Աշխարհը հեռանում է ոչ թե համագործակցությունից, այլ պատրանքներից - Mediamax.am

Փետրվար 19, 2026
239 դիտում

Աշխարհը հեռանում է ոչ թե համագործակցությունից, այլ պատրանքներից


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ղազախստանի նախագահ Ղասըմ-Ժոմարտ Տոկաեւի Reliability Is the New Power հոդվածի թարգմանությունը (կրճատումներով), որը հրապարակվել է The National Interest-ի կայքում՝ Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի նախօրեին։

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ, Ղազախստանի նախագահ

Աշխարհը թեւակոխում է մի դարաշրջան, երբ կայունությունը դարձել է ամենահազվագյուտ ռազմավարական ռեսուրսներից մեկը: Հակամարտությունները շատանում են, աշխարհաքաղաքական մրցակցությունը՝ սրվում, իսկ միջազգային ինստիտուտները տառապում են կաթվածահար վիճակից, բեւեռացումից եւ հանրային վստահության անկումից:

Տասնամյակներ շարունակ համաշխարհային քաղաքականությունը ձեւավորվել է գլոբալիզմի այնպիսի տարբերակի ազդեցության ներքո, որն ի սկզբանե արատավոր չէր: Հայտարարված նպատակը՝ կառուցել փոխկապակցված եւ ներառական միջազգային կարգ, ռացիոնալ էր եւ կառուցողական էր թվում՝ առնվազն թղթի վրա:

Սակայն ժամանակի ընթացքում այս հայեցակարգը աղճատվեց: Այն վերափոխվեց մի մոդելի, որը հիմնված էր չափազանցված գաղափարախոսական ենթադրությունների վրա՝ ներառականություն առանց պատասխանատվության, ազատություններ առանց սահմանների եւ բարոյական գերակայություն (կամ բացառիկություն), որն անտեսում էր ինքնիշխան մտածելակերպ ունեցող հասարակությունների, պրագմատիկ քաղաքական գործիչների եւ առողջ դատողությամբ առաջնորդվողների տեսակետները:

Արդյունքում գլոբալիզմն աստիճանաբար կորցրեց իր լեգիտիմությունը ողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդկանց աչքերում:

Լուսանկարը` REUTERS


Վստահության այս կորուստը պատահական չէր: Այն էլ ավելի խորացավ ապշեցուցիչ չափերի հասնող կոռուպցիոն բացահայտումների պատճառով, որոնք արմատացած էին պետական ինստիտուտներում, միջազգային կառույցներում եւ առաջատար պետությունների քաղաքական համակարգերում: Մեզ հայտնի քաղաքական գործիչների ներգրավվածությունը նման սխեմաներում միայն խորացրեց այն քննադատական վերաբերմունքը կառավարությունների հանդեպ, որոնք ասոցացվում են ձախ-գաղափարախոսական օրակարգերի հետ:

Այսօրվա միջազգային իրադրությունն արտացոլում է պրագմատիզմի եւ ռեալիզմի նկատմամբ աճող պահանջարկը: Այս տեղաշարժն առավել հստակ դրսեւորվեց Մյունխենում, որտեղ արեւմտյան բարձրաստիճան առաջնորդների կողմից հնչեցված առավել կշռադատված գաղափարները մի պարզ ճշմարտություն հաստատեցին. ազգային շահերը չի կարելի անտեսել, ինքնիշխանությունը չի կարելի դիտարկել որպես անհարմարություն, իսկ կայունությունը չի կարելի կառուցել գաղափարախոսական դոգմաների վրա:

Աշխարհը ոչ թե հեռանում է համագործակցությունից, այլ հրաժարվում է պատրանքներից: Նոր ձեւավորվող դոկտրինը պարզ է. կարգը պետք է հիմնված լինի օրենքի գերակայության, պատասխանատվության, կանխատեսելի պարտավորությունների եւ մշակութային ու ազգային ինքնությունը հարգելու վրա: Սա իզոլյացիոնիզմ չէ, այլ քաղաքական հասունություն:

Լուսանկարը` REUTERS


Հին մոդելի ձախողումը ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան հակամարտությունների կարգավորման գործում: Չափազանց երկար ժամանակ միջազգային հանրությունը հույսը դրել էր բանակցությունների, հռչակագրերի եւ համաժողովների անվերջ շրջապտույտի վրա, որոնք խորհրդանշական հայտարարություններից բացի ոչինչ չէին տալիս: Արդյունքը քաջ հայտնի է՝ համաձայնություններ՝ առանց կատարման, դիվանագիտություն՝ առանց արդյունքի, խաղաղության գործընթացներ՝ առանց խաղաղության:

Աշխարհն այլեւս չի կարող իրեն նման մոտեցում թույլ տալ:

Հենց այս պատճառով նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան աջակցությամբ Խաղաղության խորհրդի ստեղծումը նշանակալի քայլ առաջ է: Դա պարզապես հերթական հարթակը չէ՝ ստեղծված անվերջ քննարկումների համար: Դա գործնական նախաձեռնություն է՝ ուղղված իրական արդյունքների հասնելուն, առաջին հերթին՝ Գազայում եւ Մերձավոր Արեւելքում:

Այս նախաձեռնության սկզբունքային տարբերությունը դրա տրամաբանությունն է: Սպիտակ տունն առաջարկել է իսկապես նորարարական մոտեցում. իրենց սպառած քաղաքական բանաձեւերի կրկնության փոխարեն այն առաջ է քաշել հստակ եւ ուղղակի հայեցակարգ՝ «խաղաղություն՝ կայուն տնտեսական զարգացման միջոցով»: 

Այլ կերպ ասած՝ խաղաղությունը դիտարկվում է ոչ թե որպես կարգախոս, այլ որպես նախագիծ՝ ենթակառուցվածքներ, ներդրումներ, աշխատատեղեր եւ մի ապագա, որը հակամարտության վերսկսումը դարձնում է աննպատակահարմար: Նորարար եւ հավակնոտ այս նախաձեռնությունն արժանի է հարգանքի եւ միջազգային ուշադրության:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին