Աբդուլահ Գյուլ. Եվրոպական անվտանգությունը Թուրքիայի կարիքն ունի - Mediamax.am

Փետրվար 23, 2026
exclusive
171 դիտում

Աբդուլահ Գյուլ. Եվրոպական անվտանգությունը Թուրքիայի կարիքն ունի


Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանոեւլ Բարուսուն 2014 թվականին
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանոեւլ Բարուսուն 2014 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Երեւանում 2008 թվականին
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Երեւանում 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Աբդուլահ Գյուլ

Եվրոպան բախվում է իր վերջին տասնամյակների իր ամենածանր անվտանգային ճգնաժամին։ Թեեւ դա ակնհայտ դարձավ Դոնալդ Թրամփի Սպիտակ Տան վերադարձից հետո, ճգնաժամն ավելի խորքային ռազմավարական ձախողման՝ պաշտպանության արտահանձման, հետեւանք է:

Եվրոպան մնում է «փափուկ ուժի» կենտրոն՝ իր կողմից խթանվող ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ լավ կառավարման շնորհիվ, սակայն այն անհապաղ պետք է ռազմավարական ինքնուրույնություն ձեռք բերի՝ հուսալի անվտանգության շրջանակ մշակելով։ Պատասխանը պետք է լինի ոչ միայն լայն եւ ընդգրկուն, այլեւ իրատեսական՝ լրացնելով ՆԱՏՕ-ն եւ ընդգրկելով այնպիսի անփոխարինելի անդամների, ինչպիսին է Թուրքիան։

Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը տարիներ շարունակ քննարկումների թեմա է եղել։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի«ուղեղի մահվան» մասին հառաչանքից ընդամենը երկու տարի անց Եվրոպան հայտնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ռազմական բախման շեմին։ 

Միացյալ Նահանգները ազդանշաններ է ուղարկել մայրցամաքի գլխավոր անվտանգության երաշխավորի իր երկարամյա դերից հոգնելու մասին, իսկ ավելի լայն միջազգային համակարգը սկսել է քայքայվել, քանի որ դաշինքներն ու գործընկերությունները փոխարինվում են հնարավորապաշտությամբ եւ նեղ անձնական շահերով։

Այս միտումները գլոբալ են, սակայն Եվրոպան դրանց ազդեցությունը մյուսներից ավելի է զգում։ Թրամփի վարչակազմի թշնամական հռետորաբանությունը որպես զարթուցիչ է ծառայել։ ԱՄՆ-ը ստանձնել էր Եվրոպայի անվտանգության բեռի զգալի մասը, մինչդեռ մայրցամաքը բարգավաճել է՝ առանձնապես հոգ չտանելով անվտանգության ծախսերի մասին։ Վաշինգտոնը այժմ հստակ ասում է, որ մայրցամաքի հավերժական պաշտպան այլեւս չի ծառայելու։

Անիմաստ է մեղադրել Թրամփին։ Եվրոպական առաջնորդները պետք է կանխատեսեին այն, ինչ տեղի է ունենում հիմա։ Մայրցամաքին պետք էր հիշեցնել, որ անվտանգությունը չի կարելի վստահել ուրիշներին։ Հիշեցման տոնը ցավալի է, սակայն այս պահը անխուսափելիորեն գալու էր։ Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ապագա ամերիկյան վարչակազմերը, Եվրոպան այլեւս չի կարող հույս դնել ամերիկյան գերիշխանության եւ բարի կամքի վրա։ Սկսվել է ռազմավարական ինքնուրույնության որոնումը, եւ հետդարձի ճանապարհ չկա։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման

Լուսանկարը` REUTERS


Չնայած իր ռազմավարական թերություններին, Եվրոպան թերագնահատել է ինքն իրեն։ Այն մնում է ժողովրդավարության օրրան եւ ոգեշնչման աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են իր խորհրդարանական ավանդույթը, լավ կառավարումը, օրինականության գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգանքը։ Վերջին տարիներին այս «փափուկ» արժեքները ստվերվել են, սակայն դրանք շարունակում են մնալ մայրցամաքի ամենամեծ ներդրումներից մեկը ժամանակակից աշխարհում։ Ժողովրդավարությունը դեռեւս միմյանց կարիք ունեն եւ պետք է պաշտպանեն իրենց համատեղ արժեքները խառնակ ժամանակներում։ Եվրոպան պետք է մեծացնի իր կոշտ ուժը՝ իր սկզբունքներից չհրաժարվելով ։

Եվրոպական անվտանգության նոր կազմակերպումը չպետք է փորձի փոխարինել ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ չպետք ապավինի բացառապես ԵՄ քաղաքական եւ բյուրոկրատական հիմքերին։ Եվրոպան չի կարողանում պաշտպանել ինքն իրեն առանց իր դաշնակիցների, որոնք ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Վստահելի անվտանգային շրջանակը պետք է ձգվի Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Սեւ ծով՝ ընդգրկելով եւ՛ Թուրքիային, եւ՛ Միացյալ Թագավորությունը։ Այն պետք է ընդգրկի Եվրոպան իր ամենալայն աշխարհագրական եւ ռազմավարական իմաստով, այլ ոչ թե սահմանափակվի ԵՄ ինստիտուցիոնալ սահմաններով։

Չի կարելի կրկնել սխալները, որոնք թույլ էին տրվել Թուրքիայի՝ ԵՄ թեկնածության քննարկման ժամանակ, երբ միակողմանի կանոններն ու քաղաքական ինքնահավանությունը խափանեցին առաջընթացը։ Հիմա հենց ԵՄ-ն է կարիքավորի դիրքում։ Ռազմավարական ուժ դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքականության, այլեւ մտածելակերպի փոփոխություն։ Մյուսներին դասեր տալու հակումը պետք է տեղը զիջի  իսկական համագործակցությանը եւ անկեղծ երկխոսությանը։

Որպես Թուրքիայի ԵՄ անդամակցության գլխավոր բանակցող, ես անձամբ ականատես եղա, որ ԵՄ որոշ առաջնորդներ անկեղծ չէին։ Լավ եմ հիշում, թե ինչպես նրանք Կիպրոսի հարցը օգտագործեցին որպես պատրվակ մեր անդամակցությունը արգելափակելու համար։ Նրանք գիտեին, որ Կիպրոսի հույների ընդունելը խախտում է ԵՄ հիմնական սկզբունքը՝ անդամակցությունից առաջ բոլոր սահմանային խնդիրները պետք է լուծված լինեն։

Այս անգամ եվրոպական առաջնորդները պետք է ավելի ազնիվ եւ անկեղծ լինեն Թուրքիայի հետ համագործակցության հարցում։ Նրանք նաեւ պետք է ապահովեն, եվրոպական անվտանգությունը ԵՄ մի քանի անդամ պետությունների նեղ շահերի պատանդ չդառնա։ Թուրքիան առաջարկում է ոչ միայն զգալի ռազմական կարողություններ, այլեւ տարածաշրջանային հասանելիություն եւ աշխարհաքաղաքական ազդեցություն։ Մենք ունենք ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը (ԱՄՆ-ից հետո)։ Մենք դարձել ենք տարածաշրջանային հզորություն, որի ազդեցությունը տարածվում է Կովկասից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ ավելի հեռու։ Մեր աճող պաշտպանական արդյունաբերությունը դարձել է համաշխարհային մակարդակով ռազմա-տեխնոլոգիական նորարարությունների գլխավոր աղբյուրներից մեկը։
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Երեւանում 2008 թվականին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Երեւանում 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS


Ավելին, Թուրքիան միշտ արձագանքել է, երբ դա պահանջվել է եվրոպական անվտանգությունը։ Սառը պատերազմի ժամանակ մենք կենտրոնական դեր ենք խաղացել ՆԱՏՕ-ի հարավ-արեւելյան թեւի պաշտպանության գործում, հաճախ զոհաբերելով մեր սեփական կարիքները՝ եվրոպական անվտանգությանը նպաստելու նպատակով։ Եվրոպան պետք է ընդունի այս բարոյական պարտքը եւ ցուցադրի իր հանձնառությունը մայրցամաքի համատեղ ապագան ձեւավորելու հարցում։

Թուրքիան նաեւ զգալի ծախսեր է կրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի եւ փախստականների ճգնաժամի ընթացքում։ Մենք շարունակում ենք օգնել Սիրիայի եւ ավելի լայն տարածաշրջանի կայունացմանը։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում մենք ցույց ենք տվել մեր կարեւորությունը՝ աջակցություն արտահայտելով տարածքային ամբողջականությանը, դիվանագիտություն վարելով Ռուսաստանի հետ եւ վճռական քայլեր ձեռնարկելով Սեւ ծովում՝ որպես Մոնտրյոյի կոնվենցիայի երաշխավոր։

Թուրքիա-ԵՄ նորացված գործընկերությունը օգտակար կլինի երկու կողմերի համար։ Ինչպես 1950-ականներին, այսօր էլ մենք հավաքական անվտանգության համակարգի պարտավորություն ստանձնելու պատմական հնարավորություն ունենք։ Թուրքիան պետք է մնա ժողովրդավարական աշխարհի մի մասը, հատկապես նոր համաշխարհային համատեքստում, որտեղ նորմերն ու կանոնները ավելի ու ավելի շատ են վիճարկվում։

Թուրքիան եվրոպական երկիր է։ Մենք մշակութային, աշխարհագրական, պատմական եւ քաղաքական առումով պատկանում ենք այս մայրցամաքին։ Եվրոպական գործընկերների հետ նորից ներգրավվելով եւ հարաբերությունները վերականգնելով՝ մենք կարող ենք աջակցել ներքին բարեփոխումներին՝ քաղաքական չափանիշների եւ լավ կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ բարձրացնել մեր տնտեսական գրավչությունը։ Թուրքիայի եւ ԵՄ որոշ երկրների միջեւ հարաբերությունները կարող են լարված մնալ, սակայն անհրաժեշտությունը սառույցը հալեցնելու ազդեցություն ունի։ Թուրքիան Եվրոպայի անվտանգության բնական սյուներից մեկն է. առանց դրա ողջ կառուցվածքը կմնա անավարտ։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Project Syndicate, 2026 թ.
www.project-syndicate.org



Մեր ընտրանին