Թուրքիայի վերջին հայկական գյուղը կարող է կորցնել հողն ու հիշողությունը - Mediamax.am

Փետրվար 24, 2026
98 դիտում

Թուրքիայի վերջին հայկական գյուղը կարող է կորցնել հողն ու հիշողությունը


Վաքըֆի բնակչուհին 2007 թվականին
Վաքըֆի բնակչուհին 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

Վաքըֆի եկեղեցին 2023 թվականի երկրաշարժից հետո
Վաքըֆի եկեղեցին 2023 թվականի երկրաշարժից հետո

Լուսանկարը` REUTERS

Վաքըֆը 2023 թվականի երկրաշարժից հետո
Վաքըֆը 2023 թվականի երկրաշարժից հետո

Լուսանկարը` REUTERS

Վաքըֆի բնակիչները 2023 թվականի երկրաշարժից հետո
Վաքըֆի բնակիչները 2023 թվականի երկրաշարժից հետո

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Armenian Weekly պարբերականում հրապարակված Turkey’s last Armenian village, Vakef, endures – but for how long? հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հոդվածի հեղինակ Լորենցո Ռիվան պատմություն ուսումնասիրող 22-ամյա ուսանող է Միլանում:

Լորենցո Ռիվա 

Համիդիական ջարդերը, Ադանայի կոտորածը եւ Հայոց ցեղասպանությունը գրեթե լիակատար ոչնչացրել են հազարամյակների պատմություն ունեցող հայկական ներկայությունն այն տարածքում, որն այժմ Թուրքիայի մաս է։ Այսօր այս պատմական համայնքից քիչ հետքեր են մնացել, օրինակ՝ ավերված Անի քաղաքը։ 

Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմական քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ Կարսը, Վանը, Արդահանը, Սիսը, Ադանան եւ Այասը, այլեւս բնակեցված չեն քրիստոնյա հայերով։ Միակ բացառությունը Վաքըֆ (թուրքերեն՝ Vakıflı) փոքրիկ գյուղն է, որը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում։ Այնտեղ՝ Միջերկրական ծովի արեւով ողողված մի քանի տներում, պահպանվում են պատմության մասին հուշերը։

Պատմական Անտիոքի (Անթաքիա) տարածքում բնակվում էր մեծ հայկական փոքրամասնություն։ Համայնքն, իհարկե, տուժել էր Մեծ եղեռնի ժամանակ օսմանյան տեղահանություններից։ Սակայն տարածաշրջանը նաեւ հայտնի դիմադրության թատերաբեմ էր. իրադարձություն, որը ոգեշնչեց Ֆրանց Վերֆելին գրել «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։ 1915 թվականի հուլիսին օսմանյան զորքերը փորձեցին գերի վերցնել վեց գյուղերի՝ Քաբուսիե (Կապիշույու), Յողունոլուխ (Յողունոլուկ), Բիթիաս (Բաթիայազ), Խեդերբեգ (Հիդըրբեյ), Հաջի-Հաբիբլի (Էրիքլիքույու) եւ Վաքըֆի խաղաղ բնակչությանը։ Երբ թուրք զինվորները մոտեցան, բնակիչներն ապաստան գտան Մուսա լեռան վրա՝ որոշելով դիմադրել զենքով։ Հայ պարտիզանները 53 օր շարունակ հետ մղեցին հարձակումները, մինչեւ սեպտեմբերին նրանց փրկեց ֆրանսիական նավատորմը, որը լեռան վրա նկատեց «Քրիստոնյաներ ծանր իրավիճակում. փրկե՛ք» գրությամբ դրոշը։ 

Բնակիչները վերադարձան իրենց տները 1918 թվականին, երբ Ֆրանսիան վերահսկողություն ստանձնեց Ալեքսանդրետի սանջակի նկատմամբ՝ որպես սիրիական մանդատի մաս։ 

Վաքըֆի բնակիչները 2023 թվականի երկրաշարժից հետո Վաքըֆի բնակիչները 2023 թվականի երկրաշարժից հետո

Լուսանկարը` REUTERS


Ֆրանսիական տիրապետության ներքո Անտիոքի շրջանը վայելում էր ինքնավար կարգավիճակ, ինչպես նախատեսված էր 1921-ին քեմալական կառավարության եւ Ֆրանսիայի միջեւ կնքված Անկարայի պայմանագրով: Տարածքում ապրում էին տարբեր կրոնական եւ էթնիկ խմբեր. 1936 թվականի մարդահամարի համաձայն՝ թուրքերը ամենամեծ համայնքն էին (39%), որին հաջորդում էին ալավիները (28%), հայերը (11%) եւ սուննի արաբները (10%): Մնացած 12%-ը արաբ քրիստոնյաներ էին, հրեաներ, քրդեր եւ հույներ:

Մուստաֆա Քեմալը, սակայն, ցանկանում էր վերամիավորել շրջանը Թուրքիայի հետ: Թեեւ սանջակի շատ թուրք բնակիչներ կողմ էին վերամիավորմանը, հայերը, հույները եւ արաբները մեծ մասամբ դեմ էին այդ գաղափարին: 1938 թվականի սեպտեմբերի 2-ին տարածաշրջանային ժողովը, որտեղ գերակշռում էին թյուրքերը, հռչակեց Հաթայ հանրապետությունը, որն անցավ ֆրանսիական եւ թուրքական համատեղ վերահսկողության տակ: Չնայած անվանապես անկախ՝ տարածքն իրականում վերահսկում էր Անկարան. նախագահ Թայֆուր Սյոքմենը եւ վարչապետ Աբդուրահման Մելեքը 1930-ականների վերջին Թուրքիայի խորհրդարանի անդամներ էին: 1939 թվականի հունիսի 29-ին իշխանությունները կազմակերպեցին Թուրքիայի հետ միավորման վերաբերյալ հանրաքվե։ 

Բազմաթիվ խախտումների պատճառով կեղծված համարվող քվեարկությունը միավորվելու կողմնակիցներին հաղթանակ բերեց։ Ֆրանսիան հանդուրժեց արդյունքները՝ հուսալով լավ հարաբերություններ պահպանել Անկարայի հետ եւ կանխել նրա մերձեցումը նացիստական Գերմանիայի հետ։

1939 թվականի հուլիսին տարածաշրջանն ամբողջությամբ ինտեգրվեց Թուրքիային, ինչը մեծ ժողովրդագրական տեղաշարժի հանգեցրեց: Հայ համայնքը բազմաթիվ արաբների հետ հեռացավ՝ վախենալով խտրականությունից եւ հալածանքներից: Մուսա լեռան ստորոտի հինգ գյուղերի բնակիչները գաղթեցին Լիբանան, իսկ Վաքըֆի բնակիչները որոշեցին մնալ: Նրանք պահպանեցին լեզուն, հավատքն ու ավանդույթները:

1964 թվականին Վաքըֆն ուներ 320 բնակիչ, իսկ այսօր նրանք 140-ից էլ քիչ են: Տեղական հայ համայնքի ապագան անորոշ է: Աշխատանքի սահմանափակ հնարավորությունները շատերին՝ հատկապես երիտասարդներին, ստիպել են գաղթել այլ քաղաքներ կամ արտասահման՝ արագացնելով տարածաշրջանի ժողովրդագրական անկումը: Միայն Ստամբուլում ապրում է գյուղի մոտ 1 000 նախկին բնակիչ, որոնցից շատերը պարբերաբար այցելում են իրենց հայրենի գյուղը:
Վաքըֆը 2023 թվականի երկրաշարժից հետո Վաքըֆը 2023 թվականի երկրաշարժից հետո

Լուսանկարը` REUTERS


Միգրացիան եւ ծերացումը Վաքըֆի միակ սպառնալիքները չեն: Լուրջ մտահոգություն է լեզվի ձուլումը: Արեւմտյան հայերենի բնիկ բարբառը, որով ավանդաբար խոսում էին Օսմանյան տարածքներում, աստիճանաբար վերանում է: Հայերենը դեռեւս օգտագործվում է առօրյա կյանքում եւ կրոնական արարողություններում, բայց համայնքը մնում է մեկուսացված կղզի թուրքերեն եւ արաբերեն խոսողների ծովում: Թուրքերենը պետության կողմից ճանաչված միակ պաշտոնական լեզուն է եւ գերիշխող է պետական կառավարման, բանակի, աշխատաշուկայի, լրատվամիջոցների եւ կրթության ոլորտներում: Գյուղը սեփական դպրոց չունի, ուստի տեղի աշակերտները ստիպված են սովորել հարեւան համայնքներում, որտեղ ուսուցումը թուրքերենով է: Ոչ հայախոս բնակավայրերով շրջապատված լինելը եւ Հայաստանի կամ սփյուռքի հետ սահմանափակ շփումը չի նպաստում լեզվի պահպանությանը:

Վերջին տարիներին ի հայտ է եկել մեկ այլ սպառնալիք, որը լրջորեն վտանգում է Թուրքիայի վերջին հայկական գյուղի ապագան: 2023 թվականի երկրաշարժը ավերեց կամ վնասեց բազմաթիվ շինություններ՝ որոշ բնակիչներին ստիպելով TOKIժամանակավոր ապաստարաններ գտնել կամ ընդհանրապես լքել գյուղը: Աղետից հետո Թուրքիայի բնակարանային զարգացման վարչությունը (TOKİ) լայնածավալ վերակառուցման ծրագիր ներկայացրեց:

Նախագիծը նախատեսում է 1353 բնակարանային միավորի կառուցում, որոնցից մի քանիսը կկառուցվեն Վաքըֆին պատկանող հողերի վրա՝ գյուղի գրեթե կեսը դնելով բռնագրավման վտանգի տակ եւ սպառնալով հայկական ինքնությանը:
Վաքըֆի եկեղեցին 2023 թվականի երկրաշարժից հետո Վաքըֆի եկեղեցին 2023 թվականի երկրաշարժից հետո

Լուսանկարը` REUTERS


2025 թվականի հունվարին Վաքըֆի ներկայացուցիչները, մասնավորապես՝ գյուղի մուխթարը (համայնքապետը) ուղղակի բանակցություններ են վարել նահանգի իշխանությունների հետ առաջարկվող բռնագրավման վերաբերյալ: Հաթայի նահանգապետի հետ հանդիպումից հետո հայտարարվեց, որ Վաքըֆում բռնագրավում չի լինելու՝ դրա մշակութային եւ ժողովրդագրական առանձնահատկությունների հաշվի առնելով։

Սակայն լայնածավալ զարգացման նախագիծը շարունակում է ազդել հարեւան գյուղերի եւ գյուղատնտեսական հողերի վրա, իսկ Վաքըֆը ապագա փուլերից մշտապես բացառելու համար իրավականորեն պարտավորեցնող երաշխիքներ չեն տրվել։ Հաջորդող ամիսներին բուլդոզերները ոստիկանության ուղեկցությամբ մտան Քուրթդերեսի, Մագարաջիկի եւ Հըդըրբեյի մասնավոր հողերը եւ կտրեցին պտղատու ծառերը, վնասեցին ջրհորները եւ ոռոգման ջրանցքները։ Ըստ որոշ տեղեկությունների, մի քանի բնակիչներ ծանր տարան այդ տեսարանն ու տեղափոխվեցին հիվանդանոց։ Առանց նախնական ծանուցման կատարված այս գործողությունները վրդովմունք առաջացրին տեղական համայնքներում, որոնք դեմ են իրենց հողերի բռնագրավմանը։ 

2025թ. հոկտեմբերին Վաքըֆի եւ մոտակա Քապըշույու, Մաղարաջըկ, Քուրթդերեսի եւ Թեքեբաշի համայնքների բնակիչները, որոնք տուժել էին նույն նախագծից, բողոքի ցույցեր կազմակերպեցին TOKI-ի կողմից իրենց հողերի բռնագրավման դեմ, որն առանց նախնական ծանուցման բռնագրավել էր իրենց սեփականությունը։

Ցուցարարները զգուշացրին, որ բնակարանային նախագիծը կվտանգի գյուղատնտեսական արտադրությունը, էկոլոգիական հավասարակշռությունը եւ տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։

Ցուցարարներին միացան բնապահպան ակտիվիստներ, որոնց աջակցեցին Ժողովրդական հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունը (DEM), Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP), Սոցիալիստական վերահիմնադրման կուսակցությունը (SYKP), Սոցիալական ազատության կուսակցությունը (TÖP), Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TİP), Աշխատանքային կուսակցությունը (EMEP) եւ Քալդըրաչ շարժումը։ Նրանք կոչ արեցին անհապաղ դադարեցնել բռնագրավումը եւ վերադարձնել գյուղացիների սեփականությունը։

Վաքըֆը՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղը, այժմ կարող է կորցնել ոչ միայն իր հողը, այլեւ այն պայմանները, որոնք թույլ էին տվել գոյատեւել ավելի քան մեկ դար, ինչպես նաեւ կորցնել եզակի մշակութային եւ լեզվական ժառանգությունը, որը տարածաշրջանում հայերի հազարամյա ներկայության կենդանի վկայությունն է։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին