշինգտոնի աչքում, ըստ էության, դառնում են ծանրացնող հանգամանք: Դրանք չեն պաշտպանում ամերիկյան ինտերվենցիայից, այլ ընդհակառակը՝ մեծացնում են դրա հավանականությունը մի իրավիճակում, երբ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը չի թաքցնում իր պատրաստակամությունը՝ դիմելու ցանկացած քայլի Չինաստանի զսպման համար:
Ովքե՞ր են մնացել
Չինաստանին նավթ մատակարարող գլխավոր 10 երկրներից երկուսն արդեն դուրս են մնացել խաղից, եւս հինգը ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցներն են (Սաուդյան Արաբիա, Օման, ԱՄԷ, Քուվեյթ, Մալայզիա): Մնացած երեքը Ռուսաստանն են, Իրաքը եւ Բրազիլիան: Վերջինիս հետ Թրամփը փորձում է առճակատման առիթներ գտնել, սակայն չինական ներմուծման մեջ նրա մասնաբաժինը մեծ չէ՝ մոտ 4-5%:
Իրաքը վերջին տարիներին մերձենում է ՉԺՀ-ի հետ եւ ապահովում նավթի ներմուծման մոտ 10%-ը։ 2024 թվականի սկզբին չինական ներդրումներն այս երկրում հասել էին $34 միլիարդի, որի գրեթե 90%-ը բաժին է ընկնում էներգետիկային։ Չինական էներգետիկ ընկերությունները՝ հսկա CNPC-ից մինչեւ փոքր խաղացողներ, իրենց կառավարմանն են վերցնում իրաքյան խոշոր հանքավայրերը եւ բաժնեմասեր գնում նավթավերամշակման ու գազավերամշակման գործարաններում։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը պահպանում է հատուկ ազդեցություն Իրաքի անվտանգության ոլորտում։ Թեեւ Վաշինգտոնն այնտեղից դուրս է բերել գրեթե ողջ զորակազմը, այն շարունակում է սերտորեն համագործակցել իրաքյան բանակի հետ եւ մնում է առանցքային ռազմական գործընկեր։ Դժվար չէ պատկերացնել այն փաստարկների շարքը, որոնք Թրամփը կարող է առաջ քաշել, եթե որոշի հաշվեհարդար տեսնել իրաքյան էներգետիկայում չինական ներկայության հետ։
Լուսանկարը` REUTERS
Ամենահետաքրքիր իրավիճակը ստեղծվում է Ռուսաստանի շուրջ, որը 2025 թվականին չինական նավթի ներմուծման անվիճելի առաջատարն էր՝ 17,5% մասնաբաժնով։ Մոսկվան հայտնվում է Թրամփի վենեսուելական եւ իրանական ինտերվենցիաների գլխավոր շահառուների թվում։ Նա կարող է նավթի արտահանման մի մասը Հնդկաստանից վերաուղղորդել դեպի Չինաստան, ինչով միաժամանակ կօգնի թուլացնել ամերիկյան ճնշումը Նյու Դելիի վրա եւ աջակցություն կցուցաբերի Պեկինին։ Նման վերաբաշխումն արդեն սկսվել է վենեսուելական մատակարարումների նվազումից հետո, իսկ այժմ, ըստ ամենայնի, կարագանա։
Թրամփի ինտերվենցիաները Մոսկվային հնարավորություն են տալիս հաստատելու իր սիրելի թեզը, որն ընկած է ռուս-չինական մերձեցման հիմքում. դեպի Չինաստան ռեսուրսների մատակարարման ծովային երթուղիները ցանկացած պահի կարող են կտրվել ԱՄՆ-ի կողմից, ուստի միակ հուսալի միջոցը խողովակաշարերն են։ «Սիբիրի ուժը - 2» գազամուղի նախագիծը, որը վերջապես քաղաքական մակարդակով համաձայնեցվեց 2025 թվականի սեպտեմբերին, կարող է արագացվել։ Չի բացառվում, որ ավելի մեծ ուշադրություն արժանանան նաեւ ենթակառուցվածքային այլ նախաձեռնություններ։
Եթե Թրամփի վարչակազմն իսկապես մտադիր է Չինաստանից հերթով պոկել նրա առանցքային գործընկերներին, ապա ՉՇՀ-ում ռեսուրսների մատակարարի հանդեպ յուրաքանչյուր նման հաղթանակ ամրապնդելու է Ռուսաստանի դիրքերը, որն ի վիճակի է տրամադրել գրեթե անսպառ ռեսուրսներ:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












