Ներկայացնում ենք The Washington Post-ի D.C. protesters say they were attacked by guards of Azerbaijan president հրապարակման թարգմանությունը (կրճատումներով):
Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ փետրվարի 19-ին կեսօրից հետո նրանց վրա հարձակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թիկնապահները։ Դա տեղի է ունեցել Վաշինգտոնի Փենսիլվանիա պողոտայի Waldorf Astoria հյուրանոցի մոտ՝ Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա:
Uber-ի 27-ամյա վարորդ Ռահիմ Յաղուբլուն, ում հայրը կալանավորված է Ադրբեջանում, պատմել է, որ մասնակցում էր բողոքի ակցիային հյուրանոցի
մոտ, երբ Ալիեւի թիկնապահները սկսել են ծեծել նրան՝ հարվածելով ծնոտին եւ որովայնին։
35-ամյա Ադիլ Ամրախլին էլ հայտնել է, որ ոտքի վնասվածք է ստացել փախչելիս, իսկ տուժածներն առնվազն չորսն են:
Իլհամ Ալիեւը, ով տասնամյակներ շարունակ Ադրբեջանում ճնշում է այլախոհությունը, Վաշինգտոնում էր՝ մյուս համաշխարհային առաջնորդների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցելով Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի հիմնադիր նիստին:
Կոլումբիայի շրջանի ոստիկանության մամուլի խոսնակ Թոմ Լինչը հայտնել է, որ հատուկ գործառնական ստորաբաժանման աշխատակիցները եւ ԱՄՆ Գաղտնի ծառայության սպաները ներկա են եղել միջադեպի վայրում, «որում ներգրավված են եղել Ադրբեջանի անվտանգության պահակները»: Նա չի հստակեցրել՝ արդյո՞ք ոստիկանությունը միջամտել է, եւ արդյո՞ք թիկնապահները փետրվարի 19-ի երեկոյան դրությամբ դեռ ԱՄՆ տարածքում էին։ Նրա խոսքով՝ գործը փոխանցվել է Պետական դեպարտամենտ:
Տեղի ունեցածը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահակախմբի հետ կապված միջադեպերը։ 2017 թվականին նրա թիկնապահները բախումներ էին հրահրել Վաշինգտոնում թուրքական դեսպանի նստավայրի մոտ։ Տուժել էր տասնմեկ հոգի, այդ թվում՝ ոստիկան։ Դրանից մեկ տարի առաջ էլ Էրդողանի պահակախումբը բախվել էր ցուցարարների հետ Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի մոտ։
Ռահիմ Յաղուբլուն ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Թովուզ Յաղուբլուի որդին է, որբ անցյալ տարի դատապարտվել է ինը տարի ազատազրկման՝ կեղծիքի եւ խարդախության մեղադրանքով։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն հայտարարել էր, որ «ցուցադրական դատավարությամբ» կայացված այս դատավճիռը դարձել է «Ադրբեջանի կողմից կառավարությունը քննադատելու համարձակություն ունեցողների ձայները լռեցնելու արշավի եւս
մեկ մռայլ դրվագ»:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:












