Ներկայացնում ենք Foreign Policy ամսագրի կայքում հրապարակված The United States Has Grand Plans in the Caucasus հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հոդվածի հեղինակ Եվգենի Չաուսովսկին New Lines ինստիտուտի ավագ տնօրենն է, նախկինում ավելի քան 10 տարի աշխատել է Stratfor վերլուծական ընկերության Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակման էր պատրաստվել նախքան 2026թ. փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկը:
Եվգենի Չաուսովսկի
Մինչ Իրանը ցնցվում է ներքին խռովություններից, իսկ Թրամփի վարչակազմը մտածում է ռազմական հարվածների մասին, Միացյալ Նահանգներն աննկատ, բայց զգալիորեն ակտիվացնում է իր ներգրավվածությունը Իրանից հյուսիս գտնվող երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Թրամփի վարչակազմը խորապես ներգրավված էր երկու վաղեմի թշնամիների միջեւ դիվանագիտական միջամտության մեջ՝ նպատակ ունենալով բարելավել տնտեսական կապերը ռազմավարական առումով կարեւոր Կովկասյան տարածաշրջանում՝ միջազգային առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման օգնությամբ: Այս ջանքերը թերեւս վկայում են, թե ինչպես է ԱՄՆ-ն կառավարում աշխարհի այլ ճգնաժամերը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցությունը:
1980-ականների վերջից մինչեւ ոչ հեռու անցյալը Հայաստանն ու Ադրբեջանը երկարատեւ պատերազմի մեջ էին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար: Երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ այժմ լուծարված Մինսկի խմբի միջնորդական ջանքերը արդյունք չտվեցին, Ադրբեջանը 2020 թվականին, հետո նաեւ 2023 թվականին ռազմական գործողություններ սկսեց՝ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում կորցրած տարածքները վերադարձնելու համար: Ռուսաստանը, որը երկար ժամանակ Հայաստանի անվտանգության երաշխավորն էր եւ զորքեր էր տեղակայել տարածաշրջանում, չմիջամտեց՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող տարածքների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների բացակայության եւ, ավելի ուշ, Ուկրաինայում պատերազմի պատճառով։
Ադրբեջանի ռազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղում իրականացվեց Բաքվի վաղեմի նպատակներից մեկը. ոչ միայն կորցրած տարածքների վերադարձ, այլեւ երկարատեւ հակամարտության պատճառով անջատված տարածքների հետ տրանսպորտային կապերը վերականգնում եւ ամրապնդում: Սա ներառում էր Նախիջեւանի էքսկլավը եւ արեւմտյան տարածքները, որոնք մոտ են Թուրքիային, որի հետ Ադրբեջանը սերտ դիվանագիտական եւ անվտանգության կապեր ունի։
Այդ նպատակն իրականացնելու համար ռազմական հակամարտությունը խաղաղության համաձայնագրով ավարտվելուց հետո Ադրբեջանն արագ կենտրոնացավ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վրա՝ որպես տարածաշրջանային կապը խթանելու միջոց։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության եկավ 2018-ին ժողովրդական հեղափոխության օգնությամբ եւ զգաց, որ հակամարտությունն ավարտելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա ապաշրջափակվելու եւ ազատվելու Ռուսաստանից կախվածության խոցելիությունից, համաձայնեց համագործակցել Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցում՝ թեեւ երկրի ներսում որոշ խմբերի ուժեղ դիմադրությանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները դանդաղ, բայց կայուն առաջընթաց գրանցեցին, այդ թվում՝ սահմանազատման եւ առեւտրային խոչընդոտների վերացման հարցերի լուծման առումով։ Թրամփի վարչակազմի վերադարձը Սպիտակ տուն արագացրեց խաղաղության գործընթացը։ ԱՄՆ նախագահը ցանկանում էր ամրապնդել իր դիվանագիտական եւ խաղաղարար հեղինակությունը, իսկ երկու երկրները ձգտում էին ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը։ 2025թ. օգոստոսին Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը բարձր մակարդակի արարողության ժամանակ հայտարարեցին, որ երկու երկրները շարժվում են երկարատեւ հակամարտությանը վերջ դնող համաձայնագրի վերջնական վավերացման ուղղությամբ։
2025 թվականի համաձայնագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը մեծ տարանցիկ միջանցքի ստեղծումն է, որը կկոչվի «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղի» (TRIPP): ԱՄՆ-ի կողմից աջակցվող ենթակառուցվածքային նախագիծը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը Նախիջեւանին՝ ճանապարհի, երկաթուղու եւ խողովակաշարերի միջոցով։ Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն 99 տարի կունենա այս տարածքի զարգացման բացառիկ իրավունք: Վերջերս քննարկվել է, որ ԱՄՆ-ն կունենա TRIPP Զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը, իսկ Հայաստանը՝ մնացած բաժնեմասը։
Չնայած տարածքը համեմատաբար փոքր է (ընդամենը 26 մղոն), տրանսպորտային կապը կարող է հսկայական հետեւանքներ ունենալ։ Կովկասյան տարածաշրջանը ոչ միայն հարուստ է նավթի եւ բնական գազի պաշարներով (ինչպես եւ Կենտրոնական Ասիան՝ Կասպից ծովից այն կողմ), այլեւ գտնվում է խոշոր տարանցիկ կետում։ Ադրբեջանն արդեն իսկ արտահանում է իր նավթն ու գազը Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպա՝ ծառայելով որպես Ռուսաստանից էներգետիկ կախվածության դիվերսիֆիկացման կարեւոր աղբյուր։ Միջանցքը կարող է նաեւ Կենտրոնական Ասիայից կարեւոր բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ հանքանյութերի, արեւմտյան շուկաներ տեղափոխելու կարճուղի դառնալ։
Չինաստանը նույնպես ձգտում է մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որտեղ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան Չինաստանը Եվրոպայի հետ կապող այսպես կոչված «Միջին միջանցքի» հիմնական հանգույցներն են։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Սակայն կան խնդիրներ, որոնք կարող են բարդացնել ԱՄՆ-ի ներգրավվածությունը Կովկասում, մասնավորապես՝ TRIPP-ի եւ այլ նախագծերի միջոցով ենթակառուցվածքային կապի ընդլայնման առումով:
Առաջինն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական կարգավորման գործընթացը դեռեւս պաշտոնապես չի ավարտվել: Հիմնական իրադարձությունը, որին պետք է հետեւել, հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են: Հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի իշխող կուսակցությունն այժմ առաջատարն է, բայց Հայաստանում եւ արտերկրում դեռեւս կան ընդդիմադիր խմբեր, որոնք ընտրությունները կդարձնեն կարեւորագույն փորձություն Փաշինյանի եւ խաղաղության օրակարգի համար:
Մյուս մարտահրավերը գալիս է արտաքին դերակատարներից: Ռուսաստանը չի թաքցրել, որ դեմ է Կովկասում Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային կապի նախագծերին, հատկապես եթե դրանք փոխարինելու են իր դերը որպես էներգամատակարարի եւ տարանցիկ երկրի եւ ներգրավում են արեւմտյան երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն: Ու թեեւ Մոսկվան, անշուշտ, նկատել է իր ազդեցության նվազումը Հայաստանում եւ Կովկասում, Ռուսաստանը դեռեւս ակտիվ է տարածաշրջանում եւ ապացուցել է բազմաթիվ թատերաբեմերում՝ Ուկրաինայից մինչեւ Աֆրիկա, որ կարող է ավերիչ դեր խաղալ, երբ զգում է, որ իր շահերը վտանգված են: Երկարատեւ ուկրաինական հակամարտությունը, իհարկե, սահմանափակում է Կրեմլի հնարավորությունները, բայց ամբողջությամբ չի վերացնում:
Իրանն էլ Ռուսաստանի պես դիմադրում է Արեւելք-Արեւմուտք նախագծերին նույն պատճառներով (ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Իսրայելի տնտեսական եւ անվտանգության կապերի պատճառով), եւ ԱՄՆ-ի հետ լարվածության սրումը, հավանաբար, ավելի մեծ անորոշություն կստեղծի այդ առումով: Եթե Իրանի կառավարությունը հաղթահարի ներքին անկայունությունը, Թեհրանն ու Մոսկվան կարող են մերձենալ՝ ԱՄՆ-ի նման գործունեությանը դիմակայելու համար: Սակայն, եթե Իրանում զգալի քաղաքական փոփոխություններ տեղի ունենան անկարգությունների եւ ԱՄՆ ճնշման արդյունքում, դա կարող է լրացուցիչ խթան դառնալ TRIPP-ի նման նախաձեռնությունների համար:
Բազում խաղացողներ իրենց շահերն ունեն տարածաշրջանի ձեւավորման գործում: ԱՄՆ-ի ջանքերը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կարգավորմանը եւ առաջ մղելու TRIPP-ը, կդառնան եվրասիական աշխարհաքաղաքականության կարեւորագույն հենարան եւ օրինակ՝ այլուր գործելու համար:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












