Ջեսսի Ջեքսոնի եւ Սուրեն Հարությունյանի 1989 թվականի վեճը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
exclusive
102 դիտում

Ջեսսի Ջեքսոնի եւ Սուրեն Հարությունյանի 1989 թվականի վեճը


Լուսանկարը` Ջեսսի Ջեքսոնը

Ջեսսի Ջեքսոնը 1988 թվականի քարոզարշավի ժամանակ
Ջեսսի Ջեքսոնը 1988 թվականի քարոզարշավի ժամանակ
Սուրեն Հարությունյանը
Սուրեն Հարությունյանը

Լուսանկարը` Sputnik


2026 թվականի փետրվարի 17-ին ԱՄՆ-ում 84 տարեկանում մահացել է իրավապաշտպան եւ քաղաքական գործիչ Ջեսսի Ջեքսոնը: 1984 եւ 1988 թվականներին Ջեսսի Ջեքսոնը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ  նախագահի թեկնածու դառնալու հավակնորդներից էր, սակայն զիջել էր, համապատասխանաբար, Ջիմի Քարտերին եւ Մայքլ Դուկակիսին: 

1989 թվականի փետրվարին Ջեսսի Ջեքսոնը այցելել էր Խորհրդային Միություն եւ Խորհրդային Հայաստան: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Washington Post թերթի 1989 թվականի փետրվարի 2-ի Jackson takes Armenia by storm հոդվածի հայերեն թարգմանությունը (կրճատումներով): 

Այն, մասնավորապես, պատմում է, թե ինչպես էր Ջեքսոնը Հայկական ԽՍՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հետ հանդիպմանը բարձրացրել «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամներին ազատ արձակելու հարցը, ինչը Խորհրդային Հայաստանի ղեկավարի դժգոհության պատճառ էր դարձել:

«Հույսը կենդանի պահե՛ք»

Այս կարգախոսը Ջեքսոնը բազմիցս կրկնեց մի քանի հայկական քաղաքներ կատարած այցերի ընթացքում՝ խոստանալով աջակցել ավերված համայնքների վերականգնմանը։ Նրա խոսքերը խորապես հուզեցին մարդկանց։ Մի պահ նախկին դեմոկրատ թեկնածուի կոչերով ոգեշնչված հարյուրավոր անօթեւան հայեր բարձրացրին բութ մատերը եւ անգլերեն վանկարկեցին կարգախոսը, որը նա օգտագործում իր երկու քարոզարշավների ժամանակ։

Ջեսսի Ջեքսոնը 1988 թվականի քարոզարշավի ժամանակ Ջեսսի Ջեքսոնը 1988 թվականի քարոզարշավի ժամանակ


Ջեքսոնը, որը հանրությանը հայտնի էր նախորդ տարվա ԱՄՆ նախագահական քարոզարշավի խորհրդային լրատվամիջոցների լուսաբանմամբ, ամենուր մեծ բազմություն էր հավաքում եւ ջերմ ընդունելության արժանանում։ 

«Քինգ», - ասաց մի տարեց հայ՝ սեղմելով նրա ձեռքը, – «Մարտին Լյութեր Քինգ»։

Ջեքսոնի երկօրյա այցի ամենադրամատիկ պահերից մեկը նրա լարված հանդիպումն էր Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սուրեն Հարությունյանի հետ՝ կուսակցության եւ հայ ազգայնականների միջեւ լարվածությունը մեղմելու փորձով։ Ջեքսոնը կոչ արեց անցկացնել արդար եւ բաց դատավարություններ 12 հայ այլախոհների համար (խոսքը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մասին է-Մեդիամաքս), որոնք ձերբակալվել էին դեկտեմբերին։
Սուրեն Հարությունյանը Սուրեն Հարությունյանը

Լուսանկարը` Sputnik


Հարությունյանը, որը Ջեքսոնին հրավիրել էր իր գրասենյակ թեյի, ակնհայտորեն զարմացավ, երբ տեսավ, որ վերջինս պաշտպանում է այլախոհներին։ Չնայած նրանց դեռեւս պաշտոնապես մեղադրանք առաջադրված չէ, Հարությունյանը զայրացած արձագանքեց՝ մեղադրելով նրանց բռնություն եւ ազգայնականություն հրահրելու, աշխատանքի ընթացքը խոչընդոտելու, Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի բարեփոխումները խաթարելու եւ դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներին խանգարելու մեջ։ «Այս մարդիկ կարծում են, թե իրենց համար օրենքներ չկան», – հայտարարեց նա։ 



Այնուհետեւ Հարությունյանն ավարտեց մեկ ժամ տեւած հանդիպումը՝ սեղանի մյուս կողմից գոռալով Ջեքսոնին. «Մենք այս մասին այսօր երեկոյան կխոսենք»։

Ջեքսոնի եւ նրա շրջապատի անդամների եւ խորհրդային պաշտոնյաների բախումը հիշեցնում էր քաղաքացիական անհնազանդության շուրջ մոտ քսան տարի առաջ Միացյալ Նահանգներում ծավալված բուռն բանավեճերը։ 

«Ես մի բան գիտեմ», - մի պահ ասաց Ջեքսոնը՝ հենվելով քաղաքացիական իրավունքների շարժմանը մասնակցելու իր փորձի վրա։ «Ամենամեծ իրավունքը իրավունքի համար բողոքելու իրավունքն է»։

Լուսանկարը` Ջեսսի Ջեքսոնը


Խորհրդային Միություն կատարած իր վեցօրյա այցի ընթացքում Ջեքսոնը այլախոհների խնդիրը քննարկել էր նաեւ Մոսկվայի Հայ եկեղեցու առաջնորդի եւ Քաղբյուրոյի անդամ Ալեքսանդր Յակովլեւի հետ հանդիպումների ժամանակ։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:



Մեր ընտրանին