Լիլիթ Մակունց vs. Հարութ Սասունյան. հայ պաշտոնյաների այցը Լոս Անջելես - Mediamax.am

Փետրվար 23, 2026
242 դիտում

Լիլիթ Մակունց vs. Հարութ Սասունյան. հայ պաշտոնյաների այցը Լոս Անջելես


Լուսանկարը` Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
Հարութ Սասունյանը՝ աջից
Հարութ Սասունյանը՝ աջից

Լուսանկարը` Հարութ Սասունյանի ֆեյսբուքյան էջից

Հարութ Սասունյանը
Հարութ Սասունյանը

Լուսանկարը` Հարութ Սասունյանի ֆեյսբուքյան էջից


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Los Angeles Magazine պարբերականում հրապարակված Armenian Officials Press Diplomatic Agenda in Los Angeles Amid Regional Tensions հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անցյալ շաբաթ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հարավային Կալիֆոռնիայում էին՝ ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան կապերը, հակազդելու ապատեղեկատվությանը եւ ամերիկահայ համայնքի առաջնորդներին բացատրելու իրենց կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ 

Պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, դրա կազմում ընդգրկված էր նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնյաները նշեցին, որ այցի նպատակն է խորացնել Արեւմուտքի հետ գործընկերությունը քաղաքականության եւ անվտանգության առումով անորոշ ժամանակաշրջանում։ 

Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


Միջոցառման ընթացքում պաշտոնյաները շեշտեցին, որ Հայաստանը ձգտում է ավելի մեծ միջազգային աջակցության ստանալ, քանի որ երկիրը պատրաստվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նրանք անդրադարձան նաեւ չլուծված տարածաշրջանային վեճերին, տնտեսական ճնշումներին եւ ազգային անվտանգության վերաբերյալ մտահոգություններին։

Հարութ Սասունյանը՝ The California Courier-ի հրատարակիչն ու խմբագիրը, 10 տարի հանդես է եկել Ժնեւում որպես ՄԱԿ-ի գրասենյակի մարդու իրավունքների հարցերով ոչ կառավարական պատվիրակ եւ ղեկավարել է Հայաստանին եւ Արցախին աջակցող խոշոր մարդասիրական նախաձեռնությունները։ 

«Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա տարբեր օտարերկրյա պետությունների հետ՝ լինեն դրանք Արեւելքում, Արեւմուտքում, Հյուսիսում, թե Հարավում, - ասաց Սասունյանը։ - Հայաստանը չի կարող հույսը դնել միայն մեկի վրա»։

Հիմքում ԱՄՆ պատմական ներգրավվածությունն է 

Հայ պաշտոնյաները նկարագրեցին այցը որպես պատմական տեղաշարժ ԱՄՆ եւ Հայաստանի հարաբերություններում։ Նրանք մատնանշեցին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջերս կայացած այցը Երեւան, որը երբեւէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան էր։

Մակունցն այցը շրջադարձային կետ անվանեց եւ ասաց, որ այն ցույց է տալիս Վաշինգտոնի հանձնառությունը Հայաստանի կայունությանը, անվտանգությանը եւ երկարաժամկետ զարգացմանը։ 

Մակունցն ասում է, որ քաղաքացիական էներգիայի եւ տեխնոլոգիաների ոլորտում ընդլայնված համագործակցությունը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր էներգետիկ անվտանգությունը։ Որպես ապացույց նա նշեց վարչապետ Փաշինյանի եւ փոխնախագահ Վենսի կողմից ստորագրված խաղաղ միջուկային համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Սասունյանը, սակայն, կասկածի տակ է դնում այն, որ արդյոք այս համաձայնագրերն արտացոլում են երկարաժամկետ պլանավորումը։
Հարութ Սասունյանը Հարութ Սասունյանը

Լուսանկարը` Հարութ Սասունյանի ֆեյսբուքյան էջից


«Ցավոք, վարչապետը արտաքին հարաբերություններում զրոյական փորձ ունի, - ասաց Սասունյանը։ - Նա ի վիճակի չէ պահպանել պատշաճ հարաբերությունները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից»։

Սասունյանը մտահոգություն հայտնեց նաեւ առաջարկվող միջուկային նախագծերի ֆինանսական բաղկացուցիչի վերաբերյալ։ 

«9 միլիարդ դոլարը հսկայական գումար է Հայաստանի համար։ Հայաստանի տարեկան բյուջեն կազմում է մոտ 9,5 միլիարդ։ Հայաստանը չի կարող իրեն նման բաներ թույլ տալ»։ 

Նա հավելեց, որ առաջարկվող տեխնոլոգիան դեռեւս ապացուցված չէ։

«Սա բոլորովին նոր տեխնոլոգիա է։ Այն չի փորձարկվել։ Մենք չգիտենք՝ ինչ ռիսկեր կան այս նոր համակարգի հետ կապված»։

TRIPP-ի տեսլականը. Ճանապարհային կապ, թե՞ անվտանգության ռիսկ

Այցի մյուս կարեւոր թեման էր «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին» (TRIPP): Տարանցիկ միջանցքը, որի մասին համաձայնություն է ձեռք բերվել 2025 թվականին, պետք է Հարավային Կովկասը կապի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ: Հայ պաշտոնյաները բնութագրում են նախագիծը որպես երկրի տնտեսական եւ ռազմավարական ապագայի հիմնական գործոն՝ պնդելով, որ այն կընդլայնի առեւտրային ուղիները, երկարաժամկետ ներդրումներ կներգրավի եւ կբարելավի տարածաշրջանային ինտեգրացիան։ 

Մակունցը եւ մյուս հայ պաշտոնյաներն ասում են, որ տարածաշրջանային կայունությունը տնտեսական աճի նախապայման է՝ ընդգծելով, որ երկարաժամկետ զարգացումը կախված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությունից: Կառավարության հայտարարություններն ու քաղաքականության փաստաթղթերը TRIPP-ը ներկայացնում են որպես առեւտրային ուղիների ընդլայնման եւ տարածաշրջանային կապի բարելավման նախագիծ: Կողմնակիցները նշում են, որ միջանցքը կարող է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի կողմից վերահսկվող ենթակառուցվածքներից՝ ստեղծելով այլընտրանքային տարանցիկ կապեր, որոնց աջակցում են արեւմտյան գործընկերները: Վերլուծաբաններն ու պաշտոնյաները պնդում են, որ ավելի լայն ճանապարհային կապը կամրապնդի Հայաստանի բանակցային դիրքը եւ կնվազեցնի տնտեսական խոցելիությունը՝ դիվերսիֆիկացնելով մուտքը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներ:

Քննադատները, սակայն, զգուշավոր են:

Սասունյանը զգուշացնում է, որ համաձայնագրի ձեւակերպումները կարող են ազդել Հայաստանի ինքնիշխանության վրա: 

«Միջանցքը հետեւանքներ ունի ինքնիշխանության առումով, - ասաց նա։ - Այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, թեեւ գտնվում է Հայաստանի տարածքում»։
Հարութ Սասունյանը՝ աջից Հարութ Սասունյանը՝ աջից

Լուսանկարը` Հարութ Սասունյանի ֆեյսբուքյան էջից


Ռուս պաշտոնյաները նույնպես քննադատել են ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ պնդելով, որ Մոսկվան կարող է ավելի արդյունավետ ենթակառուցվածքներ ապահովել։ Իրանը զգուշացրել է, որ Արեւմուտքի կողմից աջակցվող տարանցիկ միջանցքներն իր հյուսիսային սահմանի մոտ կարող են փոխել տարածաշրջանային անվտանգության դինամիկան։

Ընտրություններ, ապատեղեկատվություն եւ ներքին ճնշումներ

Հունիսի 7-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կառավարության պաշտոնյաների հիմնական մտահոգության առարկան են մնում: Ֆորումի ընթացքում նրանք զգուշացրին, որ աճել է ընտրողներին եւ սփյուռքի համայնքներին ուղղված ապատեղեկատվական արշավների թիվը: Մակունցը պնդում է, որ առցանց եւ արտասահմանում աճում են մոլորեցնող պատումները, ինչը կարող է խաթարել վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ:

Մակունցը կոչ արեց ամերիկահայերին ապավինել ստուգված եւ պաշտոնական տեղեկատվությանը՝ զգուշացնելով, որ ապատեղեկատվությունը կարող է խաթարել հանրային վստահությունը: Չնայած սփյուռքի համայնքները չեն կարող քվեարկել Հայաստանի ընտրություններում՝ պաշտոնյաները շեշտեցին, որ նրանք ազդում են հանրային կարծիքի, լրատվամիջոցների լուսաբանման եւ միջազգային ընկալումների վրա: Ուստի պաշտոնյաներն ամերիկահայերին անվանեցին կեղծ պատումների եւ մոլորեցնող տեղեկատվության դեմ պայքարի հիմնական գործընկերներ: 

Այցն անդրադարձավ նաեւ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բխող մարդասիրական խնդիրներին: Դրանց թվում են կալանավորվածներն ու ռազմագերիները, ինչպես նաեւ չլուծված սահմանային եւ անվտանգության հարցերը: Չնայած հրադադարին՝ բանակցությունները մնում են խոցելի: Մակունցը նշեց, որ դրանք շարունակվում են փակ դռների հետեւում, եւ հրաժարվեց մանրամասներ հաղորդել՝ հղում անելով դիվանագիտական ջանքերի նրբությանը:

Սփյուռք. ոչ միայն խորհրդանիշ, այլեւ ռազմավարական շահագրգիռ կողմ

Լոս Անջելեսը, որտեղ ապրում է արտասահմանի ամենամեծ հայկական համայնքներից մեկը, վաղուց ի վեր մեծ դեր է խաղացել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական կյանքում: Երեւանի պաշտոնյաներն այն դիտարկում են որպես շահերի պաշտպանության, դրամահավաքի եւ մշակութային առաջնորդության կենտրոն, որտեղ համայնքային ցանցերը նպաստում են միջազգային իրազեկվածությանն ու քաղաքական քննարկումների ձեւավորմանը:

Լուսանկարը` Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


Մակունցը նշեց սփյուռքի տասնամյակների ներգրավվածությունը՝ ներառյալ բարեգործական նվիրատվությունները, համայնքային նախաձեռնությունները եւ կրթական ներդրումները, որոնք անկախությունից ի վեր աջակցել են Հայաստանի զարգացմանը: Նա սփյուռքի ներգրավվածությունը նկարագրեց ոչ թե որպես խորհրդանշական աջակցություն, այլ դիվանագիտության ռազմավարական բաղադրիչ, որն ամրապնդում է Հայաստանի համաշխարհային ազդեցությունը եւ քաղաքական դիրքը:

«Բոլորս խորապես մտահոգված ենք նրանով, ինչ կատարվում է Հայաստանում, - ասաց Սասունյանը: - Երբ առաջնորդները սխալ ընտրություն են կատարում, մենք առանց վարանելու բարձրաձայնում ենք»:

Աշխարհաքաղաքական խաչմերուկում

Մինչ երկիրը վերանայում է իր արտաքին քաղաքականությունը՝ Հայաստանի վրա ճնշում են գործադրում տարբեր ուղղություններից: Կառավարությունը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Միացյալ Նահանգների հետ՝ միաժամանակ պահպանելով երկարամյա հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ: Տարածաշրջանային անկայունությունը, չլուծված հակամարտությունները եւ փոփոխվող դաշինքները շարունակում են մնալ քաղաքական որոշումները ձեւավորող հիմնական գործոնները: 

Պաշտոնյաների խոսքով՝ իրենց կառավարությունը ձգտում է տնտեսական դիվերսիֆիկացիայի՝ դիվանագիտական ներգրավվածության եւ երկարաժամկետ անվտանգության պլանավորման միջոցով: Լոս Անջելեսի այցը արտացոլում էր այդ ռազմավարությունը՝ նպատակ ունենալով վստահություն ներշնչել սփյուռքի առաջնորդներին եւ քաղաքական աջակցություն ստեղծել արտերկրում: Սակայն դեռեւս անորոշ է՝ արդյո՞ք TRIPP-ը տնտեսական օգուտներ կբերի, իսկ խաղաղության բանակցությունները կպսակվեն հաջողությամբ։ 

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսներին Հայաստանը լուրջ փորձությունների կբախվի: Կառավարությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո խաղաղության բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ ներառյալ սահմանի սահմանազատման եւ կալանավորների հարցերի շուրջ: Հայաստանը նաեւ շարունակում է ճշգրտել իր արտաքին քաղաքականությունը՝ ընդլայնելով համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, շարունակելով Ռուսաստանի հետ վաղեմի կապերը եւ պահպանելով հարաբերությունները հարեւան Իրանի հետ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Մեր ընտրանին